Սամվել Խալաթյան, Երևան, 4 Սեպտեմբեր 2022
Նախախոսք
Գիտնականները պարզել են, որ հայկական առաջին դրամները հատվել են մ.թ.ա. 3-2-րդ դարերում և դրանք եղել են պղնձից:
Սակայն, գիտնականներին դեռևս չի հաջողվել պարզել, թե վաղնջական ժամանակներում, հայոց մեջ հատկապես ո՞ր թվականից է առաջացել 30 արծաթի նկատմամբ անկասելի հմայքը:
******
Հայաստանում մինչև այսօր էլ հնարավոր է լսել այսպիսի խոսակցություն.
-Ես Աստծուն չեմ հավատում: Ծնողներս կոմունիստ էին, ինձ աթեիստ են դաստիարակել:
Սրանից կարելի է հետևություն անել, որ անհավատությունը դաստիարակության արդյունք է: Սակայն, չկա այնպիսի մի դեպք, որ որևէ մեկն ասի.
-Ես դավաճան եմ: Ծնողներս հայրենիքի դավաճան էին, ինձ դավաճան են դաստիարակել:
Բայց արի ու տես, որ հայոց մեջ դավաճաններ միշտ եղել են, իսկ այսօր՝ է՛լ ավելի շատ: Նրանք, աննկատ, մեզ հետ, մեր կողքին են ապրել, մինչդեռ, ամեն հարմար պահի պատրաստ են եղել թիկունքից հարվածելու: Հարվածեցի՛ն:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական բաժանմունքի (դեպարտամենտ) տեղեկատվություններից հայտնի է դառնում, որ պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 42 անձանց նկատմամբ:
Իհարկե, հայրենիքին դավաճանելը թշնամուն սոսկ ռազմական գաղտնի տեղեկություններ տալով չի սահմանափակվում: Պատերազմի նախապատրաստ-մաման և ամոթալի պարտության թնջուկն ուշ թե շուտ պարզվելու է և, համոզված եմ, որ դավաճանների թիվը տասնակի, գուցե է՛լ ավելի է մեծանալու՝ և ոչ միայն հանրությանն անծանոթ անուններով:
Այդուամենայնիվ, որտե՞ղ, ո՞ր հնոցում են կոփվում, ո՞ր պիղծ «ծնդատանն» են ծնվում դավաճանները:
Խորհրդային տարիներին մենք ստիպված էինք մեր լեզուն ատամների տակ պահել, երբ դպրոցներում «Հայ ժողովրդի պատմություն» առարկան ուսուցանվում էր առավելապես բոլշևիկյան դարաշրջանի «հերոսական» անցքերի իմացությամբ: Կոնկրետ հերոսներ էլ կային, որոնց նմանվելը քաջալերվում էր՝ սկսած իր հարազատ հորը մատնած «հերոս-պիոներ» Գրիշա Հակոբյանից, մինչև ազգային հերոս գործիչներին կացնահարած Գևորգ Աթարբեկյանը: Նման թափթփուկներ բոլոր ժամանակներում են եղել և այսօր էլ կան, որոնք դյուրությամբ դառնում են սորոսական հիմնադրամների շահառուներ՝ իրենց սև գործը ժանգի պես տարածելով ու քայքայելով ազգային ոգու ազնիվ մետաղը:
Սորոսականների նպատակներից մեկն էլ հայտնի իրադարձությունները նուրբ ձեռնածվությամբ գլխիվայր ներկայացնելն ու տարածելն է, զիջումների գնով թշնամու հետ բարեկամանալը խաղաղության միակ երաշխիք համարելը, ժողովրդին ինքնամեղադրանքի, հլության ու հուլության մղելը:
Չբավարարվելով ներկայիս դեպքերն ու անցքերը սոփեստորեն ներկայացնելուց, դավաճանները փորձում են այդկերպ մեկնաբանել նաև ոչ վաղ անցյալի իրադարձությունները:
Ահավասիկ, 1988-90 թվականների դեպքերը, երբ Սումգաիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերից մազապուրծ, հալածված մեծ թվով հայեր բռնագաղթվեցին Հայաստան, իսկ տեղի ադրբեջանցիները, ԽՍՀՄ զինված ուժերի և կոմկուսի տեղական պաշտոնյաների հովանավորչությամբ ու պաշտպանվածությամբ, ավտոբուսներով տեղափոխվեցին Ադրբեջան: Նորօրյա ագիտատորները ջանք չեն խնայում նոր սերնդի շրջանում արմատավորել այն կարծիքը, թե ադրբեջանցիների նկատմամբ հայերը նույնպես դաժանությամբ են վարվել և հիշատակում են Գուգարքի շրջանի Շահումյան գյուղի դեպքերը, որի ընթացքում ադրբեջանցիներ սպանվեցին:
Սակայն, մինչև բուն այդ դեպքերին անդրադառնալը, որի ականատեսն եմ եղել, անհրաժեշտ եմ համարում հակիրճ տեղեկատվություն տալ այդ գյուղի ադրբեջանցիների մասին:
Ղարաքիլիսայի (հետագայում՝ Կիրովական, այժմ՝ Վանաձոր) արևելյան կողմի քաղաքամերձ Շահումյան գյուղը, որը հայտնի էր իր նախկին՝ Թուրքի Վարդանլու անվամբ, մշտապես վտանգ է ներկայացրել մերձակա հայկական բնակավայրերին՝ ահաբեկչություններով, անասունների գողություններով, արոտավայրերի զավթումով և այլն: 1918 թ.-ին, երբ թուրքական կանոնավոր բանակն արդեն Ղարաքիլիսայի մատույցներում էր և Հայկական բանակն ու կամավորները Նժդեհի զորահրամանատարությամբ մահուկենաց ճակատամարտ էին մղում դարավոր թշնամու դեմ, վարդանլեցիներն առիթը բաց չեն թողնում թիկունքից ահաբեկելու ղարաքիլիսայի բնակչությանն ու այդտեղ ծվարած հազարավոր գաղթականներին: Նրանց պատժելու, զսպելու համար, երիտասարդ ղարաքիլիսեցիների «Թռուցիկ խումբը», Վաղինակ Սարգսյանի հրամանատարությամբ, արշավում է Թուրքի Վարդանլու, ետ խլում ավարը և արժանի հարված հասցնում ահաբեկիչներին: Զինված բախման արդյունքում թուրքերը զոհեր են ունենում: Եվ երբ թուրքական բանակը մտնում է Ղարաքիլիսա, վրիժառու վարդանլեցիները թիկունքից հարձակվում են խաղաղ բնակչության վրա և ասկյարների հետ, օրեր շարունակ գյուղը վերածում սպանդանոցի: Ահա թե ինչ է վկայում Խորեն ավագ քահանա Խանզադյանն իր «Հուշեր և տպավորություններ,1919 թ.» նոթերում. «Ոգեւորված իրենց արյունակիցների գալուստից՝ շրջակա գյուղերի թուրք խուժանը, միացած ասկյարներին, սրախողխող արեց, թալանի ենթարկեց ամբողջ գյուղը: Դեռ չլուսացած՝ Վերին թաղը ձեռքից գնացել էր: Գեղածիծաղ Ղարաքիլիսան մի ահռելի սպանդանոց էր դարձել: … Զոհերի թիվը դժվար է ճշտել, բայց անշուշտ՝ մի քանի հազար»:
Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո Վարդանլուի թուրքերը լքում են գյուղը, հեռանում անհայտ ուղղությամբ: Բայց, ահա, 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ ռուսական 11-րդ բանակի զորամասերը մուտք են գործում Ղարաքիլիսա, պարզվում է, որ զորքի հետ, վերադառնում են նաև վարդանլուցիները: Տեղացիներն ընդվզում են, չեն ցանկանում նրանց ընդունել: Եվ այդ միջոցին, զորքից առանձնանում է բաքվեցի մի հայազգի՝ Նարիմանով ազգանունով, բարձրանալով սայլի վրա կրակոտ ճառ է արտասանում հայ և թուրք ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, իսկ ազգամիջյան «որոշ անհամաձայնությունների» մեղքը բարդում է դաշնակցականների և մուսաֆաթականների վրա: Այդուհետ, թուրքերը վերաբնակվում են գյուղում, «Թռուցիկ խմբի» հրամանատար Վաղինակ Սարգսյանն աքսորվում է Սիբիր, այնտեղ կնքում իր մահկանացուն, իսկ Նարիմանովը բնակություն է հաստատում Կիրովականում և մինչև խոր ծերություն ստանում էր հին բոլշևիկների համար սահմանված բարձր թոշակ ու ամեն մի առիթով հյուրընկալվելով դպրոցականներին՝ պատմում էր իր «օրինակելի քաջագործության» մասին:
Կրկին հարցնենք. որտե՞ղ, ո՞ր հնոցում են կոփվում, ո՞ր պիղծ «ծնդատանն» են ծնվում դավաճանները:
Գանք Վարդանլուի ոչ վաղ անցյալի դեպքերին, որոնց, ինչպես ասացի ականատեսն եմ եղել:
1988-ին, Գուգարքի շրջանի գյուղաբնակ ադրբեջանցի տղամարդիկ, երկյուղելով, որ հայերը կարող են վրեժխնդիր լինել Սումգաիթում, Կիրովաբադում իրենց ազգակիցների վայրագությունների համար, զինվել և քաշվել էին մոտակա անտառներն ու լեռները: Այդ օրերին, Մոսկվայի հրահանգով, տեղի ղեկավարները կազմակերպեցին ադրբեջանական գյուղերի բնակչությանն անվնաս կերպով մինչև հայ-ադրբեջանական սահման տեղափոխելու գործը: Կիրովականցի երիտասարդներն ընդվզեցին, պահանջելով, որ զինված ջոկատները զինաթափվեն, ճանապարհվեն իրենց ընտանիքների հետ, քանզի մեծ վտանգ են ներկայացնում քաղաքի և մերձակա հայկական գյուղերի բնակիչների համար, և է՛լ ավելի անզուսպ կլինեն, երբ նրանց հարազատները տեղափոխված լինեն Ադրբեջան:
Շահումյան գյուղի ադրբեջանցի զինված տղամարդիկ, որոնց զենքերը հիմնականում մարտական էին, գրավել էին Վանաձորի արևելյան բարձունքները: Նրանց ընտանիքներին հորդորվեց, որ լուր տան զինյալներին՝ վերադառնան, զենքը վայր դնեն և խաղաղ կերպով արտագաղթեն: Ի պատասխան դրա, հատկապես գիշերվա ժամերին, զինված ադրբեջանցիները փորձեցին ահաբեկչություններ կատարել Խնձորուտ թաղամասի բնակիչների դեմ: «Վերևներում» դեռ չէին համարձակվում կոնկրետ միջոցներ ձեռնարկելու հրահանգ տալ, իսկ իրավապահ մարմինների ուշադրությունը հիմնականում սևեռված էր ամենօրյա բազմամարդ հանրահավաքներին: Բնակչությունն անպաշտպան էր և քաղաքի որսորդները կազմակերպեցին զինված ադրբեջանցիներին զինաթափելու գործը:
Նոյեմբերյան այդ օրը, հանրահավաքի ժամանակ, լուր տարածվեց, թե Շահումյան գյուղի մերձակա բարձունքում թեժ փոխհրաձգություն է: Հարյուրավոր մարդիկ ոտքով ու մեքենաներով շտապեցին դեպքի վայր: Գյուղի մուտքի մոտ միլիցիայի ծառայողները շղթա էին կազմել: Սկսվեց մի անպատմելի հրմշտոց, որն ավելի էր սաստկանում ոչ հեռու որոտացող կրակոցների ձայնից: Լուր տարածվեց, որ թե՛ հայերից և թե ադրբեջանցիներից վիրավորներ կան, բայց վերջիններից մեկը չի հանձնվում, շարունակում է կրակել: Քաղաքի դատախազը, որ հենց իմ կողքին էր, այլայլվեց, ապա ինչ որ բառեր քրթմնջալով, թե իրեն հարկավոր է շտապ ետ գնալ ու զանգահարել վերադասին, հեռացավ, իսկ քիչ անց վճռականորեն ետ եկավ և ի տես բոլորի… «ուշաթափվեց»:
Տարիներ անց, 2015 թվականի ապրիլի 29-ին, epress.am կայքին տված հարցազրույցում պարոն դատախազը, ի դեպ, այժմ՝ հանգուցյալ, հայերին մեղադրում է ազգային անհանդուժողականության մեջ, իսկ իր դերասանության մասին՝ նշում. «Իմ մի կողմից միլիցիան էր, մյուս կողմից՝ ազգային անվտանգությունը, ձախ կողմից ցանկապատի ցանց էր. ժողովուրդն անցավ այդ կողմը ու մեզ վրա հարձակվեց: Ասում են, որ ուշաթափվել եմ, և ինձ տարել են այդտեղից»: Սուտ: Նախ այդ ցանցը աջ կողմում էր՝ այն բարձունքի փեշին, որտեղ դիրքավորվել էին ահաբեկիչները, երկրորդ՝ ժողովուրդը մղվում էր դեպի նրանց և ոչ թե ետ՝ դեպի յուրայինները: Մախաթը պարկում չես թաքցնի, ինչպես անթաքույց է, որ ըստ հավաստի աղբյուրների՝ epress.am-ը սորոսական թեքում ունի և այսօր, սորոսականները, այդ հոդվածում նախկին դատախազի և նրա նմանների «վկայությունները» մատի փաթաթան դարձրած՝ այս և այլ փաստեր աղավաղելով, տարփողում են, թե հայերը դաժան վարվեցին ադրբեջանցիների հետ:
Կրկնե՞նք հարցը՝ որտե՞ղ, ո՞ր հնոցում են կոփվում, ո՞ր պիղծ «ծնդատանն» են ծնվում դավաճանները:
Պատասխանը մեկն է. օձն իրեն տաքացնողին է կծում:
Վերջաբան
Ամփոփելով բոլոր չափումները՝ քաշը, որակը, արծաթե մետաղադրամների տեսակը, հետազոտողները եկել են այն եզրակացության, որ Հուդան Հիսուսին մատնել է, եթե փոխադրենք ՀՀ դրամով, գրեթե 8.000.000 դրամով։ Այսինքն՝ նա իր ծառայության համար ստացել է միլիոններ։
Հետեվություն օձի գլուխը ջնջխել է պետք և ոչ թե տաքացնել՝ գիրկդ առնելով: