Արեվոտ ստվերի նկարիչը

Սամվել Խալաթյան, Երևան

 Ասում են՝ ճշմարիտ արվեստի յուրաքանչյուր ստեղծագործություն հեղինակի հոգու հայելին է: Հարյուրավոր արվեստաբաններ են խորանում այդ «հայելիների» մեջ ու փորձում են հնուց մինչև մեր օրերում ստեղծագործող արվեստագետների ոգեղեն նկարագիրը պեղել, վերլուծել, մեկնաբանել:

Փափագ Ալոյան գեղանկարչի դեպքում, նրա ոգեղեն դիմանկարը պարզելու համար, արվեստաբանական խոր իմացություններ պետք չեն, գեղագիտական ընկալումներ ունեցողին նա ինքն է ներկայանում: Սա է նրա ժողովրդականության բանալին: Ստեղծագործությունները պարզ են, բայց ոչ պարզունակ, փառահեղություն ունեն, բայց ոչ կուռքային, գեղեցիկ են, սիրուն չեն, որովհետև սիրունը  դուրեկանն է, աղվորիկը, մինչդեռ գեղեցիկի  էության մեջ սքանչելիություն կա, խոհական իմաստ ու մոգականություն: Այդպես են հառնում նրա գրեթե բոլոր բնանկարները: Բնության տարերքի նկարչատունն է Փափագ Ալոյանի արվեստանոցը: Հատկապես՝ Լոռու: Դրանք լոռեցի նկարչի և իր սիրած էակի՝ Լոռու բնության  ապրումներն են, մերթ՝ մաքրամաքուր կրքով, մերթ՝ խոստովանությամբ առլեցուն, խռովկանությամբ, փոթորկությամբ ու տենչով, բայց ոչ երբեք մեղսալից: Անգամ «Անդորր» կտավը տարերքային ներքին զսպանակ ունի, որ դիտողին չի հուշում՝ փոթորկին նախորդած վայրկենական անդո՞րրն է դա, թե՞ փոթորկին հաջորդածը:

Անդորր

Նկարիչը շարժումը, մթնոլորտը, դրանց բախումն ու ծառսը, մոլեգնությունն ու կիրքը պատկերում է յուրօրինակ հորինվածքով՝ գրեթե հավասարակողմ եռանկյունու սկզբունքով, որն հենվում է սուրանկյան վրա: Կողերը լեռնոտ են, անսասան, դիմագրավող, իսկ դրանց բացվածքի միջնահատվածը վերածում է յուրատեսակ հնոցի, որում տեղի է ունենում բուն՝ փոթորկոտ գործողությունը:

Ասվածի ամենավառ օրինակը «Տարերք» կտավն է, որը դիտելիս, ակամա, մտաբերում ես Պուշկինի բանաստեղծությունը` Հովհաննես Թումանյանի թարգմանությամբ. «Հողմը մեգով երկինքն առնում…»: Սակայն, այստեղ ձմեռ չէ, և հողմը մեգով երկինքն առած ճգնում է միաձուլել երկինքն ու երկիրը, իրար խառնել ծաղկավետ դաշտերի, ծաղկաթմբերի, կանաչ ծիլերի գույներն ու ստեղծել մի նոր գունաշխարհ… մինչդեռ, հողմի բերանն ընկած գույները պայքարում են ու այդ մաքառման մեջ հառնում է՛լ ավելի գեղեցիկ ու սքանչելի: Ամբողջության մեջ նկարը բնությանը նվիրված ձոն է, չար ուժեր չկան, մահվան և ապրելու պայքար չկա, այլ ինչ որ մի նորի, դեռ չեղած-չծնվածի արարում է, բնության խենթ խաղ , որից քաղում ես յուրաքանչյուր տարերքին յուրահատուկ զմայլանքը՝ բնական կրքի և բանական զորությունների դրսևորմներից հորդող:

Տարերք

Բնության՝ ամենահանճարեղ գեղանկարչի, բազմաձայն համանվագներ կան նաև Փափագ Ալոյանի «Հայրենի բնաշխարհ», «Հեքիաթ», «Հոգեվիճակ» և շատ այլ կտավներում: Հատկանշական է, որ Ալոյանն իր վառ տպավորումները խիստ վառ երանգներով  չի արտահայտում, նրա նախընտրածը անփայլ  ոսկեդեղինն է, դարչնագույնը, օխրան, որոնք լրացվում են փոքրաչափ կարմիր, կանաչ, լազուր, մանիշակագույն վրձնահետքերով  արված ծաղկի, լույսի, տերևի, կոհակի պատկերներով և տարածքը լցնում հրավառության կայծերով:

Աշնանային

Տիրապետելով կտավում բուռն տարերք պատկերելու վարպետությանը Փափագ Ալոյանը չէր կարող անհաղորդ մնալ իր ազգային ոգու ձգտումներին ու տեսլականներին: Եվ եթե  «Աշնանային», «Հայրենի բնաշխարհ», «Առավոտ», «Իրիկնամուտ» բնանկարներում անափ սիրո հղումներ կան հայրենիքի նկատմամբ, զմալյանք՝  նրա գեղեցկությունից, պատմական հիշողությամբ սնված ոգեղեն լիցքեր, ապա, Արևմտյան Հայաստան և Կիլիկիա այցերի ընթացքում վրձնած «Անին», «Վանա լիճը», «Լամբրոնն»  ու «Լևոնի բերդը» հայորդի արվեստագետի հոգում ալեկոծված զգացմունքների, ընդվզումների, ըմբոստության, նաև՝ կարոտի և անամոք թախծի արտահայտություններն  են: Հայոց պատմության մի-մի պատառիկներ:

Անի

Առանձնակի նշելու տեղիք են տալիս նկարչի նատյուրմորտներն ու դիմանկարները: Գիտենք, դրանք նկարչության տարբեր ժանրեր են և կերպարի, ասելիքի տարբեր արտահայտություններով են հյուսվում: Մինչդեռ, այս դեպքում, դրանք իրար հետ հիշատակելը պատահական չէ, քանզի, գեղարվեստականության  ու կերպարակերտման վարպետության տեսակետից դրանք նույն ակունքն ունեն՝ ոչ միայն հեղինակին նկատի ունենալու իմաստով: Ավելի պարզ ասեմ. «Գարնանայինը», որում յասամանների փունջ է, «Թախծոտ գարունը»՝ հասմիկների ու դաշտային ծաղիկների կերպով, կամ սպիտակ վարդերով «Լուսնալույսի մեղեդին» և այլ գործեր, միանշանակ նատյուրմորտ չես անվանի: Դրանք չեն տեղավորվում ժանրի բնութագրում՝ «Նատյուրմորտում պատկերվում են անշունչ, անշարժ առարկաներ»… մեղք է այդ ստեղծագործությունների մասին այդպես մտածելը: Ախր, դրանք նույնիսկ ծաղկամանի մեջ չեն, այլ պատկերված են կենդանի, շնչող, կենսալից, առանձնակի, լիարժեք  կերպարներով, ինչպիսիք են հեղինակի վրձնած «Կնյազ Գևորգյան», «Հիշողություն», «Կոմիտաս»,  «Ինքնանկար» և մյուս դիմանկարները:

Անտեսել չենք կարող Փափագ Ալոյանի վերացական ստեղծագործությունները:  Նրա «Գարունների» շարքը, «Արյունը և փետուրը» տրամախոսության և իմաստասիրական լիցքեր են պարունակում և ստիպում  ներհայել, էությունդ  համեմատության մեջ դնել իրականի ու համամարդկային ըղձականների հետ:

Այս էլ, ահա, Փափագ Ալոյանը, ով գալիս է… Այստեղ մի փոքր շունչ առնենք, որտեղի՞ց է գալիս այդ Փափագ Ալոյանը, ի՞նչ ճանապարհ է անցել:

Ծնվել է 1951 թվականին Կիրովականում, որն այժմ Վանաձոր անունն է կրում: Նախնիները Լոռու սարերի մեջ, քարերի մեջ գտնվող Քարաբերդ գյուղից են, և Փափագը փոքրուց մինչև հիմա իր պապենական գյուղի սիրով է ապրում, իր խոկումների ակունքով: Քարաբերդում վայրի տանձն ու խնձորը, «ընտանի» կաղնին ու հացենին, մյուս ծառերը, մասուրի, հասմիկների թփերը հողի վրա չեն աճում, նրանց արմատները քարերի մեջ են: Թե մի բուռ հող էլ կա՝ ցորենի, կարտոֆիլի ցանքսի համար է: Այստեղ ամեն ինչ տարերքի մեջ է, հողը՝ քարի հետ, հողմը՝ սարի հետ, ջուրը՝ հունի հետ,  բուսականությունը՝ բոլորի հետ… ինչպես նրա բազմաթիվ նկարներում:

Սովորեց ծննդավայրի նկարչական դպրոցում, Երևանի մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետում ու խոստովանում է, որ մինչև այսօր էլ  սովորելու բան ունի բնությունից: Կերպարվեստ է դասավանդել դպրոցում, մանկական գեղագիտության դաստիարակության կենտրոնում, շուրջ 20 տարի ղեկավարել  է Վանաձորի կերպարվեստի թանգարանը՝ միջազգային ճանաչման հասցնելով այդ օջախը: Հեղինակել է ՌԴ Ադլեր քաղաքի Հայոց մեծ եղեռնի հիշատակի հոյակերտ խաչքարը, 24 տարեկանից ի վեր տասնյակ խմբային ու անհատական ցուցահանդեսների է մասնակցել,  նրա ստեղծագործությունները մշտական գրանցում են ստացել Հայաստանի, Ռուսաստանի, Եվրոպական մի քանի երկրների թանգարաններում: ՀՀ նկարիչների միության անդամ է, այդ միության Վանաձորի բաժանմունքի նախագահը, բազմաթիվ պարգևների է արժանացել, նաև՝ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, Մոնրեալի ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի անդամ է… Այս բոլորի հետ հավակնում է բանաստեղծություններ գրել, գողտրիկ տաղեր, որոնք հրատարակել է «Անթեղ» վերտառությամբ գրքով ու «ԱԼՓԱ» պատկերագրքում:

Գարունս շանթահար եղավ,
Ամառս քարացավ տեղում,
Աշունքս բերքառատ չեղավ,
Ձմեռս երկար է տևում:
Աշունքս բերքառատ չեղավ,
Տաղտուկ էր ու տապը տարավ:
Մնում եմ եղածին հլու,
Գնում եմ չեղածին ծարավ…
Գնում եմ չեղածին ծարավ,
Տխրահոն կանգառը մոտ է:
Հոգ չէ, որ Օրս սառավ,
Ստվերս արևոտ է:

Շուրջ  60 տարվա մեր մտերմության իրավունքով, վերջում կուզեի մի գաղտնիք ասել. Փափագ Ալոյանին ճանաչելը դյուրին է, հասկանալն է դժվար՝ ինչպես ամեն մի արվեստի ստեղծագործություն, որի խորքերը պեղելու համար  գիտելիքներ են պետք: Եվ կամ, ընթերցեք նրա կտավները, բանաստեղծությունները՝ իր իսկ ընձեռած գաղտաբանալիով. «Ինձ համար իրականության մեջ առաջնայինն ու առավել գնահատելին հեքիաթն է, ճշմարտության մեջ՝ սերը: Առանց դրանց ամեն ինչ կարող է վերածվել դժոխքի և դաժանության»:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published.

You May Also Like