Հայաստանը՝ ցավերի մեջ

Սամվել Խալաթյան (Փոխան խմբագրականի), Երևան, 30 մայիս 2023

Ուրացման, հայրենադավության, խաբեության, ազգակործան օրերի մեջ է Հայաստանը և, բացառությամբ փոքրաթիվ նվիրյալների, ոչ ոքի պետքն էլ չէ:

Հայաստանի Հանրապետության կառավարության խամաճիկներն իրենց առաջնորդի զուռնայի տակ պարելով, օրը ցերեկով, ճակատագրին հլու հարսի պես իր տանից դուրս են հանում հայ ժողովրդին, ՏՈՒՆՆ իր ողջ պատմությամբ ու մշակույթով հանձնում թշնամուն: Այդ ողբերգական «հարսանքատիրոջ»՝ վարչապետ կոչվածի միակ զորեղ ընդդիմախոսը թշնամի երկրի ղեկավարն է, ով իր պահանջներում չափ ու սահման չունի: Անհեթեթ է:

Այդ ողբերգական հարսանիքում ժողովուրդը ներկա է աղքատ ազգականի պես՝ մի կողմ քաշված ու լուռ:

Հասունության տարիքում է մի սերունդ, որի մեծամասնության համար հայրենիք, ազգ, պատմություն, մշակույթ հասկացությունները դատարկ հնչյուն են, նախնիների հնարանք ու ծերունական կարոտախտի դրսևորումներ: Սերնդի այդ հատվածն է հաստատում կյանքի դրվածքը, անգրագետ, չդաստիարակված մի հավաքականություն, որի սիրտը այլասերված արյունով է բաբախում՝ մղելով պատեհապաշտական կյանքի զեխ ու անտարբեր դրսևորումների:

Ընդդիմության երբեմնի կարկառուն գործիչները գաղափարապես սպառած են: Նրանց հնչեցրած համախմբվելու և իշխանափոխության կոչերը լայն արձագանք չգտան հազարավոր զոհերի, կորուստների ցավից ընկճախտի մեջ հայտնված հանրության շրջանում, և հաշտվելով, որ անդարձ զրկվել են իշխանական աթոռներից, այլևս այլ նպատակ չունեն: Նրանց հետաքրքրում էր իշխանության վերատիրանալը և ոչ թե այն հողը, որի վրա պետք է դրվի կայուն պետության ղեկավարի աթոռը:

Մտավորականությունը, գրականության, մշակույթի և արվեստի գործիչները, որոնք ազգի ինքնապաշտպանության բնազդը կրող և առաջին ահազանգողները պիտի լինեին, չկան: Ոմանք նույնիսկ ուրախ են, որ իրենց չեն հիշում, չեն անհանգստացնում:

Հանրապետությունում գիտության, արվեստի, մշակույթի աշխատողների կենդանի դիակների կույտ է առաջացել: Դա այնքան սովորական է դարձել հանրության համար, ինչպես 2021 թվականին բանջարեղենի պարկերով Աբովյան քաղաքի դիարանի հատակին շպրտած և ամիսներով նեխող հերոս զինվորների դիակները, որի սահմռկելի տեսարանի մասին ասվեց ու … մոռացվեց:

Ցավերի մեջ է Հայաստանը:

Մարող խարույկի մոխիրների խորքում կայծկլտացող կրակի պես երբեմն բոցավառվում է նվիրյալների նորակազմ խմբերի կամ անձանց ըմբոստացող խոսքը, սակայն, նրանց իրարամերժ կոչերը՝ Հյուսիսի՞ն ապավինել, թե՞ Արևմուտքին, խորքային ազդեցություն չեն գործում, քանզի չկողմնորոշվող հանրությունը անտարբերության մեջ է: Եվ ամենաահավորն այն է, որ շատերն իրենց անտարբերությունը համարում են … առաքինություն:

Այդ «առաքինության» դառը պտուղները վայելելու է ողջ հայ ժողովուրդը: Հայտնի չէ՝ տասնամյակնե՞ր, թե՞ դարեր կանցնեն, որ մեզանում ծնվի և դաստիարակվի զորեղ ու պահանջատեր մի սերունդ, որը տերը կդառնա այսօր թշնամուն այդքան դյուրին ու անտարբեր զիջվող մասունքներին:

Այն մտայնությունը կա, իբրև թե աշխարհաքաղաքական այս պայմաններում, երբ Ուկրաինայում Ռուսաստանն ու Արևմուտքը առճակատում են, մեզ համար կենսականորեն գոյաբանական կարևորության, հզորների համար անկարևոր դարձած հայ-ադրբեջանական թնջուկի լուծման հարցում ՀՀ-ը (իմա՝ վարչապետը) այլընտրանքներ չունի և «գոնե եղածը փրկելու համար» ստիպված է աննախադեպ զիջումների գնալ: Այս մտայնությունը կոչվում է պարտվողականություն, և հենց իշխող կուսակցությանը շատ ձեռնտու է:

Արկածախնդրական, հակապետական և ապազգային այս գործունեությունը հնարավոր բոլոր խելամիտ միջոցներով կասեցնել է պետք, քանզի դա ինքնակործանում լինելով հանդերձ՝ հակաօրինական է և քրեօրեն հետապնդելի:

Դեռևս 1992 թ․ հուլիսի 8-ին ՀՀ Գերագույն խորհրդի կայացրած որոշման 2-րդ կետը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական որևէ փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Այս որոշումը օրենքի ուժ ունի, ուստի հակառակն անող յուրաքանչյուր պետական գործիչ դրանով խախտում է ՀՀ օրենքը:

Ավելին. ՀՀ վարչապետը երկրի անունից այլ երկրի տարածքային ամբողջականություն ճանաչելու միանձնյա իրավասություն չունի: Ըստ ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 1-ին կետի՝ «Հայաստանի Հանրապետության նախագահը պետության գլուխն է», ուստի նա է, որ իրավունք ունի ՀՀ անունից այդպիսի հայտարարություններ անել հենվելով կնքված և վավերացված միջազգային պայմանագրերի վրա: Դեռ ավելին, ըստ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ Ազգային ժողովն է վավերացնում «քաղաքական կամ ռազմական բնույթ» ունեցող բոլոր միջազգային պայմանագրերը: Ուստի, մինչև ՀՀ Սահմանադրական դատարանը չհաստատի միջազգային պայմանագրի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը և ՀՀ Ազգային ժողովը չվավերացնի այն, որևէ պաշտոնյա իրավունք չունի ՀՀ անունից այդպիսի հայտարարություններ շռայլել: Այդպիսի գործողությունները պետական այլ մարմինների իրավասությունների փաստացի յուրացում են, ինքնիրավչություն: Դա ևս ապօրինի է ու դատապարտելի:

ՀՀ Քրեական օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին կետը հստակ սահմանում է, որ «բռնությամբ կամ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը պատժվում է ազատազրկմամբ տասից տասնհինգ տարի ժամկետով»:

Տվյալ դեպքում, մենք ուղղակի գործ ունենք վարչապետի՝ ՀՀ սահմանադրական կարգի դեմ ուղղված հստակ գործողության հետ, որը ՀՀ բոլոր քաղաքացիների համար ծանրածանր և անուղղելի հետևանքներ է առաջացնում:

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որևէ իրավունք չունի ՀՀ անունից Արցախի Հանրապետությունը ճանաչել Ադրբեջանի կազմում: Ավելին, հազարամյակների պատմություն ունեցող և համաշխարհային քաղաքակրթությանը մաս կազմող ազգի պետության ղեկավարը իրավունք չունի բարբաջանքի աստիճանի իջեցնել իր կարծիքը, թե՝ պատմության ընթացքում երբեք կադաստրի վկայական չենք ունեցել մենք ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը

Փաստորեն, վտանգված են ոչ միայն Արցախը, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներ, այլև՝ հանրապետության սահմանադրական կարգը:

Այս ամենը, և դեռ չնշված բազմաթիվ փաստեր ու կռվաններ, մեզ ևս հանցակից ու դատապարտելի չե՞ն դարձնում մեր անտարբերության համար: Սերունդները մեզ կներե՞ն:

Այստեղ տեղին է մեջբերելը Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի բնորոշումը. «Անտարբերությունն ավելի վտանգավոր է, քան զայրույթը կամ ատելությունը: Զայրույթը կարող է երբեմն ստեղծարարար լինել: Այն կարող է ստեղծել մի մեծ պոեմ, մի մեծ սիմֆոնիա: Զայրույթով լցված անարդարության ականատեսը կարող է առանձնահատուկ բան անել մարդկության համար: Բայց անտարբերությունը երբեք ստեղծարար չէ: Անգամ ատելությունը կարող է երբեմն արձագանք առաջացնել: Դու պայքարում ես դրա դեմ: Դու մերկացնում ես այն: Դու զինաթափում ես այն: Անտարբերությունը չի արթնացնում արձագանք: Անտարբերությունը արձագանք չէ: Անտարբերությունը սկիզբ չէ, այն վերջն է: Եվ հետևաբար, անտարբերությունը միշտ թշնամու ընկերն է, քանզի այն շահեկան է բռնարարի, բայց ոչ երբեք նրա զոհի համար, որի ցավը ավելի է ուժգնանում մոռացված լինելու զգացումից… Անտարբերությունը, այսպիսով, միայն մեղք չէ այն պատիժ է»:

Նկարներում՝ Հայաստանի՝ բաբելոնյան, հինհունական, հռոմեական, ասորական, հայկական պատմագրքերում և աշխարհի թանգարաններում եղած հարյուրավոր «կադաստրի վկայականներից» մի քանիսը…

1 comment
  1. With great interest I read the super interesting article ‘Faux Irish in Deepest Texas’ about Donigan clan and Samvel Khalatyan’s very painful article ‘Hayastane Tsaveri Mech’.

    In the 17th century the Armenian merchants were very successful, they had also monopoly on silk nursery; their success was unlimited, from Europe to India and Bangladesh. They even sold paint oil to Rembrandt in powder form, for example the red colour made from the red worm ‘Wortan Garmir’. In one of the Dutch history books the presence of the Armenian merchants in the Netherlands is mentioned as a remarkable page during the Dutch golden age in the 17th century.

    Your article about Donigan clan makes me remember all these. It also makes me mention the Demos Shakarian family who left historical Armenia after receiving a vision from God. Please read ‘the happiest person on earth Demos Shakarian’. Demos established the ‘Full Gospel Christian Fellowship’. Unfortunately, while digging into the activities of the fellowship I confronted with our arch enemy, who has hijacked all the Armenian values and is continuing to annihilate us till nothing gets left from our language and cultural values.

    As regards to Samvel Khalatyan’s article, ‘Hayastane Tsaveri mech’ today the whole world is recognizing Karabakh as Azerbaijani territory. That’s temporary; for us it’s an unfinished business. It’s a tough job to change the public opinion, especially when our arch enemy is controlling money, the press and the world.

    With respect to the Armenians in Jerusalem, I find that to leave the Armenian properties unattended for many years is one of the biggest crimes, ‘kna merir yegour sirem’. Based on what we hear and see there will be not a single Armenian left in Jerusalem in 100 years.

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Զոյգ մը Գագաթներ…

Ալիք և Անահիտ Թոփչեաններու յիշատակին Մովսէս Ծիրանի, Մոնթրէալ, (վերաթարմացուած) 8 Հոկտեմբեր 2021 Արուեստաբանութեան Դոկտոր Մովսէս Ծիրանի (Հէրկէլեան) Երեւանի…
Read More
Read More

Երկու Դրօշակ

Հրայր Ճէպէճեան, Ազդակ, 2 Մարտ 1910 Նիկոսիոյ Փաֆոս Կէյթ շրջանին մէջ կը գտնուի մարոնի համայնքի եկեղեցիներէն մէկը: Նկատի…
Read More