Յո երթաս, Հայաստան… 

Սամվել Խալաթյան, Երևան, 7 Ապրիլի 2021

Անծանոթ մեկը, եթե այս օրերին լինի Հայաստանում, որևէ արտառոց բան չի նկատի: Երևանը կտեսնի մարդաշատ փողոցներով, աջ ու ձախ կայանված ավտոմեքենաների անվերջանելի շարքերով, սրճարաններում զրուցողների առօրյայով: Նույնիսկ կառավարության շենքի մոտ հավաքված, իրենց անձնական կամ խմբային պահանջները պաստառների վրա գրած մարդկանց փոքրաթիվ խումբը սովորական երևույթ կթվա նրա աչքին, քանզի, մոլորակի հարյուրավոր քաղաքներում կարելի է տեսնել նմանօրինակ պատկեր: Այդ անծանոթը մարզերի քաղաքներում և գյուղերում լինելով, դարձյալ արտակարգ տպավորություններ չի ունենա, եթե ոչ այն, որ ի հակադրություն մայրաքաղաքի, դրանցում տաղտուկ է, սակավամարդ, կարծես՝ ժամանակը կանգ առած,  և այն աստիճանի, որ որոշ գյուղերում ժամերով պիտի թաղից-թաղ քայլես որևէ մեկին հանդիպելու հույսով:

Մինչդեռ, դա մեր երկրի երևութական պատկերն է, իսկ իրականում Հայաստանը նման է օջախի վրա դրված ջրով լի կաթսայի, որի հատակին սկսել են նշմարվել տաքացող ջրի պղպջակները,  որոնցից մի քանիսն արդեն բարձրանում են ու պայթում: Շուտով կսկսի եռալ, ալեկոծվել: Այդ ալեկոծումը, որի անունն է «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ», սկսեց հասունանալ այն բանից հետո, երբ մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ Հանրապետության նախագահի, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ ունեցած քննարկումներից հետո ինքն այն համոզմանն է եկել, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Նշել էր նաև ընտրությունների անցկացման ամսաթիվը՝ հունիսի 20:

Միամիտ պետք է լինել կարծելու համար, որ վարչապետի վերոհիշյալ քննարկումներում կողմերը տոգորված են եղել միայն ու միայն «ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը» գտնելու մտքով: Ամենայն հավանականությամբ  կուլիսային տուրևառության պայմանավորվածություններ են  եղել, և յուրաքանչյուրը ճշտել է իր տեղն ու դերը: Մանավանդ,  իր տեղը՝  ընտրություններից հետո: Այլապես, ինչպե՞ս բացատրել, որ քննարկման մասնակից  «ընդդիմադիրներն» իրենց «մեներգերում» սկսել են հաշտվողական նոտաներ ներմուծել, գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալների թվարկումներով, կառավարության հրաժարականի պահանջից անցել են «Նիկոլի կամքով ընտրություններ» համաձայնությանը: Դրան հետևեց այն, որ իշխանությունը որոշեց հրաժարվել վարկանիշային ցուցակներից և հունիսյան արտահերթ ընտրություններին մասնակցել միայն համամասնական ընտրակարգով, մի բան, որ այս իրավիճակում ձեռնտու է հենց միայն իրեն՝ իշխանությանը:

Ընտրություններ լինել-չլինելու թնջուկում, սակայն, երկրորդ և ոչ պակաս կարևոր կողմը կա: Բանն այն է, որ արտահերթ ընտրություններ անելու պաշտոնական որոշում դեռ չկա և զարմանալի է, որ վարչապետի ֆեյսբուքյան գրառումն այսպիսի բուռն իրարանցում առաջացրեց: Հիշո՞ւմ եք անցած բարի ժամանակները, երբ Զատկի տոնին երեխաները ձու էին կռվացնում և, նախապես, հավկիթը թեթևակի խփում էին ատամին՝ ստուգելու կճեպի ամրությունը: Նիկոլ Փաշինյանն իր այդ ֆեյսբուքյան հայտարարությամբ նույն խաղը խաղաց: Նա այնքան միամիտ չէ, որ նախապես չհաշվարկի: Եթե նրա հաշվարկը ցույց տա, որ արտահերթում հաղթելու է՝ կգնա ընտրությունների, եթե ոչ, ընդամենը կարծիք է գրել, և դա դեռ ոչինչ չի նշանակում:  Ընդսմին, արտահերթ ընտրությունների մասին ֆեյսբուքյան հայտարարությունից  հետո ստեղծված  աժիոտաժն (խայտաբղետություն) ինքնին օգնում է Նիկոլին՝ իր հաշվարկները ճշգրտելու գործում, քանզի, քաղաքական ուժերն այս կամ այն չափով բացում են իրենց խաղաքարտերը… Եվ, ուրեմն, եթե Նիկոլը գնա արտահերթ ընտրությունների՝ նա համոզված է լինելու իր հաղթանակի մեջ, և հաղթելու պարագայում երկրում է՛լ ավելի մեծ թափով կվերսկսվի «պատերին ծեփելու», «ասֆալտին փռելու» մի նոր փուլ՝ է՛լ ավելի դաժան, անողոք, անկասելի… Կշարունակվեն Հայ Առաքելական Եկեղեցու, ազգային արժեքների դեմ ոտնձգությունները, սահմանների ճշգրտման անվան տակ ազերիներին տարածքներ զիջելու գործընթացը, թուրքամետ հարձակողական քարոզը, և այլ, արդեն իսկ մեկնարկված ու նորահնար գործընթացներ, որոնք բխում են սորոսական ակունքներից և մեր պետականության ու հայրենիքի հիմքերն են խարխլում:

Կանխազգալով վատթարագույնը, բազմաթիվ լրջմիտ քաղաքագետներ, վերլուծաբաններ ու մտավորականներ ահազանգ են հնչեցնում: Մեջբերենք մեկ-երկուսը: Քաղաքագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանն, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, եթե դրանք կայանան Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ու մասնակցությամբ, աննախադեպ են լինելու մեր նորանկախ պատմության մեջ։ Դրանց բացահայտորեն և ուղղակիորեն մասնակցելու են տարբեր երկրների գործակալական ու լրտեսական ցանցերը։ Մասնակցելու և ընտրությունների վրա ազդելու են Թուրքիան ու Ադրբեջանը՝ պաշտպանելով կոնկրետ շրջանակների՝ սկսած ուսապարկային կուսակցությունից մինչև «արևմտամետները»։  Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի պետությունների ուսումնասիրական կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովն իր թելեգրամ ալիքում Փաշինյանի հնարավոր վերընտրմանն անդրադարձել  է այսկերպ. «Պետք է հասկանալ մեկ բան՝ Նիկոլ Փաշինյանի «վերընտրությունը» նշանակում է հայկական պետականության վերջ։ Այս մարդը արել է ամեն հնարավոր ու անհնարին բան, որպեսզի Հայաստանը ճզմվի և կուլ գնա աշխարհաքաղաքական հակառակորդների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից»։ «Այնպիսի խառնաշփոտ է ստեղծվել, որ դժվար է կանխագուշակել կամ տրամաբանությամբ ճիշտ մեկնաբանել,- «Գրական թերթում» իր կարծիքն է հայտնել արձակագիր Հովիկ Վարդումյանը:- Ոչ ընդդիմությունն է մի բան, ոչ էլ՝ իշխանությունը: Մի բան պարզ է, որ ներկա իշխանություններն իրավունք չունեն ազգ առաջնորդելու, որովհետև նրանց գործողությունները հիմնականում ապազգային են»:

Ադուամենայնիվ, ընկերային համայնապատկերում ժողովուրդը դեռ սպասման մեջ է: Ընդդիմադիրների «Հայրենիքի փրկության շարժումը», չնայած մի քանի բազմամարդ հանրահավաքներին, չկարողացավ  ողջ հանրապետությունում համաժողովրդական անհամաձայնության հուժկու ալիք ստեղծել:«Իմքայլականները»   կաշվից դուրս գալով տարփողում են, որ դրա հիմնավոր պատճառը ժողովրդի՝ Նիկոլի նկատմամբ ունեցած վստահությունն է: Չժխտելով, որ Նիկոլն ունի համակիրների զգալի քանակ, այդուամենայնիվ, մեծ հաշվով, ժողովրդի պասիվության բուն պատճառը զոհված, խեղված, գերեվարված զինվորների տասնյակ հազարավոր ընտանիքների խոր վիշտն է, հանրության խոր հիասթափությունը, ընկճվածությունը, երկրի ապագայի նկատմամբ հույսի և հավատի կորուստը:

Այս քաոսային իրավիճակում դժվար է չհամաձայնել «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդների այն կարծիքի հետ, որ երկրի, պետականության պահպանման և մեր առաջընթացի երաշխիքը Փաշինյանի հրաժարականն է և նոր ընտրությունները արդար, ազատ և թափանցիկ կազմակերպելու ունակություն ունեցող ժամանակավոր կառավարություն ունենալը: Սակայն… (ա՛խ, այդ սակայնը…) նույն այդ ընդդիմության ավանգարդային շարքերում մենք տեսնում ենք քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչների, որոնց կուսակցությունների «հացը մեկ անգամ արդեն կերել ենք» և դրա լեղին դեռևս մեր կոկորդում է: Եվ մարդիկ, իրավամբ, հիասթափվում են, չեն վստահում ընդդիմությանը, սկսում են երազել երրորդ ուժի հայտնվելուն: Իսկ երրորդ ուժը մեսիա չէ, որ երկնքից իջնի, էլի մեր մեջից պետք է առաջանա: Ե՞րբ… Աստված գիտի: Իսկ իշխողներն ու ընդդիմադիրներն արդյո՞ք թույլ կտան երրորդ ուժի ի հայտ գալուն: Չեմ կարծում: Իշխողները ամեն ինչ կանեն նորելուկին զինաթափելու, վարկաբեկելու համար, ընդդիմադիրները կջանան նրան կուլ տալ, բերել իրենց շարքերը և նրան դարձնել երեսատեղի այն վահանը, որի ետևում կթաքնվեն վերը հիշատակածս որոշները: Այսինքն, էլի գործ կունենանք մեր տունը քանդող «հայկական հիվանդության» հետ, որը քովիդից էլ վատթար է:

Տա Աստված, որ սխալվեմ…

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Ո՞վ է Հայը…

Երվանդ Խոսրովյան, Եվրոպայի հայերի համագումար, 26 հոկտեմբեր 2010 Վերջին օրերին նորից այն հին նվագն է նվագվում, թե ով…
Read More