Սամվել Խալաթյան, Երևան, 21 Օգոստոս 2021
Երևանի սրճարաններն ու զբոսավայրերն ավելի մարդաշատ են դառնում հատկապես երեկոյան ժամերին, երբ ցերեկվա տապից հետո Արագածի լանջերից իջնող քամին տիրություն է անում քաղաքին, մինչև որ վերածվում է հաճելի զեփյուռի: Ավտոմեքենայի կանգառի համար ազատ տեղ փնտրելը զուր է: Մայրաքաղաքի կենտրոնը, աշխատանքային օրվա նյարդային եռուզեռից հետո, չի շտապում հանգիստ առնել: Սովորական առօրյա է, և չկա մի բան, որ օտար մեկին, մանավանդ՝ զբոսաշրջիկներին, հիշեցնի, որ ինքը պատերազմում պարտված, հազարավոր զոհեր, հաշմանդամներ, անհայտ ճակատագրով գերիներ ունեցող, վշտի, հոգսի մեջ գտնվող հուսաբեկ ժողովրդի և անկում ապրող տնտեսություն, քաղաքական գզվռտուքով զբաղված ընտրյալների ու անձեռնահաս կառավարություն ու անորոշ ապագա ունեցող երկրում է գտնվում: Միայն բազմանուն թերթերի վերնագրերն են դա հուշում և սրճարաններ չայցելող երևանցիների ու շրջանների բնակիչների պատասխան չպարտադրող հոգոցը՝ «Օ՜ֆ…. օֆ, չգիտեմ…»:
Մի խոսքով, միօրինակ առօրյա, միօրինակ նորություններ՝ «Վիոլա ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունները հասցեներ են հայտնում, որոնցում ժամանակավորապես ջուր, էլեկտրականություն չի լինելու… ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ…. հայտնաբերվել են հայ զինծառայողների աճյուններ… գերիների հարազատներին չի հաջողվում տեսակցել վարչապետի հետ… արտաքին պարտքը աճել է… ավելի շատ մեկնել են, քան՝ ժամանել… դանակահարվել է… զոհվել են… կալանավորվել են… բողոքել են… Եվ կան նաև, լուրեր, որոնք կարծես թե հեռավոր, անիրական աշխարհներից են՝ դերասանուհու հմայիչ լուսանկար կամ հարմարավետ հանգիստ անցկացնելու գովազդ… Եվ «Օ՜ֆ…. օֆ, չգիտեմ» –ը առավել հասկանալի է դառնում:
Սակայն, խորհուրդ կտամ մտորելով կարդալ մի քանի հատված, որ գոնե մեզ համար պարզենք այսօրվա Հայաստանը, որն իր զավեշտալի ողբերգականությամբ ոչնչով նման չէ մեր մտքում փայփայած 21-րդ դարի հայրենիքին: Խնդրեմ՝ «…դեռևս այս տարվա փետրվարին ֆինանսների նախարարությունը հրապարակել էր 2021 թվականի փետրվարի գնումների ծրագիրը, որում կար վարչապետի աշխատակազմի հայտը՝ չորս մուրճ գնելու առնչությամբ:- Telegram -ում գրում է Ա. Մելիքսեթյանը,-Այն ժամանակ շատերին միանգամայն արդարացիորեն զարմացրեց դա: Դժվար էր հասկանալ, թե վարչապետի աշխատակազմի ինչին էր պետք տվյալ գործիքը: Հիմա արդեն հասկանալի է: Բայց… շտապեմ զգուշացնել, որ վարչապետի աշխատակազմի նույն այդ հայտում նշված էր նաև մեկ այլ կասկածելի գործիք. կացին՝ 5 հատ…»: Զավեշտալի այս իրողության տրամաբանությունը տանում է նրան, որ կացիններն էլ, ըստ երևույթին, Հայաստանի սահմանները տաշելու համար են…
Շարունակենք ընթերցել: «Ադրբեջանական զինծառայողները գողացել են ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ: ,-Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` նշելով, որ ահազանգերը ստուգված են»:
Հաջորդը՝ «Երասխը Երևանի դարպասներն են։ Զգոն եղեք, և մի կարծեք, թե Արցախյան խայտառակ պատերազմից ու պարտությունից հետո, հենց այնպես կրակում են դեպի Երևան տանող դարպասներին»,- Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը և հիշեցրել Ուինսթոն Չերչիլի մի ասույթը՝ «Եթե պետությունը պատերազմի և խայտառակության միջև ընտրություն կատարելիս, ընտրում է խայտառակությունը, ապա նա ստանում է և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»:
Այսպես կարելի է շարունակել ու շարունակել և, վերջում, իհարկե, նույն հոգոցն է լինելու՝ «Օ՜ֆ…. օֆ, չգիտեմ»…
Նորություն չէ, որ Հայաստանի բնակչությունը, մեծ հաշվով, թմբիրի մեջ է: Այդ երևույթը, դրա պատճառահետևանքային կապը, ինչ-որ մի ժամանակ՝ գալիքում, կքննեն, վեր կլուծեն հոգեբանները, հասարակագետները: Բայց հիմա՛, ներկայո՛ւմ, սթափ դատող, սթափ տրամաբանող մասն իրավունք ունի՞ անկամ տրվելու հորձանքին, իրավունք ունի՞ ինքնամխիթարվելու, թե՝ միևնույնն է, ազգի ներքին իմաստնությունը չի զիջի իր դիրքերը և ուշ թե շուտ ի հայտ կգա: Այդ իմաստնության ի հայտ գալն էլ, ախր, միատեղված ջանք ու գործողություն է ենթադրում, և ուշ թե շուտին սպասելու ժամանակը վաղուց սպառված է, քանզի պետականության կորստի սպառնալիքը օր-օրի ահագնանում է:
Թող ներվի, բայց հայաստանցիներս այդպես էլ խորապես չհասկացանք, չկշռադատեցինք մեր սփյուռքի իրական տեղն ու դերը: Թեև ինքը՝ սփյուռքն էլ միասնական ու միատարր չէ, բայց, այնուամենայնիվ, նրա իրատես հոգևոր շերտը միշտ թողել ենք «խաղից դուրս» վիճակում: Այնինչ, այժմ այնպիսի մի վտանգավոր փուլում ենք, որ ժամ առաջ հարկավոր է օգտագործել այդ ներուժը՝ հայրենիքի բախտի համար: Սփյուռքահայ մտավորականներից շատերն են իրենց մտահոգություններն ու առաջարկները բարձրաձայնում, իսկ Հայաստանի մտավորականությունը կարծես չլսելու, չտեսնելու է տալիս: Ինչո՞ւ, հարգելի բարեկամներ, ինչո՞ւ չենք միատեղվում, խորհում, բանավիճում, փնտրում, ընդհանուր հայտարարի բերում մեր առաջարկները:
Ահավասիկ, Կանադայում բնակվող, «Գեղարդ» կայքի հիմնադիր, բժիշկ, պարոն Տիգրան Աբրահամյանի՝ բացառապես սփյուռքի հայրենակիցներին ուղղված կոչ-նամակը (տես՝ https://keghart.org/abrahamian-urgent-appeal/), որի շարժառիթը Հայաստանի տարածքով Նախիջևան-Ադրբեջան «միջանցքի» բացման պարտադրումն է: Նա գրում է՝ «Քանի որ համաշխարհային կառավարություններն անտարբեր են Հայաստանի վիճակի նկատմամբ, նրանց վրա պետք է ճնշում գործադրվի հասարակական կարծիքի միջոցով` ցրելու ադրբեջանա –թուրքական դավադրությունը»:
Հասկանալի է մտավորականի անհանգստությունը, տագնապը, հասկանալի են նրա կոչին արձագանքողների համաձայնություններն ու առաջարկները, որոնց մեջ նաև թերհավատներ կան, սակայն, անհասկանալի է հայրենիքի մտավորականության քար լռությունը: Ինչո՞ւ չի քննարկվում՝ թեկուզ թեր և դեմ կարծիքներով: Ուրիշ ավելի ներգործուն առաջարկ ունե՞նք, ուր են այդ առաջարկները…
Իմ, ինչ որ տեղ գուցե ծայրահեղ, մտահոգությունը տեղին չէր լինի, եթե հորիզոնում գոնե երևար այն կանթեղը, որը մտավորականներն են բռնել: Մտավորակնները կան, կանթեղը չկա: Մեզնից մեկը, Կանադայում, փորձել է հույսի շող առաջարկել: Լավ, միթե՞ այնքան ենք թմրել, որ դա էլ չենք նկատում:
…Եվ մնում է մեզ միանալ համընդհանուր հոգոցի՞ն՝ հանրահայտ երգի փոքրիկ խմբագրմամբ՝ Օ՜ֆ… հայոց աշխարհ… Թե՞ դեռ վաղ է: