Սամվել Խալաթյան, Երևան, 22 Սեպտեմբեր 2022
Քաղաքական վերլուծաբան լինել պետք չէ հասկանալու համար, որ Հայաստանի Հանրապետությունն իր կառավարության առաջնորդությամբ մղվում է ինքնակործանման: Սա մի արտառոց երևույթ է, երբ ապագայի տեսլականներ, արժանապատվություն, կամք և ինքնադրսևորվելու հատկություն ունեցող կենսալից ժողովուրդը կարճ ժամանակամիջոցում վեր է ածվում խղճուկ հաճկատարի, իր օրհասին սպասող անօգնական հանրույթի:
Այնքան անօգնական ենք ու անճար, որ թվում է, թե ճի՞շտ են հոռետեսական, հեգնալից ասեկոսեները, որ իբր հայերի վրա թանձրամտություն առաջացնող կենսաբանական զենք են օգտագործել…
Այն բանում, որ 44-օրյա պատերազմից հետո թշնամին ամեն վայրկյան կարող էր վերսկսել լայնածավալ հարձակումը, բոլորն էին համոզված:
Անցած երկու տարիներին բանակն ու սահմանները զորացնելու, հանրության բազմափեղկված տրամադրությունները հայրենիքի ճակատագրի նկատմամբ ունեցած պարտքի և պատասխանատվության գիտակցությամբ միասնականության կոչելու, միջազգային հարթակներում դիվանագիտորեն հզոր բարեկամներ շահելու փոխարեն, իշխանությունը, վարչապետի գլխավորությամբ, պատերազմի վտանգը դարձնելով թիվ մեկ կռվանը, շրջանառության մեջ դրեց և հետևողականորեն քարոզում էր տևական խաղաղություն հաստատելու համար իր պարտվողական, անչափ կասկածելի և հեղհեղուկ պայմանները: Բարեբախտաբար, Հայաստանի ամբողջ բնակչությունը չէ, որ հավատում է այդ կործանարար «նեյնիմ»ներին և ավելի համոզիչ էր դառնում այն կասկածը, որ 2020 թ.-ի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը ստորագրելով պարտության ամոթալի պայմանագիրը, միաժամանակ, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու, Զանգեզուրում միջանցք թույլատրելու, սահմանազատումը՝ ներգավառաները (անկլավները – enclave) ներառյալ, հօգուտ Ադրբեջանի լուծելու բանավոր խոստումներ է տվել: Դրանց կատարումը ձգձգվում էր և Ալիևը այս տարվա սեպտեմբերի 12-ին դիմեց ուժային մեթոդների։
Թե որքան անպաշտպան ու բարձիթողի են եղել երկրի սահմանները, վկայում են ընդամենը երկու օրում ունեցած մեր կորուստերի թվերը, որոնք դեռևս ճշգրտման կարիք ունեն: Մամուլի հաղորդագրություններից, որոշ գերատեսչությունների պատասխանատուների և իրավապաշտպանների հետ հարցազրույցներից տեղեկանում ենք, որ վերջնականորեն չճշտված տվյալներով ավելի քան 200 զոհված և անհայտ կորածներ ունենք, շուրջ 300 վիրավոր, երկու տասնյակ գերեվարված: Թշնամին Հայաստանի ինքնիշխան տարածք է մխրճվել 8.5 կիլոմետր լայնության ճակատով և 7.5 կիլոմետր խորությամբ: ՀՀ երեք մարզերում հակառակորդի գնդակոծության արդյունքում վնասվել է 209 շինություն, այդ թվում՝ բնակելի շենքեր, դպրոցներ, բուժկետեր և այլ քաղաքացիական կառույցներ։ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման արդյունքում Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ, մեծամասնությունը՝ կանայք, երեխաներ, ծերեր ու հաշմանդամներ: Ընդհանուր առմամբ 172 դպրոցների շուրջ 25 հազար աշակերտ, շուրջ 70 մանկապարտեզների 6 հազար երեխա չեն հաճախում դպրոց ու մանկապարտեզներ, վտանգված է նաև այդ բնակավայրերի ուսումնարանների, քոլեջների, արտադպրոցական հաստատությունների գործունեությունը:
Ուժերը կենտրոնացնելու, զորահավաք սկսելու, թշնամուն հակահարված տալու փոխարեն կառավարությունը նախընտրեց սեփական ժողովրդից գաղտնի պահել սկսված պատերազմի ծավալներն ու տեղեկությունները (ցայսօր էլ հրապարակված չեն նահատակված, վիրավորված, գերեվարված ու անհայտ կորած զինվորների անունները), ապա և, վարչապետը հայտարարեց՝ «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել»… Սա մասսայական, ինքնաբուխ բողոքի և ընդվզման առիթ տվեց՝ արդեն հայտնի բոլոր մանրամասներով: Այդ պոռթկման մարվելուն պես, է՛լ ավելի լկտի հանդես եկան իշխանավորները՝ հայտարարելով, որ վարչապետը նման բան չի ասել, անվանարկեցին ընդվզողներին, նույնիսկ ահ տվեցին, որ նրանց կզորակոչեն առաջին գիծ, որոշ պնակալեզների շրջանում այդ «զորակոչն» այնպիսի խանդավառություն առաջացրեց, որ պահանջեցին ընդդիմադիր հայացքներ ունեցողներին դուրս բերել թուրքերի դեմ առանց զենքի, վերջապես, բռնի ուժի կիրառմամբ ոստիկանության բաժանմունքներ քարշ տվին «Եռաբլուրում» իրենց արդարացի բողոքն արտահայտող զոհված զինվորների մայրերին. քույրերին, կանանց… Մի խոսքով, փողոցային ճղճիմ երևույթների շքերթ:
Երկիրն օր-օրի մխրճվում է կործանարար ճահճում և օր-օրի ավելի հարձակողական ու լկտի են դառնում իշխանական կուսակցության անդամներն իրենց անգրագետ ու թերուս էությամբ: Նրանցից շատերը վերածվել են Քաջ Նազարների ու Ցռան Վերգոների խառնուրդ-կերպարի, որոնք իրենց իշխանությունը (և ոչ թե երկրի պետականությունը) պահպանելու համար ունակ են ամեն մի անբարո քայլի և ստորացուցիչ պայմանի՝ ինչպես իրենց ղեկավարը:
Հայաստանի և Ադրբեջանի տարբեր մակարդակի ներկայացուցիչների հանդիպումները հեռու են բանակցային գործընթաց կոչվելուց, որովհետև դրանք հարկադրանքներ են Հայաստանին:
Ժողովուրդն իր միամիտ լավատեսությամբ, երբեմն, հուսավառվում է, թե ուր-որ է Ռուսաստանը կամ Արևմուտքը կմիջամտեն, կասեն իրենց վճռական խոսքը: Սակայն, հարգելի բարեկամներ, ի՞նչ պետք է ասեն նրանք, կամ ինչո՞ւ պետք է միջամտեն, եթե քո երկրի ղեկավարությունն է ընդառաջ գնում հակառակորդի ցանկություններին:
Հիմա, ավելի քան երբևէ, հրատապ է Փաշինյանի և իր վարչախմբի հեռացումը, որովհետև միջազգային որոշ հանգամանքներ դրական ազդակներ են ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերություններում միայն պարտություններ ու կորուստներ չգրանցելու համար:
Պատահական չէր անգամ հրադադար հաստատելու հարցում Ադրբեջանի անմիջապես համաձայնվելը:
Նկատի ունենալով Ռուսասատանի դժվարություններն Ուկրաինական ճակատում և ունենալով մեծ եղբոր՝ Թուրքիայի սատարումը, Ալիևը պատրաստ էր նոր, սրընթաց ռազմարշավ սկսելուն: Սակայն, նրանց հաշվարկներն այս անգամ ճիշտ դուրս չեկան:
Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց 2023 ֆինանսական տարվանից Կիպրոսին սպառազինության արգելքի սահմանումը (էմբարգոն) չեղարկելու մասին։ Հաջորդ օրն իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքեց. «Մենք խստորեն դատապարտում ենք Կիպրոսի հունական վարչակազմի վրա զենքի էմբարգոն չեղարկելու ԱՄՆ 2020 թվականի սեպտեմբերի որոշման ընդլայնումը…»: Թուրքիայի արձագանքն հասկանալի է. Կիպրոսի հակամարտությունը դեռ չի լուծվել, իսկ Թուրքիան չի էլ մտածում զորքերը կղզուց դուրս բերելու մասին։ Ըստ այդմ, ամերիկյան զենքը կարող է օգտակար լինել կիպրահույներին բացառապես կիպրոսցի թուրքերի և Թուրքիայի հետ ռազմական առճակատման համար։ Եվ քանի որ Անկարան անսասան է հանուն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախության, ԱՄՆ-ի որոշումը կարելի է համարել թշնամական քայլ Թուրքիայի նկատմամբ։ Սրան ավելացնենք նաև, որ Թուրքիան բացահայտ թշնամական հարաբերություններ ունի Հունաստանի հետ՝ թեքվելով պատերազմի շեմի։ Եվ քանի որ զգալի թվով ամերիկյան ռազմական օբյեկտներ կան Հունաստանի տարածքում, որոնք ակտիվորեն համալրվում են ամերիկյան զենքով, արտաքինից թվում է, թե ԱՄՆ-ը նպատակաուղղված կերպով հետ է պահում Թուրքիային արևմտյան ուղղությունից։
Բայց Անկարայի արևելյան կողմը նույնպես ամեն ինչ նորմալ չէ։ Իրանը, որ մի քանի անգամ հայտարարել էր, թե իր երկրի և Հայաստանի միջև սահմանների փոփոխություն չի հանդուրժի, Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից անմիջապես հետո զորք տեղակայեց Հայաստանի սահամանի ողջ երկայնքով: Ճիշտ է դրան հաջորդեց Թուրքիայի կողմից հյուսիսային սահմաններ որոշ զորատեսակների կուտակումը, սակայն, բոլորի համար պարզ էր, որ Ադրբեջանի արկածախնդրության պատճառով տարածաշրջանի հզորները ռազմական ընդհարման չեն գնա:
Այս ամենը քիչ էր, Թուրքիան և Ադրբեջանը քաղաքական ապտակ կերան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի կողմից, ով իր Հայաստան այցի ընթացքում քննադատություններ հնչեցրեց Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին: Դա հուշում է, որ Վաշինգտոնը դժգոհ է Անկարայի գործունեությունից Անդրկովկասում։
Նկատի ունենալով, որ կոնգրեսական բարձրաստիճան տիկնոջ Հայաստանյան այցն ըստ ամենայնի և բավարար կերպով լուսաբանվել է միջազգային մամուլում, ուստի բավարարվենք Հայաստանի ժողովրդին ուղղած նրա ամենակարևոր ուղերձով՝ եկել ենք հասկանանք, թե ինչ եք ուզում մեզանից, դուք որոշեք ինչ եք ուզում, որ մենք էլ հասկանանք: Այլ կերպ ասած, Փաշինյանի երկու լարի վրա կատարվող քաղաքական անհասկանալի պարը հոգնեցրել է նաև անդրօվկիանոսյան գործիչներին:
Տիկին Փելոսիի այցը Հայաստանում բավականին խանդավառեց հակառուսական շրջաններին: Վաղուց ի վեր և հատկապես 44-օրյա պատերազմից հետո, Ռուսատանը հայերի շրջանում նախկին հարգանքն ու վստահությունը չունի: Սասանվել է մեծ եղբոր հեղինակությունը, քանզի, հայերը վերջապե՜ս հասկացան, որ Ռուսաստանը հայոց լեռնաշխարհում միշտ իր շահն է հետապնդել՝ հարկ եղած դեպքերում սպասարկելով նաև Թուրքիայի շահը:
Հակառուսական տրամադրություններ ունեցողները, բնական է, առաջ են քաշում ՀԱՊԿ-ից Հայասանի դուրս գալու օրակարգը: Արդարացի են նրանք: Գաղտնիք չէ, որ այդ կազմակերպությունում Հայաստանը բարեկամներ չունի և այն ծառայում է ՌԴ-ին, սոսկ որպես ժամանակավոր ցանկապատ՝ նախկին խորհրդային երկրներին իր շուրջը պահելու համար: Ահա հենց այդ հանգամանքն էլ ի չիք է դարձնում Հայաստանի ձգտումը, եթե, իհարկե, դա լինի, ՀԱՊԿ-ից դուրս գալու համար: Ռուսաստանը երբեք չի զիջի Հայաստանում ունեցած իր գերակա դիրքը:
Այսպես, թե այնպես, Հայաստանն իր ապիկար, անկարողունակ ղեկավարների պատճառով այժմ հայտնվել է անելանելի մի դրության մեջ, որից փրկվելը և փոքրիշատե նոր նախադրյալներ ստեղծելը միայն իշխանափոխությամբ կարող է լինել, այլապես…
Այլապես արդեն զգացվում է հայկական ալյուրից, ռուսական մակարդով ու թուրքական աղով թխվող այն բլիթի հոտը, որն այս անգամ շատ ավելի դառն է լինելու, քան երբևէ կուլ ենք տվել ռուսական ու թուրքական «հյուրասիրություններում»…