Պերճախոս լռության ասպետը

Սամվել Խալաթյան, Երևան, 22 Հունվար 2022

Արվեստի բարձրակարգ գործերի առջև մենք համրանում ենք՝ տրվելով մեր խոկումներին, քանզի, բացառիկ, ազնվագույն  ոգեղենությունը պարտադրում է մեզ  ինչ-որ մի կարճ  ժամանակահատվածում  ներքին պերճախոսությամբ լռություն պահպանել: Դա այն լռությունն է, ինչպես Մեծ պայթյունին նախորդած վայրկյանը…

Ահա այսպիսի լռություն է պարտադրում մեզ  ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ  Անատոլի Ավետյանն իր ստեղծագործություններով: Բայց, նախ՝ իր մասին. ծնվել է 1952 թվին՝ Սիբիրում, բռնագաղթվածների ընտանիքում: 1967 թվականին տեղափոխվել, հաստատվել են Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ 1969 թվականին ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, 1972 թվականին՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա, 1977-ին, գերազանցությամբ ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Այդուհետ, նրա կենսագրությունը կարելի համառոտագրել, նշելով՝ փայլուն դրվատանքներով են նշվել նրա բազմաթիվ անհատական և խմբային  ցուցահանդեսները  Երևանում և Հայաստանի քաղաքներում, Հոլանդիայում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Վաշինգտոնում, Չիկագոյում, Բոստոնում, Լոս-Անջելեսում, Հալեպում, Բելգիայում, Կահիրեյում, այլուր: Ավետյանի աշխատանքներից պահվում են բազմաթիվ անձնական հավաքածուներում, Հայաստանի Ազգային պատկերասրահում, Ազգագրական թանգարանում,  Փարաջանովի տուն-թանգարանում, գեղարվեստի ֆոնդում, ՀՀ նախագահական պալատում,  Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրում,  Փարիզի քաղաքապետարանում,  Հռոմի Պապի հավաքածուում, Բոստոնի ԱԼՄԱ թանգարանում, հանդիսանում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների նախագահների սեփականությունը:

«Սպիտակ գլխարկ», 2005 թ.,ստվարաթուղթ, յուղաներկ (85х105)

«Խաչակիրը», 1996 թ., կտավ, յուղաներկ, (100х100)

«Բարի լուր», 2015 թ., ֆաներա, ալյումին, յուղաներկ, (150×300)

Գեղարվեստ մուտք գործելու առաջին իսկ քայլերից, ազդեցություններից զուրկ, յուրօրինակ, իր սեփական ոճն ու կատարողական ինքնատիպությունն ունեցող արվեստագետ է Անատոլի Ավետյանը: Նրա կտավներն իրենց գունային մաքրությամբ ու քնարական շնչով թարմ հոսանք բերեցին Հայաստանի նկարչական գունեղ անդաստանում: Անկախ ստեղծման տարեթվերից, Ավետյանի գեղանկարչական աշխատանքները ներկայանում են գեղագիտորեն թարմ ու առինքնող, նաիրյան շենշողությամբ, կատարյալ և անթերի ավարտուն:

Անցած դարի 60-70-ական թվականներին, Հայաստանում, բուռն կերպով ծաղկում ապրեց  մետաղի դրվագման արվեստը: Դրան, թերևս, նպաստեց նաև այն, որ խորհրդային երկրում մեկը մյուսի ետևից բոլշիկ գործիչների և պատմական իրադարձությունների հոբելյաններ էին նշվում, և իշխանությունները շռայլորեն պատվերներ էին տալիս կերպարվեստագետներին՝ դրվագելու բոցաշունչ լենինյանների, ֆաշիզմին հաղթած բանակի, կոմունիզմ կառուցող և տիեզերք նվաճող  դասակարգի կերպարները: Պետական-հասարակական հիմնարկների  փողոցահայաց պատերի վրա և ընդարձակ ճեմասրահներում դրվագումներ հայտնվեցին, որոնք ստեղծագործական որոշակի դրսևորումներ ունենալով հանդերձ, իրենց գաղափարական դերով չմերվեցին, չդարձան հանրության գեղագիտական ճաշակի խորհրդանիշեր: Նշենք, որ մետաղի վրա դրվագման ալիքը, այդուհանդերձ, նպաստեց մի քանի տաղանդավոր վարպետների կողմից ազգային թեմատիկայով և հովվերգական մնայուն կոթողներ ստեղծելուն, լայն պահանջարկ ունեցող տարատեսակ հուշանվերներ արտադրելուն, բայց,  ընդահանուր առմամբ,  դրա ոգևորությունը կարճ տևեց:

Եվ ահա, երբ մետաղի գեղարվեստական դրվագումն այլևս մակընթացության մեջ չէր, տարբեր ցուցահանդեսներում սկսեցին երևալ աշխատանքներ, որոնք իրենց կատարողական ձևերի նորությամբ ու նորարարությամբ, գեղագիտական հնչեղությամբ և բովանդակային էությամբ նոր սկիզբ ու թարմություն էին բերում: Սկզբից իսկ պարզ դարձավ, որ հանձին նկարիչ Անատոլի Ավետյանի, մետաղի դրվագման հնագույն արվեստը վերակենդանանում և զարգանում է, և այդ հորդուն ընթացքը նկարչի ստեղծագործական ծիրում և հայ դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մեջ մի նոր էջ է բացում:

Անկասկած, նկարչի ճաշակի, հնարամտության, կատարողական մեծ վարպետությամբ գյուտարարության արդյունք են տարբեր նյութերի ներդաշնակ միատեղումը, որոնք անկասելի միտվում են պատկերվածի գեղագիտությունն ու հոգեբանությունը արտահայտելուն:  Նյութի (մետաղ, պղինձ, արույր, ալյումին, անագ, ներկեր և այլն) բազմազան համակցումներով  արարումները Անատոլի Ավետյանի տարերքն են և զարմանալի չէ, որ դրվագումներում գերիշխում է կոթողային կերպն ու բնույթը: Այդ հատկությունն ավելի է ընդգծվում նրա քանդակագործության մեջ, երբ նյութը՝ (օբսիդիան, ապակի, պողպատ, բյուրեղապակի) ծառայեցվիում է միակ՝ գլխավոր կերպարի խորիմաստ վեհությունը ներկայացնելուն:

«Արարատ», 1992 թ., պղինձ, արույր, պատինա, (81×73)

«Մեր պահապան հրեշտակը», 2009 թ.,ստվարաթուղթ, յուղաներկ, պղինձ,  (137х185)

«Ստեղծագործում եմ այնպես, ինչպես ցանկանում եմ, ինչ ցանկանում եմ, ինչով ցանկանում եմ»,– ստեղծագործելու իր ազատության մասին ասել է Անատոլի Ավետյանը և դա նրա արվեստի մասին ամենաբնորոշիչն է՝ երբևէ ասված  բնութագրումներից:

2012 թվականին Անատոլի Ավետյանն աննախադեպ քայլ արեց` ժամանակակից  28 արվեստագետների և հանրության հանդիպումը կազմակերպելով «Իմ ժամանակակիցը»  վերտառությամբ գեղանկարչական դիմաշարով:

Այս դեպքում, գեղագիտական արժեքից զատ, նա ի հայտ բերեց մեր ժամանակի ոգեղեն նկարագրի և էության հավաքական կերպարը, որն ամբողջանում է նկարչի առաջարկով բնորդների կողմից գրված և դիմանկարներին կից ներկայացվող ձեռագիր ուղերձներով:

Լավագույնս ճանաչելով գրականության և արվեստի ժամանակակից գործիչներին, Անատոլի Ավետյանը սկզբից ևեթ նպատակադրվել էր կերտել նրանց բարոյական կերպարը, որը դիտողին պարուրելով գունաշխարհի մեղեդայնությամբ, նրան մղում է խորհելու մաքրագործման և հուսավետության մասին, բարու ընկալման և բարոյական ճշմարիտ արժեքների հարատևության մասին: Այսպիսով, և՛ նկարչի վրձնած կերպարներով, և թե նրանց գրավոր խոսքով մենք առերեսվում ենք ոչ միայն ներկա ժամանակի, այլև ամբողջ մի ժամանակաշրջանի մշակութային-հոգևոր ընդհանրական  կերպարի հետ:

Դիմաշարը ներկայանում է պարզ ու մտերմիկ, կայտառ տրամադրությամբ, կերպարների խոհուն լավատեսությամբ և յուրաքանչյուրն իր մտորումներով ու զգացմունքներով երկխոսության մեջ է մտնում դիտողի հետ:

«Աստվածամայրը մանկան հետ», 2009 թ., պղինձ, դրվագում, պատինա (100х69)

«Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700 ամյակին», 2000թ., ապակի, բյուրեղապակի, օբսիդիան, պողպատ, (50х60х35)

«Մեր քարերը», 2004 թ., օբսիդիան, (71х25х13)

Անատոլի Ավետյանը հրաժարվել է իր հերոսներին արտաքին զուգվածությամբ ներկայացնելուց: Յուրաքանչյուր կտավում նկարչի, վերջին հաշվով, նաև դիտողի ուշադրության կենտրոնում կերպարի դեմքն է: Նույնիսկ կանանց` դերասանուհիներ Էվելինա Շահիրյանի, Իրինա Դանիելյանի, Լալա Մնացականյանի, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի դիմանկարները, որ աչքի են ընկնում բարեհամբույր կանացիությամբ, զուրկ են արտաքին արդուզարդից: Այդուամենայնիվ, նրանք ներկայանում են պերճաշուք ինքնությամբ: Դա մարդու արտաքինի և նրա ոգեղեն գեղեցկության պատկերման գաղտնի օրենքների բացահայտումն է` նկարչության լեզվով:

Դիմանկարներում գուներանգային պայծառ ու ցայտուն լուծումները, լայն ու համարձակ վրձնախաղերը` բացառիկ արտահայտչականությամբ, յուրաքանչյուրին առանձնացնում են իրենց բնորոշ բնավորությամբ ու անհատական խառնվածքով: «Կիլիկիայի» նավապետ Կարեն Բալյանի դիմանկարն, օրինակ, հառնում է ալիքվող կապույտի միջավայրից` տարերքի դեմ անհողդողտ ու հաստատակամ կերտվածքով, երաժիշտ Մալխասի միջավայրը նրա ջազային կենսախինդ երաժշտության գունեղ ներաշխարհն է, իսկ ինքը` դրա ծնունդն ու գլխավոր հերոսը, կատակերգակ Սերգեյ Դանիելյանի հանրահայտ «յոժիկ» (ոզնի) սանրվածքը դիմանկարում նրա այցետոմսն է կարծես, իսկ սևեռուն հայացքն ու սեղմված շուրթերով փոքր-ինչ հեգնական ժպիտը նրա ներհուն խառնվածքն են մատնում, նկարիչ Մարտիրոս Բադալյանը պատկերված է լույս ու ստվերի և նախշազարդ կարպետի ֆոնի վրա` արվեստագետի անհատականությամբ, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի դիմանկարը՝ գունակերպի զուսպ տոնայնությամբ, դասական խոհականությամբ ու հանդարտությամբ է ներկայանում, իսկ կատակերգու դերասան Աշոտ Ղազարյանի կերպարը արբշիռ գունավետությամբ ու վարակիչ կայտառությամբ է լի, և այլն:

Ռազմիկ Դավոյանի դիմանկարը

Անհնար է չհապաղել իր` նկարչի ինքնանկարի առջև: Այս շարքում սա միակ նկարն է, որի կերպարում սուր կերպով արտահայտված ներքին խռովք կա: Սա նման չէ մյուսների` կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանի խոհուն լրջմտության, դերասան, սցենարիստ և ռեժիսոր Միքայել Պողոսյանի աչալուրջ զննողականության, դերասան Զավեն Աբրահամյանի քննող դիտողականության հոգեվիճակներին: Անատոլի Ավետյանի ինքնանկարում իշխող հոգեվիճակը դրամատիզմն է` ժամանակի ու բարքերի փոփոխությունների ապրումներով ու մտահոգությամբ: Կտավից սևեռուն հայացքով դիտողին է նայում գունային հատու վրձնախռովքով կերտված ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ, ով մեր ժամանակի խիղճն է, նվիրյալն ու վսեմ իդեալների գաղափարակիրը: Դրանով նա` Անատոլի Ավետյանը, իրեն չի առանձնացնում մյուսներից, ընդհակառակը, իր կերպարում ամփոփել է «Իմ ժամանակակիցը» պատումնաշարը` ընդհանրացնելով մյուսների բարոյահոգեբանական այն ապրումները, որոնք մեր իրարամերժ ժամանակաշրջանի ծնունդն են:

Մոգություն, կախարդանք կա նկարչի բոլոր ժանրերով արված գործերում: Սակայն,

ի՞նչն է Անատոլի Ավետյանի արվեստի կախարդանքը:

-Լռությունը, պերճախո՜ս լռությունը:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Ինչո՞ւ «ոչ»

Արմեն Մազմանյան *, Առավոտ, 20-21 Նոյեմբեր 2015 Սահմանադրական փոփոխությունների մասին արդեն շատ է խոսվել: Հնչել է տարաբնույթ քննադատություն,…
Read More