Բոգդանը՝ Ջունգլիներից
Սամվել Խալաթյան, Երեւան
Հայաստանի Հանրապետության երրորդ քաղաք Վանաձորում հաճախ կարելի է հանդիպել օտարազգի զբոսաշրջիկների, որոնք տեղացիներից հետաքրքրվում են՝ ինչպե՞ս գնալ վարպետ Բոգդանի արվեստանոցը: Հյուրընկալ վանաձորցիներն անմիջապես պատասխանում են.
-Վարպետի արվեստանոցը Ջունգլիներում է:
-Oh my god!…
Մինչդեռ, զարմանալու բան չկա, հանրահայտ խաչքարագործ վարպետ Բոգդան Հովհաննիսյանի արվեստանոցը, իսկապես, Ջունգլիներում է:
Բանն այն է, որ Վանաձորն ամենատարօրինակ քաղաքն է աշխարհում: Այստեղ կան ոչ միայն Ջունգլիներ, այլև՝ Կոնգո և Բանգլադեշ անվամբ թաղամասեր: 1970-ականների սկզբին, երբ Կիրովականը (այժմյան Վանաձորը) մեծ թափով կառուցապատվում էր, այդ երկրներում ժողովրդական ապստամբություններ բռնկվեցին և, կիրովականցիները, ժողովրդավարությանն ու անկախությանն իրենց վերաբերմունքն արտահայտելով՝ նորակառույց թաղամասերը կոչեցին այդ երկրների անուններով: Իսկ քաղաքի արևելյան այս թաղամասը Ջունգլիներ անվանեցին, որովհետև այն անբարեկարգ էր և մարդիկ տուն հասնելու համար բազմաթիվ արգելապատնեշներ պիտի հաղթահարեին…
Ջունգլիներում վարպետ Բոգդանին գտնելը հեշտ է. ձեզ խորհուրդ կտան գնալ այն ուղղությամբ, որտեղից ժողովրդական կամ ազգագրական երգ է հնչում: Անվարան գնացեք: Հինգհարկանի բնակելի շենքերից մեկի առաջին հարկից կտարածվի ախորժալուր երգը.
–Գութնի թախում նըմո՜ւշ–նըմո՜ւշ,
Չկեր վաստակ քյանց էն անուշ,
Աշխարհի շեն վըր գութնին է,
Գութան չըլներ աշխարհն ինչ էր։
Բաց դռնից կերևա 70-ը բոլորած, խաչքար պատրաստող Վարպետը, որին շրջապատած տասնյակից ավելի երեխաներ կավից արձանիկներ պատրաստելով են զբաղված:
Մենք արդեն Ջունգլիների մշակութային կենտրոնում ենք:
Բոգդանիկների աշխարհում
Տոհմիկ քարագործ վարպետ Գևորգն իր կրտսեր որդուն անվանեց Բոգդան՝ երկու անգամ երազում այդ առաջարկը ստանալուց հետո: Բառացի թարգմանությունը՝ Աստծո տված, Աստվածատուր:
Բոգդանը երազում էր գեղանկարիչ դառնալ, բայց հանգամանքների բերումով նրան չհաջողվեց իր քարագործ ապուպապերի արհեստից հեռանալ, ավարտեց Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժինը: Մանկուց սիրում էր երգել և ուսումնառության տարիներին անդամագրվեց Երևանի պետական համալսարանի երգչախմբին, որի ղեկավարը Հովհաննես Չեքիջյանն էր:
Վերադառնալով ծննդավայր, գեղանկարչություն դասավանդեց դպրոցում, իսկ 1988-91 թվականներին Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի տնօրենն էր: Առանց երգելու չէր կարող, աշխատանքի անցավ նաև տեղի «Հորովել» ազգագրական երգի-պարի համույթում, ազատ օրերին ազգագրական, աշուղական երգերի բանահավաքչությամբ զբաղվեց, շուրջ՝ 3700 երգ:
Լոռին ազգագրական երգերով աչքի չի ընկնում, շատերի կարծիքով այս բնաշխարհի ժողովուրդը երգեր չի հորինել, կամ դրանք չեն պահպանվել, բացառությամբ՝ Գյուլագարակ գյուղում Կոմիտաս Վարդապետի գրի առած և մշակած հանրահայտ «Հորովելի»: Բոգդանը չհավատաց Լոռու երգարվեստի «ամլությանը», գյուղից-գյուղ շրջելով երգեր ու պատառիկներ գրի առավ, ձայնագրեց, ինքը սկսեց դրանք կատարել՝ հարուցելով մասնագետների զարմանքը:
1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Վանաձորում թշվառագույն վիճակ էր: Դպրոցները գործում էին վրաններում, երեխաները մեծ մասամբ սնվում և հագնվում էին տարբեր երկրներից ստացված մարդասիրական օգնություններով: Երբեմնի արդյունաբերական, մշակութային աշխույժ կյանքով ապրող քաղաքում աղքատություն էր, ցուրտ, մութ… «Երեխաներին հոգեբանական սատարում է անհրաժեշտ»,- վճռեց Բոգդանը և կարճ ժամանակամիջոցում կազմավորեց «Խորոտիկ» ազգագրական երգի մանկական համույթը: Երեխաներին երգեցողության բերող ծնողները, պարապմունքների ժամանակ, երբեմն, ձայնակցում էին: Բոգդան Հովհաննիսյանն ավելի ոգևորվեց և նրանց մասնակցությամբ ստեղծեց «Տաշիրք» համույթը: Ժամանակ անց, ազգագրական երգչախմբեր ստեղծեց և ղեկավարեց նաև բժշկական ուսումնարանում, մանկավարժական պետական ինստիտուտում: Այդ համույթները հանրահայտ դարձան հանդես գալով հանրապետական փառատոներում և մրցանակների արժանանալով:
Վանաձորում ազգագրական երգերի համույթներում երգող փոքրիկներին Բոգդանիկներ էին կոչում: Հիմա նրանք հասակ են առել, երեխաներ ունեն, թոռնիկներ: Սակայն, Վանաձորում «Բոգդանիկները» չվերացան… Բայց այդ մասին՝ քիչ հետո:
Երկխոսություն քարի հետ
Շուրջ 20 տարի է, որ ՀՀ նկարիչների միության անդամ, ազգագրական երգերի, գեղանկարչության և քանդակի բազմաթիվ փառատոների ու մրցույթների դափնեկիր Բոգդան Հովհաննիսյանը, բացի գրաֆիկական, գեղանկարչական և քանդակի ստեղծագործություններից, խաչքարեր է կերտում: Նրա հեղինակած բազմաթիվ կոթողները տեղադրված են ոչ միայն Հայաստանում, այլև՝ Ռուսատանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում: Օրերս, Վարպետը երկու լուր ստացավ՝ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի ազգային թանգարանը հիմնական ցուցադրության է վերցրել նրա խաչքարերից մեկը, իսկ մյուս հաղորդագրությամբ նրան հրավիրում են Արաբական Միացյալ Էմիրություններ՝ տեղում խաչքար քանդակելու և հայ խաչքարագործությանը ծանոթացնելու նպատակով:
Բազմաթիվ ցուցահանդեսներում, միջազգային բաց ներկայացուցչական միջոցառումներում (plener) Հովհաննիսյանի մասնակցությունն աննկատ չի անցնում՝ խաչքարի ավանդական կառուցվածքում ինքնօրինակ զարգացումներ ստեղծելու և իմաստաբանական խորհուրդներ պարունակելու գեղագիտությամբ:
Խաչքարագործ վարպետն առաջինն էր, որ կոթողներ ստեղծեց տարբեր գույնի քարերի համադրությամբ, արտահայտելով ոչ միայն գուներանգային գեղագիտություն, այլև չարի և բարու, խավարի և լույսի, մեղքի և ապաշխարման խորհուրդներ:
Խաչքարի խորությունների բազմազանության մեջ ներմուծելով նուրբ և համանվագային տարրեր, ուղղանկյուն կառուցվածքի խորքում թեքադիր կառուցվածքներ, դրանք փոխկապակցելով ազգային զարդարվեստի նախշերով ու առասպելական, հրեղեն թևավորների սիգանքով, Վարպետը սլացքի ավյուն և կոթողայնություն է ներարկում խորաքանդակին:
Անհնար է Բոգդան Հովհաննիսյանի կերտած խաչքարը չճանաչել այլ հեղինակների գործերի շարքում: Դրանք առանձնանում են զարդերի անթերի հղկվածությամբ, հպված կամ ագուցված շերտերի նազելի քմայքով, ոգեղեն լիցք հաղորդելու կախարդանքով, Հովհաննիսյանական ճաշակի բարձրարվեստ ներկայացմամբ:
Վարպետն օրն ի բուն իր արվեստանոցում է, որտեղ, դարձյալ, անպակաս է թաղի երեխաների ելումուտը: Տարիներ առաջ Բոգդան պապիկը նրանց կավ տալով առաջարկեց քանդակել: «Ի՞նչ քանդակենք»,- հարցրին երեխաները: «Ինձ քանդակեք»,- ասած Վարպետն ու այդ օրից տասնայակ «Բոգդանիկներ» են ստեղծվում, որոնք անչափ դուր են գալիս վարպետին այցի եկող զբոսաշրջիկներին և իրենց հետ վերցնում են որպես նվեր: Ի դեպ, միայն երեխաները չէ, որ աշակերտում են Վարպետին: Ցանկացած ոք, ով ցանկություն է ունենում քանդակելու, Բոգդան Հովհաննիսյանը սիրով օգնության է հասնում՝ տրամադրելով նաև հարկավոր նյութն ու գործիքները:
Օրն ի բուն ստեղծագործում է Վարպետը՝ երգը շրթին, երբեմն՝ զրուցելով քարի հետ: Դա բոլորը գիտեն և զարմանալի չէ, որ ոմանք նրան հյուրընկալվում են ոչ միայն խաչքարի ծնունդը տեսնելու, այլև, այդ երգերն ու խոհերը լսելու համար:
Թերևս քարի հետ խոսելու, նրա հետ երգելու մեջ է Բոգդան Հովհաննիսյանի տաղանդաշատության ակունքը:
Տեսաերիզը դիտել սեղմելով նկարը կամ ներքեվի գրությունը
«Հրեշտակն ուսին» տեսաֆիլմը՝ Բոգդան Հովհաննիսյանի մասին (24 րոպե)