«Մատյան լինելության». հոգևոր հենարան՝ տաղանդի և ներշնչանքի զուգորդմամբ

Սամվել Խալաթյան, Երևան, 30 Հունիս 2021

Հոգեբանները քաջատեղյակ են, որ  յուրաքանչյուր գույն ունի իր կարևորությունը և ազդում է գիտակցության վրա տարբեր ձևով։ Գույների ազդեցության տակ մարդիկ ենթագիտակցորեն որոշակի ընտրություն են անում, քանի որ տեսնելով որևէ գույն՝ մենք ունենում ենք որոշակի հուզական ապրումներ։ 19-րդ դարից ի վեր գունաբուժումը (քրոմոթերապիա) գիտաբժշկական հիմքերի վրա է դրված և մի շարք երկրներում հաջողությամբ կիրառվում է հոգեկան և նյարդաբանական առողջացման նպատակով:

Երևանաբնակ նկարչուհի, ՀՀ նկարիչների և թատերական գործիչների միությունների անդամ, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիր Եվա Գևորգյանը, իր արվեստի գիտակը լինելով, գունաբուժության գաղտնիքներին այնքան հասու չէր,  որքան հոգեբանները, բայցև քաջատեղյակ էր, որ  գեղագիտական ընկալումներն ու ապրումները բարերար ազդեցություն են թողնում դիտողի վրա: Եվ հայրենակիցների նկատմամբ արվեստագետի իր պարտքը կատարելու մտահոգությամբ, մոլեգնող Թագավարակի արտակարգ իրավիճակում՝ թատրոնների ու թանգարանների, սրճարանների ու ժամանցային հարթակների չգործելու օրերին, երբ մարդիկ ստիպված էին մեկուսանալ և համատարած ընկճվածություն էր տիրում, Եվան հավակնեց «Մատյան լինելության»  վերտառությամբ ստեղծագործություններ ցուցադրել՝ այդկերպ զորավիգ լինելով մեկուսացման ընկճվածության մեջ հայտնված մարդկանց, որոնց կապը աշխարհի հետ հեռատեսիլն ու սոցիալական ցանցերն էին միայն:

Փաստորեն, Եվա Գևորգյանը մի դեպքում հիմք դրեց դեռևս նախադեպը չունեցող առցանց ցուցահանդեսի՝ լավատեսական, հուսառատ և հուզառատ գործերի պարբերական, ամենօրյա ցուցադրությամբ և, մյուս դեպքում, գեղագիտական ազդակներով մարդկանց հոգեբանորեն նեցուկ դառնալով, հաստատապես առաջին գեղագետը եղավ, որ համացանցի (internet) հեռավար հնարավորությունն օգտագործեց առողջարար նպատակներով՝ անհրավեր կանգնելով հոգեբանների կողքին:

Առաջին իսկ ցուցադրություններից դիտողների, համակիրների մեծ բանակ ստեղծեցվեց, մանավանդ որ, մեկուսացման մեջ գտնվող հայրենակիցներին հոգեբանական ճնշումներից, ցնցումներից զերծ պահելու, պաշտպանիչ ազդակներ ապահովելու նպատակով, նկարիչը «գաղտնի քայլ» կատարեց՝ լսարանին առաջարկելով վերնագրեր ընտրել այդ գործերի համար: Այդպիսով, արվեստագետը դիտողին մղեց գեղագիտական մտորումների, նկարչական արվեստի հետ երկխոսության, դրանով իսկ՝ նրանց ինքնամեկուսացման անձկությունը փարատելուն:

Ահա, մի նատյուրմորտ՝ հնաբույր աթոռի վրա տեղադրված սկահակից վերընձյուղվող մի ծաղկաբույլ: Ծաղկեփնջի գունային զուսպ, բայց լուսավետ համադրությունը դիտողի հայացքը նախ գրավում է իր վրա, ցուցադրում նազանքով լի կեցվածքի պերճությունը, ապաև՝ թույլ տալիս ընկալելու շրջապատը: Պահ անց, հանդիսատեսը կենտրոնանում է խորք չունեցող, գրեթե միատոն ետնավարագույր-ֆոնին և աթոռի գեղիրան ճկվածության կորերով երզված այն շրջանակին, որից հորդում է լուսեղենությունը՝ գունախաղերով լցնելով նաև ապակե սկահակի հայելատեսքը: Համադրությունների գեղատեսիլությունն աներկբա է, նկարչի վարպետությունը՝ նույնպես: Նրա ձեռքը նախապես «իմացել ու չի դողացել» գծերն ու երանգները դրոշմելիս: Ոգեղենության զգացողությունն առաջնահերթություն է այս կտավում, որը ներկայանում է որպես կյանքը գեղեցիկով վերակենդանացնելու մասին մի նախանվագ: Հնամաշ աթոռ և կորովով լի գույնզգույն շուշաններ, որոնց ցողուններից մեկի վերձիգ կոկոնը դեռ շարունակում է իրագործել իր ապրելու տենչը: Փորձեք կտավը պատկերացնել առանց ծաղիկների, ապաև՝ միայն աթոռը, առանց սկահակի: Առաջին դեպքում, աթոռն ու դատարկ սկահակը անդառնալի կորստի և անլուր սպասման անկումային տրամադրությամբ  կհամակեն ձեզ, իսկ երկրորդում՝ մեր առջև կներկայանա մի տխուր իրողություն՝  իր դարն ապրած, հազարումի փորձություններ տեսած և, ավաղ, արդեն հնաոճ ու անտեսված աթոռ: Ընկճված տրամադրությունները կենսասիրության և ապրելու տենչի են վերածվում, երբ կոնտրաստային գունեղ հնչեղությամբ, թագուհու պես՝ վայելչորեն, իր տեղն է գրավում ծաղկեփունջը:

Շուրջ 40 կտավով ներկայացավ Եվա Գևորգյանի առցանց ցուցահանդեսը, հիմնականում՝ ծաղիկներով նատյուրմորտներ, նաև՝ բնանկարներ ու վերացական գործեր, որոնք օրեր շարունակ, իրենց գեղարվեստական ներգործման ուժով հարյուրավոր մարդկանց լավատեսական լիցքեր հաղորդեցին և արժանացան դիտողների ջերմ, երախտագիտական գնահատանքին:

Եթե հակիրճ բնութագրելու լինենք «Մատյանի» շարքը, ապա դժվար է խուսափել  «պոետիկա» բառով բնորոշումից, քանզի, այդ գործերի պատկերավորությունն ու արտահայտչամիջոցների զգացմունքային խոհականությունը՝ զմայլելի տաղերգական են: Այդ վերագրումը, թերևս, առաջինը նկատեցին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի գրականագետները, ովքեր արտատպելով ծաղկամանից «շատրվանվող» կապույտ թրաշուշաններով կտավը, դրա հետ զետեղեցին բանաստեղծուհու գործերից մեկը՝ սպասման խոհերով համակված ծաղիկների մասին: Թող նրանք ինձ ներեն, բայց այդ թրաշուշաններից ես առնում եմ Չարենցյան պոետիկայում շռայլորեն տարածված, նրա երազային տեսիլների արտահայտման խորհրդանիշ դարձած կապույտի բույրը: Ուրիշ էլ ի՞նչ, եթե կտավում գերիշխողը կապույտ-մանուշակագույնի երանգների մի ողջ համակարգ է: Երկնատեսք սփռոցը, մգված կապույտով գեղանի ծաղկամանը, նրանից ժայթքող լազուր թրաշուշանները, որոնցից մեկը մեղմորեն խոնարհվել է կապույտը փոխ առած սուրճի գավաթի վրա, և ծաղկեփնջի ֆոնային (իմա՛) դեղնավուն գամման, լրացնում են, ասես, Չարենցյան տեսիլների խորհրդանշական եռագույնը («Երեք գույն կա երազային…»)՝ կապույտը, ոսկեգույնը և մանուշակագույնը: Կտավի խոհն ավելի է հաստատում ասվածը, երբ հետևում ես թրաշուշանների երկնառաք նազանքին և ակամա մտաբերում.

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտըթախիծ.
Կապույտըկարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:
Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց

Եվ, ապա, երբ պատկերի մասերի առնչությունները վերջապես ի մի բերելով

պարուրվում ես թրաշուշաններին համակած երազներով, հայտնվում ես խորհրդավոր ու գրավիչ ոլորտներում.

Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՜ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում

Հատկանշական է, որ կապույտը բնորոշ է նաև նկարչի վերացական գործերին: Դրանցում, գույնի տարբեր կերպերն ու երանգները, լինեն՝ լուրթ, ծավի, կապտաժեռ, ասմազուն, թե՝ բիլ կամ խաժ, սյուժեի գերադաս դերում են՝ որպես առանձնահատուկ միջավայր, և կամ՝գործող անձ:

Այդ շարքի կտավներում հուժկու լիցք ու արարման շռինդ կա, աստղածին պայթյուն, որը մի դեպքում կարող է կերպավորել Վահագնի ծնունդը, մեկ այլ դեպքում՝ վեհի և գեղեցիկի խրախճանք, երրորդում՝ կարոտի անկասելի սլացք:

Զգացմունքային խոհականությունն առակա է Եվա Գևորգյանի գրեթե բոլոր աշխատանքներում: Տարիներ առաջ, 2011 թ.-ին, երբ նկարիչը Երևանի պատմության թանգարանի սրահում, 17 կտավներով, բացեց Կոնդ թաղամասին նվիրված «Լռության գույնը» անհատական ցուցահանդեսը, հանդիսատեսն այդ լռության գույներով հաղորդակցվեց նկարչի այն հույզերին ու ապրումներին, որոնք հոգեհարազատ են ամեն մի երևանցու, և ոչ միայն: Դա ընդգծեցին նաև արվեստագետները. «Ներկայացված աշխատանքները զուսպ են և հոգու պոռթկում ու ճիչ են, –նշեց արվեստաբանական գիտությունների թեկնածուԵվգենիա Քալանթարյանը: – Այս կտավներն ունեն և՛ գեղարվեստական վավերականություն և զուտ գեղարվեստական արժեք: Ոչ մի ավելորդ դետալ, ոչ մի ավելորդ կամ անզգույշ գիծ ու վրձնահետք չկա: Այդպես լինում է, երբ տաղանդն ու ներշնչանքը օրգանապես միասին են լինում»:

Մի առանձին խոսակցության նյութ է Եվա Գևորգյանի գործունեությունը հրատարակչական ձևավորումների և բեմանկարչության մեջ, որտեղ նրա ստեղծագործական ոճն ու մոտեցումները բխում են տվյալ գրական նութի էության առանձնահատկություններից, բայց այնքա՜ն խոսուն, որ ամենևին «երկրորդ դերակատարի» կարգավիճակում չեն թողնում ձևավորողին:

Հանրապետության տարբեր քաղաքների պետթատրոններում և թատերախմբերում նրա կատարած ձևավորումները, բեմադրիչների ու դերասանների հավաստմամբ, լավագույնս համահունչ և արտահայտչական են եղել ոչ միայն տվյալ բեմադրության գեղարվեստական սկզբունքների ամբողջությանը, այլև մեծապես դյուրացրել են տեսարանների փոխակերպման սահուն անցումները, օժանդակել թատերական արտահայտչամիջոցներին:

Եվա Գևորգյան-նկարչի ստեղծագործական ներկապնակի ամբողջական վերլուծությունը թողնելով մեկ այլ պատեհ առիթի, այս պահին բավարարվենք այսքանով և, շնորհակալաբար, մեկ անգամ ևս ընդգծենք հայուհի արվեստագետի աննախադեպ նախաձեռնությունը՝ համաճարակի և պատերազմի հետևանքով հանրությանը պարուրած ընկճախտի դեմ իր վրձներգերով մարդկանց նեցուկ լինելու, նրանց հոգում լինելության, կենսունակության, տոկունության սերմեր ծլարձակելու համար:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like