Մեծ լվացք՝ ի հեճուկս ազգային շահերի

Սամվել Խալաթյան, Երևան, 2 Ապրիլ 2023

«Ուղեղի լվացում». այս արտահայտությունն առաջին անգամ լսել եմ 45 տարի առաջ, երբ Խորհրդային Միության երիտասարդ լրագրողներիս առջև ելույթ ունեցավ քաղաքագետ, Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության մեկնաբան Վալենտին Զորինը: Բանախոսն անթաքույց և անկեղծորեն նշեց, որ Խորհրդային պետությունը կապիտալիստական զարգացած երկրներից անհամեմատ ետ է մնացել հասարակության «ուղեղի լվացման» մեթոդները մշակելու և ներդնելու կարևորագույն գործում: Հավելեց, որ համապատասխան հաստատություններում մշտապես վերլուծվում են տարբեր երկրների տնտեսական ցուցանիշները, զարգացման հեռանկարները, ազգային-հոգեբանական առանձնահատկությունները և այլն, ապա մշակվում են մեթոդներ, որոնց իրագործմամբ քայքայիչ գործունեություն է ծավալվում թիրախավորված երկրներում, ընդհուպ՝ քաղաքական հեղաշրջումներ կազմակերպելը:

Տասնամյակներ անց, երբ ականատեսն եղանք ԽՍՀՄ կոչվող Ռուսական կայսրության փլուզմանը, երբ բռնկվեցին գունավոր հեղափոխությունները, իսկ ժողովրդավարական առաջին քայլերն անող Հայաստանի Հանրապետություն ներմուծվեցին աղանդավորական այլևայլ հոսանքներ, երբ համաշխարհայնացման միտումներով, «բարեփոխում» անվան տակ, ձևափոխվեցին կրթության համակարգն ու պետական կառույցների, օրենքների հիմնարար գործոնները, երբ Սորոսի գաղտնալեզու գործիչները կայծակնային արագությամբ դարձան հեղափոխականներ և «լվացված ուղեղների» հոծ խմբերի սատարմամբ իշխանության հասան, այլևս կասկած չէր մնում, որ հինավուրց Հայաստանից մնացած այս փոքրիկ պատառը՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է աշխարհաքաղաքական նոր ձևափոխումներ իրականացնող հզոր տերությունների մեծ խաղի և «ուղեղի լվացման» շրջապտույտի մեջ:

Հասարակության, նրա տեսլականները կրող մտավորականների, քաղաքական կազմակերպությունների, իրավիճակն ըմբռնող դիվանագիտական դասի կողմից ոչ մի լուրջ դիմակայում չեղավ, ընդհակառակը, գերագույն նպատակ ընտրելով իշխանությունն ու փողը, նրանք տրոհվեցին ներհակ խմբավորումների: Քամուն տրվեցին ազգային լավագույն ավանդույթները, այլասերվեցին և շարունակում են ձևախեղվել մշակութային արժեքներն ու դրանց գնահատման չափանիշները:

Թվում էր, թե պատերազմի վերջին փուլում ամոթալի պարտությունը, մարդկային ու տարածքային մեծ կորուստները հայությանը սթափության կմղեն, կարթնանա ազգային և հոգևոր արժեքների ինքնապաշտպանության բնազդը: Բայց՝ ոչ, «ուղեղի լվացքատունն» արդեն արտերկրներում չէր և օտարազգի գործակալների միջոցով չէր գործում, այլ հիմնավորապես հաստատված է մեր երկրում՝ ի դեմս իշխող կուսակցության: Մինչդեռ հզորների աշխարհաքաղաքական նկրտումների մեծ խաղի շրջապտույտը շարունակաբար նոր զոհողությունների է հրում երկիրը:

Բերձորի միջանցքի շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը՝ չկատարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ պարտադիր ուժ ունեցող որոշումները, ձեռնարկում է նոր սադրանքներ՝ փորձելով շեղել միջազգային հանրության ուշադրությունը Բերձորի միջանցքի խնդրից, միաժամանակ, քայլ առ քայլ նոր տարածքներ զավթելով, ընդլայնում է իր սահմանները Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների հաշվին:

Թշնամական առաջխաղացումից հետո տեղակայված նոր դիրքերը՝ Գորիսի Տեղ համայնքի մատույցում

Օրեր առաջ, հերթական անգամ, ադրբեջանական կողմը ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում տեղակայվել է նոր դիրքերում: Շարունակվում են Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները՝ իրենց հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ ստեղծելու միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու վերջնական նպատակով: Շարունակվում են նաև Իլհամ Ալիևի վերջնագրերը, հոխորտանքները, բացեիբաց սպառնալիքները հայերի և հայկական պետական երկու միավորների հասցեին: «Այսօր մենք հայրենի Ղարաբաղի հողի վրա ենք, հայրենի Զանգեզուրի հողի վրա, և այստեղ ենք լինելու հավերժ»,– մարտի 18-ին, Նովրուզ բայրամի առիթով, դիմել է նա ադրբեջանցի ժողովրդին:– «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, կա մի պայման. նրանք պետք է ընդունեն մեր պայմանները, պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա կատարեն սահմանազատման աշխատանքները» ,– ասել է թշնամի պետության ղեկավարը։

Այս պայմաններում, երբ բարեկամ ձևացող երկրները գործնականում չեն աջակցում, այլ շարունակում են մեզանում իրենց գերապատվությունը հաստատելու նպատակով սոսկ խոստումներ տալ ու երկդիմի քարոզներ հնչեցնել, երբ ռուսական խաղաղապահ ուժերը ոչ այլ ինչ են, քան խարխուլ ցանկապատ՝ վիճող հարևանների միջև, երբ թշնամին հոխորտալով նոր տարածքներ է գրավում, ժողովրդի ինքնապաշտպանական ոգին ամրապնդելու, հավանական վատթար իրադարձություններին դիմակայելու, ազգը համակուռ դարձնելու համար միջոցներ ձեռնարկելու փոխարեն, իշխող կուսակցությունը շարունակում է հայությանը պարտվողական «լոլոներով» ներշնչել, թե ճարահատ ենք, և դրա մեղավորը բոլորն են՝ բացի իրենցից:

Այդ ներշնչման մոգությունից դուրս գտնվողների սթափ դատողությունը կասկածի տեղ չի թողնում, որ վարչապետի ասուլիսների, նրա կուսակիցների արտահայտած կարծիքների, ընկերային (սոցիալական) ցանցերում կեղծիքներ տարածող համակիրների նպատակը՝ հասարակության միտքը ավելի ու ավելի հարմարեցնելն է Ալիևի նկրտումների հետ:

Այլ խոսքով ասած՝ ուղեղի լվացում:

Սա առավել քան տեսանելի է արցախցիների համար: Դեռևս հունվար ամսին Արցախի Հանրապետության խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունները հայտարարություն տարածեցին, որում ՀՀ իշխանություններից պահանջում էին հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախաբնակ հայության ինքնորոշման իրավունքը: Այս հայտարարությունն անելու համար, ըստ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանի, հիմքեր եղել են։ «Վերջին ժամանակաշրջանի իրադարձությունները կասկածի տեղիք չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախից, ավելին՝ կշեռքի նժարին են դրել Արցախը ու ինչոր առևտուր են անում Արցախով՝ մոլորեցնելով Հայաստանի հասարակությանը, իբր դրանով փրկում են Հայաստանը»,– news.am-ի թղթակցին ասել է պատգամավորը: «Հայաստանի վարչապետը նախորդ տարի ապրիլին, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իբր միջազգային հանրությունը պահանջում է մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը։ Բայց մեկ տարի անց մենք փաստում ենք, որ միջազգային հանրությունը նման պահանջ չի դրել, և դա լոկ Ադրբեջանի պահանջն է»,– հավելել է նա:

Մինչդեռ, հակառակ թշնամու սանձարձակ ու անարգել գործողություններին, հայկական կողմը շարունակում է թաքնվել նոր բորբոքումներ թույլ չտալու մասին ոչինչ չասող հայտարարությունների ետևում։ Միաժամանակ, գաղտնիության երևութական պատկեր ստեղծելով, շարունակվում է համատարած մոլորեցումը՝ հանրությանը կերակրելով արհեստական թեմաներով ու սադրանքներով, երկրի ռազմավարական, անվտանգային հարցերից հանրային ուշադրությունը շեղելու նպատակով:

Ողբերգությունն այն է, որ հանրության մի ստվար մաս, արդեն իսկ երկյուղ կրելով, որ Երևանի հորիզոնում նշմարվում են երկրի ներս սողոսկող թշնամու դիրքերը, այդուամենայնիվ, ենթարկվում է «համերկրային լվացքի» ազդեցությանն ու կառչում հաշտվողական այն «փրկօղակին», որի մեջ խորտակող ծանրություն է խցկված:

Գալով ընդդիմադիրներին, ապա նրանք անհաշտ հարևանուհու պես ավելի շատ լեզվակռիվ են տալիս և ոչինչ ավելի:

Եվ, ինչպես լվացքի մեքենայի մեջ, որում շրջապտույտներն ամենկողմյա են, ՀՀ-ը շուռումուռ է գալիս թե՛ ամբողջությամբ և թե՛ ինքն իր մեջ, և հայտնի չէ, թե պարզաջրումից հետո, ինչպիսի՞ն են լինելու նրա տեսքն ու որակը…

«Գեղարդ»ի խմբագրութեան ծանօթագրութիւնը.– Մերժելով կը մերժենք «Հայաստանի Հանրապետութիւն»ը հաւասարեցնել «Հայաստան»ին, քանի որ այդ կը նշանակէ մեր իսկ ձեռքով թաղել Հայ Դատը՝ իր տարբեր բաղադրիչներով: Հայաստանի Հանրապետութիւնը Հայաստանի ընդամէնը փոքր մասն է. ան Հայաստան է անկասկած, սակայն մեր ամբողջական ու յաւերժական հայրենիք ՀԱՅԱՍՏԱՆԸ չէ՛:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like