Քաղցր եղբայրության դառը պտուղները

Սամվել Խալաթյան, Երևան, 18 Հունիս 2022

Վերջերս, հայրենի լրատվամիջոցներում մի տեղեկատվություն առկայծեց և, թվում էր, աղմուկ է առաջացնելու: Հայաստանում ռուսական դպրոցների թիվը կավելացվի. հունիսի 9-ին հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսում: «Հաշվի առնելով հայկական կողմի մեր ընկերների ցանկությունը, աշխատում ենք Հայաստանի հանրապետությունում ռուսական դպրոցների թվի ավելացման վրա, օգնում ենք բարձրացնել հայկական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորումը և Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են ռուսական ԲՈՒՀերում ուսումնառությունը շարունակել՝ քվոտաների ավելացմանը»,- ասաց Սերգեյ Լավրովը:

Այդ հայտնությանը լրատվական մի քանի կայքերում միայն վեհերոտ բացասական արձագանք եղավ, մի քանի քաղքենի հորթի հրճվանք ապրեցին, իսկ ամենազարմա-նալին այն էր, որ իրենց ազգասիրական զգացմունքներով ֆեյսբուքում աչքի ընկնող մի քանի մտավորականներ էլ շտապեցին վերհիշել հնօրյա ճշմարիտ այն ասացվածքը, թե՝ ինչքան լեզու գիտես՝ այդքան մարդ ես, չնկատելով, որ խորհրդային տարիներից ի վեր,  այդ խոսքի ենթատեքստը հոգեբանորեն մեզ հասցրել է՝ «Եթե ռուսերեն չգիտես՝ մարդ չես» կեղծ արժեքին:

Խոսքս մերկապարանոց  չթողնելու համար առաջարկում եմ սեղմ ու կարճառոտ վերհիշել ավելի քան 200 տարվա ընթացքում հայ և ռուս ժողովուրդների մերձեցման  մի քանի դրվագ:

Նախ, դրական վերափոխումների մասին: Թուրք-պարսկական տիրապետության շրջանում հայ գիտական միտքը անկում էր ապրել և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հնարավորություններ ստեղծեց, որ հայկական մշակույթն ավելի սերտորեն առնչվի ռուսների հետ։ Երկրի գիտամշակութային զարգացման համար նոր պայմաններ ստեղծվեցին, բացվեցին ծխական, իգական, թեմական, երկսեռ և այլ բնույթի նոր դպրոցներ,  հիմնադրվեց Մոսկվայի Լազարյան ճեմարանը, Թիֆլիսի Ներսիսյանը, Երևանի Աբովյանի անվան ուսուցչական սեմինարիան։ Մեծ իրադարձություն էր Հայաստանի ազգային գրադարանի բացումը։

1890-ական թվականների կեսերին երկրամասի դպրոցներում սովորում էին 30 հազարից ավելի հայ աշակերտներ։ Գլաձորի և Տաթևի համալսարանների փակումից դարեր անց հայրենիքում բացվում է բարձրագույն ուսումնական նոր հաստատություն՝ Վաղարշապատի Գևորգյան ճեմարանը (1874)։

Զարգացում ապրեց նաև հայկական մամուլը, որի կենտրոններն են դառնում ոչ միայն Շուշին, Ալեքսանդրապոլը, Երևանը և Կարսը, այլև Թիֆլիսն ու Մոսկվան։ 19-րդ դարի երկրորդ կեսին հրատարակվում էր 246 անուն թերթ ու ամսագիր՝ դարասկզբի 30-ի դիմաց։ 20-րդ դարի սկզբին հայկական պարբերականների թիվը հասավ շուրջ 600-ի։
Միաժամանակ, ցարական իշխանությունը անթաքույց վարում էր հայկական դպրոցները փակելու քաղաքականություն, որը լրջորեն սպառնում էր ազգային կրթությանը:

1884թ. փետրվարի 16-ին Ալեքսանդր 3-րդ ցարը հաստատեց «Հայ լուսավորչական եկեղեցական ուսումնարանների մասին կանոնները», համաձայն որի, բացառվում էր տարրականից բարձր հայկական դպրոցների գոյությունը, ասել է թե` կրթությունը պետք է տարվեր ռուսերեն լեզվով: Որքան էլ իշխանության համար անսպասելի էր, Էջմիածնի Սինոդը հրաժարվեց այն կիրառել: Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Սուքիաս վարդապետ Պարզյանը գործուղվեց Պետերբուրգ` բանակցությունների: Անորոշությունը ձգվեց մոտ մեկ տարի:  1885-ի փետրվարի 5-ին, անփոփոխ թողնելով նախորդ որոշումը, վճվռում է Սինոդին 12 օր ժամանակ տալ, մերժում ստանալու պարագայում` փակել դպրոցները: Սինոդը կրկին հրաժարվում է կատարել հրահանգը և, արդյունքում, Այսրկովկասում, Նոր Նախիջևանում ու Բեսարաբիայում փակվում է մոտ 300 դպրոց:

Եկեղեցու նոր գահակալ Մակարը կարողանում է հասնել նրան, որ 1885-ի դեկտեմբերի 17-ին Պետերբուրգում քննարկվում է հայոց դպրոցների հարցը և զիջումների են գնում: Վերստին բացվում են դպրոցները: Սակայն, ազգային կրթօջախներ պահել-չպահելու «պատերազմը» տարբեր դրվագներով շարունակվում է մինչև դարավերջ:

Հաջորդ լայնածավալ հարձակումը «Հայկական եկեղեցական հողերը և գույքը հարքունիս բռնագրավելու մասին» 1903թ. հունիսի 12-ի օրենքով էր, որը ոչ միայն ունեզուրկ էր դարձնում հայոց եկեղեցին, այլև փակման վտանգի առաջ կանգնեցնում եկեղեցու եկամուտներով պահվող դպրոցները: Առաջինն ընդվզում է եկեղեցին` հրաժարվելով կատարել հրամանը: Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի կողքին են կանգնում հասարակական, քաղաքական կազմակերպությունները, հասարակ ժողովուրդը: Բազմամարդ միտինգներ են գումարվում Երևանում, Ալեքսանդրապոլում, Գանձակում, Բաքվում, Իգդիրում, Թիֆլիսում, Ախլցխայում, Նոր Նախիջևանում, Կարսում… Ցույցերն այն աստիճան վտանգալից չափերի են հասնում, որ Թիֆլիսում ռազմական դրություն է հայտարարվում, Բաքվում քաղաքին են մոտեցնում ռազմանավերը, Երևանից Էջմիածին շարժվող ժողովրդին ցրում են կոզակները, Գանձակում կրակ բացում ցուցարարների վրա, ինչի արդյունքում սպանվում է 10, վիրավորվում` 70 մարդ, որոնցից 20-ը նույնպես մահանում են: Պատասխանը լինում է ահաբեկչական ակտերի կազմակերպումը` Իգդիրի գավառապետ Բոգոսլավսկու, Ելիզավետպոլի փոխնահանգապետ Անդրեևի, կառավարչապետ Գոլիցինի ու էլի այլոց դեմ: Ընդվզումը ստանում է համազգային բնույթ, ինչն էլ ի վերջո ստիպում է Նիկոլայ 2-րդ ցարին 1905-ի օգոստոսի 1-ին չեղյալ հայտարարել տխրահռչակ օրենքը:

Թե ռուսաֆիկացման ինչպիսի օրենքներ ու հնարքներ եղան Խորհրդային տարիներին, բոլորիս է հայտնի: Ու թեև կոմունիստ հայ ղեկավարներից ոմանց և նվիրյալ մտավորականության ջանքերով այդ նկրտումները դիմակայվում էին, այդուամենայնիվ, մասնագիտական գրականությունը, այդ թվում՝ բուհերի դասագրքերը, հիմնականում ռուսերեն էին և, արդյունքում,  մտավորականության մի ստվար մաս, գիտության, տեխնիկայի, կրթության ոլորտների մասնագետների զգալի մասը,  ռուսախոս դարձան:

Անկախության հաստատումից հետո թվում էր, թե ձերբազատվեցինք արտաքուստ ու ներքնական վտանգներից: Թվում էր… Սակայն,  հանրակրթության մասին վերջին տվյալներով` Հայաստանում ռուսերեն կրթություն է ստանում 4 հազար 600 աշակերտ: Տարակույս չկա, որ այս ամենի արդյունքում  նրանց թիվը երկրաչափական պրոգրեսիայով է աճելու, քանզի, (sic!) «Հաշվի առնելով հայկական կողմի մեր ընկերների ցանկությունը…», հայոց դպրոցը նոր փորձանքի առաջ է կանգնում: Ներկայիս ղեկավարների թուլամտությա՞ն արդյունքն է սա, թե թույլ ու անճարակ ղեկավարման…

Այն, որ իշխանությունների նախաձեռնությամբ ու ջանքերով է օտարվում դպրոցը և ինչ հետևանքներ է ունենալու այդ արկածախնդրությունը, պարզից էլ պարզ է:

Այլ հարց է, եթե Ռուսաստանն օժանդակեր հայկական, թեկուզ մի քանի տասնյակ,  դպրոցներում ռուսերենի խորացված ուսուցում ունենալուն: Կամ, եթե, երկուստեք ինքնիշխան ու բարեկամ պետություններ ենք և մեր փոխհամագործակցությունը կամրջված է հավասարը՝ հավասարի հետ սկզբունքով, ՌԴ-ն փոխադարձաբար օժանդակություն ցուցաբերեր Ռուսաստանում գործող հայկական դպրոցներին՝ իր երկրում բնակություն հաստատած շուրջ երկու միլիոն հայերի ազգային դիմագիծը պահպանելու, միջնակարգ դպրոցի մակարդակով գոնե ազգային արժեքներին հաղորդակցվելու հնարավորություն ստեղծելով: Մինչդեռ, որքան էլ որ շեշտվի, թե հաշվի են առնվում հայկական կողմի ընկերների ցանկությունը, դրանում բացեիբաց երևում է նաև «մեծ եղբոր» պարտադրանքը: Եվ հիմա, ուզենք, թե չուզենք, զուգահեռներ պիտի անցկացնենք անցյալի ու ներկայի միջև: Մեկ դար առաջ, պետականություն չունենալով, ժողովուրդը հանուն իր հնամյա դպրոցի, հանուն եկեղեցու վտանգված իրավունքների ոտքի էր կանգնում, իսկ այսօր բերանները ջուր են առել եկեղեցին, արվեստի, մշակույթի, գիտության ակնառու ներկայացուցիչները, մանկավարժները…

Ցավալի է, բայց, ակներևաբար,  Հայաստանում սկսել են հասունանալ «քաղցր եղբայրության» հնուց ծանոթ դառը պտուղները…

Վարդգես Սուրենյանցի «Խրիմյան Հայրիկի դիմանկարը»

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like