Սամվել Խալաթյան, Երևան, 24 Հունիս 2021
Երբ «Գեղարդում» հրապարակվեց «Մեծ Հայրենադարձության» 75-ամյա տարելիցին նվիրված իմ հոդվածը, և դա ես արտագրեցի իմ դիմատետրի վրա, հեռաձայնեց ծանոթներիցս մեկը, հայտնեց իր զարմանքը, որ ես Կիրովականի (Վանաձորի) «Էվակոբազա» թաղամասում ապրող հայրենադարձ հասարակ արհեստավորներին լեգենդար (առասպելական) մարդիկ եմ անվանել: Զուր անցան իմ բացատրությունները, որ նրանցից ոմանք Սարդարապատի, Մուսալեռի հերոսամարտերում, ֆաշիստական Գերմանիայի դեմ իտալական, ֆրանսիական պարտիզանական ջոկատներում պայքարած մարդիկ էին, և որ նրանք իրենց կենցաղով ու նիստուկացով ևս յուրահատուկ էին ու լեգենդար (առասպելական): Չհամոզվեց: Ի՞նչ արած, թող նա իր կարծիքին մնա, իսկ ես որոշեցի իրական ու հիշարժան մի դրվագ պատմել, մանավանդ որ, հայ գեղարվեստական գրականության և լրագրության մեջ անչափ քիչ է գրվել Խորհրդային Հայաստանում հայրենադարձ հայերի կյանքի մասին:
Այսու, թող ընթերցողը որոշի՝ լեգենդա՞ր էին նրանք, թե՞ ոչ:
Ցերեկով էլեկտրականություն չկար, ուշ երեկոյան էին միացնում, իսկ վաղ առավոտյան անջատում էին: Անցած դարի 55-60-ականներին էլեկտրականությունը կենցաղում օգտագործվում էր միայն տունը լուսավորելու և ով որ ռադիոընդունիչ ուներ՝ համերգ կամ ֆուտբոլի խաղերի ընթացքը լսելու համար: Կենցաղային այլ սարքեր չկային, արդուկը փայտածուխով էր տաքացվում, ճաշը եփում էինք օջախի կամ վառարանի վրա: Սառնարանի, փոշեծծիչի մասին լսած չկայինք:
Արևամուտի ժամերին, բակում ավելի լուսավոր էր լինում, քան տանը, և հարևանները դուրս էին գալիս, փոքր աթոռների վրա նստած զանազան պատմություններ էին պատմում կամ նարդի խաղում, մինչև որ մեկն ավետում էր՝ «Լույսերը տվին»:
Մի այդպիսի խաղաղ երեկոյի, ավագների քովը նստած, հետևում էի նարդու խաղին, երբ Գարեգինը վերհիշեց եղեռնի օրերի սարսափները.
– Գյուղի տուները այրեցին, կենդանի շունչ չթողին… Այդ տղան քովս բերեք,– ըսավ յուզբաշին: Ինձի մոտ տարին…
Խաչիկը, դիտմամբ, ընդհատեց նրան.
– Օր մը, Փարիզին մեջ կոշկակար Փանոսը հանդիպեցավ: Գարեգին, Փանոսը կհիշե՞ս:
– Այո, կհիշեմ…,- հպանցիկ պատասխանեց Գարեգինն ու շարունակեց իր խոսքը,- դուն որո՞ւն տղան ես,– հարցուց յուզբաշին: Արամի,– ըսի: Անո՞ր,– մատը տնկեց կախաղանը…
Խաչիկը դարձյալ ընդհատեց.
– Աս կոշկակար Փանոսը, կոշիկ նորոգելուն ատենը, կրունկին մեջ ոսկի գտած էր: Գարեգին, սա պատմությունը պետք է որ լսած ըլլաս:
– Լսած եմ, ջանըմ, թող տուր խոսքս շարունակեմ: Անո՞ր,– մատը տնկեց կախաղանը: Ոչ,– ըսի և երեսս դարձուցի դեպի հայրս, որ սպանված քրոջս գրկած, ջախջախված գլխով ինկած էր…
Խաչիկը ընդոստ ոտքի կանգնեց.
– Բա՛-վա՛-կա՛ն է, մա՛րդ: Ուրիշ պատմություն չունի՞ս: Ես դիտմամբ խոսքը կփոխեմ, դուն դարձյալ նախճիրը կպատմես:
-Է՞, ես իմ պատմությունս կհիշեմ,- արդարացավ Գարեգինը:
– Ատ չէ քո պատմությունը: Այսքան շո՞ւտ մոռցար: Դուն հայդուկ Գարեգինը չե՞ս, ինչո՞ւ կմոռնաս և կհիշես միայն պարտությունդ:
Գարեգինը զգուշավոր չորս կողմը նայեց, ապա կիսաձայն քրթմնջաց.
– Խենթեցա՞ր: Կագեբե՞ն կարոտեցիր:
– Ամենևի՛ն: Դուն ինչո՞ւ կվախնաս, Գրգո՜: Մուսալեռի կռվին թուրքը չկրցավ Գրգոյին սպանել, դուն ինչո՞ւ կթաղես քեզի:
– Դուն չվախցար, և կյանքիդ կեսը Սիբիրը կերավ… Մոռցա՞ր:
– Ո՛չ: Սիբիրն ալ չեմ մոռցած, կագեբեն ալ չեմ մոռցած, թոնիրի մեջ նետված մայրիկիս ալ չեմ մոռցած: Բայց ամենեն շատ կուզեմ Սարդարապատը հիշել և կհիշե՛մ: Մեր հաղթանակը կհիշեմ:
– Հայի բախտ է՜,-մտախոհ ասաց դսեղցի Հայկազը,- Հաղթում ենք, հաղթո՜ւմ, երկիրն ուրիշի ենք տալիս:
-Հայու բախտ չէ: Հայու կարճ հիշողություն է: Կհաղթե ու կկարծե, թե թշնամին այլևս իր բարեկամը դարձավ, կմոռնա, որ թշնամի ունի: Զենքը մեկ կողմ կնետե, հող կվարե, եկեղեցի կկառուցե…
Կարսեցի Բալաբեկը հակադարձեց.
– Քեզի չեմ հասկնա, Խաչիկ ախպեր: Հըբը ի՞նչ էներ հայը: Ո՞ր մե ազգը պատերազմից հետո իր հողը չի մշակե՜, քանդվածը չի սարքե՜:
– Այո: Բայց զենքը միշտ պատրաստ պիտի պահե: Զորեղ պիտի մնա: Զավակներուն իր հաղթանակը պիտի պատմե, անոնց իր հաղթանակն ու հաղթանակի ոգին պիտի կտակե և ո՛չ թե պարտություններու ողբը:
– Վերջ տուր, բե՛,- բարկացավ Գարեգինը, ես հաղթանակները չեմ մոռցած,- ապա հանելով պիջակը՝ մեկնեց Հայկազին- քանդե՛, աստառը քանդե, և կտեսնաք, որ չեմ մոռցած:
Հայկազը պիջակի աստառից փոքրիկ կապուկ հանեց:
– Էս ի՞նչ է:
– Փամփո՛ւշտ: Մուսալեռեն մնաց,- պարծեցավ Գարեգինը և կապուկից փամփուշտը հանելով մեկնեց ինձ,- վերցուր, տղաս, ասոր հերթը դեռ գալու է:
– Ո՜չ… ,- ընդվզեց Խաչիկը,- Ո՛չ: Ետ վերցուր, Գարեգին, ե՜տ: Դուն սա փամփուշտն ինչո՞ւ ետ բերիր… Ինչո՞ւ բերիր և ո՞ւր կուղարկես: Հին փամփուշտով նոր հաղթանակ չըլլար, Գրգո՜:
– Աս մարդը ի՞նչ կխոսի, չեմ հասկնար,- ուսերը թոթվեց Գարեգինը:
– Ամեն փամփուշտ զորավոր է ի՛ր կռվին մեջ: Ինչո՞ւ չկրցար սա փամփուշտը պարպել, Գրգո՛:
– Չե՞ս գիտեր, ֆրանսիացիները եկան…
– Եվ չորս հազար մուսալեռցի նավերն առին, փախցուցին, այնպես չէ՞:
– Այո…
– Մենք, Սարդարապատին, ձեռնամարտի նետվեցանք, որովհետև փամփուշտ
չունեինք, Գրգո՛: Դուն սա փամփուշտն ինչո՞ւ չպարպեցիր:
– Ի՞նչ ընեմ… Մեկ կո՞ղմ նետեմ,- շվարեց Գարեգինը:
– Թշնամուն հաղթելը սխրագործություն է, տղա՛ք: Սակայն հաղթելը քիչ է, հաղթանակը պահպանել է պետք: Հզո՜րը կրնա պահպանել իր հաղթանակը: Գրգո՛, անուշիկ եղբայր, մի՛ նեղվե: Ետ վերցուր փամփուշտը: Ան դասալիք է: Քո չպարպած փամփուշտը դասալիք է՜…
Լռություն տիրեց:
– Լույսերը տվին,- ասաց ինչ որ մեկը, բայց ոչ ոք չբարձրացավ տեղից: Բոլորը գլխահակ մտորում էին:
Գարեգինը վեր ելավ, ծանր քայլերով մոտեցավ բակը երիզող ցանկապատին, վերցրեց հենված բահն ու անցնելով ցանկապատը, փոքրիկ բանջարանոցի անկյունում սկսեց փոս փորել: Քիչ անց նա ետ եկավ, վերցրեց աթոռակին դրված փամփուշտը, վերադարձավ փոսի մոտ, ամփոփեց այնտեղ և հողը բլրեց վրան: Փոքրիկ գերեզման առաջացավ՝ առանց շիրմաքարի ու խաչի:
– Հիմա կուգամ,-ասաց Բալաբեկն ու տուն մտավ:
Գարեգինը ետ եկավ, հագավ պիջակը, նստեց իր աթոռին, անվրդով տեսք ընդունեց, կարծես անսովոր ոչինչ տեղի չէր ունեցել:
Բալաբեկը դուրս ելավ տանից՝ ձեռքին մի շիշ օղի, իսկ նրա կինը՝ Վարդանուշը, ամուսնու ետևից շտապեց բերել սկուտեղի վրա դրված բաժակներ, հաց, պանիր, կանաչեղեն:
Բաժակները լցրեցին: Բալաբեկը վերցրեց դրանցից մեկը, ոտքի ելավ.
– Թող հողը ծանր էղնի էդ փամփուշտի վրա, ծիլ չտա, անժառանգ մնա: Կենացդ, ֆիդայի Գրգո՛, հաղթանակներուդ կենացը…
1 comment
Touching humane story, we need more of these, keep them coming.