Սամվել Խալաթյան, Երևան, 8 Մայիս 2021
Այս տարվա հունիսի 23-ին «մեծ հայրենդարձության» 75 ամեակն է: Այսօրվա թոհուբոհում սրան կարող է մեծ կարևորություն չտրվի, մինչդեռ, դա հայ ժողովրդի պատմության կարևորագույն մի էջն է, երբ մայր հայրենիքում ապրելու բաղձանքով, վարդագույն խոստումների հավատ ընծայելով՝ 90 000 սփյուռքահայ ներգաղթեց Խորհրդային Հայաստան և հայտնվեց անհարազատ միջավայրում, աղքատության ու քաղաքական հետապնդումների մեջ…
Առաջին հայրենադարձին, որ ես՝ 4-5 տարեկան տղեկս, ճանաչել եմ, Տեր Սահակն էր՝ Ալթայի երկրամասի աքսորական հայերի Տյագուն գյուղում, թեև, նրան հայրենադարձ համարել չես կարող, որովհետև նա հայրենիքում երբեք չէր եղել: Բեյրութից գալուն պես, Բաթումիի նավահանգստում իջնելով նավից, երջանիկ քահանան կրծքի խաչը բարձրացրել և շնորհապարտորեն խաչակնքել էր քարավանը դիմավորող անձանց՝ չիմանալով, որ նրանք աստվածամերժ Խորհրդային երկրի ահուսարսափ ԿԳԲ-ի՝ պետական անվտանգության ծառայողներ են: Ձերբակալել էին և որպես լրտեսի՝ աքսորել Սիբիր: Տեր Սահակը վարսավիրություն էր անում, նաև՝ գաղտնորեն մկրտում էր նորածիններին, իսկ հանգուցյալների ափերում մի պտղունց հայկական հող էր ամփոփում: Բոլորը կասկածամտորեն էին վերաբերվում. որտեղի՞ց տեր Սահակին այդքան մյուռոն, երբ նրա սրվակը հազիվ մատնոցաչափ էր, որտեղի՞ց նրան հայկական հող, երբ նա երբեք չէր եղել Հայաստանում… Կասկածում էին, բայցև չէին բարձրաձայնում՝ պահպանելով հայ- քրիստոնյայի արժանապատվությունը: Տարիներ անց, այդ գաղտնիքն ինձ բացահայտեց տատիկս՝ հայտնելով, որ քահանայի անհատնում «մյուռոնը» ինքն էր պատրաստում գայլուկի թուրմից, իսկ հողը Տեր Հայրը վերցնում էր մեր ծաղկամանից, որը հայրենիքից մորաքույրս էր բերել Սիբիր: Տեր Սահակին ձերբակալեցին, բայց ոչ քահանայություն անելու համար, այլ որ վարսավիրանոցի հայելու ետևում թաքցրած է եղել Անդրանիկ Զորավարի նկարը: Մատնել էին: Նրա տան շուրջբոլոր հավաքվածները՝ թևաթափ, անծպտուն, խեղճացած հայացքով ճանապարհեցին հրացանակիրներով շրջապատված Տեր Սահակին, ով ոլորանի վրա ետ շրջվեց ու ձայնեց. «Չտխրեք, հայե՜ր… ի՞նչ պիտի ընեն, Սիբերեն այն կողմ ու՞ր պիտի տանին…»: Ցավոք, նա ճիշտ էր: Նրան շատ հեռու չտարան՝ ծեծելով սպանեցին Բառնաուլի բանտում:
Ստալինի մահից հետո, երբ վերադարձանք Հայաստան, հորս հաջողվել էր ազատ մեկ սենյակ գտնել Կիրովականի (այժմյան Վանաձորի) մի թաղամասում, որը հապճեպ կառուցվել էր հայրենադարձների համար, իբրև՝ ժամանակավոր կայանատեղի: Անունն էլ՝ «Էվակոբազա» (ռուսերեն բառերի հապավում է, որը կնշանակի տարատեղման կայան): Բայց ի՜նչ ժամանակավոր, դա մշտական բնակության գետտո էր: Միհարկանի, անշուք շինություններում, որոնք երկար միջանցք ունեին և աջ ու ձախ կողմերում 5-ական փոքրիկ սենյակներ, կենցաղային և ոչ մի հարմարություն չկար: Ամեն մի ընտանիքի մեկ սենյակ էին հատկացրել, անկախ այն բանից՝ բազմանդա՞մ է ընտանիքը, թե՞ ոչ: Իսկ ընտանիքները բազմանդամ էին՝ 5-12 մարդ: Խոհանոց, լվացարան, բաղնիք ունենալն անիրագործելի երազանք էր: Ամբողջ թաղամասում կար մեկ զուգարան, և մեկ աղբյուր, որոնց մոտ առավոտից մինչև ուշ երեկո հերթեր էր գոյացած: Բնակիչները կերակուրը պատրաստում էին նավթավառների վրա, սոխի, սխտորի, սուրճի, նավթի հոտով հագեցած միջանցքում: Սիրիայից, Լիբանանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, այլևայլ երկրներից հայրենիք վերադարձած մարդիկ, հիմնականում հմուտ արհեստավորներ էին՝ ժամագործներ, կոշկակարներ, ոսկերիչներ, դերձակներ: Սակայն, նրանց խստիվ արգելված էր մասնավոր արհեստագործությամբ զբաղվելը, ինչը իրենց նախկին երկրներում բնականոն էր, իսկ Խորհրդային Հայաստանում հետապնդվում էր և քրեորեն պատժվում: Նրանք, չնչին վարձատրության դիմաց, աշխատում էին պետական արհեստանոցներում, կամ՝ բանվորություն էին անում գործարաններում ու շինարարությունում: Ու, թեև, իրենց նախկին կեցության համեմատ հայտնվել էին ողորմելի վիճակում, անմռունչ կրում էին դժվարությունները՝ զգուշանալով թաղային տեսուչ միլիցիոներից ու մատնիչներից:
Տեղացիների համար խորթ էին հայրենադարձների լեզուն՝ արևմտահայերենը, համեմատաբար քաղաքակիրթ կենցաղը, և փոխանակ սովորելու, իմանալու, ձևավորվել էր ծաղրի բանահյուսությունը՝ անեկդոտներից սկսած մինչև նրանց «ախպարներ» անուն տալը, ինչը «եղբայր» բառի արևմտահայ տարբերակն էր ընդամենը:
Ես շնորհակալ եմ իմ բախտից, որ գիտակցական կրտսեր տարիքում շրջապատված էի այնպիսի մարդկանցով, ինչպիսիք Սարդարապատի հերոսամարտի մասնակից Խաչիկն էր,
Մուսա լեռան հերոսամարտի մասնակից Գարեգինը, Շառլ դը Գոլի հրամանատարությամբ ֆաշիզմի դեմ մարտնչած Հարությունը, Անդրանիկ Զորավարի մերձավոր զինակից Մկրտիչ Հովսեփյանը, ում տանը երբեմն հյուրընկալվում էր լեգենդար Մախլուտոն: Նրանցից ես շատ բան իմացա և շատ բան սովորեցի:
Իմ մանկական հուշերում հառնում են հայրենասեր, լեգենդար ու աշխատասեր մարդիկ, ովքեր յուրայինների մեջ օտար էին ու անընտել: Ահա՝ Խաչիկը: Թոռ էր ծնվել նրան և նա ցանկանում էր թոռանն անվանել իր հրամանատարի՝ Սարդարապատի հերոս Փիրումյանի անունով՝ Պողոսբեկ: Գրանցման գրասենյակում, չիմանալով անգամ, թե ո՞վ է եղել Պողոս բեկ-Փիրումյանը, մերժել էին նրան, պատճառաբանելով, որ կոմունիզմ կառուցողների երկրում բեկեր, իշխաններ լինել չեն կարող: Նորածնին, ստիպված, կնքեցին Պողոս անունով և միայն 2005 թվին 50-ամյա Պողոսին հաջողվեց նոր անձնագրում փոխել իր անունը՝ Պողոսբեկ: Փոխեց և արտագաղթեց ԱՄՆ:
Չուլջյանների համեստ ընտանիքի բոլոր չափահասները անդուլ աշխատողներ էին: Մի օր էլ, եկան ղեկավար անձինք և աչքալուսանքի պես հայտնեցին, որ նրանց երջանիկ կյանքի մասին ֆիլմ պետք է նկարահանվի՝ Սփյուռքում ցուցադրելու համար: Տան հնամաշ կարասին փոխարինեցին թանկարժեք կահուքով, միակ պատուհանին վարագույր կախ տվին, պատին՝ Լենինի նկարը: Նկարահանումից հետո, երբ բերված իրերը նորից բարձում էին բեռնատար մեքենայի վրա, տանտերը խնդրեց, որ համապատասխան վճարով մահճակալներից գոնե մեկը թողնեն իրենց: Չհամաձայնեցին, ասացին՝ մահճակալը պետք է նկարահանվի նաև այլ հայրենադարձների բնակարաններում: Չուլջյանների ժառանգները հիմա Կանադայում են:
Ահա Պետիկյան Հարությունը, որի ծաղրանկարը տպագրել էին թերթում՝ գործարանի բակում մի ժանգոտ մեխ գտնելու և գրպանը դնելու համար: Այդ մեխը, պարզվում էր,
համաժողովրդական սեփականություն է, իսկ կապիտալիստական դաստիարակություն ունեցող սևագործ բանվոր Հարությունը թալանել է սոցիալիստական ունեցվածքը: Տարիներ անց, Ֆրանսիայից եկած նամակից տեղեկացանք, որ գեներալ դը Գոլի բանակում խիզախաբար մարտնչած Հարությունի շքանշանը և բանկում կուտակված նրա թոշակը՝ մի ահռելի գումար, ֆրանսիայում նրան են սպասում: Հարությունի ընտանիքն արտագաղթեց…
Ահա, լռակյաց Հովհաննեսը: Մարդը ոսկերիչ էր, բայց Կիրովականում պետական ոսկերչական արհեստանոց չկար և նա իր բազմանդամ ընտանիքը կերակրելու համար արևածաղկի սերմ էր վաճառում: Մազ էր մնացել նրան ձերբակալեին, քանի որ արևածաղկի փոքրիկ փաթեթները նա պատրաստում էր «Սովետական Հայաստան» թերթի հին համարներից: Քննիչն ասել էր. «Իրավունք չունես, այդ թերթում տպագրվում է մեծ Լենինի նկարը, – ապա մի պատառոտված գիրք էր տվել Հովհաննեսին,- ա՛ռ, ու էս գրքի թերթերով փաթեթ սարքիր»: Հովհաննեսը գիրքը բերել էր տուն ու պարզել, որ դա Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպն է: Այդուհետ նա սերմը փաթեթով չէր վաճառում, այլ փոքրիկ բաժակից լցնում էր գնորդների գրպանը: Այդուամենայնիվ, Հովհաննեսին երեք ամսով կալանավորեցին՝ իր տանը «Կիլիկիա» երգը երգելու համար: Խորհրդային երկրի «երկաթյա վարագույրները» բացվելուն պես՝ Հովհաննեսի ընտանիքը նույնպես արտագաղթեց:
Ոմանք արտագաղթողներին մեղադրեցին, ասելով, թե՝ «Ախպարները նեղ օրերին դիմացան, բայց երբ կյանքը մի քիչ բարելավվեց՝ թողին, փախան»: Մինչդեռ, մի քանի տարի անց, նույն ալիքը օտար ափեր նետեց նաև հարյուր-հազարավոր տեղացիների, ովքեր չկարողացան դիմակայել սոցիալական վատթար պայմաններին, իշխանավորների անարդարություններին ու թալանին: Իսկ հայրենադարձ ընտանիքները հեռացան շրջապատի կողմից խորթ և օտար համարվելու, անընտել լինելու պատճառով: Նրանցից ամեն մեկն իր հոգու մեջ իր երազած ու չտեսած հայրենիքը տարավ՝ օտար ափերում իր երազանքների հուրը չմարելու համար: Այդ հուրը սփյուռքահայության հոգում նորից բորբոքվեց, երբ տարերային աղետը՝ Սպիտակի երկրաշարժը, ավերեց երկրի հյուսիսային մասը, երբ սկսվեց Արցախյան պատերազմը, երբ հայրենիքն ու հայրենակիցները օգնության կարիք ունեին: Նրանց հանգանակություններով օգնությունները մինչև հիմա էլ սատարում են հազարավոր ընտանիքների, զորացնում հայրենիքը: Այդ նրանք՝ սփյուռքահայերն են նաև, որ Հայ դատի թիվ մեկ պահանջատերերն են և առանձին երկրներում գործուն աջակցություն են ցուցաբերում Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենսդրական ակտերի ու բանաձևերի ընդունման գործընթացին:
… Վանաձորում արդեն մոռացության է տրվում «ախպար» բառը: Երևի չկա մի ընտանիք, որ վերջին տասնամյակներում օգնություն ստացած չլինի իր նախկին հարևան «ախպարից» և ներքուստ խոստովանած չլինի, որ այդ անվամբ, տարիներ առաջ, հանիրավի վիրավորել է իր հայրենակցին:
Այժմ Վանաձորում դրվատանքով ու երախտագիտությամբ են հիշում հմուտ դերձակներ Իշխան Հովսեփյանին ու Կարապետ Գալստյանին, ժամագործներ Միշելին ու Թագվորին, կոշկակար Եղիային, Սրբ. Աստվածածին եկեղեցու երկարամյա քահանա Տեր Վազգեն Ղարագյոզյանին, բժիշկ Խաչիկ Մինասյանին, Վանաձորի Երկրագիտական թանգարանի հիմնադիր, հնեաբան ու լեզվաբան Եղիա Մոմջյանին, Հանրապետության վաստակավոր մարզիչ Օնիկ Զորավարյանին, հրուշակագործ Յանի Ալեքսանյանին, շա՜տ շատերի: Հիշում, կարոտում են, և նրանց հետ կապված պատմություններից շատերը, որպես լեգենդ ու ասք՝ պատմում իրարու: Այդ պատմություններից առանձնահատուկ է այն, որ մինչև եկեղեցու գործունեությունը թույլատրելը, Տեր Վազգենը եղել է այն բանվորների թվում, ովքեր խճաքարերով սալապատում էին Կարմիր Բանակի փողոցը: Հետագայում այդ փողոցն սկսեցին ասֆալտապատել և տեղացիներից մեկը թույլ չէր տվել, որ իր տան առջև՝ մեկ քառակուսի մետր հատվածի վրա, ասֆալտ փռեն: «Տեր Վազգենի մատնահետքերն այս քարերի վրա են,-ասել էր նա,-թող հուշ մնա»:
1 comment
Շնորհակալ եմ:
Հրաշալի շարադրանք էր, յափշտակիչ ու սնուցիչ:
Որքա՜ն բաներ պիտի իմանայ ու ճանչնայ ընթերցողը: