Շեշտ չդարձող բացականչություններով…

Սամվել Խալաթյան, Երևան, 4 Հունիս 2022

Գրիգոր Ակներցին, մոնղոլ-թաթարական տիրապետության շրջանի իր «Պատմություն նետաձիգների մասին» երկում, մի դիպված է հիշատակել՝ թե ինչպես է Հուլավու խանի կազմակերպած ըմբշամարտում հայազգի Սադունը զգետնել անպարտելի համարվող մոնղոլ ըմբիշին:

«…և մեծարվեց Սադունը խանի առջև, և թաթարների ժամանակներում ողջ երկրում պատվով, մեծությամբ և ուժով նրա նման ոչ ոք չկար: Եվ Հուլավու խանը հրամայեց գրել հրամանագիր՝  ներելու Սադունին մինչև ինը հանցանք»,- գրում է պատմիչը:

Օգտվե՞ց, արդյոք, Սադունը ինն անգամ անպատիժ հանցանք գործելու իր արտոնությունից, հայտնի չէ: Մինչդեռ, այս պատմությունը մեզ մղում է մտորելու, որ անձի անպատժելիությունը նոր հանցանքներ ծնող երևույթ է: Եվ մի՞թե այդ երևույթը չէ Հայաստանում տեղի ունեցող ցավալի և վտանգներով հղի իրադարձությունների աղբյուրը:

Անկախություն ձեռք բերելուց ի վեր, իշխանավորների կողմից առաջացավ գերագնահատված, «իշխանազուն»  մի խավ, որի ամենաթող ու անպատիժ գործունեության հետևանքը քաղաքական ու քրեական հողի վրա տասնյակ մարդասպանությունները եղան, աննկարագրելի թալանն ու կեղեքումը, իշխանական փաղանգում լինելու անհագուրդ տենչով թելադրված  ընտրակաշառքն ու կաշառակերությունը, որոնք բարոյալքեցին և հուսահատության հասցրեցին հանրությանը՝ դարձնելով նրան իրենց մութ խաղերին անգիտակցաբար օժանդակող խամաճիկ: Եվ, ինչպես ցույց տվեց ժամանակը,  2018-ի թավշյա հորջորջվող հեղափոխություն-խաղն էլ լուսավոր չէր, և թալանված, թուլացած մեր պետության դեմ սանձազերծված պատերազմում կրած ամոթալի, դավադրական պարտությունը ևս այդ բոլորի հետևանքն էր: Դա ընկճախտի այնպիսի փառով ծածկեց ժողովրդի աչքերը, որ ադամամութում խարխափող հանրությունն իր լուսավոր տեսլականների ներկայի փնտրտունքներում, մերթ հայտնվում է ընդդիմադիրների փոխվերեժի խաղերում, մերթ՝ իշխանավորների ապաշնորհ ղեկավարման սարդոստայնում…

Մինջդեռ, այդ ամենը մեզ հասցրել են հայրենիքի ու նրա պետականության կորստի վտանգավոր շրջադարձի վրա: Կարողանալո՞ւ ենք, արդյոք, անվտանգ անցնել այդ շրջադարձը:

1800-ականներից ի վեր, ռուս-պարսկական, ինչպես նաև ռուս-թուրքական պատերազմների արդյունքում, շուրջ 200 տարի, Արևելյան Հայաստանը մեջկալվեց Ռուսական կայսրության տիրույթում: Դա ռուսական շահերից էր բխում և ոչ հայերի նկատմամբ ջերմ զգացմունքներից, այլապես, Լենին-Ստալինի և թուրքերի քաղաքական սիրախաղերի արդյունքում Հայաստանը տարածքներ չէր կորցնի հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի:

Ռուսական պետության խորհրդային գաղափարախոսությունն ինչպես հայերի, այնպես էլ իր տիրույթում ներառած բոլոր ազգերի ուղեղը անընդհատ ու անընդմեջ սնում էր «ավագ եղբոր բարեկամության»  և  «հավերժ ռուս եղբայրական ժողովրդի  հետ»  սնամեջ հավատալիքներով:  Ճիշտ է, Միության կազմում Խորհրդային Հայաստանն աննախադեպ զարգացումներ  ունեցավ, բայց դա ամենևին էլ «մեծ եղբոր» կողմից հայերի նկատմամբ դրսևորած բարեկամեցողության արդյունք չէր, ռուսական Խորհրդային կայսրությունն իր երկիրն էր հզորացնում, իր սահմաններն էր դարձնում անառիկ:

Խորհրդային կարգերի փլուզմամբ Ռուսատանի դեմքից ցած սահեց «եղբայրական ժողովուրդների» վարդագույն քողը՝ բոլորիս հայտնի իրադարձություններով, և հայերը կրկին ու դարձյալ մնացին դարավոր թշնամիների՝ թուրքերի և ադրբեջանցիներին  դեմ-դիմաց:

Եվ, ահա, ներկայում, երբ Ուկրաինայի դեպքերով աշխարհաքաղաքական նոր խաղերի սկիզբ է դրված՝ դեռևս ոչ հայտնի լուծում-հետևանքներով, և Արևմուտքը Հայաստանի հարցում դեռևս արմատական ու վճռական մոտեցումներ չի ցուցաբերում, թուրքազգիների հետ շահասեր-քաղաքական  հին սիրախաղը նորացրած և անսքող ցուցադրող Ռուսաստանը, իր մեծապետական նկրտումների թելադրանքով, տնտեսական ու քաղաքական ճգնաժամի սարդոստայնի մեջ հայտնված Հայաստանի առջև ինքնացուցադրվում է որպես նրա միակ փրկիչը: Իհարկե, ձգձգվում է այդ «փրկությունը», քանի դեռ Ուկրաինայի թնջուկը չի պարզվել: Իսկ մինչբ այդ,  Հայոց նախկին մեծամեծներից  ոմանք ամեն կերպ ջանում են բաց չթողնել «ռըսի փեշը», հույս տածելով, որ առաջին հերթին իրենք կվերադառնան իշխանության, իսկ հետո՝ ինչպես Աստված կկամենա, թեկուզ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, թեկուզ Հայաստանը դառնա ՌԴ կալվածք: Իշխանությունն էլ, իր հերթին, հաշտված Արցախը կորցնելու մտքի հետ, մեկ Ռուսատանին է ժպտում, մեկ՝ արևմուտքին, տեսնի, թե ո՞վ լիարժեք երաշխիք կտա իրեն՝ որ մնա երկրին ղեկակալ, իսկ հետո՝ ինչպես Աստված կկամենա…

Այդպե՞ս է, թե՞ ոչ: Համենայն դեպս, քննելով երևույթներն ու իրադարձությունները, ես այդպես եմ կարծում:

Երկու թևերի՝ ընդդիմության ու դիմության  գլխավոր նպատակի առանցքն ԱԹՈՌՆ է: Ընդդիմադիրների համար Արցախն ու Զանգեզուրը յուրացնելու Ադրբեջանի բացահայտ  նկրտումները զգացմունքային խաղաքարտ են՝ ժողովրդին վարչախմբի դեմ հանելու համար, իսկ իշխանության համար՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատրվակ:

Այս բոլորով հանդերձ, Ռուսաստանի խնդրում անչափ զգույշ պիտի լինել: Դա այն քաղաքակիրթ երկիրը չէ, որ անշահախնդրորեն նորմալ համարի իր հարևան ժողովուրդների ազգային ինքնորոշման իրավունքը կամ ինքնիշխանությունը: Չմոռանանք, որ այնտեղ ավելի քան երկու միլիոն հայ է ապրում:

Վերջերս ընդդիմությունը հրապարակեց  մտավորականների կոչը, որով համոզմունք է հայտնվում, որ  «Միասնականությամբ կարող ենք կասեցնել այս կործանարար ընթացքն ու մասնակից դառնալ Հայոց պետականության իրական վերածննդին»: Անշուշտ, դա այդպես է, մեզ օդ ու ջրի պես միասնականություն է հարկավոր: Ինքս էլ չվարանեցի ստորագրություն դնել այդ կոչի տակ, քանզի, Արցախի ինքնորոշման իրավունքին, ՀՀ տարածքային ամբողջականութանը, Հայոց պետականության կազմալուծման կասեցմանը, մեր ազգային արժանապատվության ու համերաշխության վերականգնմանն  էր վերաբերում:

Միաժամանակ, վստահ եմ, որ այդ կոչի տակ ստորագրած մտավորականների մեծ մասը, և ես՝ նույնպես, ընդդիմության հավաքներին չմասնակցող հազարավոր մարդիկ նույնպես, հիասթափվում ենք ընդդիմությունից՝ նրանց շարքերում տեսնելով նախկին մականունավոր թալանչիներին ու նրանց քրեական անցյալով հայտնի որդիներից մի քանիսին, ովքեր, եթե արժանապատվություն ունենային, լինել-չլինելու ծայրահեղ լարված այս իրավիճակում, տանից դուրս չպիտի գային: Այնինչ, նրանք այս շարժման մասնակիցների թվում են, և դեռ ընդդիմադիր մամուլը աղիողորմ հայտնում է, որ նրանցից երկուսին ոստիկանությունը բերման է ենթարկել:

Ուստի, շարժառիթ կա, չէ՞ մտածելու, որ նախկինները քողարկված, փոխվրեժի են ելել՝ շահարկելով խիստ զգայուն ազգային զգացմունքները:

Ընդդիմադիրները ներշնչվում ու ներշնչում են, թե ժողովրդի մեծամասնությունն իր հետ է, բայց քաղաքական հետապնդումներից վախենալով չի մասնակցում հանրահավաքներին: Դիմությունն իր հերթին ներշնչվում ու ներշնչում է, որ մեծամասնությունն ի՛ր հետ է, դրա համար չի մասնակցում հանրահավաքներին: Մինչդեռ, հանրության մեջ սկսել է ձևավորվել այն համոզմունքը, որ մի նոր, երրորդ, չմեղանչած, ազգաշահ քաղաքական ուժ է հարկավոր, որը կարողանա լծվել քաղաքական  քաոսային վիճակը ազգօգուտ պարզեցնելու, բանակը վերակազմելու, երկիրը հզորացնելու դժվարին գործին: Այնինչ, մենք ցայտնոտի մեջ ենք, արդյո՞ք այս պայմաններում հնարավոր է կարճ ժամանակամիջոցում այդ տեսլականի իրագործումը, դժվար է ասել:

Իսկ սփյո՞ւռքը, չէ ՞ որ ի դեմս սփյուռքի, մենք քանակական ու որակական հզոր ներուժ ունենք: Ցավոք, այստեղ էլ է հիասթափություն սպասվում: Հայկական սփյուռքը, որ երբեք աչքի չի ընկել ներքին միասնությամբ, այս օրերին ևս համընդհանուր կողմնացույց չունի և կուսակցություններն ու գրագետները  դեռ շարունակում  են հնուց եկող համաչափ շարժման ազդեցությամբ բանավիճել միայն:

Եվ աղմուկը շատ է Հայաստանում:

Բացականչականները ցանկալի շեշտ չեն դառնում և ժամանակը դեռ չի աշխատում մեր օգտին:

 

Քաղված է «Ոսկան Երևանցի» հրատարակչության 2011թ.-ին լույս ընծայած  Գրիգոր Ակներցու «Պատնություն նետաձիգների մասին» արևելահայերեն երկից, էջ՝ 83:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

ԹԹՈՒԱԾԻՆ

 Լուսարձակի տակ Դոկտ. Գէորգ Եազըճեան, Երեւան, 1 Յունուար 2020 Քանի մը տարուան դադարէ ետք, keghart.com վերլուծական կայքը ահաւասիկ…
Read More