Սամվել Խալաթյան, Երևան, 4 Հունվար 2023
Գիտությունը թույլ չի տալիս սնահավատ լինել: Ընդսմին, երբ փորձում ես խորհել մեր ազգի անցած բազմադարյան պատմական ուղու, նրա վերելքների ու վայրէջքների, կործանման սպառնալիքներով լի բազմաթիվ անցքերի, անհուսալի իրավիճակներում նրա առասպելական վերընձյուղման մասին, նույն այդ գիտությունը կարկամում է իր իսկ փաստերի առջև ու քեզ մղում հավատալ նախախնամությանը: Ճիշտ այնպես, ինչպես քաջատեղյակ լինելով նեյտրոններից մինչև հսկա գալակտիկաների գոյության ու վարքի մասին, այդուամենայնիվ, անծայրածիր տիեզերքի առաջացման հիմքը պեղելիս մղվում ես հավատալու, որ դա գերբնական ուժի թելադրած հրաշք է:
Հայասա երկիրը, մեր թվարկությունից առաջ 15-14-րդ դարերից ի վեր, Մարիաս արքայից մինչև այսօրվա վարչապետ, միշտ եղել է Երկիր մոլորակի ամենահզոր տերությունների թիրախում: Կեղեքվել է բոլոր ժամանակների հզորագույններից: Եվ միայն նախախնամությամբ կարծես ուժ է գտել իր մեջ վերընձյուղվելու, արարելու, իր գիտությամբ ու մշակույթով մրցակցելու նույն այդ հզորների հետ և, նույնիսկ, հիմնարար ավանդ է ներմուծել համաշխարհային քաղաքակրթության մեջ:
Ոտքի ելնելու սպասումով…
Նաև անպակաս են եղել իր իսկ մարմնից սերված տիզերը, ցեցերն ու դավաճանները:
Խե՜ղճ Հայասա:
Ես չեմ հաշվել, թե քանի տասնյակ ու հարյուրյակ հուժկու հարվածներ է կրել Հայասա-Հայաստանը, բայց որ այժմ 9-րդ ալիքի հարվածի տակ ենք, աներկբա է: Չափազանցություն չկա. գիտության ու ռազմական տեխնիկայի այս դարում, երբ այնքան զենքեր են կուտակված, որ հնարավոր է մի քանի անգամ կործանել երկրագունդը, երբ մոլորակի հզորներն սկսել ու ձգտում են ավարտին հասցնել աշխարհի վերաբաժանումը, Հայասա-Հայաստանը կրկին այդ թոհուբոհի կիզակետում է՝ հզորների երախում և իր իսկ տիզերի, ցեցերի, դավաճանների ճիրաններում: Իսկ ցեցերը, որոնց վերջը չի երևում, որպես կանոն ի հայտ են գալիս հենց այն պահին, երբ մատաղին աղ է պետք, հացին` թթխմոր:
Գիտության, մշակույթի հսկաների հետ մեզ չհաջողվեց ծնել հայրենասեր, հեռատես, դիվանագետ այնպիսի մի թագավոր, ունենալ այնպիսի ղեկակալ, որի երկրապահ, ազգապահ ավանդույթներն անձեռնմխելի արժեք և ուղեցույց մնան ապագա սերունդների համար: Չկարողացանք, որովհետև մեզ չհաջողվեց ազգի ավիշում պահպանել յուրային մորթապաշտին մորթազերծ անելու կարևորագույն հատկությունը: Մերը՝ ինքնասիրահարված գլուխգովանությունն է ու թիմերի բաժանված միմյանց քարկոծելը:
Կործանարար այդ 9-րդ ալիքը, որն ահագնանում է ու վերահաս է, հանկարծակի չեղավ. դա վաղուց էր հասունանում: Մենք պարտավոր էինք դա հաշվի առնել ու կանխամտածված ազգային ռազմավարություն մշակել և ոչ թե թալանելով խարխլել երկրի հիմքերը, իսկ հետո էլ ղեկը հանձնել բախտախնդիրների ու բարոյալքել հանրությանը:
Միակ բանը, որ անցած 30 տարում հետևողականորեն արվել է մեզանում, դա հանրության համատարած բարոյալքումն է:
Հարկ չկա նորից ու կրկին հիշատակել թե ի՛նչ մեքենայությունների են դիմել հզորները աշխարհը վերաձևափոխելու համար, այդ գործընթացում ի՛նչ վճիռներ են կայացրել տարբեր երկրների վերաբերյալ, սորոսական ի՛նչ ահռելի գումարներ են ծախսվել հակազգային, հակապետական գաղափարախոսությամբ թունավորելու մարդկանց: Ավելորդ է հիշատակել, որ այդ ամենում եռանդուն մասնակցություն է ունեցել նաև մեր դարավոր թշնամին և հարմար պահի ամենակուլ շրջապտույտի մեջ է հրել մեզ: Մնում է զարմանալ միայն, թե որքա՜ն կուրորեն ենք վերաբերվել աշխարհակործան այդ գործընթացին և շատ քիչ բան ենք ձեռնարկել այդ ամեհի հոսանքին ընդդիմանալու համար:
Չեմ կարծում թե տասնյակ երկրներում ունեցած մեր դեսպաններից ու դեսպանության աշխատակիցներից, դիվանագետներից, հակահետախույզներից, վիճակագիրներից որևէ մեկը երբևէ ահազանգած չլիներ միջազգային քաղաքական կյանքում տեղի ունեցող խմորումների մասին: Չեմ կարծում նաև, թե նրանցից ոմանք երկակի խաղի մեջ չեն եղել: Այն թշվառ վիճակը, որն ապրում ենք հիմա, մեր հին ու նոր կառավարությունների արտաքին և ներքին քաղաքականության ձախողման հետևանքն է: Իսկ որոշ դրվագներում՝ միտումնավոր ձախողման:
Կարծում եմ, թե Ռուսաստանը ժամանակին զգաց վտանգը, և հաշվարկելով, որ կարճ ժամանակամիջոցում չի կարողանալու տնտեսապես հասնել ԱՄՆ-ի և միացյալ Արևմուտքի մակարդակին, աննախընթաց զարկ տվեց ռազմարդյունաբերությանը՝ առճակատվելու դեպքում աշխարհաքաղաքական արդի իրականության մեջ գոնե երկրորդ բևեռ լինելու կարգավիճակի համար: Միաժամանակ, ՌԴ-ում խստիվ արգելվեց սորոսականների գործունեությունը: Առճակատումն արդեն կա՝ ռուս-ուկրաինական պատերազմ, և ՌԴ-ն կանգ չի առնելու և ոչ մի զոհողության առջև:
Իսկ մենք ուշադրության չենք արժանացնում անգամ ամեն տարի թարմացվող վիճակագրական տվյալները:
Ահավասիկ, ետխորհրդային ժամանակաշրջանում Միութենական նախկին հանրապետություններում բնակչության թվաքանակի պատկերը (տվյալների հավաստիությունը փաստելու նպատակով ներկայացվում է բնօրինակը, ուստիև թարգմանված չէ: Հայցում ենք ընթերցողի ներողամտությունը: Տոկոսային հարաբերությունների մի քանի սխալները բնագրինն են: Օրինակ, Կիրգիզստանի բնակչությունը ավելի քան կրկնապատկվել է, մինչդեռ նշված է ընդամենը 52,8%-ի աճ): Մի՞թե մեզ ոչինչ չի հուշում այն, որ ԽՍՀՄ-ի փլուզվելուց հետո, քրիստոնեություն դավանող բոլոր հանրապետություններում բնակչությունը նվազել է, իսկ մուսուլմանական բոլոր երկրներում, անկախ տնտեսական վիճակից, աճել: Այս գործընթացը Ռուսաստանին ապագայում գուցե մի ավելորդ հոգս բերի: Համոզված եմ, որ ուկրաինական թնջուկի կարգավորումից հետո նա ավելի զուսպ ու պահանջկոտ է լինելու Թուրքիայի և մերձավոր մուսուլմանական երկրների հետ իր «սիրախաղերում»:
Սակայն դա մեզ որևէ հույս ներշնչել չի կարող. դարավոր փորձից գիտենք՝ Ռուսաստանի կոշտ վերաբերմունքը, անգամ պատերազմները՝ մուսուլմանական աշխարհի հետ, հանուն իր մեծապետական շահերի են եղել և ոչ թե հանուն քրիստոնյա հայերի կամ վրացիների: Ավելին, այդ շահերի առևտրում Հայաստանի տարածքները ռուսների համար մանրադրամի դեր են կատարել:
Հիշատակության են արժանի վիճակագրական որոշ տվյալներ ևս, որոնք մեր երկրի ազգաբնակչության քանակի այսօրվա և մոտ ապագայի իրավիճակի պատկերն են ուրվագծում:
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) տվյալներով (որոնք հրապարակվել են կոմիտեի պաշտոնական կայքում), Հայաստանի Հանրապետությունում 2022-ի առաջին 9 ամսում նվազել են ծնելիության ցուցանիշները։ Մեր երկրում սկսել են նաև ավելի քիչ ամուսնանալ և ավելի շատ ամուսնալուծվել։ Այսպես` 2022-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ-ում ծնվել է 26.511 երեխա։ Այս ցուցանիշը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 336-ով (26.847 ծնված)։ 2022-ի հունվար–սեպտեմբեր ժամանակահատվածում գրանցվել է 12.305 ամուսնություն, մինչդեռ 2021-ի նույն ժամանակահատվածում այս թիվը 12.796 է եղել։
Փորձագետների գնահատմամբ՝ ՀՀ-ի համար ժողովրդագրական երկու հիմնական մարտահրավերներն են ցածր ծնելիությունն ու արտագաղթը։ ՀՀ-ում, ըստ կանխատեսումների, 2023-ին կծնվի շուրջ 36 հազար երեխա՝ 2022-ի 37 հազարի դիմաց։ ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ ՀՀ-ում ծնունդների թիվը 2050-ին կնվազի մինչև 24 հազարի։ Երկրի բնակչությունը 30 տարի անց կարող է ընդամենը 2,6 միլիոն լինել։ Արտագաղթի 2022 թվականի տվյալները դեռևս հրապարակված չեն, իսկ 2021-ին երկրից մեկնած–չվերադարձածների մասին վիճակագրական պատկերացում է տալիս ՀՀ ԱՎԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված գծապատկերը (տե՛ս կցված):
2021թ. ԴՐՈՒԹՅԱՄԲ ՉՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ
HOUSEHOLD MEMBERS ABSENT AS OF 2021, BY POINT OF DESTINATION
(Տես՝ https://armstat.am/file/article/demog_2022_7.pdf):
Մոտ ապագայում բնակչության թվի, ծնելիության ժողովրդագրական կանխատեսումները թերևս կիրագործվեն, եթե… եթե Հայաստանի վրա չփլվի 9-րդ ալիքը, որը հղի է նոր պատերազմի վտանգով, նոր զոհերով, տարածքների նոր կորուստներով կամ, որ բացառված չէ, «ազատարար բանակի» ուշացած միջամտությամբ և, ո՞վ գիտե, գուցե նոր միութենական կազմի մեջ մտնելով: Իսկ դա նշանակում է ազգային պետականության կործանում, և ոչ միայն դա: Մինչև վերջ անկեղծ լինելու համար ասեմ նաև, որ ամենևին չեմ կիսում այն կարծիքը, թե մեր փրկությունը Արևմուտքից է լինելու, քանզի, ՀՀ-ին սիրաշահելու նրա քաղաքականությունը բխում է Ռուսաստանի նկատմամբ ունեցած նրա հակամարտությունից (չպետք է մոռանալ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ լինելով, Արևմուտքի ռազմական և ռազմավարական գործընկերն է):
Որևէ մի վիճակի ողբերգականությունն ու անհուսալիությունը պատկերելու համար երբեմն օգտագործվում է «օղակը սեղմվում է» պատկերավոր արտահայտությունը: Մեր դեպքում դա պատկերավոր խոսք չէ, այլ՝ իրականություն: Արցախն ադրբեջանցիների կողմից է օղակված, ՀՀ-ը՝ իր ղեկավարների անվճռական թուլակամությամբ: Իսկ հայոց պետականության վրա կախված է կործանարար ալիքի վտանգը:
Հանճարեղ Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավում, մոլեգնող փոթորիկի մեջ, կործանված նավի կայմից կառչածների գլխավերևում ահագնանում է ամենավտանգավորը՝ 9-րդ ալիքը: Արվեստաբաններն ասում են, թե նկարում պատկերված բացվող առավոտի պայծառ արևի ճառագայթները փրկության հույս են ներշնչում…
Իսկ ի՞նչ են ասում մեր քաղաքական գործիչները, դիվանագետները, զորահրամանատարները, մեծահարուստները, մտավորականները պետականության, ազգի, հայրենիքի գլխին ահագնացած 9-րդ ալիքի վերաբերյալ… Ոչինչ: Բոլորը կառչած են կայմից…