Որտեղի՞ց է սկսվում Հայրենիքը

«Արարատ»ը Մարտիրոս Սարյանի աչքերով

Սամվել Խալաթյան, Երևան, 3 հուլիս , 2022

Ռուսական մի հանրահայտ երգ կա՝ «Որտեղի՞ց է սկսվում Հայրենիքը»: Եվ, որպես հարցի պատասխան, բազմաթիվ թվարկումներ կան. գուցե Այբբենարանի նկարների՞ց կամ՝  մայրական երգի՞ց, գուցե հավատարիմ ընկերների՞ց կամ՝ հեռուն ձգվող ճանապարհի՞ց… Մի խոսքով, հուզական, տարածված երգ էր ԽՍՀՄ-ում:

Եվ, ահա, Ռուսաստանի դաշնության նախագահ պարոն Վլադիմիր Պուտինը, ոչ այս ոչ այն, որոշել է «խմբագրել»  ռուս ճանաչված պոետ Մ. Մատուսովսկու երգի տեքստը: Նա, հունիսի 17-ին, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում, հայտարարել է, թե՝ «Խորհրդային Միությունը պատմական Ռուսաստան էր»  և, ապա, «մեղմել է» Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Հայաստանի, Վրաստանի, այլոց՝  իր խոսքերից սպասվելիք վախն ու զարմանքը, ավելացնելով, թե՝ «Ռուսաստանը, այնուամենայնիվ, հարգում է ինքնիշխանության գործընթացները, որոնք տեղի են ունեցել  հետխորհրդային տարածքում»:  Ինչպիսի՜ բարեհոգություն…

Այնուամենայնիվ,  չշտապենք զուտ հայաբար եզրակացություններ անել: Գուցե մարդը ճի՞շտ է ասում, նույն տրամաբանությամբ կարող էր, չէ՞ , պնդել, որ մ.թ.ա. 9-6-րդ դարերում Արարատյան թագավորությունում  գահակալած թագավորներից  Ռուսա արքաները  ազգությամբ ռուս են եղել և այդտեղից է  նրանց անվան ծագումը, կամ, ասենք, 13-րդ դարում Կիլիկիայում ստեղծագործած մանրանկարիչ և գրիչ Թորոս Ռոսլինի իսկական անունը Տիմոֆեյ Ռուսսկի է…

Հետո՞ ինչ, որ ըստ հանրահայտ  պատմագիտական տվյալների, ռուս ազգը կազմավորվել է մերձդնեպրյան ցեղերի հետնորդներից, մ.թ. 9-րդ դարի վերջերին՝ Նովգորոդի, այդուհետ, միացյալ՝ Կիևյան Ռուսիայի, տիրույթում, և Կիևյան Ռուսիան է դարձել հին ռուսական ժողովրդի ձևավորման  կենտրոն՝ որպես ռուս, ուկրաինացի և  բելոռուս ժողովուրդների ընդհանուր պատմական հայրենիք:

Սակայն, մեր մեջի հայը դարձյալ ընդվզում է, ասելով, որ եթե պարոն Պուտինը պատմական Ռուսաստանինն է համարում  այն տարածքները, որտեղ որ, Խ. Աբովյանի ասած՝ «ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհն է մտել», հապա ինչո՞ւ պատմական Ռուսաստանի տարածք չի համարում Կարսի պայմանագրով Թուրքիային զիջած Կարսի մարզը,  Սուրմալուի գավառը (որը նախկինում երբեք չի եղել Թուրքիայի կազմում),  Արարատ լեռն իր հարակից շրջաններով, մանավանդ, որ իրենից 193 տարի առաջ, ռուս մեծ բանաստեղծ, բայց նույն՝ մեծապետական մարմաջով տառապող Պուշկինն իր «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» երկում, արդեն իսկ՝ դրանք ռուսական էր համարում:

Մեջբերեմ այդ երկից մի հատված, խնդրելով, որ ուշադրություն դարձնեք իմ կողմից ընդգծված արտահայտություններին և փակագծերում նշվող հետևություններին. «Մենք գնում էինք լայն մարգագետնով, ցողով ու երեկվա անձրևի կաթիլներով ոռոգված խիտ կանաչ խոտի վրայով ,-գրում է պոետը:-Մեր առջև փայլում էր մի գետակ, որ պետք է անցնեինք։ «Ահա և Արփաչայը»,— ասաց ինձ կազակը։ Արփաչա՜յը, մեր սահմանը  (իմա՛ , Ռուսաստանի՛ սահմանը) ։ Դա արժեր Արարատին  (իմա՛, «իր սահմանը» հավասարազոր է դիտում բիբլիական սուրբ լեռան էությանը)։ Ես սուրացի դեպի գետը մի անմեկնելի զգացմունքով… Ես ուրախությամբ մտա թանկագին գետը, և մի լավ ձի ինձ տարավ թուրքական ափ։ (Իմա՛, Արփաչայի նկատմամբ Պուշկինն այնպես է արտահայտվում, ինչպես հնդիկն իր սուրբ Գանգայի կամ  հայն իր Մայր Արաքսի մասին կխոսեր:)Բայց այս ափն արդեն նվաճված էր՝  ես դեռ Ռուսաստանում էի… (Իմա՛, Արփաչայի նոր նվաճված աջ ափն էլ արդեն համարեց իր հայրենիք-Ռուսաստանը): Այստեղ հանդիպեցի մի հայ քահանայի, ով Էրիվանից Ախալցիկ էր մեկնում։ «Ի՞նչ նորություն կա Էրիվանում»։ Ես նրան հարցրեցի. «Էրիվանում ժանտախտ կա,- պատասխանեց նա,- բայց ի՞նչ եք լսել Ախալցիկի մասին»: — Ախալցիկում ժանտախտ է,— պատասխանեցի ես։ Այս հաճելի լուրերը փոխանակելով՝ մենք բաժանվեցինք»  (իմա՛, հույժ գրագետ Պուշկինը «հաճելի» բառը գոնե չակերտների մեջ չի առել՝ հասկացնելու, որ  հակառակ իմաստով ընկալենք…)։

Գուցե իմ վերլուծություններում ես չափազանցնո՞ւմ եմ: Սակայն, ինչպե՞ս բացատրել, որ համաշխարհային պատմությունը  գերազանց իմացող ռուս-քրիստոնյա բանաստեղծը,  ճանապարհորդելով հինավուրց քաղաքակրթություն, իր սեփական գիրն ու հարուստ գրականությունն ունեցող քրիստոնյա երկրով, երբեք չի ակնարկում այդ մասին, նրան հրճվանք է պատճառում միայն այդ երկիրը նվաճված տեսնելը, որը և անմիջապես Ռուսաստան է անվանում:

Իհարկե,  մեծ պատիվ է Պուտինին կանգնել այն նույն հարթակին, որի վրա բանաստեղծ Պուշկինն է: Այդ հարթակը, սակայն, մեծապետական նկրտումների ու համոզմունքների շաղախով է կառուցված:

Ինչ մնում է ՌԴ նախագահի «թերասածությանը», ապա, ամենայն հավանակությամբ, Կարսի պայմանագրով թուրքերին զիջած հայկական տարածքները Պուտինն իր հիշյալ ելույթում «պատմական Ռուսաստան» չի համարել ՝ Էրդողանին չվիրավորելու նրբանկատությամբ: Չէ՞ որ Թուրքիայի նախագահն  էլ, իր հերթին, բո՛ւն Հայկական լեռնաշխարհը  համարում է «պատմական Թուրքիա»:

Այսքանով, սակայն, «էս սարն իմն է, էս ծառն իմն է» պատմությունը չի ավարտվում, քանզի, մեր տարածաշրջանում, վերջին դեպքերով Ռուսաստանի կողմից լկստված Ալիևը նույնպես, Զանգեզուրը, Սևանն ու Երևանը համարում է «պատմական Ադրբեջան»…

 Պարոնայք, գուցե վիճա՞կ գցեք…

Ադրբեջանն այսօր ճախրում է ոչ միայն նավթի անբավ հարստությամբ, այլև Պուտինի և Էրդողանի տված թևերով, մոռանալով, որ Ադրբեջան անվամբ երկիր-պետություն մարդկության պատմության մեջ չի եղել, և իրենք Լենին-Ստալինյան քաղաքականության մեծապետական նկրտումների վիժվածքն են՝ տարածաշրջանի հնագույն քաղաքակրթություն ունեցող  պետությունների և քրիստոնյա ազգերի գլխին հարվածելու պատրաստ՝ մահակ որպես: Մեծ ճշմարտություն կա նույնիսկ այն զվարճախոսության մեջ, ուր ասվում է, թե՝ «Կոկա-կոլան» ավելի հին է, քան Ադրբեջանը: Դա ապացուցող պատմական հազարավոր փաստեր կան, բայց բավարարվենք միայն ռուս «սպիտակ» գեներալ Ա․ Դենիկինի՝ ցարական Ռուսաստանի փլուզումից հետո Հարավային Կովկասի քարտեզի վրա առաջին անգամ հայտնված նորընծա արհեստածին Ադրբեջանի մասին բնութագրումը մեջբերելով. «Ադրբեջանական Հանրապետությունում ամեն ինչ արհեստական էր,-գրում է գեներալը,-  «անիրական», սկսած անվանումից՝ փոխարինաբար վերցված Պարսկաստանի գավառներից մեկից: Արհեստական տարածք, որը ընդգրկում էր լեզգիական Զաքաթալան, հայթաթարական Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներն ու ռուսական Մուղանը՝ միավորված թուրքական քաղաքականությամբ՝ որպես պանթուրքիզմի և պանիսլամիզմի ֆորպոստ Կովկասում… Ի վերջո, ադրբեջանական կառավարությունը նույնպես արհեստականորեն էր պահպանվում՝ սկզբում Նուրի փաշայի կամքով, հետո գեներալ Թոմսոնի, իսկ այնուհետ՝ պարզապես իներցիայով»:*

Այսքանից հետո, մեր մեջի հայը պետք է հենվի բազկաթոռի թիկնակին ու մտորի, թե որտեղի՞ց է սկսվում (կամ, մոտ ապագայում՝ որտեղի՞ց է սկսվելու) ի՛ր հայրենիքը: Գուցե ռազմավարական նշանակության հայրենի հզորությունները  պարտքի դիմաց Ռուսատանին զիջելո՞ւց, կամ՝ ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման վայրի՞ց: Գուցե Հայաստանում բացվելիք ռուսական դպրոցների՞ց, կամ՝ Ռուսաստանի քաղաքներում ու խուտորներում բնակություն հաստատած հայերի՞ տանից… Եվ դեռ հարց է՝ հայրենիքդ քո՞նը կլինի, թե՞ նրանցը, ովքեր բացեիբաց, ի լուր աշխարհի, երկիրդ  իրենց ցեղ ու ազգի պատմական տարածքներն են համարում:

Իսկ մեր «ազգային ջոջերը» բերանները ջուր են առել, չեն զորում մի կես բերան գոնե ասել, որ՝ дօрогой брат, կամ՝ əziz qardaş (սիրելի եղբայր) այս երկիրն իմ պապենականն է, այստեղ ես ապրել ու արարել եմ դեռ այն ժամանակներից, երբ դուք, որպես ազգ  կամ ցեղ, դեռևս չէիք ձևավորվել:

Մեր «ջոջերը» երևի կուզեին այդպես ասել, բայց վախենում են ոչ ճիշտ առոգանությամբ արտահայտվելուց և սպասում են երանելի այն ժամանակներին, երբ ռուսական կամ ադրբեջանական դպրոցներ կբացվեն, կսովորենք, կավարտենք և ունակ կլինենք վարժ առոգանությամբ  խոսել «եղբայրների» հետ:

Իսկ մինչ այդ, իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքի դիմատետրում գրառում է արել. «Հայաստանը մի երկիր է, որտեղ նույնիսկ ժայռերն են խոսում քաղաքակրթության ձայնով և մշակութային հայերենով։ Հետևաբար, մեր սրբազան հողի որևէ անկյան զիջումը թշնամուն՝  քաղաքակրթության մի պատառիկի զիջում է բարբարոսներին և, ըստ այդմ, քաղաքակրթության հանդեպ ինքնին բարբարոսական մոտեցում»:

Արդյո՞ք ուշացած չէ այս նախազգուշացումը…

*) Տես՝ Деникин, А. И. Очерки русской смуты. Т 4. Вооружённые силы Юга России, Берлин, 1925, с. 164:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

«Ճշմարիտ Մշակոյթը»

Հրայր Ճէպէճեան, Նիկոսիա, 2 Նոյեմբեր 2012 Մշակոյթի եւ անոր տարբեր գործօններուն ու յարաբերութիւններուն հասկացողութիւններուն հետ սկսայ ընտելանալ համալսարանի…
Read More