Ծանրակշիռ գիտական աշխատություն

Սամվել Խալաթյան, Վանաձոր, 2 նոյեմբեր 2022

Երևանի «ՎՄՎ-պրինտ» հրատարակչությամբ լույս է ընծայվել բազմավաստակ գիտնական և մանկավարժ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Ֆելիքս Մովսիսյանի եռահատոր աշխատությունը՝ հայ հասարակական մտքի արձագանքները՝ 1800 թ.-ից մինչև 1870-ական թվականների եվրոպական ազգային-ազատագրական շարժումների մասին:

Սկզբից ևեթ նկատենք, որ եռահատորյակը տքնաջան, մանրազնին և արդյունավետ ուսումնասիրություն է, որում հանգամանորեն վերլուծված են եվրոպական ժողովուրդների՝ օտար տիրապետությունները թոթափելու, անկախություն և ազատություն ձեռք բերելու նպատակով ազգային-ազատագրական, քաղաքական ու հասարակական շարժումները, կորսված պետականությունները վերականգնելու, ազգային պետություններ ստեղծելու պայքարը: Ընդսմին, բացահայտված է դարակազմիկ այդ իրադարձությունների նկատմամբ հայ հասարակական մտքի, հատկապես՝ ժամանակի արևմտահայ ազգային-պահպանողական հոսանքը ներկայացնող պարբերական մամուլի դիրքորոշումներն ու գնահատականները:

Պատմագետի փաստագրումներն ու վկայակոչումները սոսկ հայեցողական չեն: Հարկավոր տեղերում Ֆ. Մովսիսյանը հակիրճ ու ժլատ, բայցև խորքային հետևություններով, ասես, ներքին կապ է ստեղծում ավելի քան 150-200 տարի առաջ Եվրոպայում տեղի ունեցած պատմական ու վճռորոշ իրադարձությունների նկատմամբ հայ հասարակական մտքի և այսօրվա մեր իրականության ու արդի հասարակական մտահանգումների միջև, հուշում է խոտորումների վտանգները: Առաջին հատորի առաջաբանում հեղինակի այն միտքը, թե «…ժողովուրդների ազգային շարժումները և դրանց վերաբերյալ հայ հասարակական մտքի գնահատականները դեռևս հիմնարար ուսումնասիրության կարիք ունեն», խորամուխ ընթերցողը կարող է (և պետք է) ընկալի որպես ժամանակակիցներիս հղված ուղերձ՝ մեզ հետ և մեր շուրջը կատարվող աշխարհաքաղաքական պատմական իրադարձությունների նկատմամբ ունենալու իրատեսական վերաբերմունք՝ դաս քաղելով մեր և օտարների փորձից:

Հիշատակելով 19-րդ դարասկզբի ֆրանս-իսպանական հակամարտություններն ու դրանց նկատմամբ հայ գրագետների արձագանգը, պատմաբանը հետաքրքիր մի դիտարկում է անում, որը առավել տեսանելի է մե՛ր օրերից, մեր այժմեական թոհուբոհ իրավիճակն ապրող գիտնականի հայեցակետից. «Մխիթարյան միաբանության գործիչները,– գրում է Ֆելիքս Մովսիսյանը,– պատմելով իսպանական ազատագրական պայքարի մասին, հիմնական ուշադրությունը դարձնում են պատերազմական գործողությունների լուսաբանմանը՝ երկրորդ պլան մղելով երկրի ներսում ընթացած իրադարձությունները»: Վերլուծելով Միաբանության դիրքորոշումները, պատմաբանը «Դիտակ Բիւզանդեան», «Եղանակ Բիւզանդեան», «Բազմավէպ» պարբերականներից մի շարք վկայագրեր հիշատակելով, նկատում է նաև, որ «Մխիթարյանների աշխատությունները և պարբերականները, անկախ նրանցում թույլ տված առանձին վրիպումներից ու որոշ անճշտություններից, արժեքավոր են հայ հասարակական մտքի համար: Մխիթարյան միաբանության ներկայացուցիչները ոչ միայն ճիշտ են հասկացել իսպանական ժողովրդի պայքարի ազգային-ազատագրական լինելը, այլև իրատեսորեն ներկայացրել են 19-րդ դարի սկզբում Եվրոպայում ստեղծված քաղաքական վիճակը»:

«19-րդ դարի եվրոպական ազգային ազատագրական պայքարի արձագանգները հայ նոր գրականության մեջ» ամփոփիչ գլխում Ֆ. Մովսիսյանը հիշատակում և վերլուծում է Ռափայել Պատկանյանի, Վրթանես Փափազյանի, Դանիել Վարուժանի, Խաչատուր Աբովյանի, Մատթեոս Մամուրյանի, Միքայել Նալբանդյանի, Հայր Ղևոնդ Ալիշանի, Արմենակ Հայկունու, Արփիար Արփիարյանի և այլոց հրապարակախոսական հոդվածները, ակնարկներն ու ստեղծագործությունները:

Հեղինակն իրավամբ նկատում է. «Ակնհայտ է, որ հայ գրողները մշտապես եղել են ազատության և անկախության համար պայքարի ելած ճնշվող ժողովուրդների ջերմեռանդ պաշտպաններ: Եվրոպական շատ ժողովուրդների ազգային ազատագրական պայքարն աղերս ուներ հատկապես արևմտահայության իղձերի հետ, որը 19-րդ դարի ամբողջ ընթացքում ձգտում էր ձերբազատվել, Լևոն Բաշալյանի բնորոշմամբ՝ «Անիծյալ երկիր» Թուրքիայի կապանքներից, քանզի նա «շաքարախտէն փտած մարմին է»:

Նկատենք, որ Ֆելիքս Մովսիսյանի եռահատոր աշխատության թեմատիկան պատմաբանի համար գիտական ուսումնասիրությունների սկիզբը չէ: Շուրջ քսան տարի է, ինչ նրա գիտական հետաքրքրություններն ի մի են բերում 18-19-րդ դարերի ամերիկյան ու եվրոպական ազգային-ազատագրական շարժումների, արևմտահայ ազգային սահմանադրական շարժման, հասարակական կազմակերպությունների, մասոնության պատմության, դրանց վերաբերյալ հայ հասարակական մտքի ու պարբերական մամուլի գնահատականներն ու վավերագրերը, խորապես վերլուծում դրանք:

Եռահատորյակն իր փաստագրությունների աշխարհագրությամբ՝ 19-րդ դարի առաջին կեսում տեղի ունեցած պատմական դեպքերի՝ Նապոլեոն Բոնապարտի իսպանական արշավանքի, Իսպանիայի գահակալական պայքարի, բելգիացի, լեհ, շվեյցարացի, իռլանդացի, չեխ, հույն, բալկանյան և այլ ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարների, դրանց մասին արևմտահայ ու արևելահայ մամուլում հայ հասարակական մտքի արձագանգների ու գնահատականների վերլուծությամբ, գիտական աշխատության մեծ կտավ է:

Նորընծա աշխատությունը ձեռնարկելով հեղինակն իր ձեռքի տակ ունեցել և օգտագործել է 200-ից ավելի տեղեկատվական գրքեր, բազմաթիվ փաստագրումներ ու վկայություններ, պարբերական մամուլի հավաքածուներ. նրա հղումներն ու ծանոթագրություններն անցնում են հարյուրյակը: Երեք հատորները միասին կազմում են շուրջ 1200 էջ:

Հիրավի ծանրակշիռ գիտական հետազոտություն, որը հարստացնում է մեր պատմական-հասարակագիտական մատենագրությունն ու մատենագիտությունը:

Եռահատորյակի տպագրությունը հովանավորել են ամերիկաբնակ գրասերներ տեր և տիկին Հովսեփ և Կարոլին Նալբանդյանները, որոնց հոգածությամբ, վերջին շուրջ 25 տարիների ընթացքում հայաստանցի 60 հեղինակներ ևս իրենց գրքերի տպագրությունն են իրականացրել:

***

Հոկտեմբերի 19-ին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանի հայագիտական ուսումնասիրությունների եռահատորյակի շնորհանդեսը, որին ներկա էր նաև գրքի տպագրության մեկենասը՝ Հովսեփ Նալբանդյանը: Ներկաները ջերմ ծափողջույններով ընդունեցին լուրը, որ Հալեպում ծնված, Լոս-Անջելեսում բնակվող գրող, հրապարակախոս պարոն Նալբանդյանը 29 գրքերի և բազմաթիվ հայագիտական հոդվածների հեղինակ է և, բացի նոր գրքերի տպագրության հովանավորումից, հազարավոր գրքեր է նվիրաբերել ՀՀ-ի և Արցախի գրադարաններին:

Շնորհանդեսում ելույթ ունեցան և պատմաբանի նոր աշխատությունն արժևորեցին համալսարանի դասախոսներ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Թերեզա Շահվերդյանը, Վանո Եղիազարյանը, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Ղազարյանը, այլոք, ինչպես նաև ուսանողներ:

Իր խոսքում Հովսեփ Նալբանդյանը ուշագրավ փաստեր հրապարակեց սփյուռքում հայապահպանության խնդիրների, սփյուռքահայ հասարակական մտքի ուղղությունների, ազգային ավանդական կուսակցությունների դիրքորոշումների մասին: Նա մեծ ցավով և մտահոգությամբ նշեց Հայրենիքի սահմաններից դուրս հայոց ինքնության տեղատվության մասին:

Բոլոր ելույթ ունեցողները ջերմորեն շնորհավորեցին Ֆելիքս Մովսիսյանին՝ եռահատորյակի լույս ընծայման առթիվ, առանձնակիորեն նշեցին պատմագիտական այդ ուսումնասիրության կարևորությունը պատմաբանների, պատմություն ուսումնասիրող ուսանողների, ընթերցողների լայն շրջանի համար:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like