Սամվել Խալաթյան, Երևան, 1 մարտ 2023
Եթե երբևէ մեր բնաշխարհը պատկերող նկարչական համահայկական ստեղծագործությունների ցուցահանդես կազմակերպվի, ապա իր ուրույն տեղը կունենան նաև Համլետ Մինասյանի քնարական, գրավիչ կտավները:
Ստեղծագործական զարմանալի կյանք է ապրել նկարիչը: Ծնվել է Երևանում՝ 1923 թվականին: 19 տարեկանում մեկնել է ռազմաճակատ, ճաշակել երկրորդ աշխարհամարտի նահանջի տառապանքներն ու հաղթությունների բերկրանքը, հաղթանակից հետո վերադարձել, ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանն ու ինքնանվիրված, անդավաճան հավատարմությամբ ստեղծագործել մինչև իր կյանքի վերջը՝ 1994 թվականը:
Նկարչի առաջին իսկ կտավներն ուշադրություն գրավեցին իրենց բնանկարային պարզությամբ ու հայրենի բնաշխարհը բանաստեղծական շնչով պատկերելու վարպետությամբ, որոնց մեջ զրնգուն, մաքուր օդ կար և խաղաղության դրոշմ: Արվեստաբանները գնահատեցին դրանք որպես պատերազմի նախճիրը տեսած երիտասարդի՝ Հայրենիքը խաղաղության մեջ տեսնելու իղձ: Անշուշտ դա այդպես էր, սակայն, տպավորությունների ազդեցության տակ անցողիկ թվացող այդ ձեռագիրն այլևս նրա ստեղծագործությունների ընդհանրական բնութագիրն էր՝ որպես անաղարտ բնությանը ձոնված քնարերգության ելևէջներ:
Նա բազում կտավներով հիանալիորեն կերտում էր հայրենի բնաշխարհի գունեղեն կերպարը և միշտ մնում ինքնամփոփ, չհավակնելով երբևէ անհատական ցուցահանդեսներ ունենալ: Իհարկե, տարբեր առիթներով կազմակերպված ցուցահանդեսներին բերում էր իր մասնակցությունը և միշտ արժանանում արվեստաբանների ու արվեստագետների բարձր գնահատանքին: Սակայն միայն 2010 թվականին, ընտանիքի նախաձեռնությամբ Փարիզում ցուցադրվելուց հետո, Հայրենիքում կազմակերպված ետմահու անհատական ցուցահանդեսում, ի տես հանրության լայն շրջանակների ցուցադրվեցին նրա ավելի քան 80 ստեղծագործությունները: Եվ Համլետ Մինասյան-նկարիչը հառնեց իր ողջ առինքնությամբ ու հայրենի բնաշխարհի բանաստեղծական ոգեզմայլ վրձներգերով:
Տարվա չորս եղանակներին ձոնված կտավները, «Այրումի լեռները», «Ցամաքաբերդը», «Աղբյուրի մոտ», «Ձորում», «Երեկո», «Գյուղական բակ», «Կուրթանի ձորը» և այլ բազմաթիվ գործեր հայրենի բնությանը նվիրված սիրերգեր են: Դրանք սոսկ նկարչական պատկերագիրներ չեն, այլ հայրենապաշտ ոգով շաղախված, հայրենի բնության վեհությունն արտահայտող, զգացմունքային և ոգեկիր արարումներ՝ մատուցված հայոց բնապատկերային լավագույն ավանդույթների անխառն ոճով:
Նկարչի գույները մեղմ են, պատկերը, առարկան, գծային տարանջատումները՝ բնականոն ու հավաստի: Եվ շա՜տ են հայկական, այնքան, որ կարող է թվալ, թե երբևէ տեսածիդ հուշապատկերն է հառնած քո դեմ, մինչդեռ դրանք դիտում ես առաջին անգամ և գրավիչ փոխհաղորդակցության ձգողականությունն է դեր կատարում: Այդպիսիք են «Վերջալույսը Սևանում», «Գարունը լեռներում», «Ժայռերն ու գետակը», «Լոռվա ձորը», «Լեռնային գետակ» և բազմաթիվ այլ գեղանկարներ:
Նկարների հորինվածքներն անգամ, առանց գունային ու նկարչական մյուս միջոցների վերլուծման, բազմախոս են: Ահա «Բջնին»՝ ժայռակոփ բարձունք, ստորոտում ծվարած փոքր բնակավայր: Բնապաշտական ստեղծագործություն լինելով հանդերձ, դժվար չէ ընկալել, որ Վարպետը խորհրդանշային պատկեր է առաջադրում. բարձրում՝ վեհորեն խոյացած, ասես քարակոփ ժայռի շարունակություն, եկեղեցին է: Ամենաբարձրում է, քանզի հավատքը մեր ժողովրդի համար վեհագույն արժեք է: Նրա ստորոտում, քիչ՝ դեպի աջ, սլացիկ բարդիները աղոթքի մոմեր են հիշեցնում, և լեռների շուրջկալի մեջ առնական ամրությամբ պատկերը ներկայանում է որպես հավատի ու հայրենիքի անսասանության յուրօրինակ վկայագիր: Նույն խոհերի ակունք են նաև «Սիսիանը», «Գնդեվազը», իսկ ահա «Արայի լեռը»՝ նրան մատուցված ծաղկած ծիրանիների փնջով, առասպելական լեռան ու նրա առասպելի հավերժության մեծարանքն է:
Համլետ Մինասյանը հայրենիք է նկարել՝ արտահայտելով ծննդավայր բնաշխարհի առնական զսպվածությունը, ավելի հաճախ՝ նրա իմաստուն լռությունը, լռության մեջ նրա հավերժական երկխոսությունն Արարչի հետ:
Արայի լեռը
Նրա լուսավոր բնապատկերների մեծ մասում մարդկային կերպարները հազվադեպ են, սակայն յուրաքանչյուր դիտող իրեն զգում է այդ բնապատկերի մեջ: Ո՞րն է այդ մոգության գաղտնիքը: Թերևս այն, որ նրա ոճում իսպառ բացակայում է այսպես ասած պիտակայինը, գովազդայինը. նա հարազատ բնությունը տեսնում ու կտավի վրա վերարտադրում է բնականության մեջ՝ առանց շպարի, առանց ցուցանքների ու ճիգերի:
Հ. Մինասյանի պատմական թեմաներով ստեղծագործությունները, համապատկերները (կոմպոզիցիաները) ևս, խորհրդանշային լինելով հանդերձ, օժտված են ազգային ոգին արտահայտող ներուժով, ավելորդություններից զուրկ, գծի, գույնի, հորինվածքի վարպետ պարզությամբ:
Նկարչի ստեղծագործական ոճի և ինքնության մասին բազմաթիվ արվեստաբաններ գրել են իրենց կարծիքը: Ահավասիկ դրանցից մի քանիսը.
Նաիրյան
«Համլետ Մինասյանի բնապատկերները դիտողի հոգում ակամա արթնացնում են այն հույզերն ու խոհերը, որ Հայրենական պատերազմի տարիներին ժողովուրդը տածում էր Մայր երկրի նկատմամբ: Կտավների գունային կառույցը օգնում է շեշտելու տեսարանների բազմազանությունն ու նրանց բնորոշ գծերը։ Նկարիչն, ասես, ձուլված է զգում իրեն հարազատ բնությանը ու ձգտում է որսալ լեռնաշխարհի կաշառող ու անվերջ փոփոխվող գեղեցկությունները: Արվեստի գործերը արժևորվում են ու դառնում մնայուն, երբ իրենց մեջ կրում են ժամանակի շունչը. այդ շնչով տոգորված՝ Հ. Մինասյանի բնանկարները չմարող սիրո ու հավատի խոստովանանք են»։ Շահեն Խաչատրյան, արվեստագետ
Սիսիան Սիսիան, Արփա գետը
«Մինասյանը ուզում էր հեռու ապրել մարդկանցից, բայց մերձեցավ նրանց իր նկարներով։ Ժամանակին 60 աշխ ատանք ընտրեցի եւ ցուցադրեցի Փարիզում իմ հիմնած մշակութային կենտրոնում։ Երկու օրվա ընթացքին շուրջ 600 այցելու եկավ և կտավների մեջ տեսավ, թե ո՛ր երկիրն է Աստվածաշնչյան Արարատի Հայաստանը, ի՛նչ խոր անդորրություն կա նրա բնապատկերներում: Եւ նկարիչը որքան ուզում է հեռու ապրել մարդկանցից, դեպի կյանք է վերադառնում իր իսկ վրձնած մթնոլորտի մեջ»։ Հարություն վրդ. Պզտիկյան, Մխիթարյան միաբան
Գարուն Աշուն
«Հարություն Մինասյանի ստեղծագործություններն այնքան իրական են, ամեն ինչ ծանոթ ու հարազատ, որևէ օտար տարր, որևէ մտացածին երևույթ, գունագիծ կամ շտրիխ չի թափանցում այս աշխարհ։ Սակայն և բնության հարազատ վերարտադրությունը սոսկական չէ, այն անցնում է նկարչի հոգու ճանապարհով, անհատականանում ներքին զգացողական շերտերում։ Նա փորձում է թափանցել բնության խորքը, լսել նրա ձայնը, նրա բազմախորհուրդ լեզուն՝ գտնել ու թարգմանել մայրամուտի շառագույնը սարերի կարմրակապույտ լանջերին, ողորկ քարերի զրույցը գետի ջրերի հետ, հասկանալ աշնանային ծառերի խուճապն ու ծաղկող ծառի բերկրանքը, դիպչել դարչնադեղին ժայռերի կարծր հպարտությանը։ Նրա նկարներում բնությունը հանդարտ է զրուցում, այն չունի լարվածություն, նա հանգիստ ապրում է իր միլիարդավոր օրերից մեկը, ինքը շնչում է ու վարակում քեզ։ Նկարիչը որսում է ոչ միայն տեսարանի իրական գեղեցկությունը, բնության ձայների բազմազանության ներդաշնակությունը վերահաստատելով, այլև ամենակարեւորը՝ ստեղծում է կտավի ներքին մթնոլորտ։ Նրա սարերը, գետը, անտառը շարժման, ներքին զարգացման մեջ են, ու շատ խոսուն է հատկապես ծառը՝ գրեթե մենակ, կենդանի, զգացական»։ «Ազգ» օրաթերթ, 14 հուլիսի 2010 թ.
Գետափին Գնդեվազ
Այս տարի լրանում է Համլետ Մինասյանի ծննդյան 100-ամյակը, և նրա գեղարվեստական ժառանգության ամեն մի ցուցադրություն, լինի դա պատկերագրքի տեսքով, թե ցուցահանդեսային, ողջունելի է: Եվ դա ոչ միայն իբրև նրա հիշատակին հարգանքի տուրքի մատուցում, այլև տաղանդավոր ստեղծագործողի գեղարվեստական ժառանգությանը մեկ անգամ ևս հաղորդակցվելու և դրանց անկոտրում հայրենասիրական ոգին մեզանում վերահաստատելու համար:
*****
Առաջին նկարը՝ Արևոտ ձմեռ