Սամվել Խալաթյան, Երևան, 29 հունիս 2023
– Եվ մինչ թշնամին Հայաստանի Հանրապետության հետ հակամարտության գծում և Արցախի խաղաղ բնակչության դեմ ամենօրյա զինված սադրանքներ է նյութում, որոնց պատճառով խափանվում են սահմանամերձ շրջանների գյուղատնտեսական աշխատանքները, ունենք զոհեր և վիրավորներ,
– Մինչ իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերը կառավարության հետ ամենօրյա անպտուղ «լեզվակռիվ-փոխհրաձգության» մեջ են,
– Մինչ Փաշինյանի գլխավորած իշխանությունն օր-օրի, քայլ առ քայլ ավարտին է հասցնում Արցախը Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելու կործանարար նպատակը հետապնդող, «Խաղաղության պայմանագիր» հորջորջվող պարտվողական համաձայնագրի կնքումը,
Նվիրյալների մի խումբ՝ իրավաբաններ, քաղաքագետներ, մտավորականության ներկայացուցիչներ, փորձում են փրկել իրավիճակը քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող որևէ գործողություն քրեականացնելու առաջարկով:
Նախաձեռնությունն անվանվել է Հայաքվե:
Ո՞րն է դրա էությունը և այս վճռորոշ իրավիճակում ի՞նչ կտա մեր ժողովրդին այդ շարժումը, որը վերջերս քննարկվում է ոչ միայն մամուլում, սոցիալական ցանցերում, այլև երկրի բախտով մտահոգ բազմաթիվ շրջանակներում, ընտանիքներում:
Կազմակերպիչները կարճ ժամանակամիջոցում կարողացան իրենց մտահղացման մասին բազմաթիվ լուսաբանումներով ոչ միայն մամուլով հանդես գալ, այլև բազմամարդ հանդիպումներ կազմակերպել Երևանում և մարզերում: Նրանք պարզաբանում են.
Կազմվել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարող մի նախագիծ, ըստ որի՝ ՀՀ անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող պաշտոնատար անձը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ:
Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում: Նույն ժամանակով պատիժ սահմանվում է Հայոց ցեղասպանությունից հրաժարված պաշտոնատար անձի համար:
Նախագիծը հիմք է ընդունում ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն Խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշումը, ըստ որոնց՝ Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների միավորումը և Հայոց ցեղասպանության ճանաչումը մեր պետության կողմից սահմանված համազգային անժամկետ նպատակներ են:
Ըստ Հանրաքվեի մասին օրենքի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) սահմանում է ստորագրահավաքի անցկացման 60-օրյա ժամանակահատվածը, որից հետո մարզպետարաններում, քաղաքապետարաններում, համայնքապետարաններում, թաղապետարաններում տարածք են հատկացնում ստորագրահավաքն անցկացնելու համար:
Ստորագրել կարող են բոլոր նրանք, ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացի և գրանցում ունեն ՀՀ տարածքում:
Երբ հավաքվի 50.000 ստորագրություն, օրինագիծը պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ և դրվում քվեարկության: Եթե ԱԺ-ն մերժի նախագիծը, ապա ևս 300.000 ստորագրություն կհավաքվի, և նախագիծը կդրվի հանրաքվեի: Հանրաքվեով բավարար ձայներ ստանալու դեպքում՝ նախագիծն անմիջապես հրապարակվում է ու դառնում օրենք: Հետագայում այն կարող է փոխվել միայն հանրաքվեով:
Անհիմն լավատես կամ միամիտ պետք է լինել հուսալու համար, թե երկու ամիս ժամանակում հարթ ու խաղաղ ընթացքով կունենանք 50.000 ստորագրություն, մի քանի օր անց՝ հարցը կքննարկվի ԱԺ-ում, ձայների մեծամասնությամբ կվավերացվի Հայրենիքին ու նրա շահերի դավաճանությանը խիստ պատիժ սահմանող այդ օրենքը:
Իհարկե, նախաձեռնության կազմակերպիչներն իրենք ևս, նկատի ունենալով աննպաստ հանգամանքներ, ծրագրել են հետագա քայլերը: Կարծում եմ, թե դրանք չեն սահմանափակվի արդեն իսկ հայտարարված՝ հարկ եղած դեպքում 300.000 ձայների ապահովման մի նոր ստորագրահավաք կազմակերպելով միայն: Կապրենք, կտեսնենք:
Գալով մեկնարկած «Հայաքվեին», նշենք, որ Հանրաքվեի մասին օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է, որ այդ նպատակով ստորագրահավաքն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) տարածքում: Վերջիններս պարտավոր են տարածք տրամադրել այդ նպատակի համար:
Եվ, ահա, ինչպես և սպասվում էր, հենց առաջին իսկ օրերից իշխող կուսակցության տեղական մանր ու մեծ պաշտոնավորներն սկսեցին որոգայթներ լարել:
Հունիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ահազանգեց. «Հունիսի 20-ին ԿԸՀ-ն գրանցել է «Հայաքվեի» նախաձեռնությունը՝ տալով նրան իրավականորեն պարտադիր բնույթ, սակայն գործող վարչակազմը հերթական անգամ որոշել է ի ցույց դնել իր անօրեն բնույթը՝ փորձելով այժմ էլ խափանել ժողովրդի հիմնարար իրավունքը՝ հանրաքվեի միջոցով իրացնելու իր իշխանությունը»:
«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության նկատմամբ իրականացվում են օրենքի միտումնավոր և հանցավոր խախտումներ,– NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը։– Այն ուժերը, որոնք ցանկանում են Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, արդեն իսկ որոշակի քայլեր են արել նախաձեռնության դեմ։ Մենք դրանք հանգամանորեն կներկայացնենք: ՏԻՄ-երն արդեն պաշտոնապես պետք է պատասխանեն մեզ տարածք տրամադրելու համար, սակայն շատ դեպքերում պատասխան չկա, որոշ դեպքերում էլ ապօրինի հիմքերով մերժումներ են»,– նշեց նա։ Սողոմոնյանի խոսքով, տարբեր շերտեր «Հայաքվեի» մասին տարածում են քաղաքացիներին ապակողմնորոշող տեղեկություններ, «Հայաքվեն» շփոթում են այլ ստորագրահավաքների հետ, մինչդեռ ստորագրահավաքը ընդամենը առաջին քայլն է, որով օրենքի փոփոխության նախաձեռնությունը մտնի ԱԺ։ Ստորագրել հնարավոր կլինի միայն մարզպետարաններում, քաղաքապետարաններում, համայնքապետարաններում: Եղել են դեպքեր, երբ այլ նախաձեռնություններ, այլ անհատներ փորձել են ներկայանալ որպես «Հայաքվեի» նախաձեռնող խումբ կամ խմբի անդամ։
Հունիսի 26-ի առավոտյան, «Հայաքվեի» նախաձեռնող խումբը հաղորդում ներկայացրեց դատախազություն: Երեք օր անց՝ հունիսի 29-ին, Երևանի 12 թաղապետարաններում սկսվեցին ստորագրահավաքները:
Դատելով «Հայաքվեի» պատասխանատուների հաստատակամ ու թիմային կուռ գործունեությունից և առաջին քայլերի արդյունքներից, շարժումը թափ է առնում և համաժողովրդական դառնալու միտումներ ունի: Այդ են վկայում ոչ միայն Երևանում նախաձեռնությանը մասնակցողների բազմաքանակությունը, այլև քաղաքացիների աշխուժությունը մարզերում, որոնցում շուտով կսկսվեն ստորագրահավաքները:
«Հայաքվեին» մասնակցելու ՀՀ քաղաքացիների աշխուժությունը ինքնին երաշխիք է սպասվող որոգայթների հաղթահարման համար: Սակայն, արդյո՞ք այս դեպքում էլ ուրբաթը շաբաթից շուտ չի գա, արդյո՞ք ուշացած չկազմվեց ժամանակացույցը…
(«Հայաքվեի» գործընթացի մանրամասները՝ https://www.facebook.com/hayaqve հղումով)
2 comments
Աւետիք Չալաբեանը քրէական յանցագործ է եւ որեւէ պարկեշտ գործ չի կրնար կատարել:
Ստորագրահաւաքով զբաղողները բոլորն ալ այս կամ այն ձեւով պետութեան հակադրուած յանցագործներ են:
Ոչ մէկ շինիչ քայլ կրնան առնել:
«Հայաքուէն» անհասկնալի նախաձեռնութիւն մըն է ինծի համար, Օգոստոս 23, 1990 Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան Հռչակագիրը, ուրուն գուէարկեցին Հայաստանի քաղաքացիները Սեպտեմբեր 21, 1991 ին կը հաստատէ «1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:» Իսկ եթէ նախձեռնութիւնը պիտի յանձագործէ Ազրպէյճանի հետ բանակցութիւնը, անկասկած որ Ազրպէյճանը բացառձակապէս առարկութիւն պիտի չունենայ։