Սամվել Խալաթյան, Երևան, 4 Օգոստոս 2022
Այդ հայը Էդվարդ Խլղաթյանն է, Վանաձորի բնակիչ: Վաստակը գնահատվել է մարտական մեդալներով, «Դյուցազնագրքում» անունը գրանցելով, «Ֆրիտյոֆ Նանսենի» հուշամեդալով, արժանացել «Լոռու ասպետ» կոչման: Նրա մասին տասնյակ լրագրողներ են գրել, վավերագրական գրքեր, տեսաժապավեններ են ստեղծվել և հետաքրքրականն այն է, որ դրանցից ոչ մեկը մյուսին չի կրկնում և գաղտնիքը հեղինակների տաղանդի մեջ

չէ, այլ՝ Էդվարդ Խլղաթյանի, որովհետև նա ամեն անգամ մի աննախադեպ, երբեմն, առաջին հայացքից, խելացնոր մի գործ է ձեռնարկում, որը և դառնում է շարժառիթ՝ գրելու, նկարահանելու համար:
Ես որոշեցի «Գեղարդի» ընթերցողներին ծանոթացնել նրա հետ՝ բազմաթիվ նախաձեռնումներից մի քանիսի հիշատակմամբ միայն, քանզի ազգային արժեքների ոտնահարման մեր սև ժամանակներում, այդուամենայնիվ, կան երևույթներ, որոնք մնայուն են, կան հայորդիներ, ովքեր այդ արժեքների կրողն ու ստեղծողն են և ոչ մի ավերիչ ձեռք ի զորու չէ նրանց ստեղծածը կործանելու:
Դա այն տեսակն է, որին զտարյուն ՀԱՅ ենք ասում…
***
Մշո Բուլանուղի Շեղաղուբ գյուղի գրագիր Հովհաննեսը, վտանգելով իր կյանքը, հարկահավաքներից գաղտնի, գիշերով, ետ էր վերադարձնում չքավորներից ծեծ ու ջարդով խլված ցորենը և փայտե կնիքով, չորս կողմից նորից կնքում էր շեղջը, որ թուրք-քուրդ հարկահավաքներն առավոտյան արթնանալով գլխի չընկնեին:
Հովհաննեսի տղան՝ Ազատը, յաթաղանից մազապուրծ, մի կերպ բնավորվեց Լոռու Վարդանլու գյուղում: Ուսուցիչ էր, բայց գյուղում դպրոց չկար: Որոշեց դպրոց բացել: Տեղացիներն օգնեցին, գավառի ղեկավարները համաձայնեցին ու կիսակառույց սենյակը դարձավ դպրոց: Վարժապետն իր չնչին աշխատավարձով գրիչ, մատիտ, տետր էր առնում, բաժանում սաներին, իսկ դասագրքեր ունենալը սոսկ երազանք էր:
Տարիներ անց, երբ հարմարավետ դպրոց ունեցան, անվանակոչեցին նրա անունով:
Ազատի տղան՝ Էդիկը, բնակություն հաստատեց Ռուսատանի Կալուգա քաղաքում: Եկամտաբեր ձեռներեց էր: Սկսվեց Արցախի ազատագրական պատերազմը: Էդիկը վաճառեց տունը, զենք-զինամթերք գնեց և շտապեց հայրենիք: Այստեղ նա կազմակերպեց «Անի» ջոկատն ու մեկնեցին Տավուշ՝ սահմանները պաշտպանելու: Այդ օրերին էր, որ երկրաշարժից ավերված, ցուրտ ու մութ Վանաձորում, խաչքարագործ և երգերի բանահավաք Բոգդան Հովհաննիսյանը ազգագրական երգի մանկական «Խորոտիկ» համույթ էր ստեղծել: Երեխաների առաջին ելույթին պատահաբար ներկա էր նաև վիրավորված, ապաքինման համար սահմանից վերադարձած Էդիկը: Երեխաները բեմ բարձրացան խայտաբղետ, տարբեր երկրներից որպես օգնություն ուղարկված հագուստներով, մի քանիսը դա էլ չունեին: Ազատամարտիկը հետաքրքրվեց՝ ե՞րբ է տեղի ունենալու հաջորդ համերգը: Ասացին՝ մեկ ամսից: Խնդրեց, որ իրեն տրամադրեն բոլոր խորոտիկների հագուստի և կոշիկների չափսերը: Մեկ ամիս անց, «Խորոտիկ» համույթի մանուկները նոր ու միանման հագուստներով ներկայացան հանդիսատեսին:
Սա Էդիկի բարեգործական գործունեության շարանի սկիզբն էր: Հիմնելով «Մշո զարմ» հասարակական գիտակրթական կազմակերպությունը, նա իր միջոցներն ու եռանդը նպատակաուղղեց ազգային պատվախնդրության և ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը՝ սատարելով զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ապաև՝ կրթության, մշակույթի, սպորտի ոլորտների ակնառու գործիչներին, տաղանդավոր երիտասարդներին և նրանց նախաձեռնումների իրականացմանը: Երկիրը պատերազմական ծանր վիճակում էր, այդ ոլորտների խնդիրները պետական կառույցների կողմից անհրաժեշտ ուշադրության չէին արժանանում և «Մշո զարմը» դարձավ այն պատվարը, որը հարյուրավոր շնորհալիների՝ երգիչների, գրողների, նկարիչների, մարզիկների զօրավիգ եղավ:
Սակայն, մեր նպատակը նմանօրինակ գործերի թվարկումը չէ, այլ ուզում ենք «Մշո զարմի» երկու ձեռնարկումների մասին պատմել, որոնք համաժողովրդական հանդիսության վերածվեցին՝ մնայուն արժեքներ թողնելով մշակութային կյանքում:
Ուխտագնացություն՝ գաղթի ճանապարհով

2005 թվականին հայ ժողովուրդը հիշատակում էր Մեծ եղեռնի 90-րդ տարելիցը և Հայաստանում ու սփյուռքում բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներ էին տեղի ունենում: Խորհրդակցելով մշակույթի աշխատողների հետ, Էդվարդ Խլղաթյանը որոշեց համաժողովրդական ուխտագնացություն կազմակերպել Հայաստանի այն ճանապարհներով, որոնցով Լոռի էին եկել ու հաստատվել Եղեռնից փրկված գաղթականները:
Ուխտավորները ձեռնունայն չէին. գեղանկարիչ Կարեն Դավթյանին պատվիրվեց մեծադիր՝ 2 x1.5 մետր չափսի գեղանկար՝ «Գաղթի ճանապարհին», որում պատկերված էին ազգի վերընձյուղման արմատները՝ երեխաներին և Սուրբ մատյանները կործանումից փրկող գաղթականները:
Ապրիլի 2-ին, Վանաձորի Սրբ. Աստվածածին եկեղեցու մոտ, հարյուրավոր ուխտագնացներ ստանալով Գուգարաց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Սրբազան Սեպուհ Չուլջյանի օրհնությունը, ճանապարհվեցին Գյումրի-Արմավիր-Էջմիածին-Երևան երթուղով: Գյումրիում, Ոսկեհասկում, Երազգավորսում, Քարակերտում, Արմավիրում արվեստի, մշակույթի գործիչները, Աժ պատգամավորներ ու համայնքային ղեկավարներ, ուխտավորներին դիմավորում էին մեծ հանդիսությամբ, նրանց էին միանում նոր կամավորներ:
Նախնական պայմանավորվածությամբ, ապրիլի 3-ին, Մայր Աթոռում նրանց հյուրընկալեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառի օրհնությունն ստանալով ուխտավորները մեկնեցին Երևան, Ծիծեռնակաբերդ:
Ծաղիկներ խոնարհելով Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, տեղի ունեցավ հանդիսություն և «Գաղթի ճանապարհին» կտավը նվիրաբերվեց Հայոց ցեղասպանության թանգարանին:
Այդ օրվա ոգեղենությունը ծնունդ տվեց «Մշո զարմի» օրհներգին, որն ամիսներ անց առաջին անգամ հնչեց Կարսի ամրոցում՝ Վանաձորի «Հորովել» համույթի գեղարվեստական ղեկավար և մեներգիչ Արմեն Ներսիսյանի կողմից:
Այդ օրը Էդվարդ Խլղաթյանը «Մշո զարմի» աշխատանքային օրագրում գրառեց. «Հայրենիքը սոսկ լեռ, հովիտ, գետ ու լիճ չէ: Քո հող ու ջրի հետ ու դրանց վրա հազարամյակներով ստեղծված հոգևորի միասնությունն է հայրենիքը: Հայրենիքը նրանն է, ով գիտակցում է դա»:
Մայրասար
Սարգիս Ղարիբյանի կերտած հուշարձանը 2700 մետր բարձրության վրա
Ինչ որ մի տեղ կարդացել էր ամերիկյան օվկիանոսագետներ Հարոլդ Դուբախի և Ռոբերտ Տաբերի այն միտքը, որ եթե երկրագնդի մակերևույթը միանգամայն հարթ լիներ, օվկիանոսն այն կծածկեր մոտ 2700 մետր հաստություն ունեցող ջրի շերտով: «Խենթ» միտք հղացավ՝ 2700 մետր բարձրության վրա կանգնեցնել մայրերին նվիրված հուշարձան, որ եթե անգամ երկրագունդը հրաշքով հարթվի և պատվի օվկիանոսի ջրերով, մոր արձանը բարձր լինի ջրերից: Երկրաբանները հուշեցին՝ Փամբակի լեռնաշղթայի հարավ-արևելյան կողմում, Վանաձորի բոլոր անկյուններից տեսանելի Ղարաղայ լեռան գագաթը ծովի մակերևույթից շուրջ 2700 մետր բարձրության վրա է:
Վանաձորի համայնքապետարանը հավանություն տվեց նախաձեռնությանը, նվիրյալների խումբը գործի անցավ:
2006 թվականի աշնանամուտին, քանդակագործ Սարգիս Ղարիբյանի կերտած հուշարձանը պատրաստ էր և մաս առ մաս, լեռնային դժվարին կածաններով տեղափոխվեց լեռնագագաթ: Այդ ընթացքում, հանրությունը դրժեց լեռան օտարահունչ անունն ու բոլորն այն կոչեցին ՄԱՅՐԱՍԱՐ, որն այդուհետ պաշտոնապես ընդունվեց:
Որոշվեց և ի լուր բոլորի տեղեկացվեց, որ հուշարձանի հիմքում, մետաղե պարկուճով կտեղադրվի գալարաթուղթ՝ Արցախյան պատերազմի նահահատակների և նրանց մայրերի անուններով, իսկ երկրորդ պարկուճը կպարունակի այն անձանց մայրերի անունները, ովքեր հուշարձանի տեղադրման ու բացման օրը՝ սեպտեմբերի 9-ին, կհաղթահարեն բարձունքն ու կմասնակցեն արարողությանը:
Հուշարձանի տեղադրման ու բացման օրը համաժողովրդական հանդիսության վերածվեց: Հազարավոր մարդիկ շքերթով բարձրացան Մայրասար:
Վարդանլուի, այժմ՝ Վանաձորի Խնձորուտ թաղամասի դպրոցը, որը 1993 թ.-ին անվանակոչվեց հիմնադրի՝ Ազատ Խլղաթյանի անունով:
Արդեն 16 տարի է, ինչ ծագող արևի շողերը առաջինը փարվում են Մոր հուշարձանին ապաև՝ լուսավորում Վանաձորը: Մայրասարն այժմ յուրատեսակ ուխտատեղի է դարձել ոչ միայն Մոր հուշարձանի վեհաշուք տեսքով, այլև տեղադրված շուրջ 10 խաչքարերի ներկայությամբ: Փամբակի բարձրադիր այդ լեռնագագաթը ընդգրկվել է միջազգային զբոսաշրջության մի քանի կազմակերպության ուղերթներում և դրանցից ոչ մեկի ազդագրերում չկա նշված, թե ո՞վ է մորը նվիրված աշխարհի միակ հուշարձանի՝ իր բարձրությամբ Քեոփսի բուրգին, Զևսի արձանին, Հռոդոսի կոթողին, Ալեքսանդրիայի փարոսին բազմաթիվ անգամ գերազանցող կոթողի մեկենասը: Զբոսաշրջիկներին այլ բան է հետաքրքրում՝ շրջապատին նայել այն բարձունքից, որը երբևե չի ծածկվելու ջրով…
Ահա այսպիսի մի պատմություն, սոսկ խճանկար՝ մեկ հայի կերպարով:
Տեսերիզներ
Մայրասար, հերթական ուխտագնացություն.
«Վանաձորը սրտում».
«Մշո զարմ», Արմեն Ներսիսյանի կատարմամբ. Խոսք՝ Սամվել Խալաթյանի
Լուսանկարներ
1.«Գաղթի ճանապարհին» կտավը
2.Էդվարդ Խլղաթյանը Մայրասարում
3.Մայրասար
4. Սարգիս Ղարիբյանի կերտած հուշարձանը 2700 մետր բարձրության վրա
5.Վարդանլուի, այժմ՝ Վանաձորի Խնձորուտ թաղամասի դպրոցը, որը 1993 թ.-ին անվանակոչվեց հիմնադրի՝ Ազատ Խլղաթյանի անունով: