Սամվել Խալաթյան, Երևան, 6 Դեկտեմբերի 2022
Նոյեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 10-ը Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի թանգարանում աննախադեպ ցուցահանդես է: Տարօրինակ ազդագիր ունի՝ Մոնի Հովսեփյան, «Ժամանակի անիվը» անհատական ցուցահանդես, քվիլտի (շերտակտավի) ստեղծագործություններ:
Նույնիսկ նրանք, ովքեր այս կամ այն չափով տեղյակ են, թե ինչ բան է այդ quilt-ը, նկարչուհու առաջին իսկ գործերը դիտելով անակնկալի են գալիս: Նոր, անծանոթ ձև ու միջոցներով, կտորե դրվագային զարդանախշերով, միմյանց ագուցված լաթերով շրջանակված ստեղծագործությունները, գունահանդեսային և վերացական ներըմբռնողությամբ հմայիչ են և գեղագիտորեն ընդունելի:
Առաջին պահին դիտողն ի միտ է բերում անցյալում մեր տատիկ-մամիկների կողմից գույնզգույն լաթերով կարկատած, «խճանկարային» այն վերմակները, բարձի երեսները, գոգնոցներն ու ծածկոցները, որոնք աչքի էին ընկնում իրենց գունային ներդաշնակությամբ:
Թերևս, դա միայն հայերին հատուկ արհեստագործություն չէր, որովհետև, վերջին տարիներին, որոշ երկրներում ի հայտ եկան կտորեղենի և այլ նյութերի բազմապատիկների համակցումով դեկորատիվ, կիրառական բնույթի գործեր, որոնք guilt ընդհանրական անունն ստացան:
Սակայն, Մոնի Հովսեփյանի ստեղծագործությունները կտորեղենի լաթերով սոսկ համակցումներ չեն, այլ գեղարվեստական ավարտուն գործեր՝ ներքին կառուցվածքի, գունային արտահայտչականության, ենթատեքստի ու դրանցում ամփոփված գաղափարի ամբողջությամբ:
Հատված «Երախտագիտություն՝ դարի երկայնքով» շերտանկարից
Ասեղնագործությամբ, տպագրությամբ, վրձնադրոշմների հորինվածքներով նկարչուհին ազգային մշակույթի խորհրդանիշներով նոր մեկնաբանություններ է մատուցում՝ եռաչափ, խոսուն մակերեսների նուրբ դարսդարսումով: Սա կատարողական արվեստի մի նոր տեսակ է, իրագործված Հայաստանում՝ առաջին ու առայժմ միակ արվեստագետի կողմից, և հենց ինքն էլ տվել է դրա հայերեն անվանումը՝ շերտակտավ:
Ցուսահանդեսում առանձնակի աչքի ընկնող աշխատանքն, անշուշտ, «Երախտագիտություն՝ դարի երկայնքով» ստեղծագործությունն է, որի վրա Մոնին աշխատել է շուրջ կես տարի: Շերտակտավը արվեստագետի երախտագիտության արտահայտությունն է նորվեգացի բևեռախույզ, հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենին, որի ջանքերով 1922 թ.-ին ստեղծվեցին «Նանսենի անձնագրերը»՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ 320 հազար հայի հնարավորություն տալով քաղաքացիություն ստանալ աշխարհի 52 երկրում:
Հատվածներ «Երախտագիտություն՝ դարի երկայնքով» շերտանկարից
Մոնի Հովսեփյանը մտադրվել է ցուցահանդեսից հետո այդ աշխատանքը նվիրել Նորվեգիայում՝ Լիսակերում գործող Նանսենի թանգարան-ինստիտուտին:
Խորհրդանշային և իրական պատկերների համակցումով արված կտավի կենտրոնում ժամանակային գոտիների նմանողականությամբ շերտավորված ժամանակի անիվ- երգրագունդն է, որը, հեղինակի մտահղացմամբ, արտահայտում է տարբեր ժամանակներում մարդկության մեջ անընդհատ կրկնվող, ողբերգական՝ երևույթները: Ներքին լարումով աչքի ընկնող զարդանախշերի համայնապատկերում աչքի են զարնում հայ գաղթականների լուսանկարային պատկերներ, որոնց հուշած գաղափարը հարստացվում է Նանսենի կիսադեմով, նրա անձնագրերի, գրառումների պատառիկներով, կնքված փաստատղթի հատվածով և այլն:
Մեծ հետաքրքրությամբ են դիտվում նաև գեղագիտորեն վայելուչ մյուս կտավները, որոնք, գունային ներդաշնակությամբ ու պատկեր-ձևերի առանձնահատուկ ներկայացումներով հոգեվիճակների արտահայտություն են ու նաև մի-մի ձոն լինեն ասես՝ նվիրված մեզ շրջապատող աշխարհի թաքնագիր գեղեցկությանը:
Նշենք, որ Մոնի Հովսեփյանը մասնագիտությամբ գծանկարիչ է։ Խոստովանում է, որ ինքն ունի գույնի լավ զգացողություն, բայց չունի գեղանկարչի տեխնիկա։ «Ես մեծ հաճույք եմ ստանում իմ ստեղծագործական գործընթացից, որին պատահականորեն առնչվեցի, երբ հանգամանքների բերումով Մոսկվայում էի ապրում,- պատմում է նա,- ասեղնագործության նմուշներ էի փնտրում, երբ առընչվեցի քվիլտին և մտհղացա այդ ձևի մեջ միավորել նկարչությունը, նախագծումը, ասեղնագործությունը, տպագրությունը …»:
Այդուհետ հաճախում է դասընթացների և կարճ ժամանակ անց, հայկական մանրանկարչության պատկերների ներմուծմամբ ստեղծված աշխատանքով մասնակցում համառուսաստանյան փառատոնին։ Որից հետո հավակնում է դեկորատիվ զարդանախշերով բարձերի և ներքին տարածության ձևավորման համար նախատեսված գործերով ներկայանալ համաեվրոպական ցուցադրության։ Արվեստագետները բարձր են գնահատում նրա գործերը, և դրանից ոգևորված Մոնին է՛լ ավելի է զարգացնում նորագյուտ ստեղծագործությունները, մինչև որ հասնում է այն բարձրարժեք վիճակին, որն ամփոփվեց Երևանյան ցուցահանդեսում՝ ներկայացված 7 ստեղծագործությամբ:
Շերտանկարներ
Նոր զարգացումներ կունենա՞, արդյոք, շերտակտավը, դժվար է ասել: Կարևորը, որ հայուհի արվեստագետն արդեն գտել ու հանրահայտ է դառնում դրանցով:
*****
Ցուցահանդեսի մասին Հանրային հեռուստատեսության տեսալուրը կարող եք դիտել այս հղումով՝
Շերտանկարների թարթվող հավաքածուն կարող եք դիտել այս հղումով՝