Մղձավանջ

Սամվել Խալաթյան, Երևան, 27 սեպտեմբեր 2023

– Նարես մնացել է Ճարտարում, մի բան արե՜ք…

… Վերջին պաշտոնական տվյալներով՝ Արցախից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել շուրջ 30 հազար բռնի տեղահանված անձ[i]։

… 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Եռաբլուրում նոր փոսեր փորվեցին:

… Ադրբեջանցի զինծառայողները կրակել են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ:

… Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը:

– Ի՞նչ սորվեցանք 1915-էն ետք: Եկեղեցի, դպրոց, ակումբ կառուցել եւ ժողով ընել.

… Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի գյուղապետը ադրբեջանցիների ռմբակոծությունների ընթացքում հասցրել է իր գյուղից դուրս բերել բոլոր երեխաներին, բացի մեկից՝ իր զավակից: Երեխան զոհվել է:

… Արցախի Մարտունի քաղաքից հեռացվում է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանը:

… Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Հայաստանի հետ կապված թեմայից, հայտարարել է, թե Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանը չի ենթարկվի Սփյուռքի եւ դրսի ուժերի սադրիչ ուղղորդումներին։

ԵՂԵՐԵՐԳ

Գեղանկարը՝ Անատոլի Ավետյանի

Ո՞ւմ ասեմ և ի՞նչ ասեմ:

Ետ դառնամ ու Մերուժանին ասեմ, Վասակին ասեմ, Վեստ Սարգսին ու Սուրմակին ասեմ…

Ասեմ` էդ ի՞նչ արգանդ է ձեր մոր թափանը, որ էսքան ուշունց-անեծքից հետո ձեր անիծած սերմը ծլում է հենց էն պահին, երբ մատաղին աղ է պետք, հացին` թթխմոր:

Ո՞ւմ ասեմ ու ի՞նչ ասեմ:

Ասեմ` ա՛յ հայ, ա՛յ ցավդ տանեմ ու չարդ տանեմ, բա ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ստեղծողը ետ չի դառնո՞ւմ նայի իր ստեղծածին, որ ազգամատաղ ոչ մի հերոս թշնամու ձեռքով չի ընկնում. Մհերը իր սուրբ օջախը հարամեց` Աստված հոգին առավ, Դավիթն իր իսկ զարմի ձեռքով խփվեց, Փոքր Մհերը իր հոր վրա ձեռք բարձրացրեց՝ անիծվեց, անժառանգ մնաց…

Ա՛յ հայ, բա քո ստեղծած դասը քեզ դաս չի՞ լինում…

Նայում եմ մեզ ու ինձ, Արագածից նայում եմ Մասիսին, Անդոկին ու Մարաթուկին, Սիփանին ու Նեմրութին՝ ինքս ինձ օրհնում եմ ու անիծում:

Աշխարհասփյուռ միլիոնավոր եղբայրներ ու քույրեր ունենք: Նրանք այնտեղ են իրար միս կրծում, թե ո՞վ է նվիրյալ ու շիտակ հայը, մենք՝ այստեղ: Հետո, ետ ենք դառնում՝ սիրահոժա՜ր, անամո՜թ դասակարգվում ենք հակընդդեմ ջոկատներում՝ ախպա՛ր, բեյրութցի, սիրիացի, ապարանցի, երևանցի… Սև ու սպիտակ դառնալն էր մեզ պակասում՝ «հարազատ» կառավարությունն օգնության հասավ…

Սփյուռքն այնտեղ է ձուլվում օտարին, դառնում ամերիկացի, ֆրանսիացի, բելգիացի…, մենք այստեղ՝ ռուս…

Թուրք դառնալն էր մեզ պակասում՝ «հարազատ» կառավարությունն օգնության հասավ… Թո՞ւրք… այո՛, այո՝ թուրք…

Ի՞նչ պատասխան է տալու ձեր հոգին՝ երկնքում, հայ զոհերի միլիոնուկես հոգիներին, որոնք մինչև հիմա ո՛չ Դրախտում են, ո՛չ Քավարանում, ո՛չ էլ՝ Դժոխքում, քանի դեռ չի լուծվել իրենց արդար դատը, նզովյալնե՛ր:

Ո՞ւմ ասեմ ու ի՞նչ ասեմ:

Ո՞վ է ասում, թե մենք եռօրյա, քառօրյա, 44-օրյա, չգիտեմ թե էլի ի՞նչօրյա պատերազմների մեջ ենք եղել… Չկա՛ այդպիսի բան:

Հայ ժողովուրդը, իր հանրապետության անկախությունը հռչակելուց հետո, ավելի քան 30 տարի ամենօրյա պատերազմի մեջ է աշխարհի ամենզորեղ թշնամու դեմ, որը ջոկատ առ ջոկատ, գունդ առ գունդ արյունաքամ է անում, ջլատում է ազգը:

Այդ հզոր թշնամական բանակում միավորվել են Թուրքիան ու Ադրբեջանը, բարեկամ ձևացող հին ու նոր հզոր երկրներ, սորոսականներ, ՀԿ-ներ, բազմանուն աղանդավորական կազմակերպություններ, թալանչիներ ու հեներ, և նրանց հետ՝ ներքին թշնամիների, դավաճանների մի հոծ ոհմակ…

Նրանց դեմ է եղել համայն հայ ժողովրդի ամենօրյա պատերազմը՝ մերթ մեկի երախից խլելով իր հոգևոր մասունքից մի փշրանք, մերթ մյուսի երախից ազատելով մի բուռ հող…

Ո՞ւմ ասեմ ու ի՞նչ ասեմ:

Ամեն արհավիրքից հետո գոռում ենք՝ Սփյո՜ւռք, օգնությա՜ն հասիր:

Հասնում է՝ գումարով, Հայրենիքի փրկության նժարին բերած մահապարտների կյանքով: Գումարը թալանում ենք, կյանքն ի պահ տալիս Եռաբլուրին ու կրկնո՜ւմ, կրկնում ենք նույն պատմությունը:

Ո՞ւմ ասեմ և ի՞նչ ասեմ:

Հենց ազգովի փորձանքի ենք գալիս` իրար սիրում ենք: Ապրելու համար՝ փախչում ենք երկրից, մեռնելուց աղերսում, թե` ինձ Հայաստանում թաղեք: Այ ձեր կյանքին մատաղ, սա ապրելու, արարելու, սերնդագործելու, ամուր արմատակալելու հայրենիք է՞, թե՞ գերեզմանոց:

Ինչի՞ց է, որ հողն ու հերոսին այսքան դյուրությամբ կորցնում ենք:

Ինչի՞ց է, որ հողն ու հերոսին կորցնելուց հետո ենք պաշտում:

Նրանից չէ՞, արդյոք, նաև նրանից չէ՞, որ ղեկավար ընտրելը ոչ թե պարտք ու պատասխանատվություն է մեզ համար, այլ փողի դիմաց խղճի՛, պատվի՛ առուծախ:

Ինչի՞ց է , որ ՋԱՆ, ՀՈԳՅԱԿ բառերը մեզ համար ՉՈՌ ու ՑԱՎ են:

Ինչի՞ց է, որ մեր ու մեր միջև միշտ տեղ ենք տալիս էդ ՉՈՌ ու ՑԱՎին, մեր և մեր միջև տեղ տալով` իրարից հեռանում ենք, չմտածելով, որ հենց այստեղ է ծլում, արմատներ գցում նա, ով վաղը կրակելու է մեզ վրա…

Ո՞ւմ ասեմ և ի՞նչ ասեմ:

Քեզ ասեմ, հա՛յ, ուր էլ որ լինես, քո համար պուճուր, աշխարհի համար մեծ էս մոլորակի վրա ուր էլ լինես, ետ դարձիր, ծնածիդ նայիր: Եթե դավաճան ես մեծացնելու, խեղդի՛ր էդ լակոտին, խեղդիր կամ, չգիտեմ, գլուխդ քարով տուր, բայց եղբոր արյուն թափող թուլա մի՛ բեր… ՀԵՐԻ՜Ք Է:

Ո՞ւմ ասեմ և ի՞նչ ասեմ:

Մեկ մտածեցի` ի՞նչ եմ պատեպատ խփվում, ո՞ւմ համար են էս խոսքերը, երբ ամեն մեկս արդեն նույնն ենք ասում: Բայց գրիչս չհնազանդվեց ու ասաց` թեկուզ մեկն էլ, մե՜կը կարդա ու ասի` ճիշտ ես, ուրեմն` էտ մեկի ու քո միջև արդեն չկա էն արանքը, որտեղ կարող էր սողոսկել նենգ դավաճանը…

Հերի՜ք է, հերիք է իրարից հեռանանք:

Միացեք, որ երկիրը հայրենիք մնա, հացը՝ մեռոն, խոսքը՝ օրհնանք…

Մեր օրերի գաղթը

 

[i] Հոկտեմբերի սկիզբի դրութեամբ, այդ թիւը անցած էր 100 հազարը, փաստօրէն՝ տեղահանուած է Արցախի հայութեան գրեթէ 85 տոկոսը: Ծանօթագրութիւնը՝ ԳԵՂԱՐԴ-ի խմբագրութեանն է:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Երկու Մարդ …

Ի՞նչ Կը Մտածէ Միւս Թուրքը Շարքէն  Ահմէտ Ալթան, Հապերտար Հայացուց ՝ Գրիգոր Կէօքճեան, Պէյրութ, 1 Դեկտեմբեր 2015  …
Read More