Կանգնեցրե՛ք ինքնաթիռը…(Մղձավանջային պամֆլետ* – թռուցիկ)

Սամվել Խալաթյան, Երևան, 19 Oգոստոս 2022

Փոքր ինքնաթիռ էր «Armenia» օդանավը, այնքան փոքր, որ շատերը կասկածում էին՝ արդյո՞ք թռիչքները կարգավորող սարքերի վրա մեր օդանավը կնշմարվի: Սակայն, պարզվեց, որ «Armenia»-ն  մեծ տարողունակություն ունի: Բոլորն էին ուզում ուղևորվել դեպի Ապագա և միլիոնավոր ուղևորների առաջին խումբն արդեն տեղ էր զբաղեցրել: Պոչամասի վերջին սրահների շրջանաձև լուսամուտներից երևում էին այդ երջանիկների՝ Հայկ Նահապետի, Երվանդյանների, Արշակունիների, Տիգրան Մեծի, Գրիգոր Լուսավորիչի և մյուսների  երանավետ դեմքերը:

-Մի հրեք միմյանց, բոլորիդ էլ տեղ կլինի,- բարձրախոսով հայտարարում էր ծառայողական համազգեստ հագած մեկը,- կարևորը հավատն է՝ Ապագա կա՛ և շուտով ազգովի այնտեղ կլինենք:

-Կա՛ Ապագա,- ողջույնի պես միաձայն կանչեցին ինքնաթիռ բարձրացողները և էլ ավելի ամուր կառչեցին ուղեբեռներից, որոնք յուրաքանչյուրի համար  մասունքի պես սուրբ էին և թանկ: Նրանց կուռ շարքերում ես ծանոթ դեմքեր նշմարեցի: Ահա, մեր հարևան Աշխարհաբեկը՝ խորովածի շամփուրները գրկած, տիկին Նատալիան՝  արդուզարդի սնդուկով, Տեր Հայրը՝ Ավետարանը ձեռքին, նրա կողքին՝ հանրահայտ քանդակագործը՝ Փրկչի հսկայական արձանի մանրակերտով, այստեղ էր  գահ հիշեցնող բազկաթոռն ուսած պարոն Անտաշյանը, նրանից մեկ քայլ ետ կանգնած էր ուսուցիչը՝ «Հայ ժողովրդի պատմություն», «Սասունցի Դավիթ», «Գրիգոր Նարեկացի» և համանման գրքերի կապուկով…

Վերջապես, ինքնաթիռում եմ: Շուրջս եմ նայում։ Աշխարհաբեկն արդեն խորովածի պատրաստություն է տեսնում և թեժացնում է կրակը, պարոն Անտաշյանը բազկաթոռին փռված սուրճ է խմում, ինչ-որ մեկը բանավիճում է հարևանի հետ՝ պնդելով, որ Ապագան միշտ է եղել, բայց նախկինները թաքցրել են ժողովրդից:

-Ուշադրություն,- լսվեց ինքնաթիռի բարձրախոսից,- Ապագա ուղևորվող հարգելի հայ ժողովուրդ, ձայնը տրվում է մեր ինքնաթիռի անվտանգությունն ապահովող տեսուչ, պարոն Իվան Իվանովին: Խնդրում ենք ուշադիր լսել նրան և հետևել նրա ցուցումներին: Ովքեր ռուսերեն չեն հասկանում՝ կհասկացնե՛նք:

Պարոն Իվան Իվանովը հայտարարեց, որ թռիչքի ընթացքում ուղևորները պարտավոր են  Ռուսաստանի Դաշնության կողմից եղբայրական հայ ժողովրդին նվիրած ամրագոտիները ձիգ կապել, իսկ եթե վթարային վիճակ լինի, ապա բոլորը մեկ մարդու պես ուսն են գցելու Թուրքիայի կողմից որպես մարդասիրական օգնություն տրված անկարգելները և նետվելու են ինքնաթիռից դուրս:

-Կեցցե՜, հայ, ռուս և թուրք ժողովուրդների բարեկամությո՜ւնը,- ոգևորված բացականչեց չսափրված մեկը: Բոլորը ոգևորված արձագանքեցին՝ «Կեցցե՜, կեցցե՜»:

Տարբեր անկյուններից լսվեցին նաև «Ծովից-ծով Հայաստան», «Արցախը Հայաստան է և վերջ» ու նմանօրինակ բացականչություններ, բայց դրանք խլացան ընդհանուր ցնծության մեջ:

Այդ պահին ես նկատեցի, որ «1-5000» մակագրությամբ տեղը զբաղեցրած սևազգեստ կինը, ով փոքրիկ տոպրակ էր սեղմում կրծքին, համընդհանուր ոգևորությանը չմասնակցեց: Նա լուռ ու գլխահակ մնաց նաև այն ժամանակ, երբ բարձրախոսով ելույթ ունեցավ միստր Ջորջը և բարեհոգորեն ուսուցանեց, որ այսուհետ, երջանիկ Ապագայում, հայ ժողովուրդն իր հրճվանքը պետք է արտահայտի միայն «Դ՛ըմփ-դը՛մփ, հո՛ւ-հա՜» իմաստուն բացականչությամբ: Այդ կախարդական խոսքերը բացում են Առատության Եղջյուրը և երկնային մանանա է ծորում, բացատրեց նա: Բոլորն աշխույժացան, իսկ Աշխարհաբեկն ասաց, որ երկնային մանանայով  ցողված խորովածն ավելի համեղ է լինում:

Մեր ինքնաթիռն արդեն ճախրում էր երկնքում, երբ շրջանաձև լուսամուտներից հանկարծ երևաց մեզ ուղեկցող մի մուրճ: Բոլորի զարմացած հայացքը հառվեց մուրճին:

-Օդանավի հրամանատարի մուրճն է,-բացատրեց պարոն Անտաշյանը,- այսօր կիսալուսին է լինելու և օդում հայտնված մուրճը մահիկի հետ կհիշեցնի բոլշևիկյան դաժան անցյալից հայտնի մուրճ ու մանգաղի խորհրդանիշը… Մեր հրամանատարը սիրում է նման կատակներ անել:

Ողևորները լիաթոք ծիծաղեցին այդ հնարամիտ կատակի վրա, բայց նույն պահին էլ լրջացան, նկատելով, որ անծանոթ մի ինքնաթիռ սրընթաց հետևում է մեզ, և  ուր-որ է կբախվենք իրար: Սակայն, մոտեցող ինքնաթիռը միանգամից  վեր բարձրացավ և նրա կողին պարզորոշ երևաց մակագրությունը՝  «ՍՓՅՈՒՌՔ»:

-Ես ասում էի չէ՞, որ էդ ախպարներն առանց մեզ կյանք չունեն,-շրթներկը թարմացնելով հեգնեց տիկին Նատալիան,- հենց իմացան, որ Ապագա ենք թռչում, իրենք էլ եկան…

-Բայց Ապագայում բոլորս չենք տեղավորվի,-անհանգստացավ չսափրվածը,-դրանցից պոկվել է պետք:

-Ի՞նչ պոկվել, տես՝ հաստ պարան են գցում, որ մեզնից կառչեն…

-Թույլ  չտա՜լ…,-գոռաց չսափրվածը,- Հայաստանի ժողովրդի կողմից եմ պահանջում՝ թույլ չտա՜լ…

-Ես էդքան շամփուր ու միս չունեմ, որ նրանց էլ տամ,-ասաց Աշխարհաբեկը:

-Քաղաքավարի ետ դարձրեք դրանց,- անտարբեր ասաց պարոն Անտաշյանը,-պետք լինի՝ կզանգենք…

Ժխոր սկսվեց: Բոլորն սկսեցին քննարկել՝ թույլ տա՞լ, որ «Սփյուռքը» մեզ հետ Ապագա ուղևորվի, թե՞ ոչ: Այդ պահին միացավ բարձրախոսը.

Passenger airplane travelling through sky against stormy bolt cloudscape

-Ապագա ուղևորվող հարգելի հայ ժողովուրդ, խնդրվում է հանդարտվեք: Քանի որ մեր օդանավի վառելանյութը սպառվելու վրա է, մոտեցած ինքնաթիռը վառելանյութ է հասցրել մեզ…

-Բայց նրանք պարանով ուզում են կառչել մեզնից…

-Դա պարան չէ, լիցքավորման խողովակն է,-բացատրեց բարձրախոսը:

Ուղևորները հանդարտվեցին: Լսվում էին միայն առաջին սրահում թղթախաղով զբավողների ձայները.

-Ագռավի թագավորով փակիր,-հորդորում էր մեկը:

-Կարծում եմ, որ խաչի թագուին է պետք,- առարկեց խաղացողը:

Բոլորս ակամա լարվեցինք:

-Քեզ ասում եմ՝ թագավորով փակիր:

-Չէ, թագուհով եմ փակում:

-Էս ի՞նչ արիր, այ մա՜րդ,- ճչած մեկը:

-Նա  ճիշտ էր, ես սխալվեցի…

-Դը՛մփ-դը՛մփ, հո՛ւ-հա՜…,-հրճվանքով որոտացին ուղևորները, բայց ներս մտած օդաչուին տեսնելով սսկվեցին:

-Ուշադրություն,-ասաց օդաչուն,- մեր օդանավը ծանրաբեռնված է և մենք ստիպված ենք ազատվել պոչամասի սրահից: Խուճապի չմատնվեք, մի փոքր ցնցում կլինի և մենք բարեհաջող կշարունակենք մեր ուղերթը:

Բոլորն ակամա  շրջվեցին ետ՝ տեսնելու, թե ինչպես է գահավիժելու պոչամասը: Քիչ անց օդանավը ցնցվեց և առանձնանալով ինքնաթիռից,  պոչամասի սրահն՝ իր ուղևորներով, սուրաց ներքև: Վերջին պահին ես նկատեցի Մաշտոցի և Խորենացու զարմանքից չռված հայացքները…

-Խորովածը սառե՜ց,- ազդարարեց Աշխարհաբեկը: Խնջույքն սկսվեց: Պարզվեց, որ ուղևորներից մի քանիսը նվագածուներ են, և ուրախ պարից հետո դեպի Ապագա թռչող ուղևորները միաձայն երգեցին «Հայ եմ ես, հայ ես դու» երգը: Մեկ էլ՝ ներս մտան օդաչուն, Իվան Իվանովը և միստր Ջորջը: Նրանց տեսնելով բոլորը ցնծալից ծափահարեցին:

-Սիրելի հայ ժողովուրդ,- ուղևորներին ժպտաց միստր Ջորջը,-չնայած այն բանին, որ քիչ առաջ մենք ազատվեցինք իրենց դարն ապրած ավելորդ բեռից, այդուամենայնիվ, մեր օդանավի բարեհաջող թռիչքին խանգարում են էլի մի քանի կիլոգրամ ավելորդ բեռներ: Խնդրում ենք ցուցադրել ձեր ուղեբեռները՝ ավելորդ քաշից ազատվելու համար:

Ուղեկցորդուհին անմիջապես բացեց օդանավի դուռը, իսկ օդաչուն, Միստր Ջորջն ու Իվան Իվանովը, ուշադիր նայելով վեր պարզած ուղեբեռներին՝ քայլեցին միջանցքով: Առաջինը նկատեցին Ավետարանը կրծքին սեղմած քահանային:

-Դա ի՞նչ է,-հարցրեց օդաչուն:

-Ավետարան:

-Տուր այստեղ, սա ավելորդ բեռ է,- վերցնելով Ավետարանը շպրտեց բաց դռնից դուրս:

-Այս ի՞նչ ծանր բեռ եք տանում,- հարցրին ուսուցչին:

-Գրքեր են՝ «Հայ ժողովրդի պատմություն», «Սասունցի Դավիթ», «Գրիգոր…

-Ավելորդ բեռ է:

-Գիրքն ավելորդ չի լինում,-փորձեց հակաճառել ուսուցիչը,- եթե բռնագրավեք, մեկ է, ես սրանք անգիր գիտեմ:

Միստր Ջորջն ու Իվան Իվանովը գունատվեցին, իսկ օդաչուն կարմրատակեց ու ծղրտաց.

-Ուրեմն՝ դու էլ ես ավելորդ բեռ, դուրս գցեք սրան, փռեք ասֆալտին…

Հետքարքրասեր ուղևորներից մի քանիսը հպվեցին լուսամուտին՝ տեսնելու, թե ինչպես են ուսուցիչն ու նրա գրքերը սուրում ներքև, բայց մեծամասնությունը գոհունակ ու կեղծավոր ժպտաց  օդաչուին:

-Դա ի՞նչ է,-հասնելով «1-5000» մակագրությամբ տեղը զբաղեցրած սևազգեստ կնոջը, հարցրեց օդաչուն՝ ակնարկելով փոքրիկ տոպրակը:

-Զոհված երեխաներիս գերեզմանից հող է… Թող Ապագայում մեզ հետ լինի:

-Դո՛ւրս շպրտել,-կարգադրեց օդաչուն:

Նրանք շարունակեցին զննել ուղեբեռները, իսկ նվագածուները նոր պարեղանակ սկսեցին:

Ես սեղմվեցի լուսամուտին և ներքևում նկատեցի ձյունափառ Արարատը, որից աստիճանաբար հեռանում էինք: Մի՞թե այլևս չեմ տեսնելու,-մտածեցի,-Մասի՜սը, Մասիսն այլևս չե՞մ տեսնելու….

Գիտակցության մի վերջին նշույլով հասկացա, որ մղձավանջի մեջ եմ և ինքս իմ ահեղագոչ  ձայնից  պետք է որ սթափվեմ… Ուստի, աղաղակեցի.

-Կանգնեցրե՛ք ինքնաթիռը, ես իջնո՜ւմ եմ…

Բախվելով ներքևում տարածված հայոց լեռնաշխարհին, ձայնիս արձագանքը  ետ սուրաց և ավելի արագ, քան մեր գերձայնային իննաթիռն էր թռչում, տարածվեց երկնքով մեկ, բախվեց կիսալուսնի հետ միասնություն կազմած մուրճին և փշուր-փշուր լինելով անէացավ…

 

* Պամֆլետ (թռուցիկ, գրքոյկ) . տես՝ Wikipedia

 

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like