Փարավոնի հայացքը

Սամվել Խալաթյան, Երևան, 5 Հոկտեմբեր 2021

Բնաշխարհի համայնապատկերը հառնում է որպես տեսիլ և մոգությամբ պարուրում էությունդ: Աստծո և մարդու ստեղծած այդ աշխարհին նայելիս դժվար է նախապատվությունը տալ, թե «սկզբան բանի» խորհուրդը նրանցից ո՞ւմ ստեղծածն է: Արցախ աշխարհն է, նրա գեղադիր պատկերը՝ 400 x 800 չափսի կտավի վրա, որը դիտելիս ոգեղենությամբ ես լցվում:  Հեռվում, կապույտով օծված, սրագագաթ լեռներ են, ավելի հեռվում՝ Արարատի (այո՛, Արցախից՝ Արարատի) վեհաշուքը: Դարավանդ-ների վրա վանքերի ու տաճարների, շեների, այգիների, լեռնային լիճ  ու գետերի գունեղ համայնապատկեր է, իսկ կտավի կենտրոնում, երկնքից հորդող Արարչի օրհնաբան լուսե սյան մեջ, Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) տաճարն է: Դեղինի բազմասփյուռ  երանգները, որ լավատեսության, ջերմության, երջանկության խորհրդանիշ են, հովվերգական սփռվածությամբ տարածվում են ժայռոտ կորովով հառնած կապտադարչնագույն լեռ ու ծերպերի վրա, որտեղ, երբեմն, կարմրին են տալիս նաև դարավոր հողմերից փայլեցված լեռնակողերը:

Այս կտավի յուրաքանչյուր հատված, ասես, դարավոր էպիկական պատմություն է, որի ընթացքը մխրճվում է հավերժության մեջ:

«Արցախ» մեծանկարը Փարավոն Միրզոյանի ստեղծագործությունն է, նրա հայացքը՝ հայրենի բնաշխարին, և երբ վերևում շեշտեցի նկարի վրա Արարատի գոյությունը, պատահական չէր, քանզի ամեն մի հայ իր հայրենիքը մտահայելիս, առանց այդ վեհափառ, աստվածընծա պատկերի չի պատկերացնում:

Արցախ (2009-2010)

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Պետական մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգի գիտությունների և արվեստի Պետրովսկի ակադեմիայի անդամ, Ֆրանսիայի մշակույթի և գրականության ասպետի շքանշանակիր Փարավոն Միրզոյանի նկարչական գեղագիտությունը հաճոյական և գնահատելի է ոչ միայն հայերիս համար: Նրա արվեստը բարձր են գնահատում նաև Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում, Սիրիայում, Հնդկաստանում, Իսպանիայում, Բելոռուսում և այլ երկրներում, որոնց ազգային-պետական թանգարաններում տեղ են գտել Վարպետի ստեղծագործություններից:

Ինչո՞վ է «կաշառում» Փարավոնն իր ակնդիրներին, ի՞նչ գեղագիտական հմայք ու մոգություն ունի նա: Վիպասան Ջեկ Լոնդոնն իր պատմվածքներից մեկում ասում է՝ «Գեղեցկությունն արվեստի կրոնն է»: Գեղեցկությա՜մբ, վեհի նկատմամբ պաշտամունքն է երևակվում նրա կտավներում, որտեղ, անկախ այն բանից, թե  արվեստագետն ի՞նչ առարկա կամ տեսարան է մատուցում, զգայական տիրույթում այն դառնում է յուրատեսակ ձոն՝ վաղուց եղած, բայց  մինչև այդ աչքի չընկած երևույթներով: Նա հայտնաբերում է ոգեղեն այն հունտը, որը ստեղծվել է ազգային մտածողության ակունքներից, սնվել դասական պատկերավորության կենսահյութով, փարթամացել մոդեռնիստական (ժամանակակից) լույսի նորարարության շողերով:

Գույնը, Փարավոն Միրզոյանի գործերում, սոսկ պատկերի արտահայտության միջոց չէ, այլ համադրությունների նրբերանգային կառույց, որը առարկայի արտաքին սահմաններում, թեև՝ պարփակված, բայց՝ հորդուն է, զգայական մեղեդայնությունից դեպի շռնդալից ներկայություն ապահովող: Եթե պատկերավոր ասելու լինենք, նկարիչն իր յուրաքանչյուր կտավում նոր գույն և նոր նրբերանգներ է հայտնաբերում ասես, որոնք հենց այդ պատկերինն են և դրանցով մեկ այլ բան նկարելն անհնարին է:

 

Դիմանկարային ժանրում նկարչի գործերն արտահայտչական են հատկապես գեղարվեստական էությամբ, որտեղ, երբեմն, դիմագծերը բացակայում կամ աղոտ են ներկայացվում, բայց ամբողջության մեջ՝ կերպարի դիրք ու շարժման ընկալման ու արտահայտման ծիրում, շեշտվում է ոչ թե հերոսի արտաքին, այլ ընդհանրական կերպարը, հոգեբանական էության յուրահատկությունը: Կան նաև դիմանկարներ, որոնք կոնկրետացնում են բնորդին, սակայն, այդ իրողականացումը՝ կերպարին բնորոշ դիմագծերը, շարժումը, նրան հատուկ էական վիճակը ևս, չեն պատճենահանվում, այլ երևակվում են կերպարի գլխավոր հատկանիշների շեշտադրմամբ՝ գունային նուրբ ու թեթև անցումներով:

Բնապատկերի ժանրում Փարավոն Միրզոյանը յուրահատուկ նորարար է: Դրանք արվեստագետը ներկայացնում է  բնության և ժամանակի հավերժության, դրանց հաղորդակցվելու կոթողային շնչով: «Արցախ»,  «Հայաստան»,  «Լեռնաշխարհ»,  «Սյունիք» ստեղծագործություններով հեղինակը ներկայացնում է ոչ միայն իր անդրբիբլիական հայրենիքը, այլև, սերունդների սերն ու գորովանքը, նրանց պաշտանմունքը՝ հայրենի եզերքի նկատմամբ: Այդ կտավներն ազգային զգացմունքների պոռթկուն արտահատությունն են, որոնք գեղագետի հայրենասիրության վկայությունն են նաև: Միաժամանակ, դրանք խորապես համամարդկային են իրենց գեղագիտական մեծ նրբաճաշակությամբ, գունային մեղմիվ փոխարկերպումներով, Արարչական աշխարհի գեղեցկությունն ու զմայլանքը դիտողին փոխանցելու շռայլությամբ: Կան նաև բազմաթիվ  բնանկարներ, որոնցով նկարիչը հանդես է գալիս որպես պերճախոս ասացող՝  բնաշխարհի այս կամ այն պահի կամ տվյալ տեսարանից ստացած իր տպավորության մասին: Ի՞նչ է պատմում նա. դարձյալ գեղեցկության մասին՝ դիտողին հասու դարձնելով վեհի և գեղեցիկի զգայական ընկալման վայելքը: Տարերք պատկերող «Բնանկարը», հանդարտության մեջ ընկղմված «Գարնանային գիշերը», «Լուսաբացը  Ագարակից»  և այլ աշխատանքներ, ասվածի վկայութունն են:

Բնության, մեզ շրջապատող առարկաների անկրկնելի հմայքը գունեղ և իմաստալից է հառնում նաև նկարչի նատյուրմորտներում: Անշարժ, անշունչ առարկաները գունային հնչեղ խաղարկումներով հառնում են ապրող կերպի մեջ, դրանք սոսկ ծաղիկներ, մրգեր, ժամացույց, հնաբույր սեղանիկ կամ հայելի չեն, այլ ամեն մեկն իր պատմությունն ունի, ծանոթ ու հոգեհարազատ կենսագրությունը, առանց որոնց, կարևոր, մի շատ կարևոր  բան կպակասեր մեզանից: Այդ զգացումները նկարիչը վարպետորեն ի մի է բերում և մատուցում գույների համարձակ դարսով, հովվերգական երանգներով, նրբագեղ կորերի մատուցմամբ, խորքի և մոտակայի զուգորդությամբ, որոնք, ամբողջության մեջ, թատերական ներկայացում են ասես՝ առանց երկխոսության:

Անհնար է ակնարկային փոքր հոդվածով համապարպակ և խորապես ներկայացնել այնպիսի բարձրարվեստ նկարչի, ինչպիսին Փարավոն Միրզոյանն է: Մինչդեռ, թեկուզ կարճառոտ, չհիշատակել նրա կանացի կերպարների մասին, նշանակում է կիսավարտ թողնել ասելիքը:

Կնոջ կերպարներ ստեղծելիս նկարիչն ասես վերափոխվում, դառնում է արևելքի կրքոտ մի սիրահար և արևմուտքի սիրամեծար և զուսպ ասպետ: Կանայք, նրա կտավներում, վայելչագեղության տիպարներ են՝ իրենց բոլոր կերպերի մեջ: Ում էլ որ պատկերում է նկարիչը, լինի դա արժանապատիվ արվեստագետ, բնորդուհի, միայնության մեջ տվյատող մեկը, թե՝ էրոտիկ մի գեղեցկուհի, հառնում է լուսավոր էությամբ, որը արտաքին լուսավորության արդյունք չէ, այլ բխում է հե՛նց կերպարից՝ լույս և ստվերի, գույնի և գծի ակնահաճո համայնապատկերում ի մի բերելով իր  ինքնօրինակ հմայքը:

Փարավոն Միրզոյանի մի շարք  ստեղծագործություններում  առկա են նաև ներքին դրամատիկական տրամադրություններ («Մղձավանջ»,  «Ամպրոպից առաջ»): Երբեմն դրանք տագնապալից են, ահազանգող, ընդվզող, երբեմն էլ՝ արվեստագետի ներքին զգացողությունների անհանգստությամբ են պարուրված: Երկբայության մթնոլորտի, հուսահատության բերած խոր ապրումների պատկերային կոթող է վերջերս ավարտած «Անորոշություն» մեծադիր կտավը, որը արվեստագետի կողմից հնչեցվող ահազանգ է: Այդ կտավի մանրամասները դիտելիս մեր առջև հառնում է նաև իր ժողովրդի հոգսերով ապրող արվեստագետի ոգեղեն կերպարը, ում համար հայրենիքը սոսկ տեսարան չէ՝ նկարելու համար, այլ Արարչական էություն է, սկիզբ, որի մեկնարկը վերջ չունի:

Հ.Գ. Վերջերս  Հայաստանի մամուլում հրապարակվեց մի տեղեկատվություն, որում նշվում էր, որ Արցախն այսօր ռազմական ու քաղաքական վայրիվերումների, մեր մտահոգությունների, լինել, թե չլինելու կենսորոշ սահմանագծի առանցքում է, և մոլորակի վրա ապրող ամեն մի հայ, անկախ իր քաղաքական հայացքներից, հայոց հնագույն այդ ոստանի պահպանման ու շենացման հույսն է փայփայում: Այդ նպատակի իրականացման հնարավորությունների և միջոցների փնտրտուքում չպետք է անտեսել ունեցած հոգևոր ներուժի դերակատարումը,- ասվում էր և առաջարկվում ՝ Փարավոն Միրզոյանի «Արցախ» մեծանկարի պատկերով նամականիշ թողարկել: Ցավոք, այս առաջարկը դուրս մնաց պատկան մարմինների ուշադրությունից, ոչ տեսել են, ոչ՝լսել… Եվ տողերիս հեղինակը, կրկին, հայացքը հառեց «Անորոշություն» նկարին:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like