Սամվել Խալաթյան, Երևան, 29 Ապրիլ 2021
«Պատերազմի ավարտից հետո երկրում տիրում էր քաղաքական, տնտեսական, բարոյական և հոգեբանական քաոս։ Լիակատար ընկճվածություն, աղքատություն և վախ ապագայի հանդեպ…»,- այս բնութագրումը, որ այնքա՜ն համահունչ է Հայաստանում տիրող այսօրվա վիճակին, ետպատերազմյան Գերմանիայի մասին է: Թե ինչպե՞ս կարողացան գերմանացիները կարճ ժամանակամիջոցում հաղթահարել ճգնաժամը, բոլորին է հայտնի: Մարդկության կողմից դա անվանվեց Գերմանական տնտեսական հրաշք, որի հայրը Լյուդվիգ Էրհարդն էր՝ տնտեսության նախարարը: Տարիներ անց, երբ արդեն Գերմանիայի տնտեսությունը վերականգնված էր, Էրհարդին հարցրին՝ ո՞րն է տնտեսության հաջող զարգացման գաղտնիքը: «Գործարարների հնարամտությունը, աշխատավորների աշխատասիրությունն ու կարգապահությունը և կառավարության ճիշտ քաղաքականությունը»,- պատասխանել է նա:
Արդ, փորձենք Էրհարդի բանալիներով բացել ետպատերազմյան Հայաստանում տիրող ճգնաժամից դուրս գալու դռները:
Բանալի առաջին.
Գործարարների հնարամտություն
Հայ գործարարների հնարամտությունն աշխարհին է հայտնի: Այդ ամենի մասին մենք գիտենք ոչ միայն համաշխարհային և հայ տնտեսագիտական մտքի պատմությունից, այլև հայ դասական գրականությունից: Սակայն, ոչ Միկիտան Սաքոն (Պ. Պռոշյան, «Հացի խնդիր»), ոչ բազազ Արտեմը («Հովհ. Թումանյան, «Գիքորը») և ոչ էլ Գ. Սունդուկյանի «Պեպոյի» Զիմզիմովը կամ Ալ. Շիրվանզադեի «Պատվի համարի» Անդրեաս Էլիզբարյանը, իրենց հնարամտությամբ չեն կարող գերազանցել այսօրվա հայ գործարարներին, ովքեր Սուրբ Զատիկից առաջ ձվի գինը դարձրին հավի գին, իսկ մեռելոցին, երբ մարդիկ պետք է այցելեին հարազատների շիրիմներին ու ծաղիկ խոնարհեին, մեկ ծաղկի համար վճարեցին ծառի գին:
Մենք չենք հավատում այն ասեկոսեներին, թե՝ Հայաստանի մեծահարուստները, պատերազմից հետո կանխազգալով երկրի անհուսալի վիճակը, սկսել են իրենց դրամական միջոցները արտասահման տեղափոխել: Չենք հավատում, որովհետև այդ մեծահարուստները վաղո՜ւց ի վեր իրենց հարստության զգալի մասը ի պահ են տվել Շվեյցարական բանկերին, կամ ներդրել օֆշորային գոտիներում՝ միայն իրենց հայտնի գործարքներում: Եվ եթե նրանք դեռ չեն լքել երկիրը, ապա միայն այն պատճառով, որ հայրենիքն ու ազգակիցներին հարստահարելու դեռ նոր հնարներ են գտնում: Սա էլ, անշուշտ, հնարամտություն է:
Այդուամենայնիվ, Արցախյան երկրորդ պատերազմից և դավադրական, ամոթալի պարտությունից հետո տիրող տնտեսական խոր ճգնաժամի, հազարավոր ընտանիքների զավակների կորստի ցավից առաջացած համատարած ընկճախտի և աղքատության աննախադեպ խորացման պայմաններում, ամենամեծ հնարամտությունը ցուցաբերեց մեծահարուստ Գագիկ Ծառուկյանը՝ իր որդու գերճոխ հարսանիքով: Մարդիկ ապշեցին՝ իմանալով, որ հարգարժան ԱԺ պատգամավորն իր առանձնատան պարիսպներից ներս, պարզվում է, անձնական օգտագործման եկեղեցի ունի՝ որտեղ և կատարվել է Սուրբ Պսակը: Էլ ավելի ապշեցուցիչ էին ուղղաթիռներից անուշեղենի փաթեթների թափվելը, արձանի տեսքով ուղեկցողները, դհոլների զարկերով դիմավորող պատանիները և այլ ու այլ արքայասուլթանական ճոխությունները:
Հայոց պատմության մեջ, մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում տեղի ունեցած Արտաշես արքայի և ալանաց դստեր Սաթենիկի ամուսնությունից հետո, սա երկրորդ հարսանիքն է, որը տեղի է ունենում պատերազմից անմիջապես հետո, բացառիկ ցոփությամբ: Արդյո՞ք հույս կա, որ սա էլ դառնա Հայ ժողովրդի պատմության ոսկե էջերից մեկը: Թերևս այդպես էլ լինի, եթե գողթան երգիչներ համարենք Ավրաամ Ռուսոյին, Ստաս Միխայլովին, Սոսո Պավլիաշվիլուն, Թաթա Սիմոնյանին և այլոց, իսկ «Զարմանալի աշխարհ» ֆեյսբուքյան էջի թղթակցին Պատմահայր կոչենք՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի ծախսերը՝ շուրջ 4 միլիոն դոլար, գրավոր հիշատակելու համար: Եվ մինչ ՀՀ տնտեսութեան նախարար Վահան Քերոբյանը երազում է երկնիշ-եռնիշ տնտեսական աճի մասին, ոստիկանությունը համարձակվեց 100.000 դրամով տուգանել փեսահայր Ծառուկյանին՝ գիշերվա ուշ ժամին աղմկոտ ու երկարատև հրավառություն անելու համար: Ասել կուզի, որ պետության գանձարանը հարստացավ՝ Ծառուկյանի դրամով միջոցների 0.02 տոկոսի չափով:
Մեզ մնում է պսակված զույգին անքեն կերպով բախտավորություն ցանկանալ՝ անտեսելով որոշ մեկնաբանների կողմից նրանց հարսանիքին տրված բնորոշումը՝ «Խրախճանք՝ ժանտախտի ժամանակ» :
Հարգելի ընթերցող, ինչպես տեսնում ենք, պարոն Լյուդվիգ Էրհարդի առաջին բանալին չի բացում Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու առաջին դուռը, ուստի, փորձենք երկրորդ բանալին:
Բանալի երկրորդ.
Աշխատավորների աշխատասիրություն և կարգապահություն
Աշխարհին է հայտնի, որ հայ մարդու բնութագիրների թվում իր պատվավոր տեղն ունի աշխատասիրությունը: Սակայն, աշխատանք պիտի ունենաս, որ սիրես: Վաղուց ի վեր աղքատից չքավոր դառնալու, չքավորից մուրացիկ դառնալու հեռանկարը մարդկանց ստիպում է արտագաղթել: Ներկայում էլ այդպես է, ի հավելումն, որ արտագաղթողների մեծ մասին դեպի օտարություն առաջնորդում է ոչ միայն չքավորության սպառնալիքը, այլև հուսալքությունը՝ երկրի ապագայի և նրա ղեկավարների նկատմամբ: Վերջին հանգամանքն առավել ներգործուն է, քանզի, տեղ չի թողնում ի միտ բերելու հայրենասիրության ու հայրենիքի նկատմամբ պարտք ունենալու մասին: Տնտեսության կայունացման ու զարգացման ուղղությամբ խելամիտ քաղաքականություն վարելու փոխարեն իշխող քաղաքական կուսակցությունն ու նրա ընտրյալ կառավարությունը փորձում է մարդկանց ներշնչել, որ եթե տեղի տանք թշնամական երկրների նկրտումներին, Ադրբեջանին Զանգեզուրում ճանապարհային միջանցք տանք, ընդունենք Թուրքիայի նախապայմանները՝ ետ կանգնենք պահանջատիրությունից և այլն, ապա առատության եղջյուրից բարիքներ կլցվեն հայերի գլխին: Մինչդեռ, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, վերջերս, իր ֆեյսբուքի էջում գրել էր, որ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել այդ գյուղերի ուղղությամբ։ Դավիթ Բեկ, Կաղնուտ, Որոտան, Խնածախ, Շիկահող, Ճակատեն և այլ գյուղերի բնակիչներ իրավապաշտպանին ահազանգել են, որ անհնարին է դարձել խոտհարքներից, արոտավայրերից ու մասնավոր հողատարածքներից օգտվելը: Սրաշեն գյուղից ահազանգում են, որ կրակոցներ են արձակվել իրենց վրա՝ հողամասում աշխատելիս, որ իրենց խաղաղ կյանքն ու աշխատանքը վտանգված են: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ երկրիդ կառավարությունը պետք է ահազանգ հնչեցներ, պահանջեր, միջոցներ ձեռնարկեր իր խաղաղ բնակիչների կյանքի նկատմամբ սպառնալիքը չեզոքացնելու համար: Մինչդեռ՝ ձայն բարբառո հանապատի, կառավարության անդամների և երկրի վարչապետի հոգսը միմիայն իրենց երերացող աթոռին ամուր կառչելն է, ճամարտակությունը, ոչ մի բանում իրենց մեղքը չընդունելը, հոխորտալը, ամբոխավարությունը: Ի՞նչ անի հայ գյուղացին, իր բակում, իր տնամերձ հողամասում աշխատելիս, զոհվի՞ թշնամու կրակոցից՝ ցուցաբերելով հայրենի հողին կառչած մնալու իր պարտքն ու պատասխանատվությունը…
Չէ, հարգելի պարոն Էրհարդ, ձեր երկրորդ բանալին էլ չբացեց մեր դուռը:
Բանալի երրորդ.
Կառավարության ճիշտ քաղաքականություն
Դասական իմաստով Հայաստանի կառավարությունն այսօր արտաքին ու ներքին քաղաքականություն չունի և եղեգի պես խոնարհվում ու պատրաստակամ է խոնարհվելու ցանկացած ազդեցության, միայն թե երաշխավորվի իր՝ իշխանության աթոռին մնալը: Այս պարագայում, սակայն, ունի խնդիր՝ պահպանել ժողովրդին համակած ընկճախտը, մարդկանց մտասևեռել միայն իրենց վշտերի ու հանապազօրյա հաց ունենալու խնդրին, որ չլինի թե սթափ դատողությամբ ժողովուրդը վճռականություն հանդես բերի և ընդվզի իր դեմ: Եվ դա նրանց առայժմ հաջողվում է:
Ինչպես միշտ, դժբախտության մեջ հայտնված ազգակիցներին նյութական և բարոյական օգնության ձեռք է մեկնում Սփյուռքը, բայց… կամ օգնության միջոցներն են յուրացվում (այս մասին հայտնի փաստերով շատ է խոսվել, կրկնողության չգնանք) և կամ ամեն հնարավոր միջոցներով խոչընդոտվում է դրսից բերվող օգնության ճանապարհը:
Ահավասիկ, ֆրանսահայ բժիշկ Ժան-Միշել Էքերյանն ահազանգում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տալիս, որ Ֆրանսիայի հայրենասիրական միությունների ուղարկած բժշկական սարքավորումները, որոնց կարիքը հայաստանյան հիվանդանոցներն ունեն, հասնեն տեղ. «Փաստերով կրնամ ապացուցել, որ ուղղակի նորեն խնդիրներ առաջացան, որպեսզի կարողանանք գոնե մեր ունեցած օգնությունը՝ տրամադրված ժողովուրդին, հասնի ժողովուրդին,- «Հրապարակ»ի հետ զրույցում ասել է նա,- չեմ գիտեր՝ որոնք են պատճառները… Օրինակ՝ մեզի կխոչընդոտեն, այսինքն՝ չեն ձգեր, որ դեղորայքը անցընեն, նույնիսկ եթե նախօրոք ցանկը ղրկած ըլլանք, և չեն ձգեր, որ սարքավորումները, որոնք հիվանդանոցները խիստ կարիք ունին և մեզմե կխնդրեն, կարողանանք իրենց հասցնել… Մեջը կա թե՛ ծուլություն, թե´ ապուշություն, թե՛ հիմարություն, թե՛ ալ կան երևի ուրիշ նպատակներ, որպեսզի ժողովուրդը չստանա այդ օգնությունը։ Դուրսէն տպավորությունն այդպես է, և բոլոր հայրենասիրական միությունները, որ կուզեն օգնել ժողովուրդին, նույն տպավորությունը ունին և նույն զգացումը ունին։ Կարծես թե ժողովուրդին օգնելը պիտի խանգարե կառավարության նպատակներուն, ուղղակի այդ տպավորությունը ունինք»:
Մենք արդեն այլ բանալի չունենք, հարգելի ընթերցող: Ուստի, ճգնաժամից դուրս գալու միջազգային փորձը մի կողմ պետք է դնել և, երևի, ելքը փնտրել ամուր կողպված դռները տապալելու մեջ: Ընտրությունների՞ միջոցով, թե՞ ուրիշ եղանակով, դա արդեն այլ խոսակցության նյութ է: