Դիմանկար՝ առանց շրջանակի

Սամվել Խալաթյան, Երևան, 26 դեկտեմբեր 2023

Խորհրդային տարիներից ի վեր Հայաստանի Հանրապետության գրական ու հրապարակախոսական շրջաններում մշտառկա է «Մեր ժամանակի հերոսը» թեման: Ցայսօր, դպրոցներում աշակերտներին հանձնարարվում է ստեղծագործական շարադրություններ գրել՝ նրանց միտքն ուղղորդելով հայրենասիրության անհրաժեշտության:

Եթե պրոլետգրողներն իրենց ժամանակի հերոսին փնտրում էին բոլշևիկյան հեղափոխական թոհուբոհում, այդուհետ՝ ֆաշիզմի դեմ մարտնչածների շարքերում, կոմունիզմ կառուցողների կերպարում, ապա մեր օրերի հերոսը հառնում է մերթ ազատամարտիկի, մերթ հանուն Հայրենիքի նահատակված հերոսի և, անգամ, մեծ բարերարի կերպարով:

Այդուամենայնիվ, ինչպիսի՞ն է, ո՞վ է 21-րդ դարում ապրող այն հայորդին, ով իր էությամբ ու գործունեությամբ կարող է հավակնել մեր օրերի հերոս լինելու մեծագույն պատվին:

Հաղթողները

– Իմացա՞ք Սերոժի արածը: Երկու տղաների հետ գնացել ու անդամագրվել է ազատամարտիկների «Նժդեհ» կամավորական ջոկատին: Գոնե մեկին տանը թողներ:

Փոքր քաղաքում լուրերն արագ են տարածվում, և «Սերոժի արածն» էլ հայտնի դարձավ շատերին՝ տեղիք տալով տարբեր դատողությունների.

– Անգամ ցարը ընտանիքի բոլոր զավակներին պատերազմ չէր տանում…

– Մշեցի է, թուրքի դեմ մեծ վրեժ ունի…

– Ողջ ընտանիքով Արցախյան շարժման եռանդուն մասնակից են, իրենք, որ չգնան, ո՞վ գնա…

Իրականում, մեկ տարի շարունակ ռազմաճակատում գտնվող կրտսեր որդին՝ Իգիթը, մի քանի օրով վերադարձել էր տուն, զրույցի ժամանակ ասել, որ ջոկատում մարտիկների պակաս ունեն, և Սերյոժան որոշել էր ավագ որդու հետ համալրել ջոկատը: Խորհուրդ հարցնելու համար հրավիրել էին նաև մորական պապին՝ Արարատ Ջաղացպանյանին, ով երիտասարդ տարիներից հայտնի էր որպես անպարտելի ըմբշամարտիկ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, իսկ հասուն տարիքում՝ ծննդավայր քաղաքի հնագույն պատմության գիտակ ու շրջակա լեռներում տասնյակ ակունքներ պեղած այր:

Քննարկեցին, որոշեցին: Հաղթանդամ պապը ծանրորեն շրջվեց դստեր կողմը.

– Մոր կարծիքն ի՞նչ է:

– Իմ կարծիքն այն է, որ հաղթած են վերադառնալու,– աղոթքի պես շշնջաց Ռիտան:

Հաջորդ օրը, «Ավտոմատիկա» գիտաարտադրական միավորման առաջատար ճարտարագետ Սերյոժա Ներսիսյանը, երկու որդիների՝ երաժիշտ, 23-ամյա Արմենի և մանկավարժ, «արդեն վառոդի հոտը շնչած» 21-ամյա Իգիթի հետ մեկնեց ռազմաճակատ:

Մասնակցեցին Քաշաթաղի, Մարտակերտի, Քարվաճառի, Վարանդայի (Ֆիզուլի) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին ու վերադարձան հաղթանակած:

Սերյոժան և Իգիթը որոշեցին շարունակել ծառայությունը հայկական բանակում, իսկ Արմենը կրկին ընտրեց երգարվեստը:

«Մշո զարմ».  Խոսք՝ Սամվել Խալաթյանի, մեներգիչ՝ Արմեն Ներսիսյան

Կայացում

Դեռ պատանի հասակում, երազելով երգիչ դառնալ, Արմեն Ներսիսյանը յոթը տարի սովորել էր Երգչախմբային ընկերության դպրոցում: Քնարական բարիտոնով օժտվածությունն աննկատ չէր մնացել նրա վարպետ-ուսուցիչներից: Պատանու ստեղծագործական ունակություները ճիշտ ուղիով զարգացնելու համար նրանք առանձնակի հոգատարություն ցուցաբերեցին: Այդ ընթացքում Արմեն Ներսիսյանին բախտ վիճակվեց մասնակցելու հանրապետական, միութենական և նույնիսկ միջազգային մրցույթների ու դափնեկրի կոչումներ նվաճել:

Ավարտելով միջնակարգ դպրոցը, մասնագիտական ուսումը շարունակեց Միքայել Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի ձայնային (վոկալ) բաժնում, միաժամանակ՝ աշխատանքի անցավ Վանաձորի ժողովրդական գործիքների համույթում, որպես մեներգիչ:

Ոչ միայն հայկական ժողովրդական, այլև դասական երգարվեստի ցանկով, համույթի կազմում հյուրախաղային համերգներով հանդես եկավ Խորհրդային Միության մի շարք քաղաքներում, Ֆրանսիայում: Օտարերկրյա մամուլի հիացական արձագանգներն է՛լ ավելի հաստատեցին, որ հանձին նրա՝ Վանաձորն ունի երգարվեստի շնորհալի վարպետ:

– Չմեծամտանա՛ս,– զգուշացնում էր հայրը:

– Արմեն ջան, ես երազում եմ, որ ոչ-ոք չիմանա՝ քո մայրն եմ, և չորս կողմից լսեմ, որ այդ շնորհալի երգիչը համեստության տիպար է,– ասում էր մայրը:

Երևի այդ հորդորները մեծ ազդեցություն թողեցին պատանի երգչի վրա, որ համընդհանուր ճանաչում ունենալով հանդերձ, շատ ավելի անպարծ եղավ, քան, թերևս, պետք է ունենա ամեն մի սիրված երգիչ:

1993 թվականին նրան հրավիրեցին «Հորովել» երգի-պարի համույթ՝ մեներգիչ:

 Մի նոր բեմ

Դեռևս 1988 թվականին Արմենը համախոհների հետ հիմնեց Վանաձորի առաջնորդանիստ եկեղեցու երգչախումբը: Հետագայում, դրա հիմքի վրա ձևավորվեց քաղաքային կամերային երգչախումբը:

Հոգևոր երգերի կատարումներն ու եկեղեցական արարողություններին մշտական ներկա լինելը երիտասարդ երգչին մղեցին նոր ասպարեզ, նախ՝ եկեղեցու դպիր, ապա, 2003 թվականից՝ ձեռնադրյալ սարկավագ և Գուգարաց թեմի առաջնորդի գավազանակիրը լինելու պատվավոր պարտականությունը:

Եվս մի բեմ

2003-ին Արմենը բուռն ցանկություն ունեցավ թատերական արվեստում ևս փորձել ուժերը: Ընդունվեց Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի բեմադրության (ռեժիսորական) բաժին: Այնտեղ սովորելով, «Հորովելի» մեներգիչն ու բարեշնորհ սարկավագը աշխատանքի ընդունվեց նաև Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան, և մի շարք ուշագրավ դերեր մարմնավորեց:

2008 թվականին, նույն թատրոնում, որպես ավարտական-դիպլոմային աշխատանք, բեմադրեց «Սիմոն թագավորը» մենաներկայացումը, որը լավագույններից մեկը համարվեց «Արմմոնո» միջազգային փառատոնում:

«Հորովելը»՝ նոր շնչով

2013 թվականին Արմեն Ներսիսյանին վստահվեց «Հորովել» համույթը իբրև նրա տնօրեն և գեղարվեստական ղեկավար:

Շնորհաշատ պարուսույց (բալետմայստեր) Արայիկ Գևորգյանի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, համույթի երաժշտական մասի ղեկավար Էլմիրա Կռոյանի հետ, նորանշանակ ղեկավարը հավակնեց «Հորովելի» համար գեղարվեստական նոր, բարձր նշաձող սահմանել: Բարձր մակարդակ ապահովելու համար գործունեության նոր ու ամուր հիմքեր էին հարկավոր: Ամբողջովին նորացնել էր պետք համույթի զգեստարանը, հասունացել էր սերնդափոխության խնդիրը, թարմացնել էր պետք երկացանկը… Թերահավատները հեգնեցին. «Խճճվելու է իր գործած ցանցում. սարկավագ, գավազանակիր, քաղաքային երգչախմբի և կամերային համույթի հետ ելույթներ, տնօրեն, գեղարվեստական ղեկավար, մեներգիչ… Օրը քանի՞ ժամ ունի»:

– Օրը քանի՞ ժամ ունի,– մի առիթով ե՛ս հարցրեցի նրան:

– Չգիտեմ,– եղավ պատասխանը,– ես կյանքի տևողությամբ եմ առաջնորդվում:

Որպես վերջաբան

Այսօր «Հորովելը» հանրապետության լավագույն համույթների շարքում է: Անկասկած, դա անմնացորդ նվիրումի արգասիք է, նպատակ, որով տոգորվեցին ոչ միայն համույթի ղեկավար կազմի վերոհիշյալ գործընկերները, այլև բոլոր երաժիշտ-կատարողները:

Նույն նպատակասլաց մթնոլորտն է նաև ընտանիքում: Կինը՝ Ալլան և ավագ դուստրը՝ Ռիտան, ովքեր Գուգարաց թեմի առաջնորդարանի և քաղաքային կամերային երգչախմբերում են, նաև կրտսեր դուստրը՝ «Հորովել» համույթի պարուհի Անժելան, հայ երգարվեստի ու պարարվեստի ճիշտ և վճիտ մատուցման նախանձախնդիր արվեստագետներ են: Ի դեպ, Անժելան ևս ցանկանում է բեմադրիչ դառնալ: Նա շուտով կավարտի ինստիտուտը:

Որպես մասունք և հուշ նրանք խնամքով պահում են հայրիկի մարտական պարգևները՝ «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան», «Մարտական գործողությունների մասնակից», «Սևքարեցի Սաքո», Երկրապահ կամավորական ջոկատի հոբելյանական մեդալները, ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալը», Ռուսաստանի Դաշնության դեսպանատան «Սուրբ Աստվածամայր» շքանշանը և բազմաթիվ այլ պարգևներ:

Այս հարկի թախիծն ու հպարտությունը լուսահոգի պապիկի՝ Վանաձորի ազատամարտիկների պանթեոնում հանգչող Սերյոժա Ներսիսյանի և Հայոց փառքի Եռաբլուր պանթեոնում հանգչող, ՀՀ բանակի փոխգնդապետ Իգիթ Ներսիսյանի հուշն են:

* * * 

Արմեն Ներսիսյանն, իհարկե, չի հավակնում մեր օրերի հերոսի հավաքական կերպար լինելուն: Նա իրեն համարում է, պարզապես, ժողովրդական և գուսանական երգերի շարքային կատարող, իսկ հոգևոր ծառայության մեջ՝ Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ:

Մենք վերապահումով համաձայն ենք նրա հետ: Վերապահումով, քանզի Արմենը շարքային երգիչ չէ. նա ողջ հանրապետության մեջ հայտնի՝ ժողովրդական երգերի փայլուն կատարողներից է և այն արվեստագետներից, ովքեր զենքով, տաղանդով և առ Աստված հավատով՝ պայքարի առաջին գծում են: Պարզապես, նրա բազմանիստ և արգասատու դիմանկարը շրջանակ չի հանդուրժում:

Իմ խորին համոզմամբ, 21-րդ դարի ՄԵՐ ՕՐԵՐԻ ՀԵՐՈՍԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ է, նրա սերունդների հավաքական կերպարը, որի հարատևման դարավոր պայքարում դեռևս պատյան չմտած ու հաղթանակներ բերող սուրը, Ավարայրից ի վեր պարզած խաչը, Մաշտոցի լուսավոր կանթեղը և Սարդարապատից ժառանգված առաջնորդող դրոշը գտնվում են ամուր ձեռքերում անմնացորդ նվիրյալ հայորդիների, որոնց շարքում է նաև Արմեն Ներսիսյանը:

 *****

«Դըբա լավը». Խոսք և երաժշտութիւն՝ Սամվել Խալաթյանի

Տեսերիզների ընտրությունը կատարել է «Գեղարդ»ի խմբագրույունը:

 

 

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like