Սամվել Խալաթյան, Երևան, 12 Ապրիլ 2021
Անգլիայում կարող է ֆրանսիացի ապրել և դրանում ոչ մի տարօրինակ բան չկա: Ֆրանսիայում արաբներ կան, ԱՄՆ-ում՝ չինացիներ, մեքսիկներ, այլք, տարօրինակ չէ: Հայերը, որ սփռված են մոլորակի գրեթե բոլոր երկրներում, անբնական են համարում, որ իրենց պատմական հայրենիքում չեն ապրում: Այդ մտքի հետ չեն հաշտվում նույնիսկ նրանք, ովքեր երբևէ հայրենիքում չեն եղել, ծնվել, հասակ են առել օտար ափերում, հայրենիքից հեռու: Ինչու՞ է այդպես: Երևի այն պատճառով, որ նրանց պատմական հայրենիքի մեծ մասը օտարն է տիրել: Երևի այն պատճառով, որ հայերը, դարեր շարունակ, ստիպված են եղել օտարությա՞ն մեջ ապրել: Ի՜նչ դաժան արտահայտություն է, չէ՞, ստիպված ապրել… Բայց արի ու տես, որ այդ արտահայտությունը, արդեն քանի՜ տարի, Հայաստանում էլ հաճախ կլսես:
Որպես կանոն մայրաքաղաքներ տանող ճանապարհները երկրի մարզերից են ձգվում: Երևան գնալու համար՝ նույնպես: Սակայն, այսօրվա ճանապարհորդությունը մայրաքաղաքից դեպի մարզեր է լինելու: Որ մեկ ուղղությունն էլ որ ընտրելու լինենք՝ հասարակական կյանքի մեծ տարբերություն չենք նկատի: Բոլոր բնակավայրերի և բոլորի սովորույթներն ու կենսակերպը, հոգսն ու մտահոգությունները նույնն են, հանգունակ: Ուստի, ընտրենք Երևան-Լոռի երթուղին: Գնացինք:
100 տարվա 30-ամյա մենությունը
Լայնահուն, բարեկարգ խճուղին 10-15 րոպեում մեզ հասցնում է հինավուրց Աշտարակ, որն այսօր Արագածոտնի մարզկենտրոնն է: Աշտարակցիները հպարտանում են պատմամշակութային իրենց կոթողներով՝ 11 եկեղեցիով և 111 հուշարձանով:
Անկախության տարիներին Քասաղի ձորում կառուցված «Աշտարակի ձոր» շքեղ ռեստորանով աշտարակցին չի հպարտանում, դա մեծահարուստ այցելուների քեֆատեղի է:
Ծնունդով աշտարակցի ականավոր գիտնականներն ու գրողները նույնպես, տեղացիների հպարտությունն են, բայցև աշտարակցին նեղվում է, որ Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ հանդիսացող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի աշխատողները հազվադեպ են այցելուներ ունենում, ուստի եկողին էլ դիմավորում են զարմացած՝ չի՞ շփոթել, արդյոք:
Այդպիսի «զարմացական» վիճակ է շրջաններում գործող բոլոր թանգարաններում և պատկերասրահներում, որոնց աշխատողները ջանք չեն խնայում տեղի նվիրյալ ուսուցիչների հետ, որևէ մի առիթով, միջոցառումներ կազմակերպել՝ դպրոցականներին թանգարան բերելու և հնթացս ցուցանմուշներին ծանոթացնելու համար: Այսկերպ, մի քանի նպատակ է իրագործվում՝ նպաստում են նոր սերնդի գեղագիտական դաստիարակությանը, փաստաթղթերում արձանագրվում է, որ թանգարանը այցելուներ է ունեցել և դրանով արդարացվում է թանգարանի գոյությունը, որպեսզի հանկարծ, Աստված մի արասցե, ղեկավարական որևէ օղակում չմտածեն, թե թանգարանը չի ծառայում իր նպատակներին ու փակելու որոշում չկայացնեն: Նրանց տառապանքը, բանաստեղծի խոսքով ասած, փորձ ունի: Տարիներ առաջ փակվելու վտանգի տակ էր հայտնվել Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղը, որի տարածքը «սխալմամբ» վաճառվել էր «Հայէկոնոմբանկ» ընկերությանը: Դատական տասը տարվա քաշքշուկներից հետո միայն պատկերասրահին հաջողվեց չարտաքսվել իր տարածքից, շարունակել գործունեությունը:
Աշխարհի և ոչ մի երկրում չեք հանդիպի այնպիսի մի օրինակի, որ պետական հովանավորության տակ գտնվող, պետական համարվող մշակութային օջախը պայքարի պետական պաշտոնյաների դեմ՝ իր գոյությունը պահպանելու համար:
-Մեր դարն է այդպիսին,- ասում է աշտարակցի լրագրող Կարեն Արշակյանը, ով ինքնազբաղմունքի համար հայրական տան տնամերձ հողամասը պարտեզի է վերածել և հազարումի ծաղկատեսակ է աճեցնում:-Դարը 100 տարուց է բաղկացած,-շարունակում է նա,- իսկ «մեր դարը» 30 տարեկան է: Երեսուն տարվա մենություն…
Սակայն, շարունակենք մեր ճանապարհը՝ ի միտ բերելով նաև, որ վերջին տասնամյակում Աշտարակի բնակչությունը նվազել է շուրջ 5000-ով (ներկայում՝ 17 հազար բնակիչ), աշխատունակների մեծ մասը գործազուրկ է և ով հնար ունի արտագաղթում է, ով չունի՝ ստիպված է ապրել:
Դրոշներ՝ սարալանջերին
Ծաղկած պտղատու ծառերի բույրով օծվող Օհանավանն անցնելուց հետո, աջակողմում՝ Արա լեռան ստորոտում, Արտաշավան գյուղն է: Դեռ հեռվից նկատվում է ծածանվող եռագույն դրոշը: Ծաղկաերանգների մեջ՝ եռագույն բոց: Դա ապրիլյան պատերազմում, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի պաշտպանական մարտերում հերոսաբար զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի գերեզմանն է: Մարտի դաշտում, երբ սպառվել են նրա փամփուշտները, բազմաթիվ վիրավորվորումներ ստացած Քյարամը փորձել է կրակագծից դուրս բերել ծանր վիրավորված հրամանատարին, բայց վրա հասած ադրբեջանցի հատուկ ջոկատայինների հետ մերձամարտից հետո սպանվել, գլխատվել է:
Թշնամին ետ վերադարձրեց միայն նրա մարմինը, իսկ նրա դահիճը համացանցում տարածեց իր լուսանկարը՝ զոհի գլուխը ցուցադրելով:
Այս օրերին գյուղից-գյուղ մեկնելու ճանապարհների սարափեշերին ծածանվող եռագույն դրոշներ շատ կտեսնեք: Դրանք Արցախյան պատերազմում զոհված զինվորների շիրիմներին ամրացված դրոշներն են՝ գյուղերի գերեզմանոցներում: Շա՜տ են դրանք, շատ… Այսօր էլ, պատերազմի ավարտից գրեթե կես տարի անց, հայտնաբերվում և իրենց ծննդավայրերն են տեղափոխվում նահատակների աճյունները: Եվ դեռ որքա՜ն դրոշներ կան, որ ծալված սպասում են բացվելու…
Ճանապարհն արդեն Արագածի փեշերն է բարձրանում, ծաղկուն այգիների փոխարեն այստեղ, նաև՝ Լոռիում, գարնանացանի կանաչ արտեր են, հանդեր, խոտհարքներ: Բնակչությունը հիմնականում անասնապահությամբ ու երկրագործությամբ է հոգում իր ապրուստը: Եղանակային պայմանները միշտ չէ, որ բարենպաստ են, ուստև հաճախ է լինում, որ մի բերքառատ տարվա եկամուտը, հաջորդ՝ անբարենպաստ տարում, հալվում, կորչում է՝ գյուղացուն ստիպելով նորից վարկ վերցնել վաշխառու բանկերից: Բոլոր գյուղերից էլ արտագաղթողներ եղել են, ոմանք էլ մեկնում են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Այսպիսով, գյուղերում պակասում է վար ու ցանք անող ձեռքը, դաշտերի մի մասը անմշակ մնալով վեր է ածվում խոպանի:
Այդպես էլ ապրում են: Ստիպված: Երկնքին մոտ՝ Աստծուց հեռու:
Ահա և Քուչակ գյուղը: Ոմանց կարծիքով այստեղ է ծնվել հայ աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը, բայց դա այդպես չէ, երգիչը Վանի Խառակոնիս գյուղից էր, իսկ այստեղի նշանավորը Սենիկ (Սեդրակ) Սամսոնյանն է: Նա պայմանագրային զինծառայող էր: Սահմանամերձ տարածքում ազերիների ահաբեկչական խմբին հաջողվել էր թիկունք սողոսկել և գազանաբար գլխատել հայ խաղաղ ընտանիքի անդամներին: Սենիկը նույն կեսգիշերին հայտնաբերել էր նրանց որջը, կռվի բռնվել, ծանր վիրավորվել, 8 ահաբեկիներին տեղում ոչնչացրել ու վերադարձել իր դիրքերը՝ ռազմավար վերցնելով թշնամու զենքերը: Համագյուղացիները յոթը գառ մատաղեցին վիրավոր, խիզախ զինվորի վերադարձի առթիվ: Ապաքինվելուց հետո Սենիկը կրկին ծառայության մեկնեց: Այժմ նա զորացրվել է, անասնապահությամբ է զբաղվում: Նա մեղավոր է զգում իրեն և գլխահակ է գյուղից դուրս ծածանվող եռագույն դրոշների առջև:
(Շարունակելի)
Նկարը՝ Համայնապատկեր Արտաշավանի