Ո՞ր աստծուն են մատուցում 120 հազար մարդկանց զոհաբերումը

Սամվել Խալաթյան, Երևան, 31 հուլիս 2023

120 հազար արցախցիներ դատապարտվել են դանդաղ ու տանջալից մահվան: Առաջին անհրաժեշտության սննդամթերքի և վիտամինների պակասով պայմանավորված՝ մոտ 2000 հղի կին, 30000 երեխա, 20000 տարեց և հաշմանդամություն ունեցող 9000 անձ թերսնման պայմաններում գոյատևման պայքար է մղում:

Խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, նրանցից 4678-ը շաքարային դիաբետով և 8450-ն արյան շրջանառության հիվանդություններով, գրեթե զրկված են անհրաժեշտ դեղորայք ստանալուց: (ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հուլիսի 20-ին ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստի ելույթից)

Քաղակակիրթ աշխարհը 21-րդ դարում կատարվող հայոց եղեռնին արձագանքում է ապարդյուն հայտարարություններով միայն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեղ է զբաղեցրել մահվան թատերաբեմի հանդիսատեսի առաջին շարքում և լուռ հետևում է ազգակիցների հոգեվարքին… Բայց չթվա, թե նրանք պարապ ու անգործ են: ՀՀ պետական այրերն ու կիները կենսատու ջրի ակունքը փակած վիշապի պես քմծիծաղում են և օր-օրի նոր զոհեր ու կորուստներ տալով՝ ջանք ու եռանդ չեն խնայում մարդկանց համոզելու, թե միակ փրկությունը այսպես կոչված Խաղաղության պայմանագրի կնքումն է, Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների հաստատումը:

Դժբախտությունն այն է, որ զոհի և դահճի սիրախաղի գլխավոր գործող անձը իրեն մի նոր մեսիա պատկերացնող «ցեղապետն» է, իսկ նրան սատարողները ոչ միայն համաշխարհայնացման օտարերկրյա ստնտուներն են և իր իսկ երկրի զինված ուժերի հրամանատարներն ու յուրային քաղաքական գործիչները, այլև՝ նրանով հմայված ամբոխը, ազգի կործանումը չզգացող, չընկալող, տգետ, քանակապես շատ, որկրամոլ այն ամբոխը, որի գավառցի ներկայացուցիչը, բոլորովին վերջերս, «ցեղապետի» Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ, խլացնելով նրան դիմավորող հատընտիր ամբոխի «Ցավդ տանե՜մ» գոչյունները, հորթի հրճվանք է ապրել՝ բացականչելով.

– Էս ի՜նչ ուրախություն էր…

Եվ, ահա, մենք էլ, ստիպված ենք ակամա վերհիշել ոչ թե բռնակալ Բելին դիմագրաված ու շանսատակ արած, մեր ազգին հարատև ազատ ու անկախ ապրելու, արարելու իրավունքը պարգևած անվանադիր նախնու պարգևած խնդությունը, ոչ թե Ավարայրն ու Սարդարապատը, այլ ոչ վաղ անցյալի անցքերից մի քանիսը, որոնք ճիշտ նույն անափ հրճվանքն են պարգևել մեր ազգի չսպառվող որոմին:

 …Բազմաթիվ փաստեր կան, որ 1920 թվականի աշնանը Ալեքսանդրապոլից մինչև Փամբակի տարածաշրջան առաջացած թուրքական զորքերն աներևակայելի վայրագություններ են կատարել տարածքի գյուղերում: Ականատեսների վկայությամբ (ինքս էլ 1975 թվականին զրուցել եմ ոմանց հետ) Աղբուլաղ և Ղալթախչի (այժմ՝ Լոռու մարզի Լուսաղբյուր և Հարթագյուղ) գյուղերում, ասկյարները հայտարարել են, որ օգնություն են բաշխելու տեղացի այն բնակիչներին, ովքեր կմատնեն այդտեղ ապաստանած թուրքահպատակ հայերին: Մատնիչների ցուցումով հայտնաբերված, երկաթալարերով կապկպած տղամարդ, կին, ծեր ու մանուկ գաղթականներին խմբել են գյուղերի հրապարակներում, մարագներում, և զուռնա-դհոլի նվագի ուղեկցությամբ անդամահատել, խեղել ու նավթ լցնելով այրել՝ ոգևորելով մատնիչներին, թե հիմա ձեզ օգնություն կբաժանենք: Ճղփացել են նրանց հոգիներն ու ոմանք փորձել են նույնիսկ ցատկոտել նվագի տակ.

– Էս ի՜նչ ուրախություն էր…

Երկար չի տևել ոգևորությունը. դահիճները նույն կերպ վարվել են նաև նրանց հետ:

Թուրք ժամանակակից գրող Քեմալ Յալչընը հրատարակեց Մեծ եղեռնը վերապրած, Անատոլիայում ապրող հավատափոխ հայերի պատմություններով «Հոգիս քեզմով կը խայտայ» գիրքը, որը արևմտահայերեն թարգմանությամբ 2003-ին լույս տեսավ Երևանում: Հայոց գրագետների մեծ մասը դա հրճվանքով ընդունեց, մինչդեռ Յալչընը եղեռնի իրագործումը վերագրելով միայն քուրդ հրոսակներին, նկարագրելով յաթաղանից մազապուրծ հայերի ողորմելի վիճակն ու թուրքերի՝ հավատափոխության դիմաց նրանց մահից փրկելու պատմությունները, ընթերցողի գիտակցության մեջ վարպետորեն սերմանում էր, որ հայերը մանկուրտ են, թերմա՛րդ, ցածոգի, ընդունակ նողկալի արարքների… Այդ գրքի իրական, պժգալի էության մասին հոդվածներով հանդես եկան թատերագետ Լևոն Մութաֆյանը և մանկավարժ Լալա Միսկարյան-Մինասյանը (Հալեպ): Ցավոք, նրանց խոսքը մնաց ձայն բարբառո հանապատի: Հրճվանքը, թե թուրքը գրել է հայոց եղեռնի մասին, անսանձ էր: Ավելին, այդ գրքի հիման վրա ստեղծված համանուն ներկայացումը Նյու-Յորքում բեմադրեց Հայրենիքից արտագաղթած մի տիկին, իսկ գրքի հեղինակն ու թատերախումբը 2015 թվականին հրճվալից ընդունելության արժանացան Երևանում, Գյումրիում, Վանաձորում:

– Էս ի՜նչ ուրախություն էր…

Ազգի որոմի համար իրական հրճվալից դարաշրջանն սկսվեց 2018-ին: Օր-օրի ամբոխը առիթներ է ունենում իրենից թոթափելու դարավոր բեռը ազգային ինքնության և արժեքների, որոնք կասեցնում են նրա ճանապարհը դեպի հարևան թուրքերի և ադրբեջանցիների հետ սիրով, բարեկամաբար, երջանիկ ապրելուն: Այդ երջանկությունը կարող է խամրել կամ տեղի չունենալ այն պարզ պատճառով, որ, ասենք, հայոց զինանշանի վրա Մասիսի պատկերն է կամ Հայաստանի դպրոցներում երեխաներին ուսուցանում են հայ միջնադարյան գրականությունը: Վարչապետի արտահայտած՝ առանց Մասիսի և առյուծի պատկերի զինանշան ունենալու հպանցիկ կարծիքի ջերմ արձագանքները դեռ չէին մարել, երբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկինը հայտարարեց, որ հայ գրականության դասագրքերից հանվել է միջնադարյան գրականությունը՝ Մեսրոպ Մաշտոցից մինչեւ Սայաթ-Նովա:

– Էս ի՜նչ ուրախություն էր…

Եվս մեկ հրճվանքի առիթ.

Մեր երկրում թանգարաններ կան, որ օրական մեկ մարդ է մտնում, էդ էլ դեռ հայտնի չէ, մա՞րդ մտնում է, թե՞ ուղղակի ծանոթները ինչ-որ աշխուժություն մտցնելու համար 100 դրամ են տալիս, տոմս են առնում,կառավարության հուլիսի 13-ի նիստում հայտարարեց վարչապետը, ավելացնելով, թե այդպիսի թանգարանների գոյության հարցը դիտարկել է պետք:

Ակնարկը տրված է («Ցավդ տանե՜մ»): Եվ բոլորովին զարմանալի չի լինի, եթե մոտակա օրերին սոցիալական հարթակներում որոմը շրջանառի որոշ թանգարաններ փակելու հարցը («Էս ի՜նչ ուրախություն էր…»):

Փույթ չէ, որ վարչապետի մտքով չի էլ անցնում (ամենայն հավանականությամբ` նա չգիտի), որ թանգարանները նախ և առաջ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ և դրանց մշտապես հարստացվող ֆոնդերում ամեն մի նյութ համամարդկային քաղաքակրթության արժեք է, որը գիտաշխատողները մանրամասն, բազմակողմանի հետազոտում, ուսումնասիրում են և համաշխարհային մշակութային գանձարանի մաս դարձնում: Ընդսմին, այցելուների ապահովումը ոչ թե թանգարանների պարտականությունն է, այլ կառավարության այն գերատեսչությունների և հիմնարկների, որոնք ազգաբնակչության, հատկապես նոր սերնդի գեղագիտական դաստիարակությունն իրականացնելուն, նաև՝ զբոսաշրջությունը զարգացնելուն են կոչված:

Օրերս Վանաձորում անցկացվեց «Ֆեստիվառ» կոչված փառատոն, որը մոտ օրերին կմեկնարկի նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում (երկուսն էլ թշնամական պետության սահմանակից և նրա կողմից հոշոտվող): Հատուկենտ մարդիկ այն կարծիքին էին, թե դա արվում է ցավոտ խնդիրներից մարդկանց շեղելու համար: Սակայն, ի՞նչ շեղելու մասին է խոսքը, երբ խանդավառ վանաձորցիների շարքերում ասեղ գցելու տեղ չկար:

«Ֆեստիվառ»

Հուլիսի 22-ին փակ էին քաղաքի բոլոր կենտրոնական փողոցները: Կեսօրից ի վեր հեռավոր թաղամասերում անգամ լսվում էին գերհզոր բարձրախոսներով հաղորդվող տեղացի և մայրաքաղաքից ժամանած կատարողների երգն ու երաժշտությունը: Հայքի հրապարակում վեր խոյացած հսկայական բեմում ելույթ էր ունենում պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ընդգծված խանդավառ խմբավարությամբ, իսկ զբոսուղու վերածված Տիգրան Մեծ պողոտայում, թուրքական ոճով սրածայր վրան-տաղավարներից խորովածի ծուխը երկինք էր հասնում: Խորովածը ախորժակով կրծոտողներից ոչ մեկի մտքով չէր էլ անցնում, որ նույն ժամերին Արցախում հայ երեխաներ են ուշաթափվում սովից… Եվ միայն մեկը, համարձակ մի երիտասարդ՝ Արեգ Գասպարյան անունով, խիզախեց բեմ դուրս գալ և ծածանել Արցախի Հանրապետության դրոշը: Ոստիկանները նրան անմիջապես դուրս տարան բեմից:

…Եվ ինչպես 103 տարի առաջ Աղբուլաղում էին թուրքերն անշնորհակալ եղել իրենց ծառայություն մատուցած հայերին, այդպես էլ՝ Երևանում, խարդախության մեղադրանքով կալանավորվեց նույն Սերգեյ Սմբատյանը:

Ցանկանում եմ հոդվածն ամփոփել վաղուց կարդացած մի հեքիաթով:

Ծույլ, վախկոտ ցեղապետի համայնքը սովի է մատնվում: Ոչ ոք ունակ չէ և ցանկություն չունի որսի գնալու: Ավագանին որոշում է վերականգնել հին սովորույթը՝ մարդակերությունը: Օրական մեկին ուտում են, ասելով, թե աստվածներին զոհ են մատուցում: Վերջին զոհացուն, ով ցեղապետի արյունակիցը չէր, վարժապետն էր:

Ո՜վ մեծն ցեղապետ,ասում է վարժապետը, գիտեմ, որ ինձ ուտելու եք, սակայն մի խնդրանք ունեմ. քո որդուն տառեր եմ սովորեցրել, որ քեզնից հետո ցեղը գրագետ ցեղապետ ունենա: Մնացել է վերջին տառը: Թույլ տուր դա էլ սովորեցնեմ և վաղը կերեք ինձ:

Ո՜չ…,կռնչում է ցեղապետը,աստվածները զո՛հ են պահանջում, մեզ տառ պետք չէ՛, ուտելի՛ք է պետք…

Վարժապետին անմիջապես մորթում են և հրճվանքով հոշոտում:

Անցան դարեր: Ցեղապետի սերունդները բազմացան և մինչև այսօր էլ պահպանեցին իրենց կենսատու որակը՝ ամեն գնով կուշտ լինել, միմիայն կուշտ…

Ոչինչ չես կարող ասել, անօտարելի բնույթ է, սակայն նրանք գոնե կասե՞ն, թե ո՞ր աստծուն են զոհաբերում 120 հազար մարդկանց՝ հրճվալից բղավելով.

– Ցավդ տանե՜մ… Էս ի՜նչ ուրախություն էր…

 

Հոդվածում բերված փաստերին առնչվող հղումներ՝   ցանկացողների համար.

1. Հրապարակ

2. Ցեղասպանագիտական հանդես

3. Abaka News

4. Առավոտ

5. «Ֆեստիվառ» փառատոնը՝ Վանաձորում, YouTube

6. news.am/arm/videos

7. azatutyun.am

1 comment
  1. Ընդունելի չէ, որ «Գեղարդ»-ի մէջ հրապարակ գան ստոր արարածներ, որոնք ի յառաջագունէ հակադրուած են օրուան իշխանութեան: Նման արարած մըն է Սամուէլ Խալաթեանը:
    Չերկարեմ. ան շատ լաւ գիտէ, թէ ինչպիսի գձուձ իւրացումներ կատարած է խմբավար Սերգեյ Սմբատեանը, նո՛յնքան ստոր հօրը՝ դեսպան Սմբատեանի մեղսակցութեամբ: Խալաթեան ջուր կը խմէ բերուած փաստերուն վրայէն եւ… կարդարացնէ Սմբատեանը:
    Փաշինեան Քրիստոս եղած կը խաչուի, որ հայրենիք փրկէ, Արցախ փրկէ, եւ այս բոլորը… ոչինչի կը հաւասարուի յաչս Խալաթեանի:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like