Հաղթանակների տոնը՝ պարտվածի գլխահակությամբ

Սամվել Խալաթյան, Երևան, 28 Մայիս 2021

«Չերկնչենք և չվախենանք հեթանոսների բազմությունից, իսկ եթե հասել է ժամանակը՝ մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, մահն ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք»: Եղիշէ Պատմիչ, «Վասն Վարդանայ եւ Հայոց Պատերազմին», 451 թ., Վարդան Մամիկոնյան, Ավարայր

 «Հայե՛ր, Շտապեցե՛ք հայրենիքն ազատելու։ Հասել է րոպեն, երբ յուրաքանչյուր հայ՝ մոռանալով իր անձնականը, հանուն Մեծ Գործի՝ հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պետք է գործ դնի իր վերջին ճիգը՝ թշնամուն հարվածելու համար»: Գեներալ Մովսես Սիլիկյան, 1918 թ., մայիս, Երևան

«Ով զենք չունի՝ թող վերցնի, ով ձի չունի՝ գտնի, ես կառաջնորդեմ ձեզ դեպի Սուրբ պատերազմ: Եթէ մենք ձեռներս ծալած նստենք սպասենք, որ ռուսը կամ անգլիացին մեր փոխարէն կռւեն եւ մեր հողերը մեզ վերադարձնեն՝ ոչինչ չենք հասնի: Իմացէք, մեծ ժողովրդներն էլ ուժեղներին են պաշտպանում: Թոյլերին տէր կանգնողներ չեն լինում: Կոչ եմ անում. մահ կամ ազատութիւն: Ուրիշ ճանապարհ չկայ»: Գարեգին Նժդեհ, 1918 թ., Մայիս, Ղարաքիլիսա

«Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին…»:             Նիկոլ Փաշինյան,  2020 թ., նոյեմբեր, Երևան:

Այս մեջբերումներից հետո կարելի էր ոչինչ չգրել, ամեն մի հայի համար արդեն իսկ պարզ է ասելիքը: Սակայն, Ավարայրի ճակատամարտի 1570-րդ տարելիցի (որի մասին Հայաստանում կեսբերան անգամ չհիշվեց), Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի 103-րդ տարելիցերի նկատմամբ մեր ունեցած երախտապարտ զգացումներն ու բարոյական պարտքը, այդ գոյապայքարներում նահատակված հերոսների հիշատակը հրամայաբար հուշում, պահանջում են մեկ անգամ ևս միտք անել, թե՝ որտեղից ո՞ւր հասանք:

…451 թվականին, երբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը, Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ՝ նրանց սահմանում դիմագրավելու և երկրի ավերումը կանխելու համար: «Չիմացյալ մահը մահ է, իսկ իմացյալը՝ անմահություն». այս հավատամքով մարտի նետվեցին հայ քաջազուններն ու անմահացան՝ հայրենիքը և սուրբ հավատքը պաշտպանելով:

Ժամանակի և պատմական անցքերի հոլովույթում հայ ժողովուրդը մեկ անգամ չէ, որ երդումի պես կրկնել է Վարդանանց պատգամը և մահուկենաց գոյապայքար-ներում հաստատել իր ապրելու կամքն ու իրավունքը: Այդպես եղավ նաև Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում:

1918 թվականի փետրվարին հարձակման անցնելով՝ թուրքական բանակը հաջորդաբար սկսեց գրավել Արևմտյան Հայաստանի բնակավայրերը, ապրիլին, շարժեց դեպի Անդրկովկաս։ Թուրքական զորքերն արագ հարձակումով մայիսի 15-ին գրավեցին նաև Ալեքսանդրապոլը՝ նվաճման սպառնալիք ստեղծելով ամբողջ Արևելյան Հայաստանի համար:

Թուրքական զորքերի մի խմբավորում Ալեքսանդրապոլից շարժվեց դեպի Արարատյան դաշտ՝ Երևանը և Էջմիածինը գրավելու, իսկ մյուսը՝ Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր): Հայ ժողովրդի գլխին նորից կախվեց բնաջնջման վտանգը։

Թուրքերին դիմակայելու համար ստեղծվեց Երևանյան զորախումբը, որի հրամանատարն էր գեներալ Մովսես Սիլիկյանը։

Արարատյան դաշտ ներխուժած թուրք ասկյարները (զինվորները) մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ (Արմավիր) գյուղն ու կայարանը։ Հայ ժողովուրդը ազգային-ազատագրական պայքարի ելավ, ուր վճռվելու էր նրա լինել-չլինելու հարցը։

Մայիսի 22-ի վաղ առավոտյան եկեղեցու զանգերի ղողանջների ներքո սկսվեց Սարդարապատի պատմական ճակատամարտը։ Սարդարապատի զորաջոկատը, որի հրամանատարը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր, հրետանային նախապատրաստությունից հետո անցավ հակահարձակման։ Հայկական զինուժը հուժկու գրոհով հետ վերցրեց թշևամու կողմից մեկ օր առաջ գրաված Սարդարապատը։ Թուրքերը, մեծ կորուստներ տալով, խուճապահար նահանջեցին մինչև Արաքս կայարանի մոտակա բարձունքները։ Իսկ մի քանի օր տևած համառ ու ծանր մարտերից հետո թուրքական 15-հազարանոց զորքը ջախջախվեց և նահանջեց դեպի Գյումրի։

Սարդարապատի ճակատամարտին գրեթե զուգընթաց ահեղ մարտեր մղվեցին նաև Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում։ Մայիսի 22-ին թուրքական մի դիվիզիա, գրավելով Սպիտակը, շարժվեց Բաշ-Ապարան՝ նպատակ ունենալով Երևանի վրա գրոհել հյուսիսից, մտնել Արարատյան դաշտ և Սարդարապատի մոտ հայկական զորամասերին հարվածել թիկունքից։ Ստեղծվեց հարվածային խումբ։ Հայկական զորամասը, Դրոյի հմուտ ղեկավարությամբ, ոչ միայն կասեցրեց թուրքերի առաջընթացը, այլև խիզախ հակագրոհով փախուստի մատնեց թշնամուն։

Մայիսի 24-28-ը ահեղ մարտեր տեղի ունեցան Ղարաքիլիսայի մոտ։ Երկու կողմերն էլ ունեցան մեծ կորուստներ։ Չնայած թշնամին ի վերջո գրավեց Ղարաքիլիսան և շարժվեց առաջ, սակայն այնտեղ նույնպես հայերը ցույց տվեցին հիրավի հերոսական դիմադրություն։ Դա խոստովանել է հենց թուրք հրամանատարությունը։ Ղարաքիլիսայի կռիվներում աչքի ընկան սպաներ Ա. Բեյ Մամիկոնյանը, Ն. Ղորղանյանը, Գ. Նժդեհը, մարտերում հերոսաբար զոհվեց կապիտան Գ. Տեր-Մովսիսյանը և ուրիշներ։

Այսպիսով՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։

Մայիսյան հերոսամարտերը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն էին։ Ավելին, եղեռն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը։

Այդ հերոսամարտերը դարձան հայոց նոր ժամանակների Ավարայրը, որ իրենց խաղացած դերով ու նշանակությամբ, հիրավի, հայ ժողովրդի պատմության ամենահերոսական դրվագներից են։ Դրանք հայ ռազմիկներին ոգևորեցին նաև Արցախյան հերոսական  19881994 թ.թ.  գոյապայքարի ժամանակ, Շուշի բերդաքաղաքի ազատագրման մարտերում:

Ադրբեջանցիների առաջարկով հաստատված հրադադարից հետո, 1994 թ.-ից, Արցախի և Հայաստանի հանրապետությունների համար սկսվեց խաղաղության մի շրջան՝ լուսավոր գալիքի նկատմամբ վառ հույսերի տեսլականներով:

Վրա հասավ 2020 թվի սեպտեմբերը: Թշնամու լայնածավալ հարձակմանը դիմագրավող հայոց բանակն ու նրան սատարող համայն աշխարհի հայությունը, մայր ու մանուկ, փոքրից մեծ, հավատացած էին, որ դարավոր թշնամին պարտվելու է, հաղթանակը մերն է լինելու: Այդ մասին էին վկայում նաև ամեն օր պարբերաբար տրվող պաշտոնական հաղորդումները: Եվ ո՞ւմ մտքով կանցներ, որ այդ լուրերը կեղծ էին, խաբկանք, հորինովի, որ ապիկար կառավարությունն ու բանակի բարձրագույն հրամանատարությունն ըստ ամենայնի չեն կազմակերպում մարտական գործողությունները, հանուն հայրենիքի մարտնչող մեր զավակներին, դավադրաբար,  ոչ թե ռազմաճակատ են ուղարկել, այլ՝ սպանդանոց, որ պարտությունն արդեն իսկ կանխորոշված է և դա հաստատվեց նոյեմբերի 9-ին՝ ժողովրդից գաղտնի ստորագրված համաձայնությամբ…

5000 զոհ, 11.000 վիրավոր, 3000-ից ավելի անհետ կորած ու գերության մեջ գտնվող զինվորներ, 35.000 անօթևան մնացածներ, թշնամուն զիջած Շուշի բերդաքաղաք, Արցախի տարածքի 75 տոկոս ու բազմադարյան մշակույթի հարյուրավոր  կոթողներ: Սա է դավադիր պարտության գինը:

Այդ ամոթալի համաձայնագրի ստորագրումից  անցել է վեց ամիս, սակայն մեր սահմանները դեռևս հուսալի պաշտպանված չեն: Ավելի ճիշտ կլինի ասել՝ ընդհանրապես չեն պաշտպանվում, և ամեն մի լուսաբացի հետ մարդիկ իմանում են, որ թշնամու զինվորները կրկին առաջ են եկել՝ ինքնիշխան մեր պետությունից զավթել նոր տարածքներ, սպառնալիք ստեղծել հայկական սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչության նկատմամբ: Բանն այնտեղ է հասել, որ թշնամին ոչ միայն անարգել շարունակում է քայլ առ քայլ առաջանալ, այլև հայ զինվորներ են զոհվում և գերեվարվում՝ մեր իսկ հողի վրա:

Ի՞նչ է անում կառավարությունը: Ճամարտակում է, դատարկախոսում՝ սպասելով մոտալուտ ընտրություններին, հույս տածելով, թե հաղթելու է ընտրություններում, շարունակելու է ղեկավարել:

Հայաստանը, բազում դարերի ընթացքում հազարումի փորձություններ, զրկանքներ, պատերազմներ, եղեռն ապրած հայ ժողովուրդն այսօր խոր շփոթմունքով մութ թմբիրի մեջ է ու մայիսեան գոյապայքարների իր հաղթական տարելիցերը նշում է պարտվածի գլխահակությամբ:

Իսկ նվիրյալները համախմբվելու կոչերով  ելք են փնտրում…

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

«Հայկական Փողոց»

Դոկտ. Հրայր Ճէպէճեան, Նիկոսիա, 23 Յունիս 2016  «Ուրբաթ Օրերը Աշխատանքը Կը Դանդաղի» Պուէնոս Այրես, Արժանթին: Մայիս 2016: Իջեւանած…
Read More

Հիմա Էլ Լռե՞նք

Փոխան Խմբագրականի Սամվել Հովասափյան, Բեռլին, Մայիս 2011 Երբեմն մեզ մնում է միայն անզորությունից և անելանելության զգացումից նստել և…
Read More