Արարատի ուխտավորը

Սամվել Խալաթյան, Երևան, 19 Հոկտեմբեր 2021

Ապուպապերով Սալմաստ-Խոյից է, տաղանդով՝ Տիեզերքից:

1953 թվականի փետրվարի 22-ին, Մասիսի գագաթին հանգրվանող հրեշտակների թևից մի աղավնափետուր պոկվեց և օրորվելո՜վ, օրորվելո՜վ իջավ ու մեղմիվ նստեց Արարատի ստորոտին ծաղկող Վերին Արտաշատ գյուղի ամենահին՝ 1798 թվականին կառուցված շենքի տանիքին: Նույն այդ պահին՝ երեխայի ճիչը նորածնի աշխարհ գալն ազդարարեց…

Դարավոր այդ օջախում, երբևե, եթե ճչացել են, ապա միայն այդպես՝ երկունքից:

Գյուղի կյանքում դա սովորական-անսովորի  ծնունդ էր: Սովորական, որովհետև հեռավոր 1828 թվին, երբ Թուրքմենչայի պայմանագրից հետո Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղից 30 ընտանիք, ներգաղթելով, Մասիսի դեմդիմաց՝ Դվինի փլատակների մերձակայքում, հիմնեց այս գյուղը, իր պատմության ընթացքում, այդ 30 ընտանիքից ընձյուղվել են բազմաթիվ հայտնի մարդիկ՝ շուրջ 30 գիտությունների թեկնածու, 6 դոկտոր-պրոֆեսոր, 3 գեներալ, 100 գյուղատնտես և նույնքան ճարտարագետ ու բժիշկ, 400-ից ավելի ուսուցիչ… Նաև անսովոր էր այդ ծնունդը, որովհետև, Աստծո կամոք, ժառանգական տաղանդների բնօրրան Փայաջուկը, որտեղ ծնվել է նաև հայ մեծ վիպասան Րաֆֆին, ահա այստեղ՝ Արարատի ստորոտին, իր բեկորներից լույս աշխարհ էր բերում իր առաջին  Գեղագետին՝ որի ավետաբեր փետուրը վրձին էր դառնալու նրա ձեռքում և կերտելու էր երկրային դրախտի՝ Հայքի անկրկնելի պատկերներ:

Նորածնին կոչեցին նշանավոր նախապապի անունով ՝ Շմավոն: Նախապապին համագյուղացիներն  այսօր էլ երախտագիտությամբ են հիշում: Արարատամերձ նորաստեղծ շենում քահանա չկար: Իսկ դա նշանակում էր, որ մկրտություն չկա, պսակ չկա, դպրոց չկա, ազգային արժեքները պահպանելու, ամրապնդելու մթնոլորտ չկա: Բա էլ ինչո՞ւ թոթափեցին օտարի ծանր լուծը, որ գան ու Աստվածագահ լեռան ստորոտին մոռանա՞ն իրենց ինքնությունը: Եվ արդեն կարգված Տեր Շմավոնը ստանձնում է քահանայությունը՝ գյուղում հիմնարկելով ոչ միայն Սրբոց վարքի ուսմունքը, այլև անվանադիր դառնալով իր փառավոր գերդաստանին, որի շառավիղներից ոմանք, ձեռնադրվելով, շարունակեցին մեծ պապի գործը, ոմանք նախընտրեցին բժիշկ դառնալ կամ մանկավարժ, իսկ թոռներից մեկը՝ պետական խորհրդական, գեներալ Արամ Տեր-Շմավոնյանը, ցարական բանակի 20-րդ հետևակային դիվիզիայի գլխավոր բժիշկն էր: Գեներալի աղջիկը Սարդարապատի հերոսամարտի նշանավոր հրամանատար  Դանիել Բեկ-Փիրումյանի հարսն էր:

Տասնամյակներ շարունակ Տեր-Շմավոնյան տոհմը, ինչպես որ ցարական և թուրք-բոլշևիկյան մեծապետական խաղերում տառապող երկիրը, անլուր մաքառումներ ունեցավ, բայց չկորցրեց լուսեղեն հույսը, բարությունն ու մարդասիրությունը, հավատը՝ վաղվա օրվա նկատմամբ: Եվ տարիներ անց, գյուղի հիմնադրումից ճիշտ 170 տարի հետո, ԱՄՆ-ի «Պրովիդենս» առողջապահական կենտրոնում, երբ Տեր Շմավոնի ծոռը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը, իր կտավները նվիրաբերեց հիվանդանոցին, իսկ ցուցահանդես-աճուրդից գոյացած գումարը՝ քաղցկեղով հիվանդներին, նկարչին բնութագրեցին՝ «Նրա նկարներից լույս, բարություն, մարդասիրություն և ապագայի նկատմամբ հավատ է ճառագում, որոնք պետք է լինեն թե՛ բժիշկների, թե՛ քաղաքական գործիչների և թե յուրաքանչյուր դաստիարակված մարդու գործունեության հիմքում»:

Ի՞նչ իմանային Վերին Արտաշատից հազարավոր մղոններ հեռու ապրող ամերիկացիները, որ իրենք ակամա թվարկում են նկարչի տոհմի Հավատո հանգանակի հյուլեները, որոնցով ցողված էր նաև ավետաբեր այն աղավնափետուրը, որը վրձին դարձավ Վարպետի ձեռքում:

Այդ լուսեղենությունից ցանկացան ունենալ նաև Լոս-Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանում՝ մշտական ցուցադրության վերցնելով նրա կտավներից մեկը, իսկ Կալիֆորնիա նահանգի սենատն օրենք ընդունեց, որ  Շմավոն Շմավոնյանի նկարն իր պատվավոր տեղն ունենա սենատում: Շուտով, Կանադայի Մոնրեալ քաղաքում գործող ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով զբաղվող խորհրդում խորհրդատվական կարգավիճակ ունեցող ինֆորմատացման միջազգային ակադեմիան Շմավոնյանին շնորհեց ակադեմիկոսի պատվավոր կոչում:

Շմավոն-արտիստի բազմարար ներկայացման մեջ գլխավոր հերոսն Արարատն է՝ վեհանիստ Հայկազնը, որի փեշերին Արարատյան դաշտի անդաստաններն են՝ տարվա եղանակների բերած հարանորոգ գունեղությամբ: Դրանք առանձին վերնագրեր չունեն: Եվ մի՞թե Արարատին վերնագիր է պետք:

Ահա՝ ձյունաճերմակ Վեհը, որպես երկինք-երկրի կամուրջ, հիմքերի վրա՝ այգեստանների նախշազարդեր: Սաղարթների շնկշնկոցը նրա հավերժության վարկյաններն են հաշվում և, թվում է, շրթերիդ վրա փշատենու ծաղկափոշի նստեց:

Ահա՝ հայոց լեռների թագակիր Նահապետը, ծնկներին բացած իր լեռնոտ տարեգրության էջը, որի դարավանդների վրա ջնջվում  են բազմանուն հրոսակների հետքերը՝ մաճկալի հերկի աղեղներով:

Ահա՝  երկրից երկինք ձգվող սանդղոտն լեռնաստանի վերին աստճանը, ամպոտ և հպարտ իր արարչամերձությամբ:

Ահա՝ երկնից արքա Արամազդի կերպարանքված ոգին, որ իր լայնատարած գրկում փայփայում է Անահտական արգասաբեր պտղաբերությունը՝ օծված Աստղիկի գեղեցկությամբ, Տիրի իմաստնությամբ վեր հառնած տաճարները, Նանեի ողջախոհությամբ օրհնված շեները, իսկ վերին խորխորատի սրտում բոցկլտում է նրանց պաշտպան Վիշապաքաղի ասպազենը:

Լայնաշերտ վրձնահետքերով արտահայտված գունեղեն ամբողջությունը, որի առանձին հատվածներ նույնագույնի նուրբ երանգավորմամբ մեղմալիք մեղեդայնություն են ստեղծում, ներկայանում է որպես մի օրհներգ՝ ձոնված անձեռակերտ այն հրաշալիքին, որին Սրբոց դասում են տեսել հարյուրավոր սերունդներ:

Շմավոնյանի կտավներում Մասիսների կերպարը, մթագնած, թե՝ պայծառ, խրոխտ, թե՝ հովվերգական, համահունչ է նրա լանջերին և ստորոտին տարածվող աշխարհի ներքին խռովքի կամ ծաղկուն հանդարտության հետ: Փորձեք այդ կտավների վրա, մտովի, հորիզոնական սահմանագծով չտեսնել Մասիսները: Անդաստանը, որքան էլ որ գունեղ, որբանում, դառնում է անհասցե և անտիրական: Եվ փորձեք անտեսել անդաստանը, միայն Մասիսներին նայել՝ անհույզ մի լեռ կհառնի ձեր դեմ: Սա նկարչի խոհն ու համոզմունքն է, որ կա նաև յուրաքանչյուր հայի սրտում: Սա սոսկ զգացում չէ, այլ՝ աշխարհի մեծ ու փոքրին հղված ուղերձ: Այդ ուղերձը Շմավոն Շմավոնյանը  հղել է Աբու Դաբիում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ստամբուլում,  Ֆրանսիայում,  Բեյրութում, Անգլիայում,  Քուվեյթում  և  ԱՄՆ-ում՝ վեցակի բացված իր ցուցահանդեսներով: Նա դրանով ներկայանում է ամեն օր ու ժամ՝ բազմաթիվ թանգարաններում ու անձնական հավաքածուներում եղած իր կտավներով:

Եվ, եթե ճիշտ բնորոշում է, երբ հոգեպարար մի երաժշտության մասին ասում ենք՝ գունեղ, ապա երիցս ճշմարիտ է, եթե Շմավոն Շմավոնյանի Արարատին ձոնված  տասնյակ ու տասնյակ կտավները բնութագրենք սաղմոսերգ  բառով:

***

Շմավոն Շմավոնյանը Վերին Արտաշատում և Երևանում տուն և արվեստանոց ունի: Երկուսից էլ երևում է Արարատը:

Պապենական գյուղից նայելիս նրա աչքերում ապուպապերի հայացքն է, Երևանից նայելիս՝ իր զավակների ու թոռների:

Ինքը՝ սրբավայրից չհեռացող ուխտավորն է:

Հ.Գ. ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանին ծանոթացեք նաև այս հղումով՝

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Թուրքը Չի Փոխուիր

 Արմէն Քիւրքճեան, Թորոնթօ, 22 Ապրիլ 2016 17 Մարտ 1919: 1914-ին, իրաւագիտութեան դոկտորայի աստիճան ստացած բանաստեղծ, լրագրող, հրապարակախօս Արմին…
Read More