Ժամանակի շավղից դուրս սայթաքած…

Սամվել Խալաթյան, Երեւան, 31 Հոկտեմբեր 2023

Երկիր մոլորակի թե՛ կենդանական ու բուսական տիրույթում և թե՛ մարդկային հանրության մեջ կյանքի դրսևորման բազմաբնույթ ու տարատեսակ առօրյան կարող է միանպատակ դառնալ, երբ մեծ ու ավերիչ աղետներ են պատահում:

Իր տեսակը, ինքնությունը, ժառանգականությունը պահպանելու ինքնապահպանության բնազդը բոլորին է յուրահատուկ: Բոլոր արարածները ապրելու տենչով մղվում են դրան, այն տարբերությամբ միայն, որ մարդ արարածը բնատուր այդ հակումն իրագործելիս օգտագործում է նաև իր բանականությունը, որում ամփոփված են նրա պատմական փորձն ու գիտելիքները, դրանց առաջնահերթություններն ընտրելու կարողությունը:

Հակառակ դեպքում՝ տեսակը վերանում է:

Իր բազմադարյա պատմության մեջ հազարավոր կործանիչ արհավիրքներ ապրած հայ ժողովրդին փրկել են հենց դրանք՝ ապրելու տենչով սնվող փորձն ու գիտելիքները և, իհարկե, ոչ մի ահարկու ուժից չերկնչելու, չնահանջելու ինքնազոհ մեծ համարձակությունը:

Բայց ահա՛ վերջին տարիների իրադարձությունները կարծես թե փոխում են ապագա տանող նրա հունը, և ազգովի ոչ միայն կորցնում ենք տեսակը պահպանել-պաշտպանելու Արարչատուր որակները, այլև, բարոյապես քայքայվում ենք՝ ժանգոտած երկաթի պես:

Ողբերգականն այն է, որ ոչ միայն դիմակայելու ցանկությունը չկա, այլև, հանրությունը լուռ և հոժար ընդունում, հաշտվում է բոլոր տեսակի կործանիչ երևույթների՝ պատերազմում ղեկավարների դավաճանությամբ պարտության, մարդկային, հոգևոր և տարածքային մեծ կորուստների, թշնամու բարեգթության մուրացկանության, նվաստացման, հզորների մոտ խամաճիկային վարքի, ինքնախաբեության, ինքնաժխտման, ընչաքաղցության, թալանի, օրենքների ոտնահարման հետ… Այս երևույթները ունակ են քաղաքակրթություններ կործանել, գերտերություններ փլուզել, ուր մնաց՝ մի փոքր ազգի, որն ընդամենը 32 տարի առաջ է վերականգնել դարեր առաջ կորցրած ինքնիշխանությունը և դեռ չի էլ վայելել դրա քաղցր պտուղները:

Ասվածը անտեղի խուճապի արդյունք չէ և ոչ էլ վատատեսի դամբանական: Մասնագետների հետ զրույցներս բերել են այն համոզման, որ մեր հանրության զգալի մասը տառապում է զանգվածային հոգեխանգարմունքով (mass psychosis), գիտական բացատրությամբ՝ համաճարակ, որի ախտանիշները տարածվում են մարդկանց մեջ՝ չնայած իրական վարակիչի բացակայությանը։ Այն սնվում է տարբեր հույզերով, ներառյալ վախը, տխրությունը և անհանգստությունը: Զոհերը սովորաբար ենթարկվում են հոգեկան ծանր սթրեսի՝ շաբաթներ կամ ամիսներ շարունակ:

Հարց է առաջանում՝ որո՞նք էին այն նախադրյալներն ու պատճառները, որ դարավոր թշնամու դեմ հաղթանակ տարած, իր արարման կարողություններին վստահ ժողովրդին ընդամենը հինգ տարում այսպիսի ողբերգական վիճակի հասցրեցին:

Այս մասին թեր ու դեմով ասվել ու ասվում է: Մենք փորձենք դիտարկել անկողմնակալ ու սթափ տեսանկյունից:

«Բանականության քունը հրեշներ է ծնում»

Վաղուց ի վեր հասունացած աշխարհաքաղաքական վերաձևումների թնջուկի լուծումը գերտերություններին ի վերջո հակամարտության ռազմաբեմ պիտի դուրս բերեր: Արդեն իսկ ականատեսն ենք՝ միմյանց դեմ կրկին ծառս են ելել Արևմուտքն ու Արևելքը՝ առանց միջոցների խտրականության:

Աշխարհաքաղաքական նմանօրինակ իրավիճակներում նորաստեղծ, մանավանդ՝ փոքր տարածք ունեցող ինքնիշխանությունները, ոտքի տակ չընկնելու, ձեռքբերումները, պետականությունը չկորցնելու, ավելին՝ իրենց ազգային շահն ավելացնելու և ամրապնդելու համար, «կտրելուց առաջ» 7-ի փոխարեն 70 անգամ պիտի չափուձև անեն: Երկրում պիտի բացառեն պետականությունն ու հասարակությունը քայքայող, պառակտող, ստվերոտ բոլոր երևույթները՝ գերակա ընդունելով ազգային-հոգևոր լավագույն ավանդույթներն ու դրանց զարգացումը, կրթությունն ու դաստիարակությունը, երկրի տնտեսական ու ռազմական հզորացումը, դիվանագիտության բարձր մակարդակի ապահովումը և, վերջապես, մեր դեպքում՝ սփյուռքի հետ այնպիսի կենսունակ սերտ համագործակցության ստեղծումը, որը հզոր միջնաբերդ կլիներ մոլորակի վրա մեր ինքնությանը սպառնացող ամեն տեսակի նկրտումների դեմ:

Իսկ ի՞նչ կատարվեց մեզանում: Անկախության հռչակումից հետո Խորհրդային Հայաստանի անբավ հարստությունը կապիտալի նախնական կուտակման, շուկայական նոր հարաբերությունների արմատավորման տարփողմամբ, անհեռատեսորեն և միտումնավոր փոշիացվեց՝ լայն ասպարեզ բացելով գործամոլների, ինչպես նաև նորօրյա ճարպիկների ու խարդախների առաջ, ովքեր ահռելի հարստություն դիզեցին, ապաև, իրենց սոցիալական պաշտպանությունն ապահովելու համար մղվեցին Ազգային ժողովի պատգամավորի լիազորագիր (մանդատ) ունենալուն: Ցուրտ ու մութ տարիներին, և հետո էլ, «բարեգործների» պակաս չկար, ովքեր «հանուն հարազատ ժողովրդի» փող, մթերք ու այլ բաներ էին բաժանում երկրաշարժի և Արցախյան պատերազմի ծանր հարվածներով ապրող ժողովրդին՝ ընտրաձայնի դիմաց: Եվ ԱԺ-ն համալրվեց քրեական անցյալ ունեցող ոչ քիչ թվով մարդակերպերով, թաղային հեղինակություններով, հեներով… Իրար հաջորդող կառավարությունները նրանց չէին խանգարում: Եվ ինչո՞ւ խանգարեին, եթե նախարարների մեծ մասն զբաղված էր թալանի «ավելի քաղաքակիրթ» տեսակներով՝ արտասահմանյան երկրներից և սփյուռքից ստացվող օգնությունների յուրացմամբ, տնտեսական և սոցիալական տարբեր բնագավառների զարգացման պատրվակով միջազգային բանկերից անհատույց կամ ցածր տոկոսադրույքով վարկեր վերցնելով, նորօրյա օլիգարխների հետ «50/50» գործարքներով… Անգամ սխրանքներով ու գերբնական ջանքերով ստեղծված հաղթանակած բանակը զերծ չմնաց հետևողական թալանից:

Եվ մինչ ազգային ջոջերն իրենց ոսկիներն էին հաշվում և ոտքի տեղ անում օֆշորային գոտիներում, աշխարհաքաղաքական վերաձևումների պատրաստված, ամեն ինչ հաշվարկած ու նախապատրաստած ուժերը, ֆինանսական մեծ միջոցներ ներդնելով, վաղուց գործի էին անցել: Խոստովանենք, որ հաջող քննություն բռնեցին Արևմուտքի՝ ետխորհրդային մի քանի երկրներում հասարակության բարոյական-հոգևոր նկարագրերի քայքայմանն ուղղված տարաբնույթ հասարակական կազմակերպությունների, աղանդավորական օջախների ստեղծումը և նրանց օժանդակությամբ գունավոր հեղափոխությունների կազմակերպումը, ինչպես նաև՝ պատերազմների սանձազերծումը:

Իմաստուն քաղաքագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ այդ ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Անդրկովկասից Ռուսաստանի ոտքը հեռացնելու քայլերին: Վրաստանում դա համեմատաբար դյուրին հաջողվեց: Հայաստանի պարագային՝ յուրահատուկ մոտեցում էր անհրաժեշտ, և ոչ միայն այն պատճառով, որ շուրջ 200 տարի հայերն իրենց ներշնչել են, թե ռուսներն իրենց ավագ եղբայրներն են, այլև, որ ՀՀ-ում է տեղակայված ՌԴ զինված ուժերի 102-րդ ռազմախարիսխը, ՀՀ-ը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է և այլն:

Եվ քանի որ ամենաանառիկ բերդերն անգամ ի զորու չեն պաշտպանվել ներսի դավադիրներից, Արևմուտքը որոշեց իր Տրոյական ձին հենց միջնաբերդում պատրաստել: Եվ գտնվեցին այդպիսիք, հոգին սատանային ծախածներ, որոնք հոգեբանական ու տեսական որակավորում անցնելուց հետո պատրաստ էին այդ «տրոյականությանը»:

«Մերժել Սերժին» կարգախոսն իրականում լավ նախապատրաստած ծրագիր էր, որի իրագործման համար հաջողությամբ օգտագործվեցին հանրության իրական դժգոհությունները իշխող «Հանրապետականների» նկատմամբ, և ամբոխի կույր ատելությունը՝ ամեն ինչի դեմ, որ իր հետ համասեռ չէ:

Հայտնի իրադարձությունները վերհիշելու կարիքը չկա: Ասենք միայն, որ «թավշյա հեղափոխությունը» փայլուն կերպով իրագործվեց՝ քաղաքական խաղի նոր սրբագրումներ թելադրելով Անդրկովկասում գերտերությունների մրցապայքարում: Արդյունքում ունենք այն, ինչը երեկ չունեինք և չենք ունենալու այն՝ ինչն այսօր դեռ մերն ենք համարում, քանզի ծրագրի իրականացումն իր ավարտին չի հասել:

«Դու որ անճարակ ես»

Տևական ժամանակ իր կորուստները ողբող, հարյուրապատիկ խաբված ու խաբվող, հուսալքված, սոցիալական ծանր պայմաններում ապրող ժողովուրդը կարո՞ղ էր զանգվածային հոգեխանգարման ախտանիշներից զերծ մնալ: Ի վերջո, մենք լեռնաբնակ ենք, բայց ոչ`քարից կերտված:

Որպես կանոն, կորստի հոգեմաշ ցավը հետո է գալիս, իսկ երբ հայրենիքից ենք բնաշխարհ կորցնում, այն էլ՝ այդքան դավադրական հոժարությամբ, ցավը փոխանցվում է սերունդներին:

Այդուամենայնիվ, հանրության մեջ, ոչ համընդհանուր, գուցե ոչ լիարժեք, գուցե ոչ լիովին գիտակցված, Արցախի կորստի և մեր երկիրն ու պետականությունը վտանգված լինելու իրողությամբ, կա՛ այդ ցավից ծնված ընդվզումը: Դա հենց այն ներուժն է, որ հարկավոր է շարժման մեջ դնել, բևեռացնել և պայքարի ճանապարհային խելամիտ քարտեզ առաջարկելով՝ մղել նպատակին: Բայց դրա համար կարողունակ խմբով առաջնորդ է պետք, մաքուր նկարագրով փորձառու անհատականություն, գիտակ և ազդեցիկ առաջնորդ:

Կա՞ այդ առաջնորդը: Չկա՛: Չունե՛նք: Այդպիսի անհատ մեջտեղում ցցուն չի երևում ներկայիս:

Սկզբնական շրջանի հանրահավաքներում, երթերում, երբ համեմատաբար մեծ թվով մարդիկ կային, շարժումն առաջնորդում էին անձինք, որոնց նկատմամբ ժողովուրդը, շատ մեղմ ասած, դրական հույզեր ու հուշեր չունի: Վերջին հանրահավաքներում էլ ոմանք երևակվեցին՝ առիթ տալով հիմնավոր կասկածի՝ դարձյալ աթոռակռի՞վ… Ասում են՝ չէ՛, մենք չենք գա իշխանության, կոչ ենք անում՝ միասին ելնենք, իշխանափոխություն անենք: Լավ, բա ովքե՞ր են գալու, ո՞ւմ ենք վստահելու հայրենիքի, ազգի, պետականության ապագան:

Չկա, ասված չէ ու չի ասվում:

Ասում են՝ Նիկոլն անընդհատ խաբում է ժողովրդին: Ճիշտ են ասում: Իսկ իրենք չե՞ն խաբել: Օ՜, այն էլ ինչքա՜ն…

Եթե նախկինները վրեժի մտադրություն չունեն և իշխանական աթոռները նրանց չեն հետաքրքրում, ապա ընդդիմադիր դիրքորոշում ունեցող զանգվածին առաջնորդողի տեղն ու դերը վաղուց պետք է զիջած լինեին կարողունակ գործիչների: Կա՛ն նրանք, կա՛ն, շատ ավելի իրատես, դիվանագետ ու պատկառազդու, քան վերջին տասնամյակներում մեզ ծանոթ դեմքերը, սակայն երկրորդ, երրորդ շարքում են սեղմված և երբեմն հարցազրույցներ տալով կամ յութուբյան ալիքներով են միայն երևում հանրությանը:

Հարց է՝ իսկ հանրահայտ նախկինների դերը ո՞րն է լինելու համաժողովրդական շարժման մեջ: Միանգամից ասեմ՝ ֆինանսավորելը: Աստղաբաշխական թվերի հարստություն են դիզել: Գալու է պահը, որ Նիկոլն իր «աշխարհաքաղաքական վերաձևումների» առաջադրանքը ավարտելուց հետո նրանց կուլակաթափ անելու ձևը կգտնի: Եվ դրա մեկնարկը արդեն իսկ տրված է:

Եվ նորից հարց է ծագում՝ իսկ նախկիններին ի՞նչ երաշխիքներ կարող են տալ իշխանության եկած նոր, ազգամետ ուժերը: Կարծում եմ, երաշխիքը մեկն է լինելու՝ խաղաղ, ազնվորեն մրցակցելով՝ զբաղվեք ձեր գործերով, շենացրեք երկիրը՝ քաղաքականության մեջ չաշխուժանալով: Իհարկե, խոսքս բոլոր նախկիններին չի վերաբերում: Կան հատուկենտ անձինք, որոնք պետք է լինեն թե՛ առաջին գծում, թե՛ ապագա իշխանության մեջ: ՔՊ-ում էլ կան կադրեր, որ վհուկների որսի թիրախ չպետք է դարձնել:

Իսկ մինչ այդ, առանց պահը կորցնելու, քանի դեռ մեր պատմական ընթացքի բոլոր անիվները խարխլված ու խոտորված չեն, պարտավոր ենք գիտակցել, որ մենք և մեր պետականությունը մոլորակի ժամանակի շավղից դուրս ենք սայթաքել, և որ մեր դժխեմ բախտը կոծելու փոխարեն համախմբվել ու գործել է պետք:

Այլ տարբերակ չունենք:

Նկարները՝ Ֆրանցիսկո Գոյայի օֆորտների շարքից

  1. «Ինչպիսի՜ ոսկեբերան»
  2. «Բանականության քունը հրեշներ է ծնում»
  3. «Դու որ անճարակ ես»
Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՕՐԱԳՐՈՒԹԻՒՆ

Սոյն գրութիւնը ստացեր էինք Սեպտեմբեր 27-ին սկսած Ազրպէճանա-թրքական նախայարձակումէն առաջ: Թէեւ անմիջականօրէն չ’առնչուիր ներկայիս ընթացող ռազմական գործողութիւններուն հետ,…
Read More