Որտե՞ղ բույն կհյուսի ծիծեռնակը…

Երկրաբանական թանգարանը, Շուշի

Սամվել Խալաթյան, Երևան, 29 նոյեմբեր 2023

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում…
               Ղազարոս Աղայան

…Ո՞վ ենք մենք, վերջապես — նաիրցիներս։
Ի՞նչ ենք մենք և ո՞ւր ենք գնում։
Ի՞նչ ենք եղել երեկ և ի՞նչ պիտի լինենք վաղը։
                                                       Եղիշե Չարենց

Անկարելի է դուրս գալ այն մղձավանջից, որով դարեր շարունակ պարուրված է հայոց միտքն ու հոգին, տանջալից երազի պես շնչարգելում, դարեր շարունակ հրամայաբար հարցնում է, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է լինում, որ մենք՝ սերնդից-սերունդ, անձնուրաց կերպով, մեր արյամբ սնուցում ենք սուրբ հողն ու ոգեղեն, նյութեղեն տաճարներ կառուցելուց հետո, հատված առ հատված, զիջում ենք թշնամուն:

Ինչո՞ւ, ինչպե՞ս է լինում, որ մեր ազգի պատմությունն ամփոփող հայրենիքի մեծ մասը փոխված անվանումներով լի քարտեզ է, քարտեզ-հայրենիք է, լուսանկար-հայրենիք է, հուշ-հայրենիք է:

Վերջերս ավելացավ ևս մեկը: Դիտեք Արցախի հնագույն մշակույթի հուշարձանների տեղավայրերը նշող քարտեզը, ու քայլ առ քայլ հաշվեք կորցրածները: Դրանք սոսկ տարածք ու շինություններ չեն, այլ մեր ինքնության մի մասն են, մեր հարատևությունը սնուցող զարկերակները:

Այսպես մինչև ե՞րբ, այսպես մինչև ո՞ւր: Մինչև անշունչ քարտեզ-ինքնությո՞ւն, լուսանկար-ինքնությո՞ւն, հուշ-ինքնությո՞ւն…

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական խորհրդի տվյալներով, 44-օրյա պատերազմի հետևանքով բռնազավթված տարածքներում՝ Շուշիի և Հադրութի շրջաններում, Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել 10 թանգարան՝ 17070 ցուցանմուշներով, արվեստի գործերի 8 հավաքածու՝ 1077 ցուցանմուշներով: Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանության հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել ևս 8 թանգարան:

Ինչ-որ չափով, գուցե, բացատրելի է, որ 44-օրյա պատերազմի, այդուհետ՝ բռնագաղթի թոհուբոհում, տեղի իշխանությունը ոչինչ չձեռնարկեց դրանք տարհանելու համար, բայց որ Հայաստանի Հանրապետության մշակույթի պատասխանատուների կողմից էլ տարհանման խնդիր չդրվեց՝ անտրամաբանական իրողություն է:

Լավ, փորձենք մեզ ստիպել և «անջատելով» ուղեղը, տրամաբանության սոսկ մեկ հազարերորդի մասով մի կերպ համաձայնել ՀՀ ղեկավարի հետ, թե Արցախը ադրբեջանական տարածք է: Սակայն այդ տարածքի վրա հազարավոր տարիներ ապրած հայերի ստեղծած պատմամշակութային արժեքնե՞րն էլ էին ադրբեջանական, որ այդքան սառնասրտորեն, անտարբերորեն զիջվեցին թշնամուն:

Պատմության թանգարանը, Շուշի

Շուշիի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը 44-օրյա պատերազմի ժամանակ կարողացավ ադրբեջանական ոչնչացումից փրկել թանգարանի գորգերի, խեցեգործական իրերի զգալի մասը։ Այդ նմուշները տեղափոխվեցին ՀՀ, սակայն, մինչ օրս դրանց պահպանման համար հիմնական որևէ տարածք չի տրամադրվում, գորգերը մի թանգարանից տեղափոխվում են մեկ այլ թանգարան, մի տարածքից՝ մեկ այլ տարածք։

Վերջին անգամ դրանք ապաստանեցին և շուրջ մեկ տարի ցուցադրվեցին Վանաձորի Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում: Հունվարին պետք է տեղի ունենար նաև խեցեղենի ցուցադրություն։ Սակայն օրերս Վ. Ասծատրյանին Վանաձորից զանգել և ասել են, թե վարչակազմից հանձնարարել են գորգերը հանել։ «Ես գորգերը վերցրել ու տարել եմ մասնավոր հատված: Թե ո՞րտեղ, այս պահին չեմ կարող բարձրաձայնել»,– լրագրողներին ասել է Վարդան Ասծատրյանը՝ տարակուսանքի մեջ թողնելով, թե ի՞նչն է ստիպել նրան՝ դրանք գաղտնավայրում թաքցնել:

Գորգերի ցուցադրությունը Վանաձորում

Հավելենք, որ Շուշիի թանգարանի ցուցանմուշների մի հատված՝ 100-120 գորգ, ինչպես նաև կենցաղային իրեր, խեցեղեն, բրոնզե դարի և քարե դարի առարկաներ, որոնք չի հաջողվել տեղափոխել, մնացել են Շուշիում։ Առանց ժամանակ կորցնելու, ադրբեջանցիները թեթևակի վերանորոգել են թանգարանն ու Ալիևի մասնակցությամբ հանդիսավոր բացում կատարել՝ դրանք ներկայացնելով որպես ադրբեջանական: Տեղին է հիշել հայկական հին առածը՝ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գայլը»:

Այսքանից հետո մենք բարոյական իրավունք ունե՞նք դժգոհելու, բողոքելու, թե մեր արյունարբու, քոչվոր հարևանները նենգափոխում, յուրացնում են հայկական հնագույն մշակութային գանձերը:

Գորգերի թանգարանը, Շուշի

Որքան էլ որ դաժան հնչի, իրողությունը հանգեցնում է այն փաստին, որ Արցախի հայաթափմամբ ավարտվում է այդ բնաշխարհի մարդկանց մշակութային արարումների պատմությունը, որը հայոց պատմամշակութային անդաստանում կարի ուրույն է և առանձնակի:

Այդ արժեքները սկզբնավորող-ստեղծողների թոռուծոռները, որ ավանդաբար շարունակում էին արարել իրենց հինավուրց բնաշխարհում, այժմ անտունի են, սփռված Հայաստանի Հանրապետության բնակավայրերում, ծվարած ժամանակավոր ծածկերի տակ: Նրանցից 2600-ը, հիմնականում՝ Ստեփանակերտից, Շուշիից, Հադրութից, Մարտակերտից ու Մայրաբերդից (Ասկերան), ապաստանել են Լոռու մարզի քաղաքներում և գյուղական բնակավայրերում: Հատկանշական է, որ այդ ընտանիքների մեծ մասը, շուրջ 70 տոկոսը, 4 և ավելի երեխաներ ունեն:

Տեղական իշխանության ներկայացուցիչները կազմել են բռնագաղթվածների ցուցակները, սկզբնական շրջանում օժանդակել ժամանակավոր կացարաններում տեղավորվելու, կառավարության որոշած գումարներն ստանալու և մի քանի մասնավոր հարցեր լուծելու գործերում և, կարծես թե, իրենց գործը համարել են ավարտած: Բռնագաղթվածների հետ հիմնականում կապ են պահպանում և նրանց պարբերաբար այցելում, օժանդակում են ՄԱԿ-ի գրասենյակից, Հայկական Կարմիր խաչի ընկերության Լոռու մասնաճյուղից, «Հայկական Կարիտասից», ինչպես նաև սոցիալական հիմնադրամների ներկայացուցիչներ և, իհարկե, առաջին իսկ օրերից, մշտական բարեխնամությամբ, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը՝ հանձինս թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և արժանապատիվ Տեր Վահան ավագ քահանա Ազարյանի: Թեմին կից գործող սոցիալական կենտրոնում ամենօրյա հետաքրքիր միջոցառումներում ընդգրկված են տասնյակ արցախցի երեխաներ:

Կերպարվեստի թանգարանը, Շուշի

Այցելելով մի քանի ընտանիքների և հյուրընկալվելով նրանցում, զարմանք ապրեցի ի տես այդ մարդկանց անընկճելի կամքի ու կորովի: Թվում էր, թե ներկա եմ լինելու լաց ու կոծի, խնդրանքների ու պահանջների… (Թող ներվի ինձ ասել, այդպիսի իրավիճակի հանդիպել եմ 1988-90-ականներին՝ ադրբեջանական տարբեր վայրերից բռնագաղթվածներին տեսակցելիս): Մինչդեռ, իմ հանդիպած արցախցիների շրջանում, առանց ներքին պայմանավորվածության կամ ցուցադրականության, գրեթե բոլորն էլ ունեին նույն վերաբերմունքն ու համոզմունքները, որոնք կարելի է խմբավորել այսկերպ.

  1. Երազում են ետ գնալ և իշխանությունների առաջին իսկ մարտակոչի դեպքում պատրաստ են զինվորագրվել:
  2. Վճռականորեն չեն ցանկանում լուսանկարվել կամ իրենց անունները հրապարակել մամուլով, չեն սիրում, որ խղճում են իրենց:
  3. Մի մասը տեղավորվել է աշխատանքի, մի քանիսը սեփական գործ են սկսել, մեծ մասն աշխատանք է փնտրում:
  4. Ելնելով ՀՀ-ում և, մասնավորապես, Լոռու մարզում աշխատատեղերի սղությունից, այլ երկրում բնակվելու հավանականությունը չեն բացառում:

Վերջին կետն իհարկե մտահոգող է, բայցև՝ անխուսափելի, քանզի իշխանություններն այդպես էլ հստակ, հիմնավոր քաղաքականություն ու ծրագիր չեն մշակել բռնագաղթված հազարավոր արցախցիների հետագա ճակատագրի վերաբերյալ, և նորանոր հիմնախնդիրների ծառանալը վերահաս է:

Բախտի քմահաճույքին թողնված մարդիկ ուշ թե շուտ ստիպված կլինեն ելք որոնել: Արդեն իսկ կան ընտանիքներ, որոնք փորձում են համապատասխան ծառայությունների դիմելով փախստականի կարգավիճակ ստանալ, որը արևմտյան երկրներից մեկում քիչ թե շատ ապահով ապրելու հնարավորություն կստեղծի:

Եվ դարձյալ, առերեսվելու ենք ծանոթ ու ցավալի հետևանքին.

– Ծիծեռնակը բույն է շինում…

*****

Ներածական նկար՝ Երկրաբանական թանգարանը, Շուշի

1 comment
  1. Մարդ կոյր պէտք է ըլլայ չտեսնելու համար այն առասպելական ճիգերը որ Փաշինեանի կառավարութիւնը կը թափէ գոհացնելու համար արցախցիներու կարիքները ու մանաւանդ զանոնք պահելու համար հայաստանի մէջ, որպէսզի առաջին յարմարագոյն առիթով անոնք կարենան վերադառնալ Արցախ եւ Ռուսաստան ու այլուր երթալով ընդմիշտ չկորսուին: Հայ եկեղեցին պետութեան հազարերորդն ալ չըրաւ գաղթականներուն, եւ հիմա Եկեղեցիին գովքը կը հիւսուի եւ… պետութեան ըրածը կ’ուրացուի:
    Այս վերաբերումը որքանո՞վ մարդկային ու ազգային է: Ամօթ, հազար ամօթ:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like