Մարդը  բուրավետ ու գունեղ մոլորակից

Սամվել Խալաթյան, Երեւան, 23 Մարտ 2022

Հայաստանի գեղանկարչական ներկապնակում մի վառ երանգ կա, որ իր աբշիռ էությամբ զմայլանքի, հիացմունքի քուրա է: Հրանտ Թադևոսյանն է՝ ԹԱԹՈՍԸ:

Նրա յուրաքանչյուր ստեղծագործություն, լինի վերացական ժանրի, նատյուրմորտ, դիմանկար, թե բնանակար, գեղեցիկի, վեհի հաղթանակի շքերթ է, կյանքի հարատևության բացված գաղտնագիր ու խորհրդանիշ:

Լինելով վերացական և դիմանկարային ժանրի լավագույն վարպետներից մեկը, այդուհանդերձ, Թաթոսի բնապատկերներն առավել քան հանդիսային են, հատկապես՝ բնության մեջ պատկերված կենդանի, շնչող ծաղիկները, որոնց գեղագիտական տպավորությունները միայն կփորձեմ շարադրել՝ առավել ընդգրկուն վերլուծությունը թողնելով մեկ ուրիշ հարմար առիթի:

Թաթոսի կտավներում բնության խորհուրդը հավերժության մեջ է, հավերժության խորհուրդը՝ վայրկյանի: Ահա այդ վայրկաններից մեկը, «Գարուն» է վերնագրել: Այստեղ տարվա չորս եղանակներն էլ հառնում են դիտողին, ձմեռը՝ Արագածի  ձյունառատ գագաթներով, աշունը՝ բարձրադիր լանջերին սփռված դեղին հասկերի ալիքներով, գարունը՝ ստորոտում, ծաղկել-պտղաբերելու երկունքով բռնկված ծառերի սպասումով: Իսկ որտե՞ղ է ամառը: Ամառը գույների մեջ է՝ տաք, կիզիչ, վառ: Ամառն այս ամենի ներքին տարերքն է, կիրքը:

Թաթոսն իր հանդիսատեսին մղում է մանկան հայացքով նայել հայրենի բնությանը և նորից-նոր հայտնաբերել նրա կատարելիությունն ու թովչանքը:

Պետք չեն պատմաբանների, աստվածաբանների պնդումները, թե Աստծո դրախտը Հայաստանում է եղել: Այն հնարավոր է տեսնել Թաթոսի կտավներում:

-Թաթոս, դու դրախտում եղե՞լ ես:

-Ինքդ ասացիր:

Նման երկխոսություն, իհարկե, չի եղել, հարցի պատասխանը նրա ստեղծագործություններն են տալիս, որտեղ ծաղիկների գույնը բույր ունի և բույրն՝ իր գույնը, որտեղ լեռները մեր անդրջրհեղեղյան պատմության գործող անձինք են, միայնակ սոսին՝ հաստատուն հավատք , ծաղկած ծիրանենին՝ ավիշ, զմրուխտ անդաստանը՝ խանձարուր,  լազուր երկինքը՝ անսահմանություն թևող երազանքներ: Աստծո դրախտ, որն ստեղծվել է միմիայն ընտրյալների համար:

Այդ ամենի համայնապատկերը՝  հայրենի բնությունը, ներկայանում է ասես համատիեզերական գեղեցկության աստվածուհու կերպարով ՝ անշպար, բնական, չպարտադրող, տենչալի և այնքա՜ն ազնիվ ու անբիծ, որ ցանկություն է առաջանում աղոթել՝ «Այս դրախտին ինձ արժանի արա,  Տե՜ր»… Մի՛ սթափվի՛ր… դեռ մի՛ սթափվիր, վայելիր այս հրաշքը, այլապես կհայտնվես շրջանակված նկարի առջև:

Բնավորությամբ Թաթոսը լուռ է: Ոչ թե լռակյաց կամ՝ քչախոս, այլ, պարզապես, լուռ է՝ խոհեմական, մեղմիվ: Նրա խոսքամիջյան դադարներն անգամ էականություն ունեն, արտասանվող ամեն մի բառին նախորդում է խոկուն, կշռադատված, ակնթարթային դադարը: Եվ դա էլ գույն  է, բնավորության գույն, որի լռությունը դրոշմված է նրա տասնյակ կտավների էության մեջ: Դիտեք նրա նկարները և կհամոզվեք, որ այդ գունեղ պերճանքները իմաստասերի խորը լռությունն ունեն, խոհական հանդարտություն, բայց ո՜չ երբեք դադար: Արտաքնապես չերևացող մեկ ուրիշ կյանք ու շարժում կա այնտեղ, կենդանի ու շնչող, նման՝  մայրանալու սպասող այն գեղեցկուհուն, ով վարկենական քարանում է՝ զգալով իր պտղի շարժումը…

Թվում է, թե 80-ն անց նկարչին այլևս ոչնչով չես կարող զարմացնել: Ինչո՞վ կզարմացնես այն գեղագետին, ով տարիքի և հանրության գնահատության բարձունքում է՝  ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչումն ունի,  Հայաստանի նկարիչների միության, Արվեստի միջազգային ընկերության և նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ), ԱՄՆ Տեխաս նահանգի Պոմպեո Կոպինիի Գեղարվեստի ակադեմիայի անդամ է,  ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային  համալսարանի դասախոս ու պատվավոր պրոֆեսոր, Երևանում, Վանաձորում,  Մոսկվայում, Մարսելում, Կարլսրուեում (Գերմանիա), Բանբերգում,  Քոբուրգում,  Մյունխենում, Փարիզում, Ժնևում, Լիոնում, Տուրում, Լոս Անջելեսում, Բուենոս Այրեսում՝ անհատական մի քանի ցուցահանդեսներ… Բայց, չէ՜, նա դեռ զարմանում է, զարմանում է, երբ նկարակալն ու շրջանակված կտավն ուսած գնում է բնության գիրկ և իր զարմանքը դրոշմում կտավի վրա: Հերթական ստեղծագործությունն ավարտելուց հետո զարմանալու հերթն արդեն մերն է՝ դիտողինը:

Թաթոսի պատկերավորումներում երկրաչափական հորինվածքն ու գունախաղերը, հատկապես վառ կարմիրը, անապակ զմրուխտն ու նկարիչների համար միշտ  «կամակոր» կապույտը՝  ենթատեսքտային իմաստներ են հուշում, որոնց ընթերցումն ավելի բովանդակալից է դարձնում ասելիքը: Կակաչների պատկերների մեծ մասն, օրինակ, գեղեցիկի, ազնվության, նրբագեղության ներկայացում են, բայց երբ դրանք պատկերվում են խոնարհված աղոթատան կամ ավերիչ տարերքին հաջորդած անդորրի համայնապատկերում՝ դառնում են կորուստների, նահատակների  հոգու խորհրդանիշ: Ծաղկած փշենին գեղեցիկ վերսլացքով է հառնում դաշտում՝ ցուցամոլորեն ներկայացնելով պայթած կոկոնից հորդող մանուշակագույն, նուրբ թերթերով ծաղիկը: Նրա կերպարում ոչ մի խայթող բան չկա, ծաղկաբույլն իր գրավչությամբ թույլ չի տալիս նկատել ու խորհել փշերի մասին: Սակայն, երբ այն հայտնվում է մշուշների մեջ անհայտացող հեռավոր Արարատի ֆոնին, ոստը՝ որքան էլ սլացիկ, ծաղկաբույլը, որքան էլ գունեղ, հոգուդ մեջ կորուսյալ Երկրի անսանձ կարոտի փոթորիկ են ալեկոծում՝ ձաղկող փշեծաղկի տված ցավով…

Վարպետի գործերում ենթատեքստային մեկնությունները գաղտնագրված չեն, դրանք խոսուն են, ցուցադրող, հուշող և գեղագիտությամբ լեցուն:

Հետաքրքրական է, որ նկարիչը մեծ պատկառանք ունենալով իր ավագ արվեստակցի՝ մեծանուն Մարտիրոս Սարյանի հանդեպ, մի գործ ունի, որով, ասես, փորձել է երկխոսել և՛ նրա, և՛ մեզ հետ, դրանով պարզել մինչ այդ մեր չիմացածը: Խոսքը 2009 թվականին արված «Քարինջ գյուղը Դսեղից» կտավի մասին է, որով Թաթոսը հավակնել է նույն դիտակետից՝ նույն բնապատկերը նկարել, ինչը Մ. Սարյանը պատկերել է 1952 թվականին՝  «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում» վերնագրով: Դա հանրահայտ այն  նկարն է, որի պատկերը կա Հայաստանի 5000-անոց դրամի վրա: Ի միտ բերենք, որ նկարն արվել է Ստալինի կենդանության օրոք, և ընկալենք այսօրվա համար տարօրինակ հնչող վերնագրի  նախապատճառը:

Մ. Սարյանի գործն իր հորինվածքով, գույների համադրությամբ և տարածականությամբ, անկասկած, տաղանդավոր ստեղծագործություն է, թեև, խորքային իմաստում, ուս-ուսի հենված լեռների, համայնական դաշտերի կանոնավոր սփռվածքի, գյուղի հաստատուն տեսքի և նույնիսկ հանդ դուրս բերած կովերի համախմբում՝  միատեղ տնտեսություն վարելու ջատագովությունը կա:  Միաժամանակ, ներքուստ  հակոտնյա լինելով Ստալինի քաղաքականությանը, Մ. Սարյանն  այդ կտավում չի օգտագործում իր լուսավոր, վառ ու ջերմ գույների գամման: Գերակշռողը դեղնադարչնագույնի և զարթոնք խորհրդանշող կանաչի զուսպ երանգներն են:

Այլ է Թաթոսի «Քարինջը»՝ թոթափված դասակարգային ենթատեքստերից, ազատության, անկաշկանդության ոգով: Էպիկական վեհությամբ հառնող կապտավուն լեռների համախումբը ներկայանում է ինքնաբավ, պատմական ու խրոխտ, իսկ գյուղի համայնապատկերը նախշազարդ գորգի պես փռված է դրանց ոսկեզօծ փեշերին:

Վարպետների այս երկխոսությունը ժամանակի երեք չափումներն ընդգրկելուց բացի, հայրենիքի, նրա պատմության, հոգսերի և հպարտության, այդ ամենով՝ հավերժական խրոխտ ու աննվաճ լինելու խորհրդով է պարուրված:

Թաթոսը շարունակում է անդուլ ստեղծագործել, ծաղիկներ նվիրել մարդկանց: Նրան շատերը համեմատում են հանրահայտ Կարաբալայի հետ, ով Երևանի փողոցներում թարմ ծաղիկներ էր նվիրում համաքաղաքացիներին: Մինչդեռ, Հրանտ Թադևոսյան-Թաթոսը մոլորակի քաղաքացի է, այն մոլորակի, որտեղ անկրկնելի բուրավետ ու գունեղ ծաղիկներ են աճում:

Այդ մոլորակի անունը Հայաստան է:

Վարպետի գունեղ աշխարհը (տեսաերիզ). սեղմել այստեղ կամ նկարի վրա:

**************

ՍՐՏԱԳԻՆ ԿՈՉ ԵՒ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՒԱՔ ՓՐԿԵՆՔ ՀԱՅԵՐԷՆԸ
Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like