Սամվել Խալաթյան, Երևան, 1 փետրվար 2023
1965 թե՞ 1966 թիվն էր, երբ մի արևոտ օր, Կիրովականում (այժմյան Վանաձորում), գետինը թեթևակի ցնցվեց ու երկրաշարժից ահաբեկված մարդիկ, թողնելով տուն ու աշխատանք, դաս ու դպրոց, խուճապահար բարձրացան քաղաքի արևելյան բլուրի լանջերին: Էլի մի քանի թեթև ցնցումներ եղան և լուր տարածվեց, թե, իբր, ահռելի ուժով կործանարար աղետ է սպասվում: Ահ ու դողի մեջ անցավ մեկ-երկու ժամ և կատարվեց անսպասելին. լանջերին սփռված մարդիկ կարծես թե մոռացան վերահաս աղետի մասին, բացեցին իրենց հետ բերած պայուսակները, դուրս հանեցին հարկավոր պարագաներ, այս ու այնտեղ փոքր օջախներ բոցկլտացին, ոմանք սկսեցին սրճել, ոմանք էլ, պարզվեց, չէին մոռացել օղի և ակրատ վերցնել իրենց հետ… Սկսվեց համընդհանուր սնվելու, մեկը մյուսին հյուրասիրելու անհոգ մի ժամանց: Այդ միջոցին, դարձյալ, թեթևակի մի ցնցում եղավ, որից մարդիկ մի պահ վախեցած՝ լրջացան, ապա մի քանիսը սկսեցին զվարթ ու անհոգ, մյուսներին լսելի ասել, թե հայ ժողովրդին անգամ երկրաշարժը չի կարող հաղթել, ու շարունակեցին միմյանց կենաց խմել…
Ինչո՞ւ հիշեցի այս դեպքը: Արդեն որքան ժամանակ է Հայաստանի Հանրապետությունում ճիշտ այդ վիճակն է՝ կործանարար աղետը վերահաս է. օրը մեկ, երկրի ներսում, Արցախում և սահմանների վրա ցնցող դեպքեր են լինում, և մեծ մասի հոգը չէ, շարունակում ենք մեր առօրյա «խմջույքը» (հատուկ եմ գրել ն տառը մ-ով փոխարինած)՝ միմյանց հուսադրելով, թե Ռուսաստանը մեզ կփրկի, Եվրոպան ու Ամերիկան մեզ կազատեն, թե հայ ժողովուրդը Աստծո պահած է, ոչ ոք ի վիճակի չէ մեզ կործանելու…
Իսկ լուրերը գուժում են.
* 15 զինվոր մոխրացել են կացարանում բռնկված հրդեհից;
* Ձերբակալվել է հերթական դավաճան սպան, ով թշնամուն գաղտնի տեղեկություններ է հաղորդել մեր սպառազինության մասին;
* Թշնամին կրակ է բացել սահմանի այսինչ ու այնինչ տեղամասում;
* Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է ՀՀ-ից Արցախ էլեկտրասնուցումն ու գազամատակարարումը;
* Սննդի սղության և տաքացման բացակայության պատճառով, շրջափակված Արցախում փակվել են 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ:
* Շրջափակման 50 օրվա վիճակագրությամբ 11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում:
* 164 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
* 500 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից:
* Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4700 հոգի կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը:
* Ավելի քան 17600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ՌԴ խաղաղապահ զորակազմը մատակարարել են դրա միայն չնչին մասը:
* 6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից:
* Դադարել է Արցախի բոլոր 118 դպրոցների աշխատանքը՝ ավելի քան 20000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից…
Այսչա՞փ էլ անտարբերություն, ինքնապաշտպանության, ինքնակազմակերպվելու հրամայականի նկատմամբ քամահրանք:
Վերջերս մի շատ խելացի մարդու հարցրեցի.
– Ինչպե՞ս եղավ, որ Ավարայրի, Սարդարապատի ժամանակ ինքնակազմակերպվեցինք, բռունցք դարձած գոյապայքարի ելանք ու հաստատեցինք մեր ինքնության իրավունքն ու ապագան, իսկ այժմ անմխիթար ու դյուրերասան ենք:
Նա պատասխանեց.
– Պետություն չունեինք:
Պետություն ունենալու ինքնախաբկա՞նքն է մեզ ստիպում հլության մատնվել: Թերևս: Որովհետև կառավարիչների վախվորած կամակատարությունը (որը դուրս է դիվանագիտություն կամ շրջահայաց լինելու հասկացությունների սահմաններից), նահանջի, զիջողականության, մեծագույն կորուստներ տալու գնով հաշտվելու տրամադրությունները, մեր երկիրը շնչահեղձ անող, իր զավթողական ծրագրերի մասին բացեիբաց հոխորտացող թշնամու հետ բարեկամանալու հտպիտ խոնարհումները և ժողովրդին այդ կերպ տրամադրելու ջանքերը, ուզե՛ս, թե չուզե՛ս, կասկածի տակ են դնում նրանց գործիմաց լինելն ու հանգեցնում են այն մտքին, որ այսօր մեր պետականության մեջ ազգաշահ կառավարություն ունենալը խաբկանք է:
Եվ զարմանալի չէ, որ անընկալության մթնոլորտ է տիրում, որից օգտվելով, շահամոլները դավաճանում են Հայրենիքը, արհեստավարժ մասնագետներն անօրինաբար փոխարինվում են կիսագրագետներով, ոմանք, իրենց արդեն իսկ աշխարհի քաղաքացի կարծելով զանց են առնում դեռևս գոյություն ունեցող օրենքներն ու իրենց դուքանների անունները հայերեն չեն գրում, որոշ երգիչների ազդագրեր օտարալեզու են, հայերեն նրբահյուս, ազնվական բառն ու բանը առօրյայում փոխարինվել է կոպիտ գեղջկականի, ավելի շատ՝ նորահնար փողոցային բարբառի, և այլն, և այլն…
Եվ մինչ Արցախը շնչահեղձ է լինում «բնապահպանների» շրջափակումից, ՀՀ տասնյակ «բնապահպանական» հասարակական կազմակերպությունները, որոնք երես էին չանկռում «Նաիրիտ» գործարանն ու ատոմակայանը, Թեղուտի հանքավայրը, պղնձամոլիբդենային և այլ հանքավայրեր ու գործարաններ փակելու համար, գետնի տակն են անցել, չկա՜ն… Նրանք այսօր չեն կարող ի տես աշխարհի ոտքի ելնել ու ապացուցել, որ ազերի «բնապահպանների» պահանջը սարքովի-հնարովի է, նրանք չեն կարող ուրանալ Սորոսի իրենց տված հացն ու դեմ դուրս գալ իրենց «բնապահպան» գործընկերներին: Երկիրը, հայրենիքը հո միայն իրենցը չէ՜, հայրենակարոտ սփյուռք ունենք, թող նրանք մտածեն… Իրենք, հանուն «բնապահպանության», արևի երես դուրս կգան ու կփակեն ուզածդ ճանապարհ, ասենք՝ ՀՀ-ը Իրանի հետ կապող ճանապարհը: Նրանք դա կարող են և միշտ պատրաստ են, միայն թե հրահանգ լինի:
Դուք չե՞ք զգում բույրը թխվող այն հացի, որն աղի հետ թշնամուն պիտի մատուցվի:
1918 թվականին Շիրակի, Փամբակի տարածաշրջանների քանի՜-քանի՜ գյուղ և ավան աղուհացով դիմավորեցին թուրքերին: Այդ «հյուրընկալության» արյունալի հետևանքները հանրահայտ են և ավելորդ է հիշատակելը:
1920 թվականի նոյեմբերի առաջին օրերին, երբ թուրքական զորքը անցավ Ախուրյանը և հասավ Ալեքսանդրապոլի մատույցներ, տեղի բոլշևիկյան Հեղկոմը օրիորդ Նուշիկ Զավարյանի առաջնորդությամբ աղուհացով դիմավորեց թուրքերին, հետևյալ խոսքերով՝ «Ողջո՜ւյն թուրք ազատարար բանակին, որ գալիս է մեզ ազատելու դաշնակցականների դժոխքից»։ Դրա հետևանքներն էլ են հայտնի:
Մինչդեռ անհայտ ու անհիշելի ենք դարձրել մեր ժողովրդի լավագույն սովորույթներից մեկը, թերևս ամենալավագույնը՝ մենք աղուհացով ենք դիմավորել հաղթանակով վերադարձող մե՛ր թագավորին և որ հայ թագավորներն ու զորավարները թշնամու դեմ մարտնչելու նախօրեին երդվում էին աղուհացով։
Կա՞ մեկը, որ կարենա հակառակն ապացուցել: Նույնիսկ թուրքը չի կարող: Բայց հայ «խաղաղասերները», լինեն հասարակական կազմակերպությունների թե չգիտեմ ինչի անդամներ, փորձում են ապացուցել աղուհացի զորությունը, քանզի դրա հետևանքների քաղցր հալվան մեկ անգամ չէ, որ կուլ են տվել:
Ակրատ – Թեթեւ նախաճաշ