Վաղը ուշ կլինի…

Սամվել Խալաթյան, Երևան, 2 Հունվար 2022

Անհնար է պարզել, թե ով է եղել առաջին հայ տարագիրը: Մի բան պարզ է, որ նա՝ այդ առաջինը,  պարտադրված է  եղել ապրելու օտար մի ափում՝ իր ափաչափ կրծքում փայփայելով վերադառնալու հույսը: Ես չգիտեմ, չինացին, մեքսիկը, արաբը, հրեան, հնդիկը, այլոք, երբ օտար ափերում մշտական բնակություն են հաստատում, արդյո՞ք այսչափ և այսկերպ՝ սերնդե-սերունդ, տվայտում են իրենց հայրենիքի համար, ներկայի և ապագայի, ծանոթ-անծանոթ հայրենակիցների համար, որքան սփյուռքահայը: Դժվար թե:

Կյանքը պայքար է ոչ միայն անձի, այլև ազգերի, պետությունների համար :  Հայի պայքարը հափշտակողների և ուծացման դեմ մաքառելը եղավ և դրա  հետ՝  անընդհատ ու աննկուն հոգևոր արժեքներ ստեղծելը: Եթե այդ արարումը չլիներ, վաղուց ի վեր կջնջվեինք աշխարհի երեսից, մեր տեղն էլ չէին իմանա:

Հարևանների հարցում հայի բախտը երբեք չի  բերել, հատկապես՝ միջնադարից ի վեր, երբ նրա հայրենիքից կտոր-կտոր տիրել ու յուրացրել են: Իսկ երբ պատմության թատերաբեմում հայտնվեցին թուրքերն ու ռուսները, տարածք խլելուց զատ տզրուկի պես կպան նրա  գիտական ու մշակութային մտքին՝ փորձելով հավատացնել,  թե դա առողջարար է: Մի փոքր Հայաստան՝ հսկաների երախում, և օրեցօր բազմացող սփյուռք՝ ուծացմանը  դիմագրավելու ճիգով:

Եվ եթե հայի Մեծ կարոտը  մինչև Խորհրդային երկրի փլուզումը միաբևեռ էր՝ առ պատմական հայրենիք (որի սահմաններում էր նաև խորհրդային Հայաստանը), ընկերային (սոցիալական) դժվարությունների պատճառով ծայր առած արտագաղթից հետո այն երկբևեռ դարձավ՝ հայրենիքում ապրողների կողմից սփյուռքահայ դարձած իրենց հարազատների նկատմամբ տածվող կարոտով: Նկատենք նաև, որ ներկայում շարունակվող արտագաղթը ոչ միայն ընկերային (սոցիալական) պայմանների վատթարացման, այլև երկրի ապագայի նկատմամբ անհույս լինելու հանգամանքն է:

Եվ այսօր, արդեն, հայկական սփյուռքը ներկայանում է երկու յուրօրինակ կողմով: Առաջինը քրոնիկական է և հնուց է գալիս՝ ավանդական կուսակցությունների և ակումբների  միմյանց նկատմամբ մշտական անհաշտությունը, երբեմն՝ ծայրահեղ դրսևորումներով և, երկրորդը, որը նորագույն պատմության  առանձնահատկությունն է,  «հները» բարեհաճ վերաբերմունքի չարժանացրին «նորերին», վերջիններս էլ, «կղզիանալով», իրենց երևակայեցին ավելի «ճիշտ հայեր» և փորձում են ինքնադրսևորվել ազգային հասարակական մի քանի կառույցներ ստեղծելով և կապը հայրենիքում ապրող մերձավորների հետ պահպանելով: Այսպիսով, սփյուռքում մենք այսօր ունենք որակապես տարբերվող երկու հանրույթ:

Մեծ հաշվով, թե՛ հին և թե՛ նոր իրողություններում, հայաստանաբնակ շարքային քաղաքացիների համար սփյուռքը եղել և մնում է արտասահմանում Հայ դատի տեսլականներով ապրող ազգակիցների հավաքչություն, որի կողմից  հայրենիքի նկատմամբ տածվող մշտառկա սերն ու կարոտը գործնական դրսևորում է ստանում պահանջատիրությամբ ու հայրենակիցներին նյութապես սատարելու մեջ:

Սփյուռքի  հետ հոգևոր մերձեցման, սերտ կապերի պահպանման, զարգացման կարևորագույն գործը երևութական էր և չդարձավ նորանկախ հայրենիքի ազգային քաղաքականության և գաղափարախոսության թիվ մեկ հենասյունը: Եվ զարմանալի չէ, որ արևմտահայերենը, ոսկեղենիկ, սքանչելի գրականություն և մշակույթ ստեղծած արևմտահայերենը,  հայաստանցի շարքային քաղաքացու համար ցայսօր էլ դժվարահաս է:

Թե՛ խորհրդային տարիներին և թե՛ անկախության ժամանակաշրջանում  Հայաստանն այդպես էլ լիարժեք  չգնահատեց սփյուռքի ներուժը,  նրա հետ չստեղծեց համատեղ  այնպիսի մի կառույց, որն իր հայեցակետով, փոխհամագործակցված գործունեությամբ, հայրենիք-սփյուռք հոգևոր կապի հարաճուն ամրապնդմամբ միտվեր  միջազգային հարթակներում ազգային խնդիրների և նորանկախ հայրենիքի շահերի պաշտպանությանը: Այն ձեռքբերումները, որոնք փոքրիշատե ունեցել ենք այդ ասպարեզում, առավելապես սփյուռքի գործիչների ավանդն է:

Եվ ահա, վրա է հասել 2022 թվականը: Ի՞նչ ունենք մենք: Ունենք ապաշնորհ, կառավարություն, վտանգված հայրենիք և վտանգված անկախություն:

Սփյուռքը, ում համար հայրենիքը նույնն է, ինչ առասպելական Անթեյին զորավիգ եղած հողը, շփոթված է և հայրենասեր մտավորականներից ոմանք ահազանգ հնչեցնելով փորձում են մի հնար գտնել կործանարար փոթորիկի մեջ հայտնված երկրին փրկօղակ հուշելով: Օտար երկրներում մի քանի սերնդի տեսածն ու ապրածն առավել զգայուն ու կանխագուշակ են դարձրել նրանց ներըմբռնողությունը և հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների աղետալի հետևանքների սև ուրվականը նրաց համար ավելի իրական ու ահարկու է հառնում:

Հայաստանում ազգային ոգու ընդարմացում է, մտավորականության խեղճացած անօգնականություն և դրա հետ ամբոխավարության ցուցանքներ, մի կողմից՝  կողք-կողքի հարաճող ճոխության, հրճվանքի և, մյուս կողմից՝  թշվառության ու անմխիթար սգավորության երևույթներով: Ազգի համար այլևս անկարևոր են իր գրագետները՝ իր գիտնականն ու արվեստագետը, ազգային մշակույթի գործիչները: Մեկ-երկուսի ճիգերն ու ահազանգերը ապարդյուն են նույնքան, որքան կույրերի և խուլերի շրջապատում հնչող կոչնակը:

Յուրայինների կողմից անտեսված մտավորականությունը զրկված և անճարակ է ազգի բարձր ու վեհ տեսլականների կողմնացույց լինելուց, քանզի,  իրականությունը սթափ գիտակցելու ունակությունը կորցրած, բանակների բաժանված հանրության հայացքն ու միտքը գամված են ղեկն իրենց քաշքշող դիմությանն ու ընդդիմությանը: Վերջիններիս թուլությունն ակնհայտ է և ազգի ներքին իմաստությունը, որ այդքան պարծեցել ենք, թե՝ ծայրահեղ դեպքերում փրկության ճանապարհ է ուղենշել, թվում է առասպել է, մտապատրանք:

Միակ բանը, որ Հայաստանում այսօր պահանջարկ ունի՝ պանդխտության ցուպն է:

Ես վատատես չեմ, բայցև չեմ հավատում և ոչ մի արտաքին ուժի անկաշառ օգնությանը: Ցավոք, շատերը դեռ հանոզված չեն, որ մենք միայնակ ենք և մեր հույսը մեզ վրա պետք դնենք: Երկրագնդի հզորները, նրանց թվում Հայաստանին բարեկամության ցուցադրումներ անողները, բերանները ջուր առան 44-օրյա գեհենի ընթացքում, քանզի աշխարհաքաղաքական նորագույն մոլեխաղի մասնակիցներն են: Այդ մեծ առևտրում, որքան էլ որ մեզ համար վիրավորական հնչի, Հայաստանն այն մանրադրամն է դարձել, որ վերադարձնելու են մեկը մյուսին՝ իրենց խաղն ավարտելուց, հաշիվները մաքրելուց հետո:

Ծայրահեղ այս իրավիճակում սփյուռքը հույս է տածում, որ հայրենիքում առողջ ուժեր կարթնանան, իսկ հայրենիքը՝ սփյուռքով է հուսադրված: Վերջինս դեռևս թույլ է արտահայտվում, բայց երբ օղակը սեղմվի այնքան, որ հայրենի հողի տատանումները հեղեղատի վերածվեն (չի բացառվում, եթե այսկերպ շարունակվի), հայաստանցիների SOS ազդանշանը սրտին մոտ կընդունեն միայն սփյուռքում: Ուշացած ահազանգ կլինի դա, և մենք կնմանվենք մեր հարյուրավոր այն մամիկներին, որոնք թուրք մարդակերին չհանձնվելու համար երեխայի բարուրը գրկած գահավիժում էին ժայռից:

Տխուր, ողբերգակա՞ն վերջաբան է: Այո, եթե ի վերջո խելքի չգանք (թող ներվի, եթե կոպիտ հնչեց), եթե չմիավորենք մեր ուժերը՝ այլևայլ հարցերում փոխզիջման գնալով, ընտրելով միայն մեկ նպատակ՝ հարենիքի փրկությունը: Կուզեք սրան Ավարայր ասեք, կուզեք՝ Սարդարապատ, բայց որ ելքը Հայաստանի և սփյուռքի համատեղ բանակ կազմելն է՝ մտավոր բանակ, տարակուսելի չէ: Համահայկական խորհրդաժողով է պետք հրավիրել և որքան շուտ, այնքան լավ:

Վաղը ուշ կլինի: Ուրբաթը շաբաթից շուտ է գալիս և այնպես չլինի, որ շաբաթ օրով արթնանանք:

====================

Հ.Գ. Հոդվածը գրվելու ընթացքում էր, երբ տեղի ունեցան Ղազախստանի այսպես կոչված «Ժողովրդական ընդվզումները»: Սրա պատճառահետևանքային հարցերն առանձին և ծավալուն վերլուծության են կարոտ: Այստեղ նշենք միայն, որ կուլ տալով վիրավորանքը (եթե, իհարկե դա եղել է), որ Ադրբեջանի հաղթանակը շնորհավորողը հենց Ղազախստանի վարչակարգն էր, որ ՀԱՊԿը՝ մեզ վրա թքած ու մեզ դավաճանած կառույց է, արժանապատվություն,  սկզբունքայնություն դրսևորելու փոխարեն Հայաստանի պարոն վարչապետը շտապեց «մեծ եղբոր» կամքին ու շահին հլու անմիջապես շարք մտնել Ղազախստանում ներքին հեղափողությունը ճնշելու մեկնող ՀԱՊԿ զորասյան մեջ… «Մեծ եղբոր» շահի դառը պտուղներն այսօր մեր երկիրը «վայելում է» և բացառված չէ, որ նոր ցնցումների ռիսկային գոտում ենք հայտնվելու:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like