Սամվել Խալաթյան, Երևան, 31 օգոստոս 2023
Հայտնի է՝ անառիկ բերդերը գրավվում են կա՛մ թշնամու հզոր գրոհներով, կա՛մ դավաճանների՝ բերդի դարպասները թշնամու առջև բացելով:
Կա նաև երրորդ միջոցը, որը հիշատակված է հունական առասպելաբանության մեջ և հայտնի է «Տրոյական ձի» արտահայտությամբ:
Սովորաբար, «Արտաքին քաղաքականություն» (անգլ.՝ Foreign policy) եզրույթն օգտագործելիս, հասկանում ենք երկրների կամ ժողովուրդների միջև հարաբերություններ, որոնցում կողմերը օգտագործում են տարբեր եղանակներ և միջոցներ՝ ի շահ իրենց սկզբունքների և նպատակների: Նշենք նաև, որ արտաքին քաղաքականությունը սերտորեն կապված է ներքին քաղաքականության հետ։
Սա է ոսկե կանոնը, որն արտացոլված է հանրագիտարաններում, դիվանագիտական ուղեցույցներում, բառարաններում: Դրանից շեղվելը հանգեցնում է վնասարար անհեթեթության, որը կործանարար կարող է լինել տվյալ պետության համար, մանավանդ, երբ այդ պետությունը պատերազմական վիճակի մեջ է:
Ժամանակակից պատմության մեջ քաղաքականությունը անհեթեթության հասցնելու դասական օրինակ է տալիս Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որի վնասարար հետևանքներն օր-օրի բազմանում են: Ոմանք կշտապեն հերքել, թե՝ այդ ո՞վ իր մատով իր աչքը կհանի: Մենք լիովին համաձայն ենք: Համաձայն ենք, քանզի, հայոց վայ-քաղաքագետները սեփական աչքը չեն հանում, այլ իրենց վարած արտաքին քաղաքականությամբ կուրացնում, խավարեցնում են պետության ու ժողովրդի ապագան, իսկ ներքին քաղաքականությամբ՝ այն հոգևոր լույսը, որը տասնյակ դարեր առաջնորդել է մեր ժողովրդին և պահպանելով նրա ինքնությունը՝ դուրս է բերել հարատևության մայրուղի:
Արտաքին քաղաքականության մասին ոչ թե ամեն օր, այլ ամեն ժամի մի նորության կհանդիպես: Դրանք բոլորն էլ Արցախը ադրբեջանական տարածք ճանաչելու վարչապետի հայտնի հայտարարությունից բխող տրամաբանական իրադարձությունների շարունակությունն են՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համար, շատ մեղմ ասած, անբարենպաստ հետևանքներով:
Ընդդիմադիր քաղաքական ուժերը սպառել են իրենց, ժողովրդի մեծ մասը չի վստահում նրանց: Այն տպավորությունն է, թե ընդդիմադիր արմատական գործիչների միակ բան ու գործը լրագրողներին երբեմն հարցազրույցներ տալն է ու սոցիալական ցանցերում նոր իրադարձությունների մասին ոչ-խորքային քննադատական խոսքեր գրելը: Այդքանը:
Ժողովրդի գիտակից շերտը տագնապալի սպասման մեջ է: Մնացյալի մեծ մասի հոգն էլ չէ, թե իր տան շեմից դուրս ինչ է կատարվում: Նույնիսկ Անկախության հռչակագրի 33-ամյակի առթիվ վարչապետի արած հայտարարությունը, որ այդ փաստաթուղթը Աստվածաշունչ չէ, այլ «հակամարտության թեմա, որը պետք էր անընդհատ մեզ հարևանների հետ հակամարտության մեջ պահեր», անուշադրության մատնվեց, մինչդեռ Հռչակագիրը վերախմբագրելու անսքող ակնարկ կա դրանում, և ամենևին զարմանալի չի լինի, եթե նոր տարբերակում Հայաստանի անկախության մասին տողերը չլինեն:
Ահա, այս իրավիճակում, երբ ներքին քաղաքականության մեջ էլ մի լավ օրի չենք, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը որոշեց պղտորված ջրերում իր «ձուկը որսալ»՝ հրապարակ բերելով դեռևս երեք տարի առաջ աղմուկ հանած թեման: Նա հայտարարեց, որ պետք է ունենանք ամբողջովին նոր դասագրքեր, որովհետև փոխվել են չափորոշիչները: Պարզ ասած, դպրոցների հայ գրականության դասագրքերից հանվում է միջնադարյան գրականությունը՝ Մեսրոպ Մաշտոցից մինչև Սայաթ-Նովա:
Այս նորարարությունը ևս հայ հանրությունն ընդունեց լուռ անտարբերությամբ և միայն մի քանի գրականագետ ու պատմաբան բացասական կարծիք հայտնեցին: Նրանց թվում էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը, ով aravot.am-ի հետ հուլիսի 26-ի զրույցում նշել էր. «Ես ի սկզբանե գիտեի, և այն կարծիքին եմ, որ ապազգային ծրագիր է իրականացվում մեր երկրում: Սա համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) մի մասն է: Այն, որ փորձում են ազգային դպրոցը խեղաթյուրել, դա նորություն չէ, ինչպես Արայիկ Հարությունյանի ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ, ով հիմա էլ ստվերից համակարգում է կրթության և գիտության ոլորտը»: Այդուհետ պրոֆեսորը նշում է, որ «մեզ ուղղակի պոկում են մեր հիշողությունից՝ այս ազգին դարձնելով մանկուրտ… Դուրս են թողնում Նարեկացուն, որ մեր գրականության ամենախոշոր դեմքերից է և համաքրիստոնեական սուրբ է հռչակվել… Ինչպե՞ս կարելի է սիրո երգիչներին հանել կամ ազգային մտածողություն ունեցող մեր պատմիչներին: Ի վերջո, Խորենացու պատմությունը մեր ծննդյան վկայականն է…»,– ասել է պրոֆ. Եղիազարյանը:
Օրերս, ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության կարգը: Արարողությանը ներկա են եղել կրթական կառույցների և ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ, մարզպետարանների կրթության վարչությունների ղեկավարներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ և մանկավարժներ: Դիմելով նրանց, Վեհափառն իր խոսքում նշել է.
– «Բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում տգիտությունից»,– զգուշացնում է Եղիշե վարդապետը Ավարայրի ճակատամարտը նկարագրող իր մատյանում։
Խոսք չկա, լավ օրինակ է բերել Վեհափառը: Ամենակարևորը՝ ճիշտ ժամանակին է ասել, այլապես, եթե այդ խոսքերը հնչեին մի քանի տարի հետո, չի բացառվում, որ միջոցառմանը ներկա հայոց գրականության ուսուցիչներից մեկը հարգալից կհարցներ.
– Ներեցեք, իսկ ո՞վ է Եղիշե վարդապետը…
Փորձեք պատկերացնել նաև, որ կգա ժամանակ, երբ հայոց մայրաքաղաքում ավելորդ և անիմաստ կհամարվեն Մատենադարանն ու նրա մուտքին կանգնեցված Մաշտոցի, Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Մխիթար Գոշի, Ֆրիկի և մյուս երախտավորների արձանները:
***
103-ամյա Մարան տատը պատմում էր, որ գաղթի ճանապարհին, կարճ դադարների միջոցին, գյուղի քահանան գետնի վրա խազեր քաշելով հայոց տառերն է սովորեցրել երեխաներին: Համագյուղացիներն ասել են.
– Ծո՛ւռ տերտեր, ի՞նչ գիտես, քրդի, թուրքի չե՞նք հանդիպի, կենդանի կմնա՞նք, որ այբ ու բենն ես սովորեցնում:
Պատասխանել է.
– Մեռնին լե, հա՛յ մեռնին…
Զարմանալի, անհասկանալի ազգ ենք: Մեռնելուց ուզում ենք հայ լինել, բայց շատ քիչ բան ենք անում հայ ապրելու և որպես հայ հարատևելու համար: Նրանից չէ՞, արդյոք, որ մեր՝ հայոց հոգևոր բերդը մտած Տրոյական ձիու մեջ ՀՀ կառավարության «համաշխարհայնացված» անդամներ են նստած:
Հայտնի է՝ անառիկ բերդերը գրավվում են կա՛մ թշնամու հզոր գրոհներով, կա՛մ դավաճանների՝ բերդի դարպասները թշնամու առջև բացելով:
Հայ ժողովուրդը կարիքը չունի պատկերացնելու իր հայրենիքի և հոգևոր բերդերի գրավումն ու կործանումը: Այսօր նա ամեն օր դրանց ականատեսն է լինում: Ականատեսն է, սակայն, մեծ բանաստեղծի խոսքերով ասած, մնում է դավին անտեղյակ, ցավին անտարբեր։
Շեշտենք ևս մէկ անգամ՝ անառիկ բերդերը գրավվում են կա՛մ հզոր թշնամու գրոհներով, կա՛մ դավաճանների՝ բերդի դարպասները թշնամու առջև բացելով:
Իսկ թե ի՞նչ է տեղի ունենում հետո, մեծ երևակայություն չի պահանջվում պատկերացնելու համար: