Սամվել Խալաթյան, Երևան, 18 Հոկտեմբեր 18, 2022
Հայի պարծենկոտությունն անգերազանցելի է, ճոռոմախոսությունը՝ նույնպես, նվաստանալով հարմարվելու ունակությունը՝ նմանապես:
Խորհրդային տարիներին կոմունիստների ինքնահավան կեցվածքը, անսխալական լինելու համոզմունքն իսկը հայի սրտով էր: Եվ դա է՛լ ավելի խրախուսեց ազգային կենսական հարցերում տեղ գտած թերությունները զանց առնելու, դրանք արհամարհելու կարճատեսությանը: Ցավոք, դրանով ախտահարված է նաև մտավորականությունը:
Բոլոր դարերում է այդպես եղել: Մտավորականության մեծ մասը, ամբոխի հետ միաձայն, ճահիճը արգավանդ դաշտ է հորջորջել: Այլապես, ինչո՞ւ պիտի Քերթողահայրը գրեր իր «Ողբը»: Մեր գրագետներից քչերն են այդպիսի համարձակություն ունեցել: Ահա, նրանցից, տարաբախտ Ռուբեն Սևակի խոկումը. «Ամբողջ Եվրոպայի մէջ աշխարհի էն շքեղ կեդրոններէն մինչև ամենամութ ու խաւարին անկիւնները ես չեմ տեսեր ու չեմ ալ կրնար հաւատալ, որ գտնուի տակաւին ՄԷԿ ՈՒՐԻՇ ԱԶԳ, որ ամէն օր ու ամէն վայրկեան ապրէր դերասանի ճշմարտապէս կեղծ ու գերեզմանօրէն ծիծաղելի այն կեանքը, որ դարերէ ի վեր մեր կեանքը եղաւ… Տառապիլ ու ստիպուած ըլլալ ամենաերջանիկ կերպարանք մը ցոյց տալու… անպատուուիլ, բռնաբարուիլ, գետնաքարշ տապալիլ ու ստիպուած ըլլալ գոհութեան ջերմագին աղաղակներ բարձրացնելու… ժպտիլ այնպիսի մէկ վայրկեանիդ, որ արիւն արցունք պիտի պոռթկար աչերէդ, մաղթանքի ճիչեր հանել կոկորդէդ այն բռնակալ ձեռքին համար, որ զքեզ կը խեղդէ, մեռնիլ ու հոգեպէս մեռնիլ ու ապրիլ ձևացնել, ահա դերասանական ահռելիօրէն կեղծ կեանքը, որ մերը եղաւ այնքան երկար տարիներ։ Արդ ինչպէ՞ս կ’ուզեք որ այսպիսի պայմաններու մէջ ժառանգօրէն ու բնածինօրէն մեր ամենաանկեղծ յատկութիւնը մեր կեղծելը չ’ըլլար ու մեր բնական յարմարութիւնը՝ դերասանութիւնը»:
Շա՞տ բան է փոխվել այս տողերը գրվելուց հետո՝ անցած շուրջ հարյուր տարում: Ոչինչ էլ չի փոխվել, համարձակություն և անկեղծություն ունենանք ետ քաշելու դափնետերևներն ու նայելու մեր ժահրոտ վերքերին:
Ներկայիս Հայաստանը կեղծիքների, ստորության, անմարդկային արարքների, դավի, որկրամոլության մի հսկա շտեմարան ունի: Դրանք նախկինում էլ են եղել, բայց քիչ էին ու հատակում ընկղմված, իսկ հիմա շատացել են և ի լույս ելել: Տասնյակ օրինակներ կան, որ զոհված նահատակի ծնողները լիուլի գոհ ու բավարարված են, որ որդու զոհվելով նպաստ են ստացել: Վկայող կա, որ նրանցից մեկն ասել է՝ «Հաշվենք, թե տղաս Եվրոպա է տեղափոխվել ու մեզ փողով օգնում է…»: Երևույթը հոգեբուժների վերլուծության կարիք ունի, բայց սարսափելին այն է, որ դա եզակի չէ: «Ի՞նչ եք աղմկում, թե կրոնի պատմության առարկան դպրոցական ծրագրից հանել են: Կոմունիստների օրոք, որ այդ առարկան չսովորեցինք, անգրագետ մնացի՞նք »: Կամ՝ «Ախպեր, Ղարաբա՞ղն է թուրքի ուզածը, տվեք, գլխացավանքից պրծնենք»…
Ինչո՞ւ մեզանում բազմացան մոլախոտերը, ինչո՞ւ է մեր ազգը բարոյալքվում: Ի վերջո սրանք հարցեր են, որոնք ոչ միայն պատասխան են պահանջում, այլև հակընդդեմ գործունեություն, քանզի մեր բարոյալքմամբ պետականությունն ու ազգը հասցրել ենք լինել-չլինելու ջրբաժանին:
Շատերին թվում է, թե լինել-չլինելը մոգոնած է կամ չափազանցված, և կարճատեսորեն չեն հասկանում, որ դա վաղն իսկ գոյություն չունենալը չէ, այլ քայքայիչ, բարոյալքող գործընթաց է, որը մի ինչ որ ժամանակ դառնում է անկասելի և կործանում է պետականությունդ, մշակույթդ ու ազգդ: Դրա ջրբաժանին ենք, ես կասեի՝ վիհի եզրին, և մի աննշան ցնցումն իսկ կարող է կործանարար լինել: Դատեցեք ինքներդ. տևական ժամանակ, թե՛ ներսից՝ ազգի ցեցերի կողմից, և թե՛ դրսից՝ մասոնասորոսական ու աշխարհաքաղաքական վերադասավորումների ձգտող ուժերի կողմից, նախ՝ հանրությանը մղեցին մոլի ընչաքաղցության, դրա հետ ազգային արժեքների բարոյալքման, դարավոր հավատքի նկատմամբ դրժողականության: Օգտագործվեցին հանրության վրա մեծ ազդեցություն գործող համակարգեր՝ սորոսական ՀԿ-ների բազմաճյուղ քայքայիչ գործունեություն, աղանդավորության տարածում, «աշխարհի քաղաքացի» լինելու խայծ, որով ներմուծվեց «եվրոպական արժեքներ» աղբը՝ միասեռականություն, անբարո և անարվեստ «մշակույթ» և այլն: Նկատի ունեցեք, որ 1988-ից ի վեր, առարկայական (օբյեկտիվ) և ենթակայական (սուբյեկտիվ) պատճառներով, երկրորդ կարգ (պլան) էր մղվել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործը: Ի լրումն՝ այդ բնագավառ ներմուծվեցին ուսուցման և գնահատման սաղր արդյունքներ տվող համակարգեր, դրանց իրագործմամբ հրատարակվեցին նոր դասագրքեր, մեթոդական ուղեցույցներ և այսօրվա հասուն տարիք ունեցողները՝ գործուն իրադրության տերերը, դրա զոհերն են կամ ավելի ճիշտ՝ դրա հետևանքով անկիրթ, բարոյահոգեբանորեն հաշմանդամ դարձածները:
Գունավոր հեղափոխության գաղափարը հասունացվեց փտած (կոռումպացված) իշխանությունը փոխելու անկասելի ցանկությամբ, «կախարդական փայտիկով» ոսկե սարեր խոստանալով: Փտած իշխանությունը, որի հենարանները բիրդան-աղա օլիգարխներն էին, պատեհապաշտներն ու պաշտոնամոլները, չկարողացավ դիմադրել և զիջեց իր տեղը: Իշխանափոխությունից հետո «կախարդական փայտիկը» դարձավ մուրճ, պետության քայքայումն ու ժողովրդի բարոյալքության գործը շարունակվեցին արդեն նորօրյա իշխանիկների միջոցով՝ գրականության, պատմության դասաժամերը պակասեցնելուց, Հայ եկեղեցու պատմության դասավանդումը արգելելուց սկսած, մինչև՝ իշխանության, իրավապաշտպան ու դատական համակարգերի ու բանակի քայքայումը: Այս ամենն ուղեկցվեց ժողովրդին սև-սպիտակի բաժանելով՝ միմյանց դեմ թշնամական դիրքորոշում ստեղծելով, նախկին իշխանավորների նկատմամբ մեծ ատելություն սերմանելով, նրանց երբևէ կատարած դրական գործերը ժխտելով, ճշմարիտ գործիչներին ու մտավորականությանը վարկաբեկելով, դաշնակիցներից երես թեքելով, արտաքին քաղաքականությունը ձախողելով:
Դարավոր թշնամին, որ այս բոլոր վերաձևումներում իր գաղտնի մասնակցային դերն ուներ, պատերազմ սանձազերծեց: Ամոթալի, դավաճանական հայտնի և անհայտ դրվագներով պարտություն կրեցինք՝ տալով հազարավոր զոհեր: Ժողովուրդն ընկճախտի մեջ հայտնվեց: Մասնագիտորեն գիտակից կադրերն ու բարոյահոգեբանական արժեքների նախկին սյուներն արդեն չկան, որոնց վրա հենվելով կարողանանք ոտքի կանգնել: Երկրի տնտեսությունն ու բանակի հզորությունը քայքայված են և ներքին կարգուկանոնը պահպանելու, ձախողված իշխանությունը պաշտպանելու համար, բնական է, որ ոստիկանական ուժերը պիտի հզորացվեին:
Թիվ մեկ դաշնակցի՝ Ռուսաստանի «գլուխը խառն է», բացի այդ, իր շահերը հետապնդելով՝ տարածաշրջանում «իր ոտքի տեղն» արդեն արել է և նա թքած ունի, թե դու լինել-չլինելու տառապանքի մեջ ես: Երբ հարկ կհամարի՝ կմիջամտի, իսկ առայժմ թույլ է տալիս, որ «վայելես» քո անհեռատեսության ու անխելքության պտուղները:
Այս ընթացքում ամեն ինչ արվում է սփյուռքը մերային չհամարելու, խորթացնելու համար. մեր հարազատներին սկսել ենք համարել մեր տան գործերին անհարկի միջամտողներ՝ չգիտակցելով, որ նրանք նույնքան տանտեր են՝ որքան մենք, քանզի հայոց տունը ոչ միայն տարածք է, այլև մշակույթ, պատմություն: Եվ այս մթնոլորտում, իշխանությունները պարտադրվա՞ծ, թե՞ ծրագրված քայլերով զիջումների են գնում թշնամուն: Որտե՞ղ են մեր մտավորականները, ո՞ւր կորավ մեր ժողովրդի սթափ միտքը, աղետին դիմագրավելու կամքը:
Որոշ մտավորականներ կարծիքներ են հնչեցնում, թե՝ ժողովրդին մի՛ մեղադրեք, հարվածները հաջորդում են իրար, շատերը չեն հասցնում ուշքի գալ և լիարժեքորեն գիտակցել աղետի չափերը:
Համակարծիք չեմ: Ավելի քան 4 հազար զոհ, կրկնապատիկ վիրավոր ու չգիտեմ ինչքան ու ինչքան գերեվարված, անհայտ կորած ունեցող, ցայսօր էլ զավակներ զոհող, հազարավոր տնավեր-գաղթականներ ունեցող, իր երկրից տարածքներ զիջող ժողովուրդը, եթե չի գիտակցում աղետի չափերը, ուրեմն մտագար է: Այդպես մտածող մտավորականներն իրենք իսկ մոլորության մեջ են: Նրանք հին իներցիայով վեհերում են կամ ի զորու չեն տեսնելու, որ այս ամենի մեղավորը հենց մենք ենք՝ ժողովուրդը, որի երիտասարդ ստվար մասը՝ անկիրթ ու ճիշտ դաստիարակություն չստացածները, ոտնատակ տալով հենց մտավորականությանն ու նրա հեղինակությունը, լցվեցին փողոցներն ու տարբեր տիպի ամբոխավար արարքներով կաթվածահարեցին հասարակական կյանքը: Իրենց գործունեության մեջ ձախողակ, չկայացած մտավորականների մի ստվար խումբ էլ, պատեհապաշտների ու պաշտոնամոլների հետ սատարեց ամբոխավարներին, օլիգարխները պահ մտան՝ իրենց թալանած-կուտակածը չկորցնելու վախով ու նորերին հաճոյանալու առիթները չկորցնելով: Ովքե՞ր մնացին… հողին կպած չարքաշնե՞րը, որոնք բոլոր իշխանությունների օրոք հաշտվող կամակատարներ են…
Այսօրվա անհուսալի վիճակում համաժողովրդական ընդվզում չկա: Սա ինքնին վկայում է, որ ճիշտ չէ այս ամենի մեղքը բարդել միայն այսօրվա կամ երեկվա իշխանությունների կամ անձանց վրա: Այս ամենի սկիզբը շուրջ 30 տարվա վաղեմություն ունի և այս տարիների ընթացքում դարս-դարս խոտորումների նկատմամբ ժողովրդի հաշտվողականությունն ու կամազրկությունն են իրեն հասցրել ներկայիս իրողությանը:
Կանխեմ ձեր հարցը, թե՝ ո՞րն է փրկության ելքը: Իշխանափոխությունն է, այնպիսի կառավարություն կազմավորելը, որը շրջադարձորեն փոխի ներքին և արտաքին քաղաքականությունը, ներգրավի սփյուռքի կարողունակ անձանց, քանզի ազգի ճակատագիրն է վտանգված և ոչ թե հարկ է անցկացնել ինչ-որ շարքային միջոցառում: Սակայն իշխանափոխությունն անհնարին է ոչ միայն այն պատճառով, որ իշխողները չեն զիջում, այլև, որ ընդդիմությունը թույլ է և առինքնող ու վստահություն ներշնչող առաջնորդ չունի: Ունենա էլ, ժողովրդի անտարբերությունն ու կամազրկությունն այն աստիճանի են հասել, որ լայն ժողովրդականություն չի վայելի: Միով բանիվ, այն, ինչին տասնամյակներով ձգտել են քայքայիչ ուժերը՝ թիրախավորելով Հայաստանը, պսակվում է հաջողությամբ: Այլ պետությունների վրա հույս մի՛ դրեք: Նրանց սրտացավությունը իրենց շահի արշինով է չափվում: Հնագույն, քաղաքակիրթ ազգի՞ կգրանցեն «Կարմիր գրքում», թե՞ մրջյունի անհետացող տեսակի, նրանց համար միևնույնն է:
Փրկության միակ դեղատոմսը Չարենցը գրել է դեռևս 1933 թվականի մայիսի 9-ին, որը չեմ ուզում բարձրաձայնել, որովհետև դա էլ այսօր հնչում է որպես «ձայն բարբառոյ յանապատի»:
1 comment
Այսպիսի պոչ ու գլուխ չունեցող յօդուած գրեու փոխարէն՝ լաւ պիտի ընէիք անուններ առաջարկելով եւ փրկութեան ճամբան ցոյց տալով: Ոչ ոք, ոչ մէկ կազմակերպութիւն այսօր կրնայ փոխարինել Փաշինեանն ու իր անձնակազմը. հրապարակի վրայ երեւցող ստահակները միայն աղէտ կրնան բերել հոն, ուր Փաշինեան կը ջանայ լուծումներ գտնել՝ յենելով մեր ազգային տկար ուժականութեան վրայ: