Սամվել Խալաթյան, Երևան, Ապրիլ 2022
Այսպես սկսվեց…
Բուն Հայոց թվականի 3508 թիվն էր: Մարանդի կողմերից ի հայտ եկած զարհուրելի դևերը սարսափ էին տարածել Հայոց աշխարհում: Երկար մազերով, ծուռոտ, տձև դեմքերով, անթամբ ձիեր հեծած այդ ճիվաղները սնվում էին նաև մարդկային արյունով, անասուններին ու գերիներին կոտորում, սննդամթերքը հրդեհում և անասնական հրճվանք էին ապրում սպանելուց ու ավերելուց… Նրանք հասու չէին գրին, իմաստությանը, չգիտեին ինչ է խոփը, ճախարակն ու իլիկը, ջրաղացը, դազգահը, քարտաշի գործիքները: Առաջին անգամ մագաղաթ տեսնելով այդ հրեշադեմ արարածները փորձել էին դա ծամել…
Հոգևորական դասը քարոզում էր, որ սատանաները որպես պատիժ են հայտնվել մեր գործած մեղքերի համար, ազգովի ապաշխարել է պետք: Վեց տարի շարունակ Սադայելի ծնունդներն այս ու այնտեղ անարգել հայտնվում, մահ ու ավեր տարածելով անհայտանում էին:
Բուն Հայոց թվականի 3514 թվի Հոռի ամսվա Արամ օրվա Զօրացիալն ժամուն (1022 թ., հոկտեմբերի 3, օրվա երկրորդ ժամ), պատռվեց երկնակամարը՝ արևելյան կողմից մինչև արևմուտք, կապույտ երկինքը երկուսի բաժանվեց և հյուսիսային կողմից երկրի վրա պայծառ լույս թափվեց: Ուժեղ երկրաշարժից ահավոր գոչյուն-թնդյունով սասանվեց երկիրը: Արևը խավարեց, և երևացին աստղերը՝ ինչպես կեսգիշերին: Շեները փլատակների վերածվեցին, նախիրներ գահավիժեցին ճեղք տված լեռների խորխորատներում, շներն ու կատուները կատաղեցին ու խառնվեցին սարսափած վայրի կենդանիների ոհմակներին: Ողջ երկիրը սուգ հագավ:
Երեք օր անց, Հովհաննես Սմբատ թագավորի հրամանով բոլոր իշխաններն ու ազատները հավաքվեցին և առաքելություն կազմած ճանապարհվեցին սուրբ վարդապետ Հովհաննես Կոզեռնի մոտ, հույսով, որ նրանից մեկնություն կստանան հրեշավոր նշանի մասին: Երբ հայոց իշխանները տեղ հասան, վարդապետին տեսան վշտահար, երեսի վրա ընկած՝ դառնագին արտասվելիս:
-Ո՜վ որդիներ, լսեք ինձ,- ողբաց սուրբը,- վա՜յ և ափսո՜ս բովանդակ մարդկության, քանզի այսօր լրացավ հազար տարին, ինչ մեր տեր Հիսուս Քրիստոսը իր սուրբ խաչով, մանավանդ Հորդանան գետում իր սուրբ մկրտությամբ կապեց սատանային: Այժմ սատանան արձակվեց իր կապանքներից…
Հայոց իշխաններին այլ բան չէր մնում, քան վերադառնալ ու հայտնել թագավորին, որ գործած մեղքերի պատճառով են սատանաներ հայտնվել: Ողջ երկիրը մեղքերի քավության աղոթատուն դարձավ, պարբերաբար սկսեցին զարկել եկեղեցիների զանգերը:
Եվս 14 տարի անցավ, և մի նոր սարսափազդու նշան առավել հուսալքեց մարդկանց: Սոսկալի ձևով խավարեց արեգակը, հուժկու քամի բարձրացավ, որի ոռնոցը չէր խլանում սարսափած մարդկանց ողբից, ճիչերից, անասունների կաղկանձից ու բառաչից: Եվ, դարձյալ, թագավորը, Պետրոս Գետադարձ կաթողիկոսի հետ որոշեց պատվիրակներ ուղարկել Կոզեռնի մոտ: Պատվիրակները՝ Գրիգոր Մագիստրոսի և Վեստ Սարգսի գլխավորությամբ վարդապետին գտան նույն վիճակում՝ ցավաբեկ հեծեծալիս:
-Ո՜վ իմ փառավոր որդիներ, լսեք այս խոսքերը խոցված և վշտահար Հովհաննեսից: Ահա այսօր լրացավ Քրիստոսի չարչարանքների հազար տարին և Բելիարն արձակվեց, որին կապել էր Փրկիչը Հորդանան գետում…(*)
Եվ թագավորից մինչև ռամիկ ու անազատ, օրվա մեջ յոթնակի ու տասնյոթնակի ծնրադրում էին՝ Երկնավորից աղերսելով մեղքերի քավություն, իսկ աղոթատների զանգերը հնչում էին անգամ կեսգիշերին, եթե այսահարված մի ճամփորդ էր տեղ հասել՝ փրկվելով դևերից, և կամ, ինչ որ մեկի աչքին տարօրինակ ստվեր էր երևացել: Եղան համարձակներ, որոնք զինված դիմադրություն ցույց տվին դիվական այդ զորքին, սակայն, շատերը միաբերան պնդում էին, որ եթե համարձակվեն սպանել դևերից մեկին, ապա նրանք տասնակի կշատանան…
Այլևս մի կողմ նետվեցին, աչքից հեռու մի տեղ, գեղարդն ու տեգը, նետն ու աղեղը, թուրն ու սակրը, մկունդը, վահանն ու սաղավարտը…
«Արձակի՜ր մեր մեղքերի կապանքները, Տե՜ր…»,-աղերսում էր ողջ ազգը:
Մինչդեռ, այդ ճիվաղները ոչ այլ ոք էին, քան վայրի սելջուկյան թուրք ցեղերի ավազակախմբեր, որոնք խումբ-խումբ ծառայության էին մտել արաբական, իրանական, Ատրպատականի բանակներում և հրոսակներ կազմած ասպատակում են հայոց սահմանները: Մի քանի տարում, Նախճվանի և Դվինի վրայով խորշակի պես թուրքերն ամայացրին արգավանդ երկիրը՝ մինչև Նիգ գավառը:
Այսպես շարունակվեց…
Ժողովրդին մեղադրելու կարիք չկա: Մարդկությունը նույնքան ընդունակ է հուսալքվելու, ամբոխանալու, անասնական վարք դրսևորելու, որքան որ ունակ է համախմբվելու, արարելու և խիզախելու: Այդպես է ստեղծել բնությունը: Շարունակական դժբախտությունների դեպքում նա հուսալքվում, դառնում է խեղճ ու լալկան, ամենաթողության պայմաններում՝ հանցագործ ու ավազակ, հերոսական ազդակներ ունենալիս խիզախում է ու անձնազոհության դիմում:
Ծայրահեղ պայմաններում ժողովուրդը փրկարար ափ է գտնում իր առաջնորդների իմաստության ու ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ: Ավա՜ղ, այդպիսիք քիչ ունեցանք և այն նվիրյալները, որոնք սեփական ուժին ու զինված պայքարին ապավինելով հանուն հայրենիքի մատաղում էին իրենց, միշտ գործել են դավադրական վտանգի ներքո: Եվ, թեև ընդունելի չէ, բայց և հասկանալի է ժողովրդի՝ օտարներից գութ և օգնություն հուսալու շարունակվող ինքնախաբեությունը, քանզի, պետական ու ֆինանսական գահերին բազմած իր զավակները, ավա՜ղ, միմյանց դեմ պայքարող նախարարական տներից մինչև այսօրվա օլիգարխներն ու չինովնիկները, ազգն առաջնորդելու ունակ չեղան:
Անցած հազարամյակի մեր պատմությունը լի է երկրի հատվածների ու մարդկային կորուստների փաստերով: Շատ հեռվից չգանք, հիշենք թեկուզ շուրջ մեկ դարի անցքերը.
Համիդյան ջարդեր (1894–1896թ.թ.) – 200-300 հազար զոհ,
Հայ-թաթարական ընդհարումներ (1905–1907թ.թ.) – շուրջ 4000 զոհ,
Ադանայի կոտորած (1909 թ.) – 30,000 զոհ,
Հայոց ցեղասպանություն (1915–1923) – 1.500.000 զոհ
Հայերի կոտորածը Բաքվում (1918 թ.) – 30.000 զոհ,
Գայբալուի և Շուշիի ջարդեր (1919 թ., 1920 թ.) – 700 և 30.000 զոհ, և…մինչև մեր օրերը՝ զոհե՜ր, զոհեր և հայրենիքի հատվածների կորուստներ:
Այսպես շարունակվում է…
Ապիրլի 24-ին, վաղ առավոտից մինչև կեսգիշեր, կրկին բազմամարդ է լինելու Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Հազարավոր մարդիկ կայցելեն, վշտակիր լռությամբ գլուխ կխոնարհեն Եղեռնի զոհերի հիշատակին: Այդտեղ կլինեն համակիր ու ընդդիմադիր բազմաթիվ կուսակցությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, բարձր աստիճանակարգի պաշտոնյաներ և նրան ուղեկցողներ, դեսպաններ, ոստիկաններ, սփյուռքահայեր, մտավորականներ… Լուռ, կխոնարհվեն անմար կրակի առջև, ծաղիկներ կխոնարհեն, ծաղկեպսակներ կտեղադրեն, ապա կիջնեն Ծիծեռնակաբերդի բարձունքից և… կվերսկսվի երեկվանից, նախորդ օրից, տարիների ու դարերի խորքից եկող զուտ հայկական առօրյան՝ միմյանց դեմ պայքարելը, քննադատելը, դավելը, թուրքի հետ ընկերանալու, բարեկամություն անելու առաջարկները, որպես խաղաղության հաստատման և բարենորոգ ապագայի գրավական՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու ակնարկները… Եվ ո՜չ ոք, ոչ ոք չի ցանկանա առերեսվել մի պարզ ճշմարտության հետ՝ ո՞րն էր մեր քրոնիկ հյուծախտի պատճառը, որ դարերով զոհվում և ուծվում ենք, որ Մեծ Եղեռն ու այդքան ջարդեր ունեցանք, ո՞րն է բուն պատճառը, որ անընդհատ ընդարձակվող Եռաբլուր ունենք, որ Հայաստանի գյուղերում ու քաղաքներում այսօր չկա մի գերեզմանոց, որտեղ չծածանվեն եռագույն բազմաթիվ դրոշներ՝ խորհրդանշելով, որ այդտեղ պատերազմում նահատակվածների շիրիմներ են…
Ծիծեռնակաբերդը դարձել է հայոց միակ տեղավայրը, որտեղ լռում են բոլոր կոչերն ու բամբասանքները, սպառնալիքները, համրանում են բոլոր կոկորդները…
Տարին տարվա վրա Ծիծեռնակաբերդը դառնում է հայոց յուրօրինակ «լացի պատը»:
-Պարոնայք, իսկ որտե՞ղ է լինելու այն պատը, որտեղ մեր սերունդները ողբալու են կորցրած հայրենիքի համար…
Մի՛ բարձրացեք Ծիծեռնակաբերդ, ոչ մի խաչքարի և հուշարձանի մոտ ծաղիկներ մի խոնարհեք, քանի դեռ չեք կարողանում առերեսվել Mea culpa-ին, գնահատական տալ և միատեղվել մեկ նպատակի շուրջ՝ ամենայն հայոց նպատակի՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ:
Ասվածը չափազանցություն չէ և ոչ էլ խուճապահարի անհիմն զառանցանք: Մեր պատմությունը մեր գործած սխալների դասագիրքն է: Հարկ չկա հանրահայտ փաստերը կրկին վերաշարադրելու, կրկին վերլուծելու պատերազմում կրած պարտության նախադրյալներն ու պատճառները, հետպատերազմյան բանակցություններում թշնամու առաջադրած պահանջ-որոգայթները, դրանց տեղի տվող իշխանավորների անկարողությունը, Սփյուռքում տիրող անհամաձայնություններն ու դեռևս պահպանած ներուժը խաղից դուրս վիճակում թողնելը, բարեկամ ձևացող երկրների խորամանկ քայլերը: Այդ բոլորը թողեք եկող սերունդների դատին: Եվ պահանջեք ձեր որդիներից, որ շատ խիստ դատեն, օրենքի ուղջ ուժգնությամբ: Իսկ մինչ այդ՝ սթափվեք, ուշք դարձրեք, թե ո՞ւր է ուղղորդվում հայոց տապանը՝ դեպի փրկության ա՞փ, թե՞ հարազատ ափերը թշնամուն թողնելով՝ դեպի կործանարար փոթորիկ:
Մենք պարտավոր ենք ազգովի նավազ դառնալ ափ փնտրող մեր տապանին:
*) Փաստերը քաղված են Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրություն» երկասիրությունից՝ «Հայաստան» հրատարակչություն,Երևան, 1973 թ.: