ԻՆՉՈ՞ւ…

Սամվել Խալաթյան, Երևան, 7 Սեպտեմբեր 2021

Նախախոսք

Առաջին հարցը, որ ծագել է նախամարդու մտքում՝ ինչու-ն է:

«Ինչպե՞ս» հարցականը հետո է ծագել, երբ նա փորձել է բնության երևույթներն ուսումնասիրել, աշխատանքային գործիքներ հնարել կամ զբաղվել գյուտարարությամբ:

Եվ, ահա, այս հոդվածին վերնագիր ընտրելուց առաջ երկար մտածեցի և եկա այն համոզման, որ պետք է վերնագրեմ՝ «Ինչո՞ւ…»: Իսկ ինչո՞ւ «Ինչո՞ւ..», երբ արդեն քաղաքակիրթ աշխարհում ենք ապրում: Որովհետև քաղաքկիրթ աշխարհը արդեն մտածում է Հրատը (Մարսը) բնակեցնելու մասին, մենք՝ մեր հայրենիքում, լինել-չլինելու տառապանքի մեջ ենք, քաղաքակիրթ երկրների ղեկավարները մտահոգված են իրենց քաղաքացիների բարեկեցության համար, մեր ղեկավարները՝ քաղաքացիների վրա էլի մի տուժագրում անելու հնարքներ են մտմտում, քաղաքակիրթ երկրներն իրենց սահմանները պաշտպանում են զինվորի ու զենքի ուժով, մենք մեր սահմանները թշնամու առջև բացում ենք հազարավոր զոհերի գնով: Այս ամենի հետ չենք մոռանում անընդհատ ու անընդհատ հիշել ու հիշեցնել, որ աշխարհում առաջին աստղադիտարանը մերն է եղել, որ 3700 տարի առաջ Եգիպտոսում ձի և անվավոր փոխադրամիջոց, այբբենական գիր ներմուծող հիքսոսները հայկական լեռնաշխարհից էին, որ ծովից-ծով Հայաստան ենք ունեցել… ավա՜ղ, բոլորն անցյալում:

Եվ այն խոհերը, որոնք միանգամից պարուրեցին ինձ, մեկիկ-մեկիկ ուղեկցվում էին «ինչո՞ւ» հարցական դերանունով, որը պատասխան ու եզրահանգում է պահանջում՝ ճիշտ ու վստահ ապրելու համար, անսխալ ապրելու համար, հաղթանակներով ապրելու համար:

Կարող է թվալ, թե ամբողջության մեջ, առանց կոնկրետ փաստերի, խոսքս անդեմ կամ սոսկ դիտողական է, մինչդեռ, շարադրված ամեն մի միտք, ընդհանրական լինելով հանդերձ, տասնյակ ու ավելի իրական պատասխաններ ունի և, թերևս, տարակարծություն էլ առաջացնի: Ուստի, սա, այնուամենայնիվ, հոդված է և ոչ թե հայեցողական ճարտասանություն, հոդված-ահազանգ, որի կոնկրետ փաստերը ընթերցողի մոտ են…

Մենք

Աշխարհի և ոչ մի ժողովուրդ ժառանգներին ավանդվող իր փայփայած հեռավոր տեսլականները, նվիրական հույսերը պարծենկոտության չի վերափոխում, բացի հայից:

Դժբախտությունն այն չէ, որ հայը ապրում է ստի, կեղծիքի, շողոքորթության, դավի ու թալանի իրականությունում: Դժբախտությունն այն է, որ նա համակերպվում է դրանց հետ:

Հուսալքված հայն արդեն իսկ անտունի է:

Մենք՝ սփյուռքահայերս

Սփյուռքահայերի համար երկու հավատալիք կա՝ Աստված և նախնիների Հայրենիքը:

Մեծ հաշվով, սփյուռքահայերի համար հայրենիքը սրբապատկերի պես մի բան է՝ իրականության մեջ երբեք չեն տեսել, բայց պաշտում ու խոնարհվում են:

Նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել մեկ անգամ լինելու հայրենիքում, իրենց  հանդիպումը երազ են համարում, երազ, որ ունի իր երջանիկ և ահաբեկող պահերը:

Նրանք, ովքեր ոչ միայն առերեսվել, այլև որոշակի ներհայել են հայրենիքը, սկսում են փնտրել կոնկրետ այն տեղը,  որտեղ իրենք են հայրենիքի մեջ:

Կան այնպիսիք, ովքեր, երբ համոզվում են, որ իրենք կոնկրետ տեղ ու դեր ունեն հայրենիքում, պայքարում են հայրենիքը տեսնելու հենց այնպես, ինչպես նա հառնում է միայն ու միայն իրենց երևակայության մեջ: Այդպիսիք, որպես կանոն, կուսակցական են:

Նրանք, ովքեր իրականության և երևակայության բախումից հիասթափվում են, պայքարում են մաքրելու իրենց և բոլորի երևակայության մեջ եղած հայրենիք-սրբապատկերի վրա հայտնված բծերը:

Նրանք, ովքեր օժտված են լայնախոհությամբ, ոչ միայն ետ նայել գիտեն, այլև՝ առաջ, շա՜տ առաջ, հայրենիքի նկատմամբ հանդես են բերում այն բժշկի հոգատարությունը, ով հանուն հիվանդի առողջացման պատրաստ է իր արյունը տալ:

Ամենազարմանալին այն է, որ որքան էլ գիտեն, որ անզոր են իրենց աղոթքները, նրանցից և ոչ մեկը աթեիստ չի դառնում և բոլորը մղվում են անելու այն, ինչը իրենց պաշտած սուրբը անկարող է եղել անելու:

Մենք՝ հայաստանցիներս

Հայաստանցիների համար երկու հավատալիք կա՝ Աստված և Ավետյաց երկիրը՝ Մասիսի պատկերով:

Մեծ հաշվով, հայաստանցիների համար հայրենիքն իրենց տունն է ու ցանկապատը և Մասիսն ունենալու հույսը:

Նրանք հավատում են Աստծուն միմիայն իրենց տան ու ցանկապատի անձեռնամխելիությունը և Մասիսն ունենալու հույսը պահպանելու համար և հիմնավորապես ոչինչ չեն ձեռնարկում ցանկապատը պարիսպ, հույսը՝ իրողություն դարձնելու համար:

Երբ հայաստանցին ապահով է, մոռանում է, որ Սփյուռք ունի:

Հայաստանցին հանուն հայրենիքի անվարան նահատակվում է՝ դա համարելով հերոսություն: Նա այդպես էլ չհայտնագործեց, որ հերոսաբար նահատակվելու և նահատակվելով հերոսանալու նժարների միջև լծակը հորիզոնական չէ, դրանք մեկ նժարի վրա պետք է լինեն, իսկ մյուս նժարին հաղթանակի դափնին է դրվում:

Հայաստանցին հուլության աստիճանի համբերող, համակերպվող է և հրաշքի սպասող:

Հայաստանցին այնքան է ինքնասիրահարված, որ ներշնչված է, թե օտարները պարտավոր են սիրել իրեն:

Հայաստանցին իր հայրենիքում խորիմաստ գիտնական է, ճարտարագործ շինարար, տաղանդավոր արվեստագետ, եթե միայն իր ղեկավարը դա ցանկանա:

Հուսկ բանք

Սրանցով, անշուշտ, «ինչուները» չեն սպառվում, թանկագին հայրենակից: Մենք մեզ պետք է փնտրենք մեր մեջ՝ քանի դեռ ուշ չէ: Մեր մեջ պետք է պեղենք այն ինքնությունը, որը հուշի չի վերածի մեզ և մեր պատմությունը:

Քրիստոսին հավատա, բայց սատանայի հետ քո կռիվը ինքդ տուր և հավատա քո՛ զորությանը:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like