Հին ու զարմանահրաշ երևանցին՝ Յակով Զարգարյանը

Սամվել Խալաթյան, Երևան, 21 նոյեմբեր 2022

Ո՞վ էր Յակով Զարգարյանը:

Ոմանք կասեն` Զարգարյանը կերպարվեստի գործերի մոլի հավաքորդ էր, և ճիշտ կասեն, քանզի իր անձուկ բնակտարածությունը վեր էր ածել գեղանկարչական ավելի քան հազար ստեղծագործությունների պահեստ-ցուցասրահի:

Ոմանք կասեն` դաշնակահար էր, երաժշտագետ ու մանկավարժ, և` էլի ճիշտ կասեն: Շուրջ 70 տարի Զարգարյանը զբաղվում էր մանկավարժությամբ, հեղինակել էր երկու գիրք` դաշնամուրի դասընթացի ուսուցման և մեթոդիկայի մասին, ուներ ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում, պրոֆեսոր էր:

Կլինեն նաև մարդիկ, ովքեր կպնդեն, որ Յակով Զարգարյանը գրող-հրապարակախոս էր, և նրանք նույնպես ճիշտ կլինեն, որովհետև նրա հեղինակած տասը գրքերը, արդարև, վկայում են շնորհաշատ արձակագրի մասին: Վաղուց ի վեր, Զարգարյանը ոչ թե այցեքարտ, այլ արձակագրի անձնագիր էր ներկայացրել իր հեղինակած գրքերով, որոնք հանրահայտ արվեստագետների մասին հետաքրքիր վավերագրումներ լինելով հանդերձ, գրավիչ նորավեպեր են՝ արարված ինքնաբուխ, տաղանդավոր գրչով:

Կասեն նաև` Զարգարյանը հաճելի զրուցակից էր, արվեստասեր, համեստ մարդ, ազնիվ քաղաքացի… Եվ բոլոր-բոլորն էլ ճիշտ կասեն:

Եվ, այնուամենայնիվ, ո՞վ էր Յակով Զարգարյանը, նա՝ ով 94-ամյա տարիքում անգամ բաց չէր թողնում և ոչ մի ցուցահանդես, համերգ, արվեստագետների հավաքույթ, և ամենուր նրան դիմավորում էին ուրախությամբ ու մեծ հարգանքով:

Յակով Զարգարյանը՝ անվանի գեղանկարիչների ստեղծագործությունների մեծ հավաքածու ունեցող ծերունազարդ այրը, տասնյակ երկրների մեծանուն նկարիչների կողմից ճանաչվեց ու Երևանի գեղագիտության պատմության մեջ մնաց որպես մանրանկարչության մեջ նոր արահետ ստեղծած գեղագետ…

Ի ՍԿԶԲԱՆԷ ԷՐ…

Ի սկզբանէ էր ձուն՝ հավկիթը, ավելի ճիշտ` դաշնակահար, մանկավարժ Յակով Զարգարյանի հարևանի 12-ամյա տղայի Զատկի փայտե ձուն, որը և երաժշտին միտք հուշեց ստեղծել և հավաքել նկարազարդ ձվերի՝ աշխարհում եզակի և յուրատիպ հսկայական հավաքածուն: Դա 1963 թվականին էր:

Հավկիթը նկարազարդելու անսովոր, աննախադեպ իրողությունը, սակայն, խորհրդածելու տեղիք է տալիս:

Անհիշելի ժամանակներից մինչև այսօր նկարչությունը զարգացման բազմաթիվ ու բազմաձև ուղի է անցել: Տարբեր դարաշրջաններում, նորն ու անկրկնելին ստեղծելու տարբեր արվեստագետների ազնիվ ձգտումը առաջ է բերել նյութի և ներկի կիրառման, գույնի ու երանգի, բովանդակության և հորինվածքի, չափ ու ձևի փոփոխման, ժանրերի ստեղծման ու ժխտման բազմաբնույթ տարափոխումներ: Սակայն երբեք չի եղել, որ ժանրը մտահղանա կերպարվեստի սիրահար-հավաքորդը և նրա ջանքերով զարգացում ապրի ավելի քան 900 վարպետների ձեռամբ:

Ոմանք կարող է վիճելի համարեն փայտե հավկիթի նկարազարդումը ժանր կոչելը: Մինչդեռ, սա առարկայի նախշազարդում չէ, այլ՝ ավարտուն ստեղծագործություն, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ ժանրերն առաջանում են առկա գեղարվեստական ձևերի զուգորդումից: Դրանց տարբերակման հիմնական չափանիշները կյանքի գեղարվեստական պատկերմամբ ընդհանուր սկզբունքներ ունեն` թեմատիկ, կառուցվածքային հատկանիշներ, պատկերավորման յուրահատուկ եղանակներ և այլն: Ուստի, հավկիթի վրա ավարտուն ստեղծագործությունը լիիրավ կարելի է մանրանկարչության ժանր համարել՝ գույն-երանգների, գծի, ներքին կառուցվածքի և մյուս` գեղանկարչությանը հարիր տարրերով:

Մարիամ Ասլամազյան, Եվա Գևորգյան, Ալվարդ Գրիգորյան (Ստեփանակերտ)

Պրոֆեսորի հավաքածուում կա շուրջ 1100 հավկիթ՝ նկարազարդված 48 երկրի 108 քաղաքի նկարիչների ձեռքով: Փայտե, կերամիկակական, ապակե և պողպատե   հավկիթների վրա աշխատել է 930 հեղինակ՝ աշխարհի տարբեր մայրցամաքներից։

Դաշնակահարը արհեստավորներին պատվիրում էր փայտյա կամ այլ նյութից պատրաստել հավկիթներ, ապա դրանք անձամբ կամ ծանոթների միջոցով հանձնում նկարիչներին, որպեսզի նկարզարդեն դրանք։ Արտերկրից ցուցահանդեսներով Հայաստան ժամանած նկարիչներին էր մոտենում, հանձնում հավկիթը՝ խնդրելով այն նկարազարդել և հետ ուղարկել։ Եղել է դեպք, որ հավկիթ է հանձնել նկարչի և նկարազարդ տարբերակը ետ է ստացել … 36 տարի անց։

Ուլֆ Ռամբերգ (Ստոկհոլմ), Մենեզես դե Սոզա(Ռիո-դե-Ժանեյրո)
Աիմոտո Միշիրու(Ճապոնիա)

Յակով Զարգարյանն ի սկզբանե շատ լավ է պատկերացրել թե ի՞նչ է անում և ի՞նչ արժեք է ստեղծվում: Նկարիչներից յուրաքանչյուրին նա առաջարկում էր հավկիթի վրա նկարել իրենց իսկ բնորոշ ոճով ու թեմատիկայով: Եվ մի՞թե սոսկ զարդերի նախշ կարելի է համարել Մարտիրոս Սարյանի, Հարություն Կալենցի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Գրիգոր Խանջյանի, Մինաս Ավետիսյանի, այլոց մանրանկարները` իրենց անհատական ոճով ու թեմատիկայով, սոսկ այն բանի համար, որ դրանք արված են փոքր տարածքում` էլիպսաձև գնդի վրա:

Ես ձեռնպահ եմ մնում այդ ստեղծագործությունների մասին վերլուծական խոսք գրելուց, քանզի անշնորհակալ ու անտեղի գործ է մի համառոտ ակնարկում գրախոսել կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչների ավելի քան 1000 ստեղծագործություն, երբ դրանք, առանձին-առանձին, ծավալուն ներկայացվելու արժանիք ունեն: Դա, երբևէ, կանեն մեր արվեստաբանները: Նշենք միայն, որ Զարգարյանն իր զմայլելի հավաքածուի գործերը ոչ թե այստեղ-այնտեղից է ձեռք բերել, այլ` պատվիրել է, ոչ թե գնել է` սակարկելով հեղինակների հետ կամ աճուրդներում, այլ՝ պատրաստողները սիրահոժար նվիրաբերել են դրանք:

Փայտե հավկիթների վրա մանրանկարչական ստեղծագործությունների այդ մեծ ժառանգությունը, որը նկարիչներին ոգեշնչող տաղանդավոր մարդու և նրա առաջարկով ոգեշնչված տաղանդավոր նկարիչների ստեղծագործական մտքի արդյունքն է, մշակութային արժեքների մի յուրատեսակ համալիր է:

Ահա այս իրողություններն իմանալով, պետք է արժանին մատուցել Յակով Զարգարյանին, ում ջատագովությամբ հարյուրավոր արվեստագետներ յուրօրինակ ժանրով ստեղծեցին մնայուն արժեքներ, հոգևոր այնպիսի հարստություն, որը չունի և ոչ մի երկիր ու թանգարան, ոչ մի պատկերասրահ ու հավաքորդ: Մինչդեռ…

Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան, Դմիտրի Նալբանդյան (Մոսկվա), Արմինե Կալենց

Կյանքի վերջին տարիներին Յակով Զարգարյանը բազմաթիվ պաշտոնական դռներ թակեց՝ առաջարկելով, խնդրելով, որ իր հավաքածուն հանգրվանի թանգարանային պայմաններում, նկատի ունենալով ոչ միայն դրանց պահպանման ու խնամքի անհրաժեշտությունը, այլև որ հասանելի լինի հանրությանն ու սերունդներին: Նա պայման չէր դնում, որ թանգարանն իր անունով կոչեն, չէր սակարկում, պարզապես նվիրում էր այդ ստեղծագործությունները: Սակայն, պատկան այրերի իմացության ու ճաշակի մակարդակը չներեց գիտակցելու վրձնի մեծ վարպետների ստեղծագործությունների հոգևոր արժեքը:

Յակով Զարգարյանն իր մահկանացուն կնքեց 2020 թվականին, 94 տարեկան հասակում…

* * *

Օրերս, Վանաձորի Լոռի-Փամբակի պատմության թանգարանի մեծ սրահում բացվեց Շուշիի գորգի թանգարանից փրկված նմուշների ցուցահանդեսը: Վարդան Ասծատրյանի անհատական հավաքածուի մի մասը նրա ջանքերով տարհանվել և ժամանակավոր հանգրվանել է Երևանի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։ Ցավոք, այս ընթացքում, չնայած բազմաթիվ բանակցություններին, դեռևս լուծված չէ ավանդական գորգարվեստի բացառիկ նմուշներով հարուստ հավաքածուի մշտական կեցության ու ցուցադրության համար տեղ հատկացնելու հարցը, և Վարդան Ասծատրյանը շրջիկ ցուցահանդեսներով դրանք ներկայացնում է մարզերի հանրության դատին:

Ազգային հնագույն գորգարվեստի նմուշները դիտելու վայելքը, սակայն, շատերի համար ստվերվում է այն մտքից, որ հայրենի հոգևոր անկրկնելի այդ արժեքները Հայրենիքում թափառական են և անտունի:

Ակամա հիշեցի Յակով Զարգարյանին, նրա անհայտ մնացած ճակատագրով արվեստի գործերը և հարց ծագեց՝ գուցե մենք ապրում ենք անհայտ ժամանակի ու տարածությա՞ն մեջ և դա ի զորու չե՞նք գիտակցելու…

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

«Մենք Ենք, Մեր Նախագահը»

Սամվել  Հովասափյան, Բեռլին, Սեպտեմբեր 2012 Վերջերս  հայկական տարբեր կայքէջերում կարելի է դիտել Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության ամբողջ…
Read More
Read More

Տեսե՞լ եք

Լևոն Բաբաջանյան, Երևան, 5 Դեկտեմբեր 2021 «Տեսե՞լ եք նրա բնակարանը, խլուրդի ծակուռ… Բայց անցիր նրա երկիրը։ Ինչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր» Դերենիկ Դեմիրճյան, «Հայը» Դերենիկ Դեմիրճյանի՝ հային բնութագրող այս խոսքերը եկան…
Read More