Երուանդ Տէր-Խաչատուրեան, Պայքար, 23 Փետրուար 2020
Սիրելի ընկեր,
Ես խոստացայ, որ քեզ կը գրեմ Յարութիւն Նագուլեանի նոր գրքերի մասին եւ ահա գրում եմ: Քանի որ այդ գրքերը շուտ չեն հասնելու քեզ, որոշեցի քեզ ծանօթացնեմ այդ գրքերին:
Առաջին գիրքը, որ ծաւալուն ժողովածու է՝ երեք հարիւր էջ, խորագրուածէ ՙՃերմակ պատուհան՚: Իր մի՝ բանաստեղծութիւնից առնուած այս պատկեր-արտայայտութիւնը, իբրեւ գրքի խորագիր, գրքում փոխաբերութեան իմաստ է ստանում: Լուացուած ու մաքուր այդ պատուհանից են բանաստեղծի առջեւ բացւում կեանքն ու իրականութիւնը, երկիրն ու աշխարհը:
ՙՃերմակ պատուհան՚ գրքի առաջին բաժնում տպագրուած են կեանքի տարբեր տարիներին իր գրած բանաստեղծութիւնները: Աւելի ճիշդ կը լինի ասել՝ այն բանաստեղծութիւնները, որոնք Նագուլեանը հրապարակել է մամուլի էջերում: Մէկտեղուած, մէկ-միասնական շարքի մէջ ամփոփուած՝ այդ բանաստեղծութիւնները ներկայացնում են հեղինակի հոգեկան-հոգեւորկեան կեանքի բանաստեղծական տարեգրութիւնը: Այս բանաստեղծութիւնների մէջ հեղինակի կեանքի բանաստեղծութեամբ արձանագրուած կեանքի պատմութիւնն է, իր կեանքի ելեւէջումների, իր հրապուրանքների եւ հիասթափու թիւնների, իր յայտնաբերումների եւ կորուստների պատմութիւնը: Այդ պատմու թիւնը շատ հետաքրքրական գծեր ու շերտեր ունի: Դրանցից մէկը, անշուշտ, արտերկրում ծնուած ու հասակ առած երիտասարդի, եւ ապա՝ հասուն այրի գիտակցական եւ զգացական յարաբերութիւնն է Հայաստանի հետ: Եւ, ասեմ քեզ, դա ամենեւին էլ պարզ եւ պարզունակ հարց չէ. գաղտնիք չէ, որ շատերի համար այսօր էլ Հայաստանը հաճելի զբօսաշրջութեան երկիր է՝ բարենպաստ, չոր օդ, ընտիր մրգեր, համով բանջարեղէն, լուսանկարուելու հաճելի ու տեսարժան վայրեր՝ Էջմիածին, Խոր Վիրապ, Գառնի, Գեղարդ…Տասը օրը բաւական է, դեռ մի բան էլ շատ է՝ գործ ունենք, բան ունենք…
Յարութիւն Նագուլեանի յարաբերութիւնը Հայաստանի հետ մտաւորական մարդու, արուեստագէտի, վերջապէս՝ ջղերով ու արիւնով, էութեամբ ու նկարագրով հայ մարդու յարաբերութիւն է:
Չափազանցութիւն չի լինի, եթէ ասեմ, որ այդ բանաստեղծութիւնների խորքում արտերկրի մարդու՝ Հայաստանի հանդէպ ունեցած տարիների վերաբերմունքի յուզական ու զգացական պատմութիւնը կայ: Իր բանաստեղծութիւններում յստակօրէն գծագրւում է 1960-ական թուականների Երեւանը՝ մշակութային եւ հանրային կեանքի ելեւէջումներով, արուեստի միջավայրի ու մթնոլորտի ջերմ ու մտերմական շնչով: Իր բանաստեղծութիւնների մէջ մի առանձին թեմա է Հայաստանի ոգեղէն կերպարը՝ Հայաստանի անցեալը,պատմութիւնը, մշակոյթը, արուեստը, գրականութիւնը եւ, մանաւանդ, պոէզիան: Բանաստեղծը իր զգացողութիւններով խորապէս կապուած է հայկականութեան իր ոգեղէն արմատներին: Յարութիւն Նագուլեանը նախանձա խնդիր հայ է:
Առհասարակ Յարութիւն Նագուլեանի բանաստեղծութիւններում երկու զուգահեռ գիծ կայ, թեմայի եւ բովանդակութեան երկու շերտ՝ անձնական-անհատական եւ ընդհանուր-մարդկային, ես կ’ասէի՝ աւելին, քաղաքացիական՝ իր ամենաբարձր իմաստով: Եթէ մանրամասնեմ, օրինակներ բերեմ, մէջբերումներ անեմ, գրածս կը դառնայ գրականագիտական ուսումնասիրութիւն: Աւելի լաւ կը լինի, գիրքը կարդաս, երբ որ ձեռքդ անցնի:
Գրքի երկրորդ բաժինը, թէպէտեւ ժողովածուն բաժինների բաժանուած չէ, ՙԱնմարմինները՚ խորագրով պիեսն է: Սա հետաքրքրական գործ է, պայմանական թատրոնի սկզբունքներով, Վիլեամ Սարոյեանի՝ 1940-ական թուական ների բանաստեղծական եւ փիլիսոփայական խորքով պիեսների շնչառութեամբ, աբսուրդի թատրոնին բնորոշ իրադրութիւններով գրուած գործ: Եւ շատ արդիական հոգեբանական հենք ունի: Ինձ թւում է, մեր թատրոնները պէտք է հետաքրքրուեն այս պիեսով: Եւ, ճիշդն ասած, ես չգիտեմ, Նագուլեանը ուրիշ պիեսներ գրե՞լ է, թէ՞ ոչ: Այս մէկը տպագրուած էր ՙԲագին՚ ամսագրում:
Գրքի երրորդ բաժինը Նագուլեանի՝ տարբեր տարիներին գրած յօդուածներն ու էսսէներն են: Յարութիւն Կալենցին, Երուանդ Քոչարին, Սարգիս Փարաջանեանին (Սերգէյ Փարաջանովին) եւ իր ժամանակակից, 1960-ականների երիտասարդ տաղանդաւոր արուեստագէտներին նուիրուած իր յօդւածները լայն արձագանգ ունեցան: Դրանք ներկայացնում եւ արտայայտում էին գեղագիտական այլախոհութիւն ունեցող մարդու մտածումները, մանա ւանդ որ դրանք ճշմարտացի ու արդարացի էին այդ արուեստագէտների ստեղծագործական ժառանգութեան գնահատման եւ արժեւորման առումով: Ժամանակը ցոյց տուեց, որ իրաւացին Յարութիւն Նագուլեանն էր, թէպէտեւ սովետական իշխանութիւնը այդ յօդուածների համար Նագուլեանին հռչակեց ՝persona non grata՚, մերժելի, անցանկալի անձ:
Այդ յօդուածները, հնարաւոր է, որ այսօր իբրեւ փաստ, այլեւս պատմական անցեալ են, բայց իբրեւ գեղարուեստական վերլուծութեան եւ արժեւորման փորձ, դրանք այսօր էլ շատ հետաքրքրական եւ ուշագրաւ են: Վերջապէս, այդ յօդուածներն ու էսսէները շատ ուշագրաւ են 1960-ական թուականների մեր գեղարուեստական կեանքն ու իրականութիւնը ճանաչելու համար:
Այսպէս, համառօտ երկու խօսքով՝ Յարութիւն Նագուլեանի ՙՃերմակ պատուհան՚ ժողովածուն ներկայացրի քեզ: Խօսքս շատ երկարեց: ՙՍաղմոսներ՚ բանաստեղծական գրքի մասին քեզ կը գրեմ մի ուրիշ անգամ:
Այս նամակում՝ այսքանը:
Մնամ՝
Յարութիւն Նագուլեանի գրքերի ընթերցող ընկերդ՝
Երուանդ Տէր-Խաչատուրեան
Երեւան