Սամվել Խալաթյան, Երևան, 2 Ապրիլ 2022
Վաղուց, շա՜տ վաղուցվանից, մի կանխազգացում կա մեջս, իբրև՝ կանխազգացումներս կատարվում են: Այդ միտքը նախկինում ինձ թևեր էր տալիս, ուրախանում, անգամ հպարտանում էի: Հիմա տագնապ կա դրանից, մեծ տագնապ, որ Աստված մի արասցե, որ կանխազգացումներս իրականություն դառնան:
– Այդ տագնապը հայի տեսք ունի՝ ծախված, լպիրշ, դավող, անգրագետ, պժգելի:
– Թուրքի տեսք ունի՝ ձեռքերին չցամաքող արյուն, մարդ չդարձած երկոտանու:
– Ռուսի տեսք ունի՝ շահամոլ, մեծապետական, դրուժան:
– Եվրոպացու տեսք ունի՝ անտարբեր, անհաստատ, վեհանձն:
– Ամերիկացու տեսք ունի՝ հար ոսկու տենդի մեջ:
– Մի բուռ հողի վրա մի բուռ ժողովուրդ՝ տագնապների մեջ:
– Սոցիալական ցանցերում գույժերի ժխոր է.
«Զորքերը հայելային հետ քաշելու» Կառավարության առաջարկը կործանարար է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար»…
«Շուկայում հայտնվում են անորակ դեղամիջոցներ»…
«Գազի սակագինը բարձրացավ 4.7 դրամով»…
«Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում»…
«Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը»…
«Ազատամարտիկի տղան 4 մլն դրամ կաշառք է տվել՝ բնակարանային պայմանները բարելավելու համար»…
«Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթած դաշինքի ղեկավարին՝ Մամիկոն Ասլանյանին անազատության մեջ պահելով և ընտրված ավագանու նիստերն արգելելով՝ գործող իշխանությունները փաստացի քաոս են ստեղծել հանրապետության երրորդ քաղաքում»…
«Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով խաթարվել է Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը, որի հետևանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ»…
«Թշնամին հերթական ստոր ու անմարդկային քայլին է դիմում՝ ոչ միայն անարգելով հայերի գերեզմանները, այլև մահացածների ոսկորներն օգտագործելով իրենց կեղծ թեզերն առաջ տանելու համար … հայկական կողմում քար–լռություն է»…
«Ձերբակալվել է ԱԻ նախարար, գեներալ–մայոր, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը»…
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառված Բայրաքթար տիպի ԱԹՍ–ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունի վիրավորներ և 3 զոհ»…
«Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում»…
Այսպես և նմանօրինակ՝ ամեն օր, ամեն ժամ, որ փլվում են ծանր վիճակում մաքառող մարդկանց գլխին, քայքայում նյարդերը, հուսալքության մատնում նրանց:
Իսկ ինչո՞վ է զբաղված «հարազատ» կառավարությունը: Նա դեռևս հավատացնում է, թե՝ «Ապագա կա» և իրականությունից վերացած, գոհունակ, նոր օրենքների նախագծեր է հասցեագրում Ազգային ժողովի մեծամասնություն կազմող կուսակիցներին, ովքեր զարմանալի մեծ ավյունով, հայրենասիրական պաթոսով քննարկում են դրանք՝ հասարակական սննդի օբյեկտներում աղաման դնել-չդնելու, բացօթյա վայրերում ծխել-չծխելու, պոլիէթիլային տոպրակներ օգտագործելու-չօգտագործելու, վայրի կենդանիներին կրկեսում պահել-չպահելու, սնդիկով ջերմաչափերն արգելել-չարգելելու հարցերը…
«Բայց սա խելագարություն է»,- կասի յուրաքանչյուր նորմալ, տրամաբանող մարդ: Սակայն, այդ ո՞ր հոգեկան հիվանդն է ընդունում իր խելագար լինելը:
Այս վիճակն այն աստիճանի անհեթեթության է հասել, որ ոմանք, կայքերում և իրենց ֆեյսբուքյան էջերում, սկսել են հանրահռչակել ոմն «աստղաբան-գուշակի», ով ներքին և արտաքին իրադրության շիկացման ժամանակ երևակվում է և հուսադրում, թե՝ աստղերը հուշում են, որ Հայաստանի վիճակն անհամեմատ բարվոք և երջանիկ է լինելու… եկող տարի: Սույն տիկինը, երբ զգաց, որ մարդկանց տագնապներն արդեն վերաբերում են ոչ միայն իրենց լավ-վատ ապրելուն, այլև երկիրը կորցնելու վտանգին, որ նույնիսկ յուրայիններից ոմանք արդեն կասկածի տակ են դնում «իմաստուն վարչապետի» վարած քաղաքականությունը, շտապեց հայտնել, որ… վարչապետին թուղթուգիր են արել: Ողբերգական զավեշտ, այլ անուն տալ չես կարող:
Ես խորապես չեմ ճանաչում կալանավորված նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին և ըստ ամենայնի տեղյակ չեմ ոչ նրա հերոսության և ոչ էլ մեղքի չափից: Բայց մի միտք հանգիստ չի տալիս ինձ. եթե երկիրդ հուսալիորեն պաշտպանված է, հաստատորեն գործում են ժողովրդավարական օրենքները և կառավարության որևէ անդամ կաշառակերությամբ է զբաղվել, ուրեմն նա տառապել է հարստանալու տենդով: Սակայն, երբ թշնամին անարգել եկիրդ է մտել, աղքատությունը մեծ չափերի է հասել, գործազրկություն է և ապագան անորոշ, կառավարության անդամի կամ պաշտոնյայի հարստանալու տենչը կարող է սոսկ մեն-մի պատճառ ունենալ՝ նա համոզված է, ուրեմն, որ երկիրը կործանվում է և ձգտում է օր առաջ նյութապես ապահովել իրեն՝ խորտակվող նավից փախչելու համար: Կա՞ երկրորդ կարծիք, հաճույքով կլսեմ՝ գոնե ինքս ինձ մխիթարելու համար:
Հետհեղափոխական Հայաստանում ուժային, դատական մարմինները հետզհետե վեր են ածվում հանրության ընդվզումներն ու ազատ կամքի դրսևորումը զսպող մահակների, իսկ պաշտպանական բանակում կատարվում են այնպիսի «բարենորոգումներ», որոնք հատկապե՛ս բանակում չպետք է կատարվեին:
Վերջին երեք տարում ավելի քան 10 փոփոխություն է կատարվել զինված ուժերի բարձրագույն հրամկազմում, մեկ ամսից ավելի է բանակը ԶՈՒ շտաբի պետ չունի , պաշտպանության նախարարը ռազմական գործի մասնագետ չէ և դեռ շարունակվում է երկրի պաշտպանական պատերազմներում իրենց լավագույնս դրսևորած հրամանատարներին յուրային-ոչ յուրայինի արշինով գնահատելն ու առկա են արհեստավարժներին գործից մեկուսացնելու բազմաթիվ դեպքերն ու վտանգը:
Վերջերս, հանրությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, տեղ-տեղ, իր վստահությունը վերապահեց ոչ իշխանական ուժի թեկնածուների՝ ի դեմս Վարդենիս, Գորիս , Փարաքար, Թալին, Վանաձոր համայնքների, որտեղ ընդդիմությունը եթե ոչ հաղթել, ապա ձայնային մեծամասնություն է արձանագրել։ Սա լուրջ ահազանգ դիտվեց իշխողների համար և Ազգային ժողովում շտապեցին օրենք ընդունել՝ վարչապետին օժտելով այս ու այն դեպքերում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու լիազորությամբ: Թե ի՞նչ են իրենցից ներկայացնում «այս ու այն դեպքերը» և ինչո՞վ են դրանք ավարտվում՝ հանրահայտ է, չմանրամասնենք: Այսպիսով, իշխանությունն արդեն լուրջ քայլեր է անում յուրացնելու նաև ժողովրդավարական հիմունքներով կազմավորվող տեղական ինքնակառավարումը, դրանով լուրջ հարված հասցնելով արդեն իսկ բազմաթիվ կողմերից վտանգված ժողովրդավարությանը:
Մինչդեռ, սթափ տրամաբանությունը հուշում է, որ այս պայմաններում ամենահրատապն ու առաջնայինը բանակի վերազինումն է, նրա բարոյահոգեբանական ոգին ամրապնդելը, տնտեսավարման, ազգային մշակույթի և կարգ ու կանոնի պահպանման օրենքների ընդունումն ու անշեղ իրականացումը, դիվանագիտական կազմը հմուտ բանիմաց կադրերով ապահովելը… Զուր հույսեր…
Ժամանակի հետ ավելի պարզորոշ է զգացվում, որ իշխող կուսակցությունից հիասթափվածներն ու ընդդիմադիր ուժերից որոշներ, երկրի փրկության երրորդ ուժ են փնտրում: Բայց այստեղ էլ է ի հայտ գալիս զուտ հայկական երևույթը՝ ոմանք փրկարար են համարում ԱՄՆ-ին, ոմանց համար դա Եվրոպան է, մյուսների համար՝ Ռուսաստանի Դաշնությունը, և նույնիսկ՝ Իրանը:
Քչերը, անհամեմատ քչերն են, որ ձեռքը փրփուրներին գցելու փոխարեն, գիտակցում են, որ մեր փրկությունն ու հարատևման երաշխիքը ողջ ազգի՝ սփյուրքի և հայաստանցիների հավաքականության և միաբանության մեջ է:
Միաբանությամբ հաղթանակելու բազմաթիվ օրինակներ կարելի է հիշել մեր պատմությունից, բայց մեր հիշողությունն էլ է կարծես մթագնել՝ տեղի տալով միայն տագնապներին…