Նոր կորուստ մը՝ Բժ. Յարութ Նիկոլեան

Պէյրութ

Արթօն՝ Յարութ Նիկոլեանը իմ վաղնջագոյն «հերոսներէս» մէկն էր Յովակիմեան-Մանուկեան վարժարանի առաջին իսկ օրերէն՝ 1959-60: Ան, քանի մը այլ Յովակիմեանցիներու հետ միասին, իմ նման շատերու համար եղած է օրինակելի երէց ընկեր մը, որուն կեանքը եղած է տեսակ մը ուղեցոյց:

Կը կիսեմ ցաւը իր տիկնոջ, ինծի լաւ ծանօթ Էմմային, քոյրերուն՝ Յասմիկին, Սոնիկին, եղբօրը՝ Վարդգէսին (Վագօ) եւ Պէյրութի իր ընկերներուն: Ան տիպար ներդաշնակութիւն մըն էր սփիւռքահայ աշակերտի, ուսանողի, բժիշկի, գրիչի մարդու, բանաստեղծի, նկարիչի, յառաջադէմ, այլախոհ  եւ ազատամիտ մտածող մտաւորականի:

Մեր սիրելի Արթօն առաջին իսկ օրէն յայտնեց իր համակրանքը եւ սատար կեցաւ իր վաղեմի բարեկամներուն ջանքերով հիմնուած keghart.org-ին ու ամէն գնով քաջալերեց անոր անխափան գործունէութիւնը:

Արթոյի կորուստով մասնիկ մը եւս կը պոկուի մեզմէ:

Դոկտ. Մինաս Գոճայեան
Keghart.org-ի խորհրդական
4 Մարտ 2021

Բժ. Յարութիւն Նիկոլեանի կորուստի ցաւը խոր կերպով կը զգանք keghart.org-էն ներս: Ստորեւ կը ներկայացնենք մեզի հասած բազմաթիւ ցաւակցական եւ սրտի խօսքերէն Ռոմէն Կոզմոյեանի ցաւակցական գիրը: Պրն. Ռ. Կոզմոյեան երկար տարիներու վաստակ ունի Խորհրդային Հայաստանի Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէէն ներս որպէս ղեկավար: Ան նաեւ ունեցած է դիւանագիտական ծառայութիւն ԽՍՀՄ-ի Լիբանանի դեսպանութենէն ներս՝ քաղաքացիական պատերազմի տարիներուն: ՀՀ անկախութենէն ետք Ռ. Կոզմոյեան հիմնեց իր «Կարաւան տուրզ» (Caravan Tours) ընկերութիւնը:

Հեռախոսազանգը հայտնեց հերթական գույժը. ոչ ևս է Հարություն Նագուլյանը։ Հոգեկան ինչ կերտվածքի տեր պետք է լինի այն մարդը, որն առաջին պահ կարողանա համատեղել Հարություն Նագուլյան և վախճան… Բայց ծնունդն ու մահը, ինչպես ասում են, Աստծո գործն է։

Անհավատալի, անընդունելի, անհամատեղելի մի բան կա այս լուրի մեջ, բայց որքան էլ համարժեք բառեր փնտրես. Հարությունը չկա… հաշտվիր և վերջ։

Չկա ժպտերես ու հումորով լի «Նագուլը», կոչումով ու կրթությամբ բժիշկը, անաչառ վերլուծողն ու գնահատողը։ Անսեթևեթ հայրենասերը, արվեստաբանը, արվեստագետը ու ճշմարտախոսը։

Հարությունին հաջողվեց վեր մնալ հատվածականության վարակից և թե՛ Սփյուռքում, թե՛ Հայրենիքում ունենալ իր՝ Նագուլյանական պատվանդանը։

Ցավակցում եմ նրանց՝ ով ճանաչել է, վայելել նրա առինքնող ներկայությունը, իսկ սիրելի Էմային հոգեկան ուժ ու կամք դիմակայելու վշտին։

Ռոմեն Կոզմոյան

10.03.2021

1 comment
Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like