(Համառոտագրություն)
Դոկտ. Մինաս Գոճայեան, Վեն Նայս, Կալիֆորնիա, 21 մարտ 2021
Դոկտ. Արա Պապյան հիմնադիրն է «Մոդուս Վիվենդի» (Modus Vivendi) հետազոտական կենտրոնի և ղեկավար մարմնի անդամներից է «Ազգային Ժողովրդավարական Բևեռ»ի (ԱԺԲ): Արա Պապյանը մեր լավագույն մասնագետներից է Վիլսոնյան իրավարար վճռի, Վիլսոնյան սահմանների, Սևրի և այդ տարիներին կնքված դաշնագրերի: 2000-2006 թթ. Պրն. Պապյանը եղել է ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպանը Կանադայում: Նա Լոս Անջելեսում էր գտնվում մարտի 6-ից, որի ընթացքում հանդիպումներ ունեցավ տեղի հայ կազմակերպությունների և համայնքների հետ, միաժամանակ նաև ամերիկյան պետական անձանց հետ: Այնուհետեւ նա մեկնեց մայրաքաղաք Վաշինգտոն, որից հետո մեկնելու է Նիյու Յորք: Մեր հարցազրույցը տեղի ունեցավ Լոս Անջելեսի ԱԺԲ-ի նորաբաց գրասենյակում (13-3-2021):
Տեսաերիզը դիտել «Ամերիկայի ազգային ժողովրդավարական բևեռ»ի ՖԲ-ի միջոցով
Մեր հարցազրույցի ընթացքում Պարոն Պապյանը շեշտեց, թե նա նպատակ ունի ծանօթացնելու Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) նպատակները, որովհետև նրա մասին լուրերը գալիս են խեղաթյուրված կերպով և, հետևաբար, մարդիկ ամբողջական պատկերացում չունեն ԱԺԲ-ի մասին: Նա նաև նպատակ ունի հասկանալ մարդկանց մտածումները, որպեսզի հետագայում ավելի լավ կազմակերպեն աշխատանքները: Երրորդ նպատակն է հանդիպումների միջոցով ներկայացնել ԱԺԲ-ի հայացքները, կազմակերպել դրամահավաք, որպեսզի այլ տեղերում էլ բացեն մշտական գրասենյակներ՝ շփումների և բացատրություններ տալու, ինչպես նաև հանգանակություններ կատարելու համար:
Պատասխանելով մեր այն հարցումին, թե ինչու՞ համար մտավորականության մասնակցությունը թույլ է, նա ասաց, որ մտաւորականության մեծամասնությունը ունի պարտականություններ և նրանք հաճախ եղել են առաջին շարքերում, սակայն պատճառներից մեկը համեմատաբար եղել է տասնամյակների հոգնածությունը, սակայն մեր մտավորականութեան զգալի մասը մնում է պատնեշի վրա, շատեր ԱԺԲ-ի շարքերում և ղեկավարության մեջ են, ինչպես օրինակ երաժիշտ Եղիշե Պետրոսյանը, կան բժիշկներ, գործոն անդամ է նաև սրտի լավագույն ՀՀ վիրաբույժներից մեկը:
Պրն. Պապյանը գտնում է, որ ինքը նոյնպես որպէս մտավորական, դիվանագիտության մասնագետ է, արխիվների հսկայական հավաքածո է պատրաստել, որոնք կարևոր են հայկական հողային պահանջատիրության հիմքերը պատրաստելու համար և դա ԱԺԲ-ի ծրագրային հիմնադրոյթներից մեկն է: Սա ինքնանպատակ չէ, միայն արդարության հարց չէ, այլ ՀՀ-ի անվտանգության և ամբողջականության հարց է, այսինքն՝ տարածքային ամբողջականության վերականգնման խնդիր է: Նա հիշեցնում է որ այն տարածքները, որոնց նկատմամբ մենք ունենք իրավունքներ, դա արդեն իսկ որոշված է փաստաթղթերի հիման վրա: Մտավորականությունը մի փոքր ստվերում է մնում նաեւ, որովհետև թե՛ անցյալում և թե՛ հիմա հալածանք կա:
Գալով վարչապետության պաշտոնի թեկնածության խնդրին, Պրն. Պապյանը գտնում է, որ շատերը հավակնություններ ունեն այդ պաշտօնին: ԱԺԲ-ի մեջ ունեն առնվազն երեք-չորս անձ, որոնք կարող են նման պատասխանատվություններ ստանձնել, մարդիկ, որոնք զինվորական են, դիվանագետ են: Առ այժմ նրանք չեն հայտարարում թեկնածուների անունները, որովհետև դա կարող է նրանց դնել հարվածի տակ թե՛ տեղական իշխանությունների, թե՛ Կրեմլի և թե՛ այլ կառույցների կողմից:
Նա ավելացնում է նաև, որ սահմանադրությունը էական սահմանափակումներ ունի, օրենսդրական գիրքը նույնպես, նախ պետք է այդ սահմանափակումները վերանան և ապա կհստակեցվի իրենց դիրքորոշումը: Հայաստանաբնակ հատվածի մեջ կան շատեր, որոնք շատ ավելի լավ կրթություն և փորձառություն ունեն քան ներկա ղեկավարները, իսկ եթե հաջողվի փոխել սահմանափակումները և սփյուռքից ներգրավելու հնարավորություններ ունենալ, իրենց հնարավորությունները ավելի կմեծանան: «Բևեռականներ»ը շեշտում են, որ երբեւէ իրենք չեն պնդել, որ ԱԺԲ-ի անդամ լինի թեկնածուն, ընդհակառակը՝ նրանք գտնում են, որ կառավարությունը կարող է լինել անկուսակցական, իսկ ԱԺԲ-ն վերկուսակցական համախմբում է, «Ես ինքս էլ անկուսակցական եմ եղել, բայց մասնակցում և աջակցում եմ, որովհետև կարևոր եմ համարում ազգային և ժողովրդավարական բաղադրիչները», ասում է Պրն. Պապյանը:
Անդրադառնալով «Սասնա Ծռեր», «Վերածնունդ», «Եվրոպական կուսակցություն» և 17+ական ու այլ խմբակցություններին, Պրն. Պապյանը գտնում է, որ Հայաստանյան մամուլը, ՀՀ-ի լրատվական դաշտը, հատկապես հեռուստատեսությունը, միանգամայն կողմնակալ են: Ըստ էության չկա անկախ հեռուստատեսություն, կա հանրայինը, որը լրիվ վարչապետի հսկողոության տակ է, մյուս հեռուստակայանները (ոչ առցանց) ամեն մեկը ինչ որ մեկի գովքն է անում, դրա համար էլ «աղմուկը» գալիս է նրանից և փորձ է արվում այնպես ներկայացնել, թե կան միայն նախկիններն ու այժմյան իշխանությունները, Փաշինյանն էլ դա փայլուն օգտագործում Է: «Մենք հենց այդ երրորդ բևեռի գաղափարն ենք առաջ քաշում», ասում է Պապյանը, «և ցույց ենք տալիս, որ Հայաստանի ժողովրդի մեծ մասը չկողմնորոշվածներն են՝ ո՛չ ներկաների, ո՛չ էլ նախկինների կողմն են: Մենք ուզում ենք բացատրել մեր գաղափարները, որպեսզի նրանց մի մասի քվեները ստանանք և արդարորեն ստանանք»: ԱԺԲ-ը իր նպատակներից մեկն է համարում ժողովրդին լուսաբանելը, նրա հետ շփվելը, նրանից արձագանգ և հարցեր ստանալը և դրանով ճշդել «Բևեռ»ի քաղաքականությունը:
Հարցրեցինք, թե ինչո՞վ պայնավորված էր մարտի 15-ից սկսյալ հանրային հավաքների արգելումը, քանի որ ԱԺԲ-ը մարտի 16-ին մեծ հավաք էր հայտարարել՝ 1921 թ. մարտ 16-ին կնքուած հայավնաս Բոլշևիկա-քեմալական (կամ Ռուս-Թուրքական) Մոսկուայի դաշնագրին դեմ որպէս բողոքի արտահայտություն, Պրն. Պապյանն ասաց, թե լրջագույն կասկածներ ունի, որ արգելման նպատակը առողջապահական չէ, որովհետև Փաշինյանը ո՛չ միայն սեփական ցանկությամբ է տվել այդ հրահանգը, այլ Մոսկվայի մի զանգի միջոցով, որովհետև ՌԴ-ն չի ուզում, որ հայ ժողովուրդը բողոքի այդ պայմանագրի դեմ, որովհետև ո՛չ միայն թուրքերն են մեղավոր այդ պայմանագրի համար, այլև ռուսները, և այդ տխրահռչակ փաստաթղթով Հայաստանի մի զգալի հատվածը հանձնվեց քեմալական Թուրքիային:
–Ինչ վերաբերվում է արգելման հրահանգին, ինչո՞վ բացատրել այն փաստը, որ երբոր Փաշինյանին պետք է լինում՝ նա հազարավոր մարդկանց հանում է փողոց առանց դիմակների, փողոցներ են փակում և եթե իսկապես առողջապահական վիճակը վատացել է, ապա կարող ենք ասել, որ դա հենց իր ցույցերի պատճառով է վատացել, ավելացնում է Պրն. Պապյանը
Մեզ հետաքրքրում էր իմանալ, թե ի՞նչ այլընտրանքներ ունի ՀՀ-ը, քանի որ մեզ թվում է, թե մեր երկիրը իր ինքնուրույնությունը կորցրել է և համարյա թե ընկել է թուրքազերի և ռուսական աքցանի մեջ և այնպես է երևում, որ ցեղասպանության շարունակությունն է տեղի ունենում: Պրն. Պապյանը ցավալի է նկատում մեր իրականությունը, որից հստակ երևում է, որ ներկայումս ՀՀ-ը կառավարվում է Կրեմլից, որը նա ընդունելի չի համարում:
Պրն. Պապյանը գտնում է, որ սպասարկելով միայն ռուսական շահերին՝ լրջագույն խնդիրներ ենք ունենում մյուս երկրների հետ, որովհետև վերջիններս, որոնք դեմ են ՌԴ-ին, ՀՀ-ին ընկալում են որպես ՌԴ-ի շահերի սպասարկու և մեր երկրի հետ հարաբերությունները վատացնում են: Դրա համար «Բևեռ»ը հանդես է գալիս այլընտրանքային լուծումների փնտրտուքով: Այսինքն, ԱԺԲ-ի կողմից առաջ քաշած անվտանգության այլընտրանքի նպատակով փորձ է արվում ԱՄՆ-ի հետ հաստատել որոշ կապեր: Դա ԱՄՆ-ում գոյություն ունեցող ՆԱԹՕ-ի ոչ-անդամ դաշնակցի կարգավիճակի մասին է (Major Non-NATO Ally of the USA), որը ՀՀ-ին հնարավորություն կտա ավելի պաշտպանված զգալու: Սա, ի հարկէ, ռազմական ուխտի (բլոկ) անդամ լինել չի նշանակում, սա երկկողմ փաստաթուղթ է, որտեղ կողմերից մեկը, այսինքն ԱՄՆ իր հովանին է տարածում մեր վրա, ինչպես այլ ոչ-անդամ պետությունների վրա է տարածում: Սա ամենևին չի նշանակում «հակա-ռուս» լինել, ինչպես ուզում են ներկայացնել մեզ:
Պրն. Պապյան միանշանակ գտնում է, որ մենք վտանգուած ենք, մենք կանգնած ենք նոր ցեղասպանության շեմին, որովհետև, եթե Ադրբեջանա-թուրքական զույգը հարձակում փորձի ՀՀ-ի վրայ, գոնե Սյունիքի առումով, մեր գոյությունը կվտանգվի: Հաշվի առնելով, որ ՀՀ-ի ավանդական դաշնակից ՌԴ-ն այսօր իրականցնում է Թուրքիային մերձենալու քաղաքականություն, նա հանուն հայերիս իր հարաբերությունները չի փճացնելու նրանց հետ: Հստակ է՝ ՌԴ-ի շահերից չի բխում հայերիս պաշտպանելը, և հետևաբար չի էլ պաշտպանում մեզ և չի էլ պաշտպանելու:
Խոսելով այն մասին, թե ԱՄՆ կպաշտպանի՞, «մենք դեռևս չգիտենք», ասում է նա, «հետևաբար մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, պետք է պայքարենք, որ նման կարգավիճակ ստանանք, որովհետև դրա բացակայությունը հայերիս համար գոյութենական սպառնալիք է»: Ահա թե ինչու Պրն. Պապյանը դիմում է հատկապես ամերիկահայության, որպեսզի իրենք դիմեն կոնգրեսականներին, սենատորներին ու պաշտոնյաներին և անպայման խոսեն այս մասին:
Մեզ հետաքրքրում էր իմանալ Պրն. Պապյանի տեսակետը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամա թե ակամա ձախողանքների մասին: Նա առանց վարանելու ասաց. «Ոտից գլուխ ձախողում է: Ավելի հեշտ էր հարցնել, թե ինքը երբևիցե հաջողե՞լ է…»: Ըստ նրան, վարչապետը ձախողած է պաշտպանական և անվտանգային քաղաքականության մեջ: «Մենք ձախողության մատնեցինք մեր վերջին երեսուն տարվա ներդրումը և զոհողությունը…բայց խնդիրը չփակվեց, կա Սյունիքի խնդիրը, վտանգվում է նաև Սևանը», կարծում է Պապյանը և յիշեցնում, թե նախկին երկու վարչակարգերը մեզ «ժառանգ թողեցին» մի անպաշտպան երկիր:
Որպես երկրորդ ձախողություն Պրն. Պապյանը նշում է, որ բան չարվեց իրական արդարադատություն hաստատելու ուղղությամբ, թեև Փաշինյանի իշխանոության գալու հիմնական կարգախոսը եղել էր դատական հիմնարկների մաքրագործումը: Երրորդ ձախողությունն է նկատում ընտրական նոր համակարգի և օրենսդրական փոփոխությունների բացակայությունը, որի պատճառով ԱԺԲ-ն, որը վերկուսակցական հարթակ է, չի կարող մասնակցել ընտրություններին:
Ինչ վերաբերվում է այն կարծիքին, թե Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վե՛րջ» հայտարարության, թե իբր դա պատճառ է եղել մեր թշնամիների նախահարձակման, Պապյանը չի կարծում, թե դա որևէ նշանակություն է ունեցել, այլ դա պարզապես պատրվակ է պատերազմի պատասխանատվությունը ՀՀ-ի վրայ բարդելու: Պատերազմը գալիս էր, դա պայմանավորված էր այն անհավասարակշռությամբ, որ առաջացել էր ՀՀ-ի և Ադրբեջանի միջև: Այո՛, ասում է Պապյանը, Արցախը Հայաստա՛ն է, բայց իշխանությունները դա պիտի ասեին ՄԱԿ-ի փետրվարի 24-ի զեկույցի հիման վրա և ներկայացնեին միջազգային հանրությանը:
Պրն. Պապյան նշեց նաև, թե Փաշինյանը երբևէ սկզբունքային չի եղել, հաճախ հակասել է ինքն իրեն՝ դրանով շփոթության մեջ գցելով արտասահմանյան ղեկավարներին:
Մեր զրույցի ընթացքում խոսեցինք նաև Հայաստանյայց Առաքելական եկեղեցու դերի ու կեցվածքի մասին: Ըստ Պապյանի, եկեղեցական վերնախավը ցավոք սրտի մշտապես եղել է իշխանությունների հետ և դարձել մի բյուրոկրատիա, մի փակ բաժնետիրական ընկերություն՝ տարբեր բիզնես ճյուղավորումներով: Նա գտնում է, որ մեր եկեղեցին պետք է վերադառնա իր արմատներին և սկզբունքներին՝ լինել ժողովրդի հետ, ժողովրդի համար և լինել հասարակ մարդու կողքին:
– Որպէս պատգամ ուզում եմ ասել բոլորին, թե պետք չէ վհատվել, այլ հավատով պայքարել և ամեն ինչ անել հաջողություն ունենալու համար,- ասաց Պրն. Պապյան,- պէտք չէ այն թակարդը ընկնել, թե ընտրությունը նախկինների և Փաշինյանի միջև է, կամ 17-ի և վարչապետի միջև. ո՛չ, ամենևին այդպես չէ, կայ երրորդ բևեռ, որի դեռևս ամենեն ներկայանալին ԱԺԲ-ն է: