Դոկտ. Մինաս Գոճայեան, Լոս Անճելըս, 30 Մարտ 2020
Մինչեւ երէկ տակաւին ամբողջ ուժով կը գոռայի, կ’ափսոսայի, կ’աւաղէի արեւմտահայերէնի նահանջին եւ մօտալուտ մահուան համար։ Քարը տեղէն չշարժեցաւ, հակառակ անոր որ սրտցաւ հայեր տարերային կերպով հիմնեցին արեւմտահայերէնի համար դասընթացքներ, ձեռնարկներ, դասաւանդութիւններ, առցանց ծրագիրներ եւ այլն եւ այլն։
Վաղուընէ պիտի սկսիմ ամբողջ հագագով արդէն պոռալ եւ ամբողջ սրտով աղաչել բոլոր հայրենասէրներուն, որ փորձենք ու ճգնինք կասեցնել նաեւ արեւելահայերէնի շիջումն ու մահացումը լեզուի մը, որուն բախտ վիճակուեցաւ պետական լեզու դառնալու, լեզու մը, որուն վրայ աշխատեցան բազում «ճարտարապետ հանճարներ»՝ Յովհաննէս Յովհաննիսեան, Րաֆֆի, Ստեփանոս Նազարեանց, Մուրացան, Նար-Դոս, Տէրեան, Յովհաննէս Թումանեան, Չարենց, Մալխասեանց, Բակունց, Սեւակ, Կապուտիկեան…։ Շարքը երկար է, բայց մեր միտքը՝ կարճ։
Ես կարօտախտէ չէի տառապեր, բայց հիմա արդէն անոր նշանները կը նկատեմ ու կը մտածեմ՝ երնեկ չէի՞ն Հայաստանի մէջ մեր ուսանողութեան տարիները կամ յիսունականներէն մինչեւ ութսունականներու վերջերը, երբ մեր պաշտօնական ու գրաւոր խօսքի ժամանակ մեր բառերը կ’ընտրէինք, լուրջ մօտեցում ցոյց կու տայինք մեր արտայայտութիւններուն, որպէսզի եզրաբանութեան յանձնաժողովի կողմէ չքննադատուէինք, իսկ եթէ շուրջդ կային Ռաֆայէլ Իշխանեաններ, Մինաս Հիւսեաններ, Գրողներու միութիւն, «Գարուն»ականներ, ապա անոնց խոժոռ հայեացքներուն պիտի հանդիպէինք։ Վա՜յ եկեր ու տարեր էր այն դժբախտը, որ հանդիպեր էր բանաստեղծ Շիրազին, երկվայրկեան մը չանցած ուղղակի զայն անխնայ անարգանքի սիւնին պիտի գամէր…
Բաղդատեցէք ստալինեան շրջանի ռուսահայերէնը եւ յետ-պատերազմեան զգալիօրէն մաքրազտուած արեւելահայերէնը՝ համոզուելու համար թէ հայրենի (խորհրդային) պետութիւնը ինչպիսի՜ լրջութեամբ կը հետեւէր, որպէսզի օտար անհարկի բառեր ու եզրոյթներ արագօրէն դուրս մղուէին արեւելահայերէնէն։
Այսքանէն յետոյ իրաւունք չունի՞մ թախիծով լեցուիլ այդ շրջանի իշխանութեանց կորուստին համար։
Ես «սովետական կարգերը» երազող մը չեմ, բայց մէկ բան յստակ էր, որ ամէն արարքի համար պատասխան պէտք է տայիր այդ տարիներուն։ Այո՛, ազատ խօսքի իրաւունք չունէիր, բայց ազատօրէն կը քննադատէին քեզ, եթէ «համը հանէիր» օտարաբանութիւններով։ Ուրեմն պէտք է լաւ կշռադատէիր ո՛չ միայն ըսելիքդ այլեւ գրելիքդ։
Ի հարկէ ամէն ինչ կատարեալ չէր այդ տարիներուն եւ մեր արեւելահայերէնին մէջ շատ աւելի օտար անհարկի բառեր ու եզրոյթներ կը վխտային քան արեւմտահայ սփիւռքի մտաւորականութեան լեզուին մէջ (երանելի՜ օրեր)։ Բայց այն ճիգը, բծախնդրութիւնն ու միտումները կային, որոնք ի վերջոյ օր մը պիտի յանգէին արեւելահայերէնի կարելի մաքրազտման։ Չեղա՜ւ դժբախտաբար։ Չտեսա՜նք այդ օրը մեր մայրամուտի այս տարիներուն, ընդհակառակը՝ ամէն օր ականատես եղանք ու կ’ըլլանք արեւելահայերէնի աղճատման, բզքտումին, խաթարումին եւ «անհամ ապուրի» մը վերածուելուն։
Բառերը ոգի ունին։ Անոնք երեւոյթի մը, կացութեան մը, պարագայի մը եւ առարկայի մը հնչիւններով եւ ապա տառերով արտայայտուող տառամիացութիւններ են, որոնք մարդու ըմբռնման գործընթացին մէջ կը ստեղծեն պատկեր մը։
Բառերը կը ստեղծուին տուեալ ցեղի մը, հաւաքականութեան մը եւ ի վերջոյ զարգացող ազգի մը փորձառութեան ու պատմութեան ընթացքին։ Այսինքն անոնք ազգի մը ինքնորոյնութեան գլխաւոր յատկանիշներէն են։ Բառերը կը փոխանցուին սերունդէ սերունդ եւ յոյժ անհրաժեշտութեան պարագային հարեւան կամ հեռաւոր ազգերէն կ’առնեն բառեր, ինչպէս սովորութիւններ, առածներ, ասացուածքներ եւ այլն։ Նման պարագաներուն այդ բառերը կ’ենթարկուին ընդունող ազգին կամ ժողովուրդին հնչիւնաբանութեան օրէնքներուն։ Օրինակ՝ պարսկերէն ֆարաշտակը կը վերածուի հրեշտակի, ֆարմանը՝ հրամանի եւ այլն։
Ուրեմն, ինչու՞ անհարկի բառեր ու եզրեր խցկել մեր լեզուին մէջ, երբ մեր բազմադարեայ լեզուն ունի ԲՈԼՈՐ հնարաւորութիւնները նորաստեղծ բառերը հայերէնով արտայայտելու։ Ինվոյս-invoice-ը վաղուց անտի կը նշանակէ ապրանքներու ցուցակ, գնուած կամ ծախուած ապրանքներու ցուցակ, այսինքն հաշուեցուցակ։ Անհասկնալի կը մնայ մեզի համար անգլերէնէն անհարկի եւ զարտուղի ճամբով արեւելահայերէնի մէջ ամրագրուող ինվոյս բառը։ Եւ այսպէս հարիւրաւոր «նորամուծութիւններ»։
Խնդրեմ, ահաւասիկ ճաշակ մը նորօրեայ բառերու. ռենտա, պացիենտ, հոսպիտալ-գոսպիտալ, պասպորտ, վիրուս, էկոնոմիկա, կլինիկա, ինֆորմացիա եւ այլ «ացիա»ներ ու «վարիացիա»ներ…
Մեր լեզուն մե՛նք ենք եւ չենք ուզեր որ մեր արեան եւ ինքնութեան մէջ ներարկուին անհարկի շիճուկներ, որովհետեւ մեր լեզուն պէտք չունի անոնց։ Պէտք չէ խաթարել մեր մայրենին։
Կ’առաջարկեմ համահայկական ԼՈՒՐՋ քննարկման առարկայ դարձնել այս վնասակար երեւոյթը, այս ախտը եւ մեր լեզուն մաքրել խժալուր բառերէ։ Ատենն է որ համապատասխան մարմիններն ու իշխանութիւնները միասնաբար ստեղծեն Ազգային Ժողովին կից յանձնաժողով մը կամ մարմին մը, որպէսզի կտրուկ քայլերու դիմէ եւ ազատէ արեւելահայերէնը օտարահայերէն դառնալու վերահաս վտանգէն։
2 comments
ԱՊՐԻՍ ՄԻՆԱՍ , ԲԱՑԱՌԻԿ ՀՕԴՈՒԱԾ ՄԸՆ Է ԱՅՍ:
Կերկրորդեմ Տօքթ. Մինաս Գօճյեանի հայերէն լեզուի պահպանման կոչին, եւ կուզեմ մեր մեծ բանաստեղծ Վահան Տէրեանին մասին խօսիլ, որ իրաւացի արեւելահայ լեզուի վերածնունդի նահապետն է։
Վահան Տերեանը (1885-1920), նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ էր, ծնած է Գյումրի, մանուկ հասակէն տեղափոխուած է Մոսկվա, յաճախած է Լազարեան ճեմարան, ապա Մոսկվայի համալսարան, ստեղծած բանաստեղծական ինքնատիպ ու յուզիչ գործեր, մինչև 1920-ին վախճանած է Թիֆլիս՝ թոքախտէ։
Դժուար կեանք ապրեցաւ Վահան Տէրեան, ան մեռաւ շատ վաղ տարիքի, բայց հայ քնարերգութեանը նուիրեց թարմ շունչ, որ անկարելի է երեւակայել ապագայ հայ բանաստեղծութիւն առանց իր լուսաւոր ազդեցոթեան:
Տէրյան սքանչելի այն բանով, որ իր առաջին իսկ գրքով ստեղծեց հետևորդներու հսկայ թիւ, որոնք դարձան Վահան Տէրեանի գրական դպրոցը:
Այդպիսի մշակութային առաքելութիւն շատ քիչեր կրցած են ունենալ եւ այդ քիչերէն է Տէրեան։
Տէրեան հայ գրականութեան ներմուծած է նոր բանաստեղծութիւններու տեսակներ ու իր վաստակը շատ մեծ է մերօրյայ հայոց լեզուի զարգացման վրայ։
Մերի Յովհաննիսյան 2019 ին «Վահան Տերեանի Չափածոյի Լեզուն եւ Ոճը» կարեւոր ուսումնասիրութիւնը հրատարակեց, որմէ պիտի փորձենք ամփոփորէն քաղուածքներ (արեւելահայերէն) ներկայացնել աւելի հասկնալու աննմանութիւնը, գեղեցկութիւնը ու հանճարը մեր մեծ գրող Տէրեանի բանաստեղծութիւններուն։
Յառաջաբան
«Տերյանական լեզուն չունի իր նմանը հայ բանարվեստի»
«Ըստ Ա. Իսահակյանի՝ «Տերյանը թարմացրեց հայ պոեզիայի և՛ նյութը, և՛ լեզուն: Հայ բառերն ու ձևերը կենդանացրեց, արդիացրեց»
-Տէրեանի լեզուի զարգացման փուլերը
«Տերյանի վճռորոշ քայլը արևելահայ չափածոյի լեզվի զարգացման ուղիներում գրական խոսքի յուրօրինակ բանաստեղծականացումն էր, լեզվական նոր որակի հայտնաբերումը և արևելահայ գրական լեզվի մշակման ու զարգացման ուղիների կատարելագործումը։»
-Տէրեանի լեզուական հայեացքները
«Տերյանի ստեղծագործության դիմագիծը բացահայտող կարևորագույն գործոններից մեկը նրա խոսքարվեստն է, բանատողերի լեզվաոճական ինքնատիպությունը և այն,
թե ինչ է բանաստեղծը վերցրել մայրենի լեզվից և ինչ է նրան տվել: Ահա թե ինչու Տերյանի չափածոյի լեզվի և ոճի քննությունը առաջին հերթին արժևորվել և կարևորել ենք հայերենի վրա տերյանական լեզվի ազդեցության, ներգործության աստիճանի բացահայտման տեսանկյունից:»
Գլուխ 1
Տէրեանի չափածոյի հնչիւնական ոճաւորումը
«Դիպուկ է ասված` «էջեր ունի Տերյանը որոնց ընթերցումը տալիս է մեզ այն հույզերն ու խռովքը, ինչ որ կարող է տալ մի երգ, մի նվագ»
«Տերյանի ստեղծագործությունների երաժշտականությունը պետք է փնտրել հնչյունային ոճավորման ու բանաստեղծական աշխարհընկալման ամենանուրբ արտահայտությունների մեջ:»
Գլուխ 2
Ա) Տէրեանի չափածոյի բառապաշարը
-Համագործածական բառեր
«Տերյանի չափածոյի բառապաշարն ուսումնասիրելիս առանձնակի ուշադրություն են գրավում համագործածական բառերի քննությունն ու դրանց ոճական արժեքների պարզաբանումը:»
«Այսպես, օրինակ՝ աղոթք, աղոթել և Աստված բառերը ոճականորեն չեզոք են, բայց նրբանկատ բանաստեղծի անհրաժեշտ վարպետության ու բառագործածության հմտության շնորհիվ բառաշղթայում ձեռք են բերել արտահայտչականություն, ինչպես՝ «Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր, Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում…»
-Բարբառային և ժողովրդախոսակցական բառեր
«Գրողի լեզվական արվեստն ուսումնասիրելիս հետազոտողները շատ անգամ մեծ ուշադրություն են դարձնում լեզվի ժողովրդայնության հարցին՝ մանրազնին քննելով հեղինակի խոսքարվեստում տեղ գտած ժողովրդախոսակցական, բարբառային բառերն ու բառաձևերը:»
Ա) բառապաշարի շերտերը եւ դրանց
Համագործածական բառեր
-Հնաբանություններ
«Հնաբանությունների տեսակների` պատմաբառերի ու հնաբառերի կիրառություններով Տերյանը գեղարվեստական մի շարք խնդիրներ է լուծել:»
-Նորաբանություններ
«Տերյանի ոճը պայմանավորող հատկանիշներից մեկը, անշուշտ, բանաստեղծի լեզվամտածողության ինքնատիպությունն է, որն առավել ցայտուն դրսևորվել է բառաստեղծման ասպարեզում։»
-Փոխառություններ և օտարաբանություններ
«Փոխառությունը օտար լեզուներից վերցված, փոխառնված բառն է, որը տվյալ լեզվի բառապաշարում չունի իր համապատասխան ազգային համարժեք ձևը, իսկ զուտ օտարաբանություն (անհարկի փոխառություն) է համարվում այն երևույթը, երբ օտար բառը գործածվում է դրա ազգային համարժեքի առկայության դեպքում:»
«Փոխառությունների ու օտարաբանությունների ոճական արժեքը ուշագրավ է հատկապես ներքոհիշյալ բանաստեղծական հատվածներում.»
«Ա՜խ, դեռ կանչում է քնքուշ մուզիկը
Կադրիլ հին, վալ’ս հին և պոլոնեզ…
Այնպես անհույս է հեծում վալտորնը,
Եվ անողորմ է վալ’սը բանալ’…
Նույնն է հասցեդ հնամյա,
Նույնն է՝ օթելը «Պարիժ».
Բայց տրտմությունըս հիմա
Այլ է, կարոտըս՝ ուրիշ…»
Բ) Բառապաշարի իմաստաձեւային խմբերի ոճական կիրաւորութիւնները
«Տերյանի բանաստեղծական խոսքում լայնորեն օգտագործվում են բառերի իմաստաձևային խմբերի ոճական նրբերանգները: Բանաստեղծի չափածոյի ոճական համակարգում առավել մեծ տեղ ու դեր ունեն հոմանիշների, հականիշների, հարանունների կիրառությունները, իսկ համանուններն առանձնապես կարևոր արժեք ու կշիռ չունեն:»
-Հոմանիշներ
«Գեղեցիկ, ինքնատիպ և անկրկնելի հոմանիշներով հարուստ է Տերյանի չափածոն: Բանաստեղծի խոսքարվեստում հոմանիշները հանդես են գալիս ինչպես առանձին, այնպես էլ համատեղ գործածությամբ:»
«Այսպես՝ հով գոյականն իր առաջնային իմաստով նշանակում է հողմ, քամի, իսկ փոթորիկ, մրրիկ, ցիկլոն, սամում և այլ բառերը դրսևորում են նշված հասկացության աստիճանական տարբերությունները:»
-Հականիշներ
«Տերյանի խոսքարվեստում հականիշները հոմանիշների համեմատությամբ ավելի սակավ են գործածվում, բայց դրանց ոճական արժեքն առավել ցայտուն է դրսևորվում:
Բերենք օրինակ.
«Մթամած օրերիս տանջանքում
Արեգակ տենչացի, և ահա,
Քո խավարն է փռված իմ հոգում,
Քո գգվանքը և չար և ագահ… »
«Արեգակ բառը խավարի հականիշ կարող է դիտվել միայն բանաստեղծական խոսքում և միայն փոխաբերական նշանակությամբ՝ իբրև լույսի և պայծառության խորհրդանիշ:
Նման ձևով Տերյանի բանավոր խոսքում հակադրության հարաբերությունների մեջ են դրվում մոլորաշրջիկն ու հրեշտակը, քաջն ու հենը, արծիվն ու ստրուկը, ձմեռն ու գարունը, հունվարն ու մայիսը, արևն ու ամպը և այլն:»
-Համանուններ եւ հարանուններ
«հարանուններ: Ժամանակակից գրական հայերենի իմաստաձևային խմբին պատկանող լեզվական միավորներ են նաև համանուններն ու հարանունները:
Համանունները հնչյունական կազմով ու արտասանությամբ նույնական, բայց իմաստով տարբեր բառեր են, որոնք Տերյանի չափածո խոսքում ոճական որոշակի երանգավորմամբ նպաստում են բանաստեղծական խոսքի բարեհնչությանն ու ներդաշնակությանը, ինչպես ներքոհիշյալ բանաստեղծական հատվածներում.
«Որքան սայրեր, սայրեր,
Դաշույնի սուր սայրեր,
Որքան հուրեր-սերեր,
Պարզված հուր-հուր սրեր… »
Գլուխ 3
-Քերականական իրողողութիւնների
Լեզուաոճական առանձնայատկութիւնները
Ա) Ձեւաբանական իրողութիւններ
«Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը. կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է և երկրորդը:
Վ. Տերյան
Գրողի խոսքարվեստի ուսումնասիրությունը ներառում է ինչպես հնչյունական, բառապաշարային, այնպես էլ քերականական յուրահատկությունների լեզվաոճական քննություն, որի նպատակն է պարզել քերականական երևույթների ու ձևերի դերը գրողի լեզվական մշակույթի այս կամ այն խնդրի լուծման ասպարեզում:
Տերյանի բանաստեղծական խոսքում եղանակավորող բառերի ու ձայնարկությունների նրբիմաստները մեծապես նպաստում են ճարտասանական բացականչությունների, հարցումների կազմմանը՝ խոսքը դարձնելով հուզական ու ներգործուն: Ակնհայտ է` խոսքը ոճավորելու հարցում ձևաբանական իրողություններն ունեն առաջնակարգ դեր:»
Բ) Շարահիւսական իրողութիւններ
«Թեև լեզվի քերականական կառուցվածքից օգտվելու ժամանակ գրողի հնարավորությունները սահմանափակ են, սակայն յուրաքանչյուր գրող ոճական խնդիրներ լուծելիս ազատ է հեղինակային-ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու հարցում:
Օգտվելով քերականության ընձեռած ոճական հնարավորություններից` բանաստեղծը ձևաբանական ու շարահյուսական անհրաժեշտ միջոցների ընտրությամբ ու դրանց ոճական նրբիմաստների նպատակային կիրառությամբ պատկերավորություն, ներգործունություն է հաղորդել իր լեզվին` միաժամանակ արտացոլելով գրական հայերենի քերականական օրինաչափությունների կենսունակ միտումները:»
Գլուխ 4
Պատկերաւորման համակարգը
Ա) Պատկերաւորման միջոցների ոճական արժէքը
«Լեզուն կուլտուրայի ամենազորեղ մղիչն է, մարդու ամենահավատարիմ ու անդավաճան մխիթարիչն ու սփոփիչը անխոս բնության, անբարբառ տիեզերքի առջև:
Վ. Տերյան
Վահան Տերյանի խոսքարվեստը լեզվական անթերի մշակույթի բարձրագույն նմուշ է, որի հրաշալիքներից մեկը խոսքի արտահայտչականությունն ու հուզականությունն ընդգծող պատկերավորման միջոցներն են։»
-Մակդիր
«Տերյանի բանաստեղծական լեզվի հարստությունն են կազմում գունեղ մակդիրները, որոնք լեզվի արտահայտչականության կարևոր գործոններից են։
Դիտարկենք մակդիրների գործածության օրինակներ բանաստեղծական միջավայրում.
«Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր, Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ, Որպես թովիչ իրիկնամուտ… »
-Համեմատութիւն
«Վահան Տերյանի չափածո խոսքի պատկերավորման միջոցների համակարգում պատկառելի տեղ են գրավում համեմատությունները, որոնք բանաստեղծական խոսքը դարձնում են առավել հուզական ու ներգործուն, նպաստում են գեղարվեստական պատկերը ավելի խորությամբ ընկալելուն:»
-Փոխաբերիւթիւն
«Փոխաբերությունը խոսքի պատկերավորման ամենաներգործուն միջոցն է: Ոճական այս հնարանքի հիմքում ընկած է երկու առարկաների կամ երևույթների նմանությունը, որի շնորհիվ գրողը նրանցից մեկի անունը փոխարինում է մյուսի անվամբ կամ նրա բնորոշ որևէ հատկանիշով:»
-Անձնաւորում
«Տերյանի գեղարվեստական պատկերներում անձնավորման անկրկնելի դրսևորումները հաճախ նաև մատնանշում են մարդու և բնության բարեկամության
-Խորհրդանիշ
«Ոճական ինքնատիպ արժեքով են հատկանշվում տերյանական խորհրդանիշները:
Դրանք մտքի արտահայտման յուրօրինակ միջոցներ են, որոնք նյութականացնում են անմարմին, երևակայական իրողություններ, եթերային զգացումներու ապրումներ:
Բանաստեղծը յուրովի լուծում տվեց խորհրդանշական պատկերների լեզվական արտահայտության խնդրին. գեղարվեստական խորհրդանիշը միահյուսեց ստեղծագործության գաղափարական բովանդակությանը՝ հասցնելով արվեստի բարձր կոչմանը:»
Բ) Արտայայտչամիջոցների ոճական արժէքը
«Գեղարվեստական խոսքի արտահատչական գործառույթին նպաստում են շարահյուսական հատուկ կառուցվածքները, որոնք կոչվում են ոճաբանական ֆիգուրներ կամ բանադարձումներ:»
-Ճարտասանական դարձոյդներ
«Դիտարկենք օրինակներ.
«Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի.
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ Պատել, պայծա՛ռ Նաիրի:»
-Կրկնութիւն
«Տերյանի չափածոյի հուզականությունն ու երաժշտականությունը պայմանավորող շարահյուսական կարևոր դարձույթ է կրկնությունը: Նշված արտահայտչամիջոցը ոչ միայն նպաստում է մտքերի ու նախադասությունների շաղկապմանը, այլև խոսքի հուզական լիցքավորման միջոց դառնում:»
-Հակադրութիւն
«Տերյանի գեղարվեստական պատկերներին հուզաարտահայտչական երանգավորում հաղորդող ոճական հնարանք է հակադրությունը, որի միջոցով ավելի ակնառու են դառնում իրերի ու երևույթների տարբերությունները, մարդու հոգեկան աշխարհի նրբությունները:
«Երկիր Նաիրի» շարքի բանաստեղծություններից մեկում գործածված «Օ, հայրենիք դառն ու անուշ», արտահայտությամբ Տերյանն դրսևորում է իր անսպառ սերը, վերաբերմունքը հայրենիքի, ժողովրդի ու հայրենի եզերքի նկատմամբ:»
-Աստիճանաւորում
«Աստիճանավորումը ոճական հնար է, շարահյուսական դարձույթ, որի դեպքում բառերի հաջորդական դասավորությամբ ընդգծվում են նկարագրվող առարկայի կամ երևույթի աստիճանական զարգացումը, սաստկացումը, որը գնալով ուժեղացնում է տվյալ արտահայտության, խոսքի իմաստը: Այլ կերպ ասած՝ աստիճանավորումը համանիշ բառերի զուգադրումն է իմաստի ուժեղացման կամ թուլացման եղանակով: Տարբերակվում է աստիճանավորման երկու տեսակ՝ բարձրացող և իջնող:»
-Շրջադասութիւն
«Շարահյուսական իրողություններից խոսքը ոճավորելու հարցում ինքնատիպ հնարներով է օժտված շրջուն շարադասությունը: Հայերենի ճկուն շարադասությունը հնարավորություն է տալիս մտքերի ձևավորման ընթացքում արտացոլելու մեծ թվով ոճական յուրահատկություններ: »
Վերջաբան
«Ամեն եկող սերունդ, գրում է Գ. Էմինը,− ո՛չ միայն նորանոր մտքեր ու զգացումներ է հայտնաբերում Տերյանի տողերում, այլև` ներդնում է նրանց մեջ իր սեփական հույզերն ու մտքերը, իր կենսափորձը, իր ժամանակի նորույթը` ստեղծելով իր սեփական, նախորդից ավելի հմայիչ ու մեծ Տերյանը…»:
«Ահա բանաստեղծի չափածոյի խոսքարվեստի նմանօրինակ մի ուսումնասիրություն, որը, առանց Մտորումներ հայ գրականության մասին, կարող է փաստել` Տերյանի լեզվամշակույթը ժամանակի գրական լեզվի հարստացման ամենաբարձր մակարդակն էր, բանաստեղծի չափածոն` մի հարուստ ու անսպառ շտեմարան, որի լեզվական փաստերի հիման վրա կարելի է բացահայտել ցանկացած օրինաչափություն:»
Փակենք մեր բանաստեղծութեան մեծ նորարար Տէրեանի այս գեղեցիկ ստեղծագործութեամբ։
«Երկու ուրվական»
«Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,— ես ու դու
Ես էլ ղու եմ՝ ես չըկամ…
Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ, միշտ մենակ…
Մոռացել ենք անցյալում
Տրտունջ, թախիծ ու խավար. —
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ մեզ համար…
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք — ես ու դու,
Ես էլ դու եմ՝ ես չըկամ…»