Սեպտեմբերի 27 եւ համազգային ողբերգութիւն

Նուիրում եմ եղբօրս` 44-օրեայ պատերազմի հերոս
Պարոյր Սարգսեանի անմահ յիշատակին

Յովհաննէս սարկաւագ Գումրուեան, Լոս Անճելըս, 27 սեպտեմբեր 2023

Այսօր սեպտեմբերի 27-ն է, 44-օրեայ ողբերգութեան, աղէտի տարելիցը: Գրեթէ մէկ շաբաթ է մտքիս մէջ իրար են խառնւում ցասում, խռովք, տագնապ, կռւում եմ ինքս ինձ հետ, պայքարում ներքին անհանգստութեանս ու տագնապի դէմ, սակայն ապարդիւն… Արցախը կորցրեցինք… Կորցրեցինք յաւիտենապէս… Ընթերցողներից ոմանք – իհարկէ, եթէ դեռ մնացել են մարդիկ, որոնք կարդում են հայերէն յօդուածներ, թերթեր, յատկապէս սփիւռքում – ինձ կը մեղադրեն անյոյս վատատեսութեան համար: Բայց հարկաւոր է մի կողմ նետել ռոմանտիկական շղարշը, նայել մեր ժողովրդի աչքերի մէջ եւ ասել, որ Վանի, Անիի, Սիսի, Կարինի կողքին աւելացաւ եւս մեկը՝ Արցախ աշխարհը:

Հայոց ցեղասպանութեան տարիներին ողջակիզուեց մի ամբողջ ժողովուրդ՝ դառնալով թուրքական եաթաղանի զոհ: Փրկուեցին միայն արեւմտահայութեան բեկորները: Սակայն նոյնիսկ այդ դժգոյն ժամանակներում կար յոյսի մի փոքր նշոյլ. գաղթականները բնակւում էին այսօրուայ Թուրքիային սահմանակից երկրներում, յաճախ՝ հէնց սահմանին՝ հաւատալով, որ ուր որ է պիտի վերադառնան Երկիր: Ցաւով ենք արձանագրում, որ այժմ արցախահայերը գիտեն, որ վերադարձի ճանապարհ այլեւս չկայ, որ տեղի է ունենում ցեղային զտում, այն էլ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ: Իսկ անտարբերութիւնը, ոչինչ չասող կոչերը դա ասողներին դարձնում են մեղսակից:

Բայց ինչպէ՞ս մեղադրենք ուրիշներին, երբ մե՛նք ենք նաեւ յանցաւոր, առաջի՛ն եւ գլխաւո՛ր յանցաւորը:

Արցախը լինելով լեռնային շրջան՝ գրեթէ միշտ ունեցել է կիսաանկախ կարգավիճակ, իսկ այժմ երեք տասնամեակ պայքարից, յաղթանակից, պարտութիւնից, դաւաճանութիւնից յետոյ, այն դատարկւում է: Մենք անկարող լինելով այն փրկել, մեղադրում ենք ուրիշներին, նմանուելով այն ուսուցչին, որը դասի ընթացքում աշակերտների աղմուկի համար մեղաւորութիւնը բարդում է վերջիններիս վրայ եւ երբեք չի ընդունում իր մանկավարժական անկարողութիւնը: Այս ամէնով հանդերձ, մոռանում ենք մի պարզ ճշմարտութիւն, որ արցախեան սուրբ հողը արեան կաթիլ աւելի է տեսել, քան թէ անձրեւ ու ջուր:

2020 թ.ի նոյեմբերի 10-ի առաւօտեան, 44 օր «յաղթելուց» յետոյ, երբ բախուեցինք դաժան իրականութեանը, երբեք չէի կարող մտածել, որ կը գայ մի ժամանակ, որ անգամ այդ չարաբաստիկ օրը կարող է դառնալ երազանք: Աստուած մի՛ արասցէ, որ այսօրն էլ դառնայ երազանք՝ կորցնենք Սիւնիքը եւ ոչ միայն…

Անհեթեթ է մեղադրել ռուսներին եւ այլոց: Մե՛նք մեզ չօգնեցինք, մե՛նք մեր ձեռքով մեզ դատապարտեցինք: Փոխանակ հզօրանալու, միաւորուելու՝ պառակտուեցինք, թալանեցինք ու դատարկեցինք երկիրը:

Յստակ է, որ այսօրուայ իշխանութիւնները լաւ գիտէին, թէ առաջիկայում Արցախի համար որոշակի հարցեր չլուծելու պարագայում տեղի էր ունենալու այն ինչ եղաւ օրեր առաջ: Բայց ո՞վ տուժեց… Տուժեցինք ա՛զգովի, սակայն դա դեռ չենք գիտակցում:

«Ո՞վ էր մեղաւոր» փիլիսոփայական հարցի պատասխանները շատ են: Մեղաւորը բոլորս ենք, յատկապէս ՀՀ այսօրուայ ապաշնորհ, անհեռատես, համբակ ղեկավարները, ինչպէս նաեւ նրանց մեղսակից ամբոխը, թալանչի ընդդիմադիրները եւ ապաշնորհ սփիւռքը: Սրան աւելանում են նաեւ աշխարհավարական հանգամանքները տարածաշրջանում, ինչպէս նաեւ Ռուսաստան-Թուրքիա քաղաքական սիրախաղը եւ … ոչ միայն:

Թուրքիային անհրաժեշտ էր մի նոր միջոց, որով կը ստիպէր հայ ժողովրդին մի կողմ դնել 1915 թ.ի ցեղասպանութեան համաշխարհային բարձրաձայնումը եւ զբաղուել այլ խնդիրներով: Այս առումով կատարեալ յաջողեցին, որովհետեւ այսուհետ ստիպուած ենք լինելու ամոքելու մեր նորօրեայ վէրքերը (ի հարկէ, եթէ հնարաւոր է դա անել):

Որպէսզի Ուկրաինայի հարցով Թուրքիա չխոչընդոտի Ռուսաստանին եւ դեռ աւելին, օգնի շրջանցել որոշ սահմանափակումներ, Ռուսաստանը համաձայնեց զոհել իր դաշնակից հայերին, իսկ այդ ընթացքում ՀՀ ղեկավարութիւնը չունեցաւ խոհեմութիւն ու հեռատեսութիւն, որպէսզի քաղաքական խաղերից դուրս գար անվնաս: Բացի այդ, Ադրբեջանն էլ խոստացաւ ռուսական գազը մատակարարել Եւրոպա՝ սիրաշահելով երկու կողմերին, ինչպէս նաեւ օգտուել բոլոր հակամարտողների տարաձայնութիւններից: ՀՀ նախկին իշխանութիւններն էլ, որ ինչ որ ձեւով պահել էին Արցախը, վստահ գիտէին, թէ լինելու է պատերազմ եւ թէ անհնար է, որ մենք կարողանանք յաղթել: Անխուսափելի պարտութեան պարագայում նրանք ակնկալում էին, որ ժողովուրդը կը հեռացնի ներկաներին եւ իշխանութիւնը իրենց կը փոխանցի:

Սեւի ու սպիտակի բաժանուած մեր տարաբախտ ժողովուրդը այժմ կորցրել է անգամ այդ հայրենադաւ գոյների զգացողութիւնը, դարձել է անտարբեր, իսկ մի մասն էլ սփիւռքահայերի հետ բաւարարւում է դիմատետրի իրենց էջերում բաժակաճառեր ու նկարներ տեղադրելով: Արդարութեան դէմ չմեղանչելու համար պէտք է նշել, որ շատ քիչ թուով մեր հայրենակիցներ էին միայն, որ փորձեցին բերել իրենց նիւթական ու բարոյական աջակցութիւնը, այն էլ հիմնականում սփիւռքից՝ նուիրատուութիւններով, կամ էլ հասարակական փոքրաթիւ գործունէութամբ:

Հարկ է ընդգծել նաեւ, որ ղարաբաղցի-հայաստանցի վիճաբանութեան մէջ յաղթողը, բնականաբար, մեր թշնամիներն էին: Մեզնից որեւէ մէկն իրաւունք չունի մեղադրելու այն արցախցիներին, որոնք բռնել են գաղթի անտանելի ճամփան, իսկ եթէ այսօր կը լինեն մարդիկ, որ կը յանդգնեն ապրել իրենց բնօրրանում՝ Արցախում, իւրաքանչիւրիս պարտականութիւնն է խոնարհուել նրանց առջեւ եւ անել ամէն ինչ, որպէսզի նրանց կեանքը լինի ապահով ու անվտանգ, որովհետեւ ապրել Արցախում, նշանակում է պաշտպանել Հայաստանի Հանրապետութիւնը:

Դժբախտաբար, այսօր մեր հասարակութեան մէջ չկան, աւելի ճիշտ՝ մէջտեղում չեն երեւում առաքինի, մաքուր, բոլորից ընդունելի հեղինակութիւններ, որոնք կարող են միաբանել ու առաջնորդել մեր ժողովրդին այս օրհասական պահին: Պառակտուած է ընդդիմութիւնը, իշխանութիւնն ամուլ է, մենք էլ մեղսակից ու անլուրջ ենք: Մեղանչել ենք երկրի ու երկնքի առջեւ, սպասում ենք հրաշքի, մինչդեռ չտեսանք, չգնահատեցինք իրակա՛ն հրաշքը, որին կարողացել էինք արժանի դառնալ մոտ 700 տարուայ անյաջողութիւններից յետոյ: Մեղաւոր ենք ինքներս մեր, մեր նահատակների ու հերոս արցախցիների առջեւ:

Յստակ է, որ չկարողացանք օգտագործել մեր համազգային ներուժը, մեր ժողովրդի բոլոր հնարաւորութիւնները: Նախանձեցինք, թալանեցինք ա՛զգովի, հեռացանք Աստծուց, եւ այժմ, նոյն սխալների պատճառով, կրկին կանգնած ենք մեր լինելիութեան խնդրի առջեւ:

Հարկաւոր է մի կողմ թողնել անմիաբանութիւնը, սիրով ու հաւատով կանգնել կողք-կողքի, փրկել մեր փոքր ածուն: Այլապէս, վաղը մեր սերունդները մեզ չեն ներելու, իսկ մեր Վերջին Դատաստանն էլ անողոք է լինելու:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like