Մարգարիտա Կրտիկաշյան, Երևան, 24 հունվար 2026
ՀՀ բանակի մասին խոսելիս անհրաժեշտ է նախ արձանագրել մի հիմնական փաստ․ անկախ քաղաքական գնահատականներից և ժամանակային փուլերից, բանակը երկար տարիներ ձևավորվել և գործել է որպես ներքին տրամաբանություն ունեցող, մարտական փորձով կոփված հաստատություն։ Նրա կառուցվածքը, մարդկային պաշարները և սպայական դասը չեն ձևավորվել տեսական ծրագրերով կամ խաղաղ ժամանակի վարչական որոշումներով, այլ գոյաբանական անվտանգության սպառնալիքների պայմաններում։
Հայաստանի Հանրապետության 1992 թվականին վերստեղծված բանակը ծնվեց պատերազմի մեջ։ Նա ձևավորվեց կամավորական ջոկատների, տեղական ինքնապաշտպանական ուժերի և իրական մարտի դաշտում փորձ ձեռք բերած հրամանատարների վրա հիմնված համակարգով։ Այս հանգամանքը բանակին հաղորդեց մի կարևոր առանձնահատկություն, որը հետագա տարիներին հաճախ անտեսվեց քաղաքական քննարկումներում․ սպայական դասի մի զգալի հատված իր փորձը ձեռք էր բերել ոչ թե ակադեմիական միջավայրում, այլ կենդանի մարտերի պայմաններում՝ տեղանքի իմացության, նախաձեռնողականության և իրավիճակային որոշումների միջոցով։
1990-ականների պատերազմը ցույց տվեց, որ հայկական կողմը կարողացավ կառուցել արդյունավետ պաշտպանություն՝ չնայած տեխնիկական սահմանափակումներին, շրջափակմանը և միջազգային մեկուսացմանը։ Այդ փուլում բանակի մարտունակությունը պայմանավորված էր ոչ միայն զենքով, այլև կառավարման ճկունությամբ, հրամանատարական պատասխանատվությամբ և ստորաբաժանումների միջև գործնական կապով։ Այս փորձը դարձավ բանակի հետագա գործունակության հիմքերից մեկը։
Այս տրամաբանությունը պահպանվեց նաև հետագա տարիներին։ Չնայած բարեփոխումների հաճախ անկատար բնույթին՝ հայկական սպայական համակարգը երկար ժամանակ պահեց մասնագիտական շեմը, որը թույլ էր տալիս արձագանգել սահմանային լարվածությանը և իրականացնել պաշտպանական խնդիրներ։ Այս իրողությունը հատկապես ակնհայտ դարձավ 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում, երբ բանակի ստորաբաժանումները կարողացան արագ վերականգնել վերահսկողությունը մի շարք ուղղություններում և կանխել հակառակորդի խորքային առաջխաղացումը՝ հաճախ տեղում կայացված հրամանատարական որոշումների շնորհիվ։
Զինվորի պատրաստվածության հարցում ևս անհրաժեշտ է խուսափել պարզեցումներից։ Տասնամյակներ շարունակ հայ զինվորը ծառայել է մշտական սահմանային լարվածության պայմաններում, որտեղ մարտական հերթապահությունը եղել է շուրջօրյա։ Այդ փորձը ձևավորել է ծառայության առանձնահատուկ մշակույթ, որը չի կարող անտեսվել որևէ լուրջ վերլուծության մեջ։
Սակայն զինվորի և հրամանատարի կարողությունները չեն գործում ինքնուրույն․ դրանք կախված են ռազմաքաղաքական ղեկավարության ձևակերպած նպատակներից և որոշումների կանխատեսելիությունից։
Այստեղ անհրաժեշտ է հստակ արձանագրել․ ՀՀ բանակի հիմնարար խնդիրները չեն սկսվում զինվորից կամ սպայական դասից։ Դրանք սկսվում են այն պահին, երբ ռազմական փորձը դուրս է մղվում որոշումների կայացման գործընթացից, իսկ ռազմավարական մտածողությունը փոխարինվում է քաղաքական իրավիճակային հաշվարկներով։
Վերջին տարիներին ձևավորվել է վտանգավոր մի միտում՝ ռազմական փորձ ունեցող անձինք ոչ թե ներգրավվում են պետական ռազմավարության մշակման մեջ, այլ աստիճանաբար դուրս են մղվում կամ չեզոքացվում իրավական կամ վարչական մեխանիզմների միջոցով։ Հանրային հիշողության մեջ դեռ թարմ են այն դեպքերը, երբ միջազգային մակարդակում ճանաչում ունեցող զինվորականներ հայտնվեցին քրեական գործընթացների կիզակետում՝ ոչ թե ռազմական ձախողումները վերլուծելու, այլ պատասխանատվությունը քաղաքական մակարդակից շեղելու նպատակով։ Այս մոտեցումը ոչ միայն չի ուժեղացնում բանակը, այլև վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ ռազմական փորձը վերածելով վտանգի գործոնի։
Ռազմական փորձի նկատմամբ նման վերաբերմունքը խոր հակասության մեջ է տարածաշրջանում գործող մոդելների հետ։ Այս ծիրում Թուրքիայի օրինակը կարևոր է ոչ թե որպես արժեքային չափանիշ, այլ որպես կառավարման մոդելի արձանագրում։ Թուրքիայում անգամ այն փուլերում, երբ քաղաքացիական իշխանության ու զինվորական վերնախավի հարաբերությունները եղել են լարված, ռազմական փորձը, որպես համակարգային արժեք, երբեք ամբողջությամբ չի մերժվել։ Քաղաքացիական վերահսկողության ուժեղացումը չի հանգեցրել ռազմավարական ծրագրավորման խզման կամ ռազմական հիշողության վերացման։ Ընդհակառակը՝ ռազմավարական փորձ ունեցող զինվորականների կուտակած գիտելիքը շարունակել է օգտագործվել պետական անվտանգության վարդապետությունների ձևակերպման և իրագործման գործընթացներում։

Նույնիսկ այն ժամանակահատվածներում, երբ բարձրաստիճան զինվորականները ենթարկվել են դատական կամ վարչական գործընթացների, պետությունը չի հրաժարվել նրանց փորձից որպես պետական պաշարից։ Ռազմական համակարգը չի «մաքրվել» անցյալի ամբողջական մերժմամբ կամ հռետորաբանությամբ, այլ վերահամարկվել է պետական երկարաժամկետ նպատակների մեջ։ Ռազմավարական շարունակականությունը պահպանվել է՝ անկախ քաղաքական միտումներից։
Հենց այս տարբերությունն է, որ հաճախ անտեսվում է հայկական իրականության քննարկումներում․ երբ քաղաքական վերահսկողությունը չի ուղեկցվում փորձի պահպանմամբ և փոխանցմամբ, այն վերածվում է ռազմավարական դատարկության։ Իսկ սեփական ռազմական հիշողությունը չպահպանող պետությունները ստիպված են ամեն ճգնաժամում սկսելու զրոյից։
Հայաստանում վերջին տարիներին արձանագրվել է ռազմավարական դատարկություն։ Անվտանգության հարցերը աստիճանաբար դուրս են մղվել պետական առաջնահերթությունների կենտրոնից՝ իրենց տեղը զիջելով ներքաղաքական օրակարգին և կարճաժամկետ հաշվարկներին։ Այս մոտեցման պատճառով ՀՀ բանակը հայտնվել է մի վիճակում, որտեղ քաղաքական մակարդակում բացակայում է հստակ նպատակադրումը, իսկ պատասխանատվությունը մշտապես տեղափոխվում է զինվորական համակարգի վրա։
2020 թվականի պատերազմը դարձավ այս մոտեցման ողբերգական հետևանքը։ Պատերազմը ցույց տվեց, որ նույնիսկ մարտունակ ստորաբաժանումները չեն կարող արդյունավետ գործել, երբ քաղաքական ղեկավարությունը չունի ամբողջական ռազմավարություն, իրավիճակի համարժեք գնահատում և որոշումների կայացման հստակ շղթա։ Պատերազմից հետո էլ չձևավորվեց ներհաստատութենական ինքնաքննություն։ Փոխարենը՝ սկսվեց մեղավորների որոնում, որը խորացրեց բանակ–պետություն հարաբերությունների ճգնաժամը։
Այս ծիրում անհրաժեշտ է հստակ ասել․ բանակը չի պարտվում ինքն իրեն։ Նա պարտվում է այն պահին, երբ քաղաքական իշխանությունը հրաժարվում է ռազմավարական մտածողությունից, չի օգտագործում կուտակված ռազմական փորձը և դա փոխարինում է քարոզչական կամ իրավական ճնշումներով։
«Ամեն օր գլուխդ բարձին դնելուց առաջ մտածիր՝ ի՞նչ ես արել այսօր ազգիդ համար»։
Անդրանիկ զորավարի այս խոսքը հաճախ մեջբերվում է որպես բարոյական կոչ, բայց իրականում դա պետական մտածողության չափանիշ է։ Այն հարցը, որ Ազգային հերոսը ձևակերպում էր անհատի համար, այսօր ամբողջ ծանրությամբ դրված է պետության առաջ։
ՀՀ բանակը պարզապես զինված կառույց չէ. նա ազգի ինքնաճանաչման հայելիներից է։ Բանակը բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունն է՝ սեփական պատմության հանդեպ և հայացքը դեպի ապագա։ Սա հռետորաբանություն չէ։ Սա փաստ է, որն ապացուցվել է պատերազմով, կորուստներով և դիմադրությամբ։
Ինչպես ժամանակին ձևակերպել է Վազգեն Սարգսյանը՝ բանակը չի ստեղծվում գեղեցիկ խոսքերով։ Նա ծնվում է պատասխանատվությունից։ Եվ նույն կերպ՝ նա չի թուլանում զինվորից կամ սպայից։ Նա թուլանում է այն պահին, երբ պետությունը դադարում է պատասխան տալ իր իսկ բանակի առաջ։
ՀՀ վերածնված բանակի 35 տարիները բավարար են հասկանալու համար, որ բանակը կարող է լինել ուժեղ, նույնիսկ երբ պետությունը թուլանում է, բայց ոչ երբ ռազմավարությունը բացակայում է։ Այդ ռազմավարությունը բանակի գործը չէ։ Դա քաղաքական իշխանության պարտականությունն է։ Եվ այդ պարտականությունից խուսափելը չի կարող արդարացվել ո՛չ խաղաղության բառերով, ո՛չ ժամանակ շահելու փորձերով։
Այս օրը ոչ միայն հիշատակ է, այլև չափում։ Որքանո՞վ ենք պատրաստ ընդունել ճշմարտությունը բանակի մասին, ոչ որպես խորհրդանիշ, այլ որպես իրական պատասխանատվություն։ Բանակը չի կարող մնալ մենակ, իսկ երբ մենակ է մնում, դա արդեն ոչ թե ռազմական, այլ պետական ձախողում է։ Մեկ խոսքով՝ դավաճանություն․․․