«Խաղաղությունը» պահանջում է լռություն

Մարգարիտա Կրտիկաշյան, Երևան, 26 դեկտեմբեր 2025

«Խաղաղություն» բառը վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ է օգտագործվում ոչ թե որպես նպատակ, այլ որպես պայման։ Այդ պայմանը, գրեթե միշտ, նույնն է՝ լռել։ Լռել կորստի մասին, լռել ոչնչացման մասին, լռել այն հարցերի շուրջ, որոնք կարող են խանգարել ընթացիկ քաղաքական հաշվարկներին։

Այս լեզվական փոփոխությունը պատահական չէ։ Այն արտացոլում է կառավարման մի մոդել, որտեղ խաղաղությունը վերածվում է վարքագծի պահանջի։

Պատմության ընթացքում խաղաղության լեզուն հաճախ ծառայել է ոչ թե հաշտեցման, այլ լռեցման նպատակին։ Հռոմեական կայսրության «Pax Romana»-ի («Հռոմեական խաղաղության») ժամանակաշրջանն ապահովվում էր ոչ թե նվաճված ժողովուրդների իրավունքների ճանաչմամբ, այլ նրանց լռությամբ։ Քաղաքները կարող էին ապրել հարաբերական հանգստության մեջ այնքան ժամանակ, որքան ժամանակ հրաժարվում էին հիշեցնել իրենց ինքնության ու իրավունքների մասին։ Այդ «խաղաղությունը» երբեք չդարձավ կայունություն․ այն ընդամենը ժամանակավոր կարգ էր՝ նախքան նոր ճնշումները և նոր ապստամբությունները։

Միջնադարյան Եվրոպայում նույն մեխանիզմը գործեց հոգևոր իշխանության և քաղաքական իշխանության հարաբերություններում։ Երբ հոգևոր առաջնորդները բարձրաձայնում էին անարդարությունների մասին, նրանց ներկայացնում էին որպես կարգ խախտողներ։ Ժաննա դ’Արկի դատավարությունը դասական օրինակ է, թե ինչպես է «խաղաղության» անվան տակ ճնշվում խղճի ձայնը։ Հետադարձ դատողությունը պատմության մեջ միանշանակ է՝ լռությունը պահպանողները ժամանակավոր իշխանության կողմում էին, իսկ խոսողները՝ պատմության։

Հայոց պատմությունն ունի նույն օրինաչափությունը։ 5-րդ դարում, երբ հայ իշխանական վերնախավի մի մասը ընտրում էր «խաղաղություն» Սասանյան Պարսկաստանի հետ՝ հավատքի և ինքնության հաշվին, հենց Եկեղեցին մերժեց այդ պայմանները։ Վարդանանց պատերազմը չի հիշվում որպես «խաղաղություն խախտող» իրադարձություն, այլ որպես ինքնության զարթոնքի պահ, որտեղ լռությունը հավասարազոր կլիներ ինքնազրկման։

Նույնը կրկնվեց Կիլիկիայում։ Հայ միջնադարյան աղբյուրներում բազմիցս հանդիպում ենք այն միտքին, որ հիշողության հաշվին ձեռք բերվող խաղաղությունը խաղաղություն չէ, այլ մոռացություն։ Երբ որոշ իշխանական շրջանակներ փորձում էին ժամանակավոր հանգստություն ապահովել Կաթոլիկ եկեղեցուն զիջումների միջոցով, եկեղեցական մտավորականությունը նախազգուշացնում էր, որ այդպիսի խաղաղությունը դատապարտված է փլուզման։

Օսմանյան կայսրության շրջանում հայ համայնքների գոյատևման հիմքում էր ոչ թե լռությունը, այլ կազմակերպված հիշողությունը, որը մեծ մասամբ պահվում էր Եկեղեցու միջոցով։ Կոստանդնուպոլսի պատրիարքարանը իրականացնում էր ոչ միայն հոգևոր, այլև իրավական ու դիվանագիտական գործառույթներ։ Երբ 19-րդ դարում եվրոպական տերություններն սկսեցին քննարկել «Հայկական հարցը», հայ հասարակության ներկայացուցիչները՝ եկեղեցական առաջնորդների գլխավորությամբ, հանդես էին գալիս ոչ թե լռությամբ, այլ փաստաթղթավորված պահանջներով։ Առանց այդ խոսքի՝ հայկական քաղաքական ներկայությունը պարզապես գոյություն չէր ունենա։

Ցեղասպանության տարիներին կրկին հնչում էին «խաղաղության» կոչերը։ Շատերին հորդորում էին չխոսել, չգրգռել, չվտանգել «կարգուկանոնը»։ Պատմական փաստաթղթերը ցույց են տալիս, որ լռությունը որևէ մեկին չփրկեց։ Լռությունը չդարձավ պաշտպանություն, այլ դարձավ աղետի ուղեկից։

Սովետական շրջանում «խաղաղության» գաղափարը վերածվեց գաղափարախոսական գործիքի։ Ցեղասպանության թեման տասնամյակներ շարունակ ենթարկվում էր լռեցման՝ «համաշխարհային խաղաղությանը չվնասելու» պատրվակով։ Սակայն հենց այն պահից, երբ այդ լռությունը կոտրվեց 1965 թվականին, սկսվեց ազգային ինքնագիտակցության նոր փուլ։ Այս օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ երկարատև պարտադրված լռությունը չի վերացնում ճշմարտությունը․ նա ընդամենը հետաձգում է դրա վերադարձը։

Խաղաղության լեզվի՝ որպես լռեցման գործիքի կիրառումը միայն հայկական փորձ չէ։ 20-րդ դարի երկրորդ կեսի մի շարք հետհակամարտական հասարակություններում փորձ է արվել հաստատել «հաշտեցում»՝ անցյալի մասին խոսքը սահմանափակելու հաշվին։ Իսպանիայում Ֆրանկոյի վարչակարգից հետո ընդունված «Pacto del Olvido/Մոռացության դաշինքը» ժամանակավորապես ապահովեց քաղաքական կայունություն, սակայն տասնամյակներ անց երկիրն ստիպված եղավ վերադառնալ ճշմարտությանն ու պատասխանատվությանը՝ զանգվածային գերեզմանների բացմամբ և անցյալի հանցագործությունների վերաիմաստավորմամբ։ Նմանատիպ գործընթացներ են արձանագրվել Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, որտեղ «խաղաղ անցման» մոդելները հետագայում բախվել են արդարության պահանջին։

Այս փորձը հաստատված է նաև միջազգային իրավունքում։ Մարդու իրավունքների միջազգային հռչակագրում ձևավորված «ճշմարտության իրավունք» հասկացությունը արձանագրում է, որ հասարակություններն ունեն ոչ միայն խաղաղ ապրելու, այլև իրենց անցյալի մասին ճշմարտությունը ճանաչելու իրավունք։ ՄԱԿ-ի մի շարք փաստաթղթեր և միջազգային դատարանների նախադեպային որոշումներ հաստատում են, որ կայուն խաղաղությունը չի կարող կառուցվել մոռացության կամ պարտադրված լռության վրա։ Ժամանակակից իրավական մտածողության մեջ խաղաղությունը դիտարկվում է ոչ թե որպես հիշողության դադար, այլ որպես պատասխանատվության և գիտակցված հիշողության վրա կառուցված գործընթաց։ Այդ պատճառով էլ անցյալի մոռացության հաշվին «խաղաղություն» առաջարկող մոդելները պատմականորեն և իրավաբանորեն դատապարտված են փլուզման։ Հայկական փորձն այս առումով բացառություն չէ․ այն պարզապես հերթական հաստատումն է այդ համաշխարհային օրինաչափության։

Այս ծիրում խաղաղության՝ լռություն պահանջող մոդելը հակասում է ոչ միայն պատմական փորձին, այլև ժամանակակից իրավական մտածողությանը։ Երբ հասարակությունից պահանջվում է չխոսել կորստի, բռնության կամ իրավունքների խախտման մասին, լռությունը դառնում է քաղաքական գործիք, իսկ հիշողությունը՝ «խանգարող գործոն»։ Այդ պահին խաղաղությունը դադարում է լինել արժեք և վերածվում է կառավարման տեխնիկայի։

Հայ իրականության մեջ այս տրամաբանությունը կրկին բախվում է ազգային եկեղեցու դերին։ Նրա առաքելությունը ձևավորվել է այն պայմաններում, երբ պետականությունը բացակայել է կամ անկարող է եղել իրականացնել ինքնության պահպանման գործառույթները։ Եկեղեցին եղել է կրթություն, մշակույթ, իրավական համակարգ և հիշողության պահոց։ Այդ պատճառով էլ նրանից «քաղաքական լռություն» պահանջելը հակասում է հայ պատմական փորձին։

Երբ Եկեղեցին խոսում է հայրենիքի կորստի, մշակույթի ոչնչացման կամ պատմական իրավունքների մասին, նա չի անցնում իր սահմանները. նա իրականացնում է այն գործառույթը, որը դարերով ապահովել է ազգային շարունակականությունը։ Այդ ձայնի լռեցումը նշանակում է փորձ անել ժամանակավորապես դադարեցնել պատմական հիշողությունը։ Բայց հիշողությունը չի դադարեցվում․ նա կա՛մ արտահայտվում է գիտակցված, կա՛մ վերադառնում է որպես ճգնաժամ։

Այս գործընթացների հետ զուգահեռ նկատվում է խղճի սահմանափակում։ Լռել մերժողները ներկայացվում են որպես անհարմար, ոչ-կառուցողական կամ վտանգավոր տարրեր։ Նրանց ձայնը չի հակադրվում փաստերով, այլ պարզապես պիտակավորվում է։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ երբ մարդը կամ ինստիտուտը պատժվում է ոչ թե ապացուցված արարքի, այլ դիրքորոշման համար, դա այլևս իրավական հարց չէ։ Դա խղճի սահմանափակում է։

Միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ ճգնաժամերը կարող են ձևավորվել նաև ներսից։ Երբ պատասխանատվությունը փոխարինվում է հարմարեցմամբ, ինստիտուտը կորցնում է իր բարոյական ծանրությունը։ Այն դերակատարները, որոնք լռում են արտաքին ոչնչացման կամ պատմական իրավունքների խախտման պահին, բայց աշխուժանում միայն ներքին մեղադրանքների լեզվի մեջ, փաստացի ընտրում են հարմար դիրք։ Դա չեզոքություն չէ։

Լռության վրա կառուցվող խաղաղությունը չի կարող կայուն լինել, որովհետև նա խորքային որևէ հարց չի լուծում։ Նա ճգնաժամը ապագա է տեղափոխում ընդամենը։ Ժողովուրդները չեն գոյատևել այն պատճառով, որ հրաժարվել են խոսելուց, այլ այն պատճառով, որ ստեղծել են ինստիտուտներ, որոնք հրաժարվել են լռելուց իրենց փոխարեն։ Այդ ինստիտուտների լռեցումը երբեք չի եղել խաղաղության կառուցում․ նա եղել է հաջորդ պարտության համար հողի նախապատրաստում։

Պատմությունը «խաղաղության համար» լռողներին չի հիշում։ Պատմությունը հիշում է նրանց, ովքեր խոսեցին, երբ լռելն ավելի ապահով էր։ Մոռացություն, հիշողության ջնջում և պատասխանատվության կասեցում պահանջող խաղաղությունը իրական խաղաղություն չէ։ Դա ընդամենը ժամանակավոր կարգավորում է՝ սեփական ձայնից հրաժարվելու գնով։ Այդ պայմանին համաձայնած ժողովուրդը իրականում արդեն սկսել է զիջել այն ամենը, ինչին դեռ փորձում է անուն տալ որպես «խաղաղություն»։

1 comment
  1. “History does not remember those who remained silent “for peace.” History remembers those who spoke when silence was safer. A peace that requires forgetting, erasing memory, and suspending responsibility is not real peace. It is only a temporary settlement at the cost of giving up one’s own voice. The people who agree to that condition have in fact already begun to give up everything they are still trying to name ‘peace’.”
    BRAVO! LET’S MAKE NOISE!!!!
    Release our Clergy and all political prisoners!!!

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

ՍՓԻՒՌՔ

Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել, 27 Յունուար  2022 «Մէկը  չի իմանայ իր խրճիթի խսիրի արժէքը, եթէ   չի հանգչեցրել…
Read More