Մարգարիտա Կրտիկաշյան, Երևան, 28 հոկտեմբեր 2024
Արցախը, որի համար հազարավոր հայ զինվորներ ու կամավորականներ անձնազոհաբար պայքարեցին, 2023 թվականի սեպտեմբերին վերջնականապես հայաթափվեց, իսկ նրա տարածքը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Ըստ հայկական զեկույցների, 120,000 արցախահայեր դարձան փախստական, ինչը առաջացրեց աննախադեպ ազգային անվտանգության լրջագույն սպառնալիքներ:
Փախստականների ներհոսքը միայն մարդասիրական խնդիր չէ, այլ նաև ընկերային ու տնտեսական մարտահրավերներ է ստեղծում երկրի համար, որն արդեն իսկ պայքարում է պաշարների սակավության և արտաքին սպառնալիքների դեմ: Այս իրավիճակի ետնաբեմին, կարծեք ոմանց համար իշխանության վարած քաղաքականությունն ստեղծում է տպավորություն, թե «Արցախը զիջեցինք, որ հանգիստ ապրենք»: Փաշինյանի կառավարության 2024 թ. նախադրյալները, որոնք ներառում էին բանակցային գործընթացները, չեն կարողացել ապահովել իրական անվտանգություն:
ՀՀ իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները հաճախ արտացոլում են թուրքական և միջազգային ճնշումների ներքո հնչող՝ «ներկայում ապրելու» ուղերձը: Դրանք ի վերջո հանգում են ազգային շահերի արհամարհման:
Սույն թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հանդիպեցին BRICS+-ի գագաթնաժողովի շրջանակում՝ Կազանում՝ քննարկելով խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները: Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնագրի նախագիծը ձևակերպում, հասցեագրում և լուծում է այն բոլոր սկզբունքային հարցերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ամուր հիմքեր ստեղծելու և հարաբերությունները կարգավորելու համար: «Եվ մենք առաջարկում ենք Ադրբեջանին հիմա ստորագրել այդ համաձայնագիրը»,– ավելացրեց նա՝ շեշտելով, որ սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը փարատում է բոլոր մտահոգությունները և վերացնում մայր օրենքում հարևան երկրների հանդեպ ենթադրյալ տարածքային պահանջների առկայության բոլոր փաստարկները:
Ալիևի հետ «ջերմ» հարաբերությունները, որոնք իբր հանգեցնելու են խաղաղության, իրականում պարզապես խաղեր են, որտեղ Հայաստանը շարունակում է կորցնել իր արժանապատվությունը, և վաճառվում են մեր ազգի իրավունքները:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն արձանագրում է, որ տարածքային հավակնությունների մեկնաբանություններն անհիմն են և անօրինական: Սակայն Ադրբեջանը ՀՀ-ից շարունակում է պահանջել փոխել Սահմանադրությունը՝ այլապես չի ստորագրի խաղաղության պայմանագիրը: Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը: Ալիևը նաև կտրականապես մերժում է առ այսօր համաձայնեցված կետերը ստորագրելու և այնուհետ բանակցությունները շարունակելու Երևանի առաջարկները:
Արցախից հետո հաջորդ թիրախն է բուն ՀՀ-ի տարածքը: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է իր տարածքային պահանջները, ինչը խիստ վտանգավոր մթնոլորտ է ստեղծում ՀՀ սահմանների համար: Այս իրավիճակում ՀՀ ղեկավարությունը պետք է վարի ճկուն սակայն ազգային շահերն ընդգրկող ռազմավարական քաղաքականություն, որը ներառում է մեր երկրի անվտանգության ապահովմանն ուղղված ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական քայլեր:
Այժմ, երբ Ադրբեջանը հայտարարում է, որ պատրաստ է ընդլայնել իր ռազմական ներկայությունը սահմանին, անվտանգության միջավայրի ճգնաժամը խորանում է: Արդեն երկու տարուց ավելի ադրբեջանական զինուժը խախտում է ՀՀ պետական սահմանը, ինչը լրջագույն սպառնալիք է ՀՀ ամբողջ տարածքի համար: Սա հավաստում է, որ մեզանում անհրաժեշտ է ռազմավարական նոր մոտեցում, որն ընդգրկի զինուժի վերականգնումը և միջազգային անվտանգային դաշնակցային համակարգերի ամրապնդումը:
Իրավիճակը հայ ժողովրդին հուշում է, որ ժամանակն է վերականգնել ազգային միասնությունը և համախմբվել ինքնապաշտպանության գաղափարի շուրջ: Այս փուլում կենսական նշանակություն ունի հասարակության ներսում համերաշխության հաստատումը, ինչը մեզ թույլ կտա միասնական ուժերով դիմակայել արտաքին սպառնալիքներին:
Ակնհայտ է, որ մեզ շտապ անհրաժեշտ են ավելի հայամետ և ռազմավարական մտածողությամբ օժտված առաջնորդներ, որոնք կարող են վերականգնել ու պաշտպանել Հայաստանի անվտանգությունն ու ազգային շահերը: Ներկայի քաղաքական ուղին մեզ տանում է դեպի նոր վտանգներ, թեև Արցախի հայաթափումը պետք է լիներ լուրջ նախազգուշացում: Երկրի անվտանգությունն ու ազգային ինքնության պահպանումը անհրաժեշտ են, որ դառնան բոլոր հայերի և պետության հիմնական նպատակները:
Հարկավոր է վերանայել նաև ներքին քաղաքականությունը: Երբ Հայաստանը բախվում է ազգային անվտանգության լուրջ սպառնալիքների, կարիք կա ձևավորելու քաղաքական ուժերի համախմբում՝ հասարակական կազմակերպությունների և բնակչության լայն շերտերի մասնակցությամբ: Այլընտրանքային քաղաքական մտածողության զարգացումը և ռազմավարական որոշումների կայացումը պետք է տեղ գտնեն ազգային և պետական մակարդակով:
ՀՀ անվտանգությունը չի կարող կախված լինել միայն արտաքին դաշնակիցներից: Ստեղծենք ազգային պաշտպանության կայուն համակարգ, որը կմիավորի մեր երկրի, այլև ողջ ազգի բոլոր պաշարները՝ ինչպես մարդկային, այնպես էլ նյութական: Այդպիսով կլինենք ինքնավստահ և անկախ, որպեսզի կարողանանք դիմակայել արտաքին ճնշումներին:
ժամանակն է, որ ազգը վերագնահատի իր քայլերը: Ավելի անվտանգ և արժանապատիվ ապագան անհրաժեշտ է մեր ազգի և երկրի գոյատևման համար: Մենք չենք կարող մոռանալ, որ մեր ուժի աղբյուրը ազգային միասնությունն է, և միայն այդ միասնությամբ կարող ենք պաշտպանել մեր հայրենիքի՝ հայկական ինքնիշխանության տակ մնացած վերջին կտորի անվտանգությունը: Այսպիսով, ապագայի տեսլականը կհարգի բոլոր հայերի՝ իրենց հայրենիքում ապրելու տարրական ու բնական իրավունքը, իսկ Արցախը կրկին կլինի մեր ազգային ծրագրի կենտրոնում:
*****
Մարգարիտա Կրտիկաշյանը Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի թուրքագետ ասպիրանտ է։ Նրա գիտական ուսումնասիրությունների շրջանակը ներառում է մշակութային քաղաքականությունը, երաժշտության դերը դիվանագիտության և քաղաքականության մեջ, թուրք-հայկական հարաբերությունները, Թուրքիայում ապրող հայերի խնդիրները և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը։ Նա հետաքրքրված է նաև կրոնով, մշակույթով և երաժշտությամբ։ Էլ. փոստ` [email protected]
1 comment
Մեր հայ ազգը, պէտք է միասին, ոտքի կանգնի եւ յայտարարի, որ այս հայադաւ իշխանութեանը չի հաւատում: Նրա բոլոր գործունէութիւնները հակասում են մեր ազգային շահերին:
ԱՄՆ