Մարգարիտա Կրտիկաշյան, Երեւան, 27 յունուար 2025
Հայաստանը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ՝ ստիպված լինելով վերանայել իր անվտանգության ու արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Վերջին զարգացումները, ներառյալ Հայաստանի Հանրապետությաև և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հունվարի 14-ին ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրության փաստաթուղթը, պարզորոշ ցույց են տալիս, թե որքան վտանգավոր է արտաքին դաշնակիցների վրա չափազանց մեծ հույս դնելը՝ առանց ներքին հզորացման։
Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակական գրավումը հստակ ցույց է տալիս, որ մեր երկրի անվտանգության ապահովումը կախված է բացառապես մեզանից։ Ինքնիշխանությունը չի կարող փոխանցվել կամ «արտահանձնվել» ուրիշներին։ Միջազգային դաշնակիցների աջակցությունը, որքան էլ կարևոր լինի, չի կարող փոխարինել ինքնուրույն և ուժեղ պաշտպանության համակարգին։
Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը ներկայացվում է որպես առաջընթաց, խորքային ուսումնասիրության կարիք ունի։ Թեև փաստաթուղթը ներառում է պաշտպանության արդիականացման և սահմանների պահպանման վերաբերյալ դրույթներ, նա չունի անվտանգության հստակ երաշխիքներ։ Նշված «միջոցառումները», ինչպիսիք են համատեղ հանձնաժողովի ստեղծումն ու սահմանային վերահսկման խումբը, ավելի շատ խորհրդանշական բնույթ են կրում և չեն լուծում Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները։
Բացի այդ, համաձայնագիրը ներառում է Հայաստանի մասնակցությունը Իրաքում և Լևանտում Իսլամական Պետության (ԻԼԻՊ, ISIS, ԴԱԻՇ) դեմ համաշխարհային դաշնակցության և միջուկային խաղաղ էներգիայի զարգացման ծրագրերին։ Թեև այս նախաձեռնությունները կարող են վկայել միջազգային համարկման (ինտեգրման) նոր ուղու մասին, դրանք չեն արտացոլում Հայաստանի պետական ու հայության ազգային շահերը և կարող են ՀՀ-ը ներքաշել միջազգային հակամարտությունների մեջ, որոնք կապ չունեն մեր առաջնահերթությունների հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս շեշտել է, որ իր արտաքին քաղաքականությունը հիմնված է «հավասարակշռվածության» սկզբունքի վրա։ Սակայն հայտարարություններն այդքան էլ չեն համընկնում իրականության հետ։ Հայաստանը չի կարող իր անվտանգությունն ապահովել հիմնվելով միայն դիվանագիտական հարաբերությունների վրա՝ միաժամանակ խուսափելով արտաքին ուժերի հակասությունների հետևանքներից։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից ստացած դասերը հստակ են։ Այն ժամանակ, ինչպես նաև այժմ, ռազմավարական գործընկերությունների պատրանքները հասարակությանը ներկայացվում էին՝ քողարկելով պատերազմին անբավարար պատրաստվածությունը։ Նույնը կրկնվում է այսօր՝ ձևավորելով ինքնաբավության և ինքնահանգստության վտանգավոր մթնոլորտ։ Արտաքին ուժերի վրա հենվելը սխալ է, և հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է առաջնահերթություն տալ ինքնապաշտպանության և անվտանգության ներքին կառույցների ամրապնդմանը։
Ռուսական ուժերի ներկայությունը Հայաստանի տարածքում (որը որոշ շրջանակներում մեկնաբանվում է որպես ինքնիշխանության սահմանափակում) ունի իր սեփական ռազմավարական նշանակությունը։ Այդ զորքի հեռացումը (որ ներկայացվում է որպես «ինքնիշխանության վերականգնում») առանց փոխարինող և ուժեղ բանակի, միայն մեծացնում է տարածաշրջանային հակամարտությունների մեջ մեր խորացման վտանգը։
Սրան զուգահեռ, ԱՄՆ ռազմական ներկայությունը Իրանի հետ սահմանի մոտ կարող է հրահրել աշխարհաքաղաքական նոր լարվածություն՝ Հայաստանը ավելիով վերածելով ուժային կենտրոնների մրցակցության գոտու։ Առանց ինքնուրույն և ամուր պաշտպանության, երկիրը կարող է կորցնել իր քաղաքական և ռազմական ինքնուրույնությունը։
Այս իրավիճակում Հայաստանի առաջնահերթությունը պետք է լինի իր ռազմական ներուժի և պետական համակարգի հզորացումը։ Միայն ինքնավստահությունն ու ազգային հզոր ներուժը կարող են ապահովել մեր երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Միջազգային գործընկերությունները պետք է օգտագործվեն որպես լրացուցիչ գործոններ՝ առանց փոխարինելու մեր ինքնուրույն անվտանգային քաղաքականությանը։
Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, չի կարող իրեն թույլ տալ կրկնել անցյալի սխալները։ Ինքնիշխանության ու անվտանգության ապահովումը պետք է դառնա երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության հիմնական առանցքը՝ արտաքին ճնշումներից ու միջազգային օրակարգերից անկախ։ Առանց այս հստակության՝ ՀՀ-ը անխուսափելիորեն կշարունակի բախվել այն նույն մարտահրավերներին, որոնք տարիներ շարունակ սպառնացել են մեր գոյատևմանը։